Արտուշ Ղուկասյան. «Շատ կարեւոր է ճշտել. մեր սերունդն ի՞նչ է ստացել, եւ ի՞նչ ենք փոխանցում գալիք սերունդներին»

02.08.2017 09:01
2094

«Սյունյաց երկիր» թերթի հարցերին պատասխանում է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը

Հանրապետության բուհերում ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի մեծ քանակ է արձանագրվել: Որոշ մասնագիտությունների դեպքում թափուր տեղերը գրեթե այնքան են կամ նույնիսկ ճիշտ այնքան, որքան ի սկզբանե տեղերը հատկացված են եղել: Մամուլի տվյալներով՝ Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում հատկացված էր 1641 անվճար եւ 18 հազար վճարովի տեղ: Մինչդեռ միասնական քննությունների արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել ութ հազար 266 դիմորդ: Արդյունքում մնացել է 11 հազար 375 թափուր տեղ: Վիճակն ավելի տխուր է մարզային բուհերում: Խնդրո առարկային առնչվող մի քանի հարց ուղղեցինք Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանին:

- Դա սպասելի էր,- ասաց նա: - Այնպես չէ, որ անկանխատեսելի ու արտառոց մի բան է կատարվել: Այսօր անհանգստանում ենք, թե ինչու՞ ընդունելության այսպիսի արդյունքներ ունենք: Դա բոլոր այն երեւույթների հետեւանքն է, որոնք ժամանակաշրջանի համընդհանուր մարտահրավերներն են: Նույնիսկ ավելի վատ ցուցանիշներ կարող էինք ունենալ: Բոլոր դեպքերում հուսահատվել պետք չէ. խնդիրը մի քանի պատճառահետեւանքային օղակ ունի, նախ՝ հանրապետությունում բնակչության աճի տեմպը, ծնելիությունը գնալով նվազում են, ինչը, բնականաբար, անդրադառնում է շրջանավարտների ընդհանուր թվի վրա: Այդ թվով է պայմանավորված մեր դիմորդների քանակը, որ տարեցտարի նվազում է: Մյուս պատճառը՝ 12-ամյա կրթական համակարգին անցնելն է, եղան փուլեր, որոնք բերեցին որոշակի քանակական փոփոխություններ: Դա էլ է բնական: Երրորդ խնդիրն արտագաղթն է:

- Իսկ չե՞ք կարծում, որ նվազել է հետաքրքրությունը, ասենք, Ձեր բուհի առաջարկած մասնագիտությունների հանդեպ:

- Իհարկե, կան այսպես ասած «դասական» մասնագիտություններ, որոնց նկատմամբ դիմորդների հետաքրքրությունները նվազել են: Խոսքը մանկավարժական եւ ինժեներական որոշ մասնագիտությունների մասին է, որոնց պահանջարկը համարյա բացակայում է: Կան նաեւ այլ գործոններ. բնակչության վճարունակությունն ընկնում է (կրթությունը թանկ հաճույք է), դասախոսական կազմը ծերանում է, հետաքրքրությունը նոր ինֆորմացիայի հանդեպ նվազում է, բուհական համակարգում նոր մասնագիտություններ սակավ են ներդրվում, ինչի պատճառով շրջանավարտն աշխատանքային շուկայում իր ստացած մասնագիտությամբ գործ չի գտնում: Կան շատ ու շատ այլ հարցեր եւս, որոնք հանգեցրել են նման մտահոգիչ իրավիճակի:

- Մեզ նաեւ հետաքրքրում է, թե ո՞ր ուսանողը տարկետման իրավունք ունի:

- Մասնագիտության տեղերը հայտարարվում են հետեւյալ կերպ, կան տարկետման անվճար տեղեր, եւ առանց տարկետման: Մեր համալսարանում ունենք 20 անվճար տարկետման իրավունքով տեղ, այսինքն՝ այդ տեղերը զբաղեցնողին տրվում է տարկետում (եթե արական սեռի ներկայացուցիչ է): Բայց նաեւ ասեմ, որ տարկետման տեղերը տրվում են ըստ դիմորդների հավաքած միավորների, այսինքն՝ կարելի է ասել, այդ տեղերը զբաղեցնում են նաեւ աղջիկները, ովքեր հավաքել են բարձր միավորներ:

- Կխնդրեինք ներկայացնել Ձեր բուհի 2017-18 ուսումնական տարվա դիմորդների ընդունելության պատկերը:

- Գորիսի պետական համալսարանը 2017-18 ուստարվա համար առկա ուսուցմամբ ընդունելություն է կազմակերպել տասնմեկ մասնագիտության գծով (բակալավրի կրթական ծրագրով), որից երեքը նորություն է եղել:

Անընդհատ պետք է ուսումնասիրել, թե մարզն ի՞նչ մասնագիտությունների կարիք ունի, ի՞նչ ռեսուրսներ կան, որոնք չեն օգտագործվել, այսինքն՝ մեր ամբողջ խնդիրը տարվա ընթացքում այդ փնտրտուքները պիտի լինեն: Մարզպետարանի կրթության վարչությունը պիտի այդ ամբողջ ինֆորմացիային տիրապետի ու նաեւ մեզ հուշի, թե մենք ինչ անենք: Պետությունն ունի դրական մի բան, որ կոչվում է նպատակային ընդունելություն: Այսինքն, եթե մեկը գյուղից ուղեգրով գալիս է բուհ՝ քիմիայի ուսուցիչ դառնալու նպատակով, նա արտոնյալ պայմաններով ընդունվում է, անվճար սովորում է՝ անկախ իր քննական միավորներից, ռոտացիայի չի ենթարկվում ուսումնական չորս տարվա ընթացքում եւ բուհն ավարտելուց հետո պարտավորվում է երեք տարի գյուղի դպրոցում աշխատել:

- Եվ որո՞նք են այդ երեք մասնագիտությունները, որ առաջին անգամ ներդրվել են Գորիսի համալսարանում:

- Ուսումնասիրելով շուկան եւ հաշվի առնելով այն բարեշահ հանգամանքը, որ մարզը, հատկապես Գորիսը մշակութային հարուստ ավանդներ ունի եւ, այսպես ասած, արվեստասեր քաղաք է, որոշեցինք ներդնել «Կերպարվեստ» մասնագիտությունը: Բայց, ցավոք, մենք նաեւ ձեր թերթով չկարողացանք, ինչպես հարկն է, պրոպագանդել այդ մասնագիտությունը, հայտարարվել էր 21 տեղ, ընդունվեց 9 հոգի: Այժմ փորձում ենք դասավանդող մասնագետներ՝ ճարտարապետներ, քանդակագործներ, նկարիչներ հավաքագրել, կապեր հաստատել մայրաքաղաքի արվեստի բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ամեն նոր մասնագիտության ներդրումը ծանր ու տեւական գործընթաց է:

Երկրորդ նոր մասնագիտությունն է՝ «Անգլերեն լեզու եւ գրականություն»: Ցավոք, այդ առումով էլ արդյունքները գոհացուցիչ չեն, երեք ընդունված ուսանող ունենք, որից երկուսը՝ անվճար, մեկը՝ վճարովի համակարգում: Եթե անհրաժեշտ գովազդն ապահովեինք, կարծում եմ, այլ պատկեր կունենանայինք: Ամեն դեպքում, փորձելու ենք մասնագիտությունը պահել՝ ակնկալելով, որ հաջորդ ուսումնական տարում մեր աշխատանքն ավելի նպատակաուղղված կլինի: Մարզում կա անգլերենի մասնագետների պահանջարկ, եղած մասնագետները որակյալ են, բայց, այնուամենայնիվ, համալրման կարիք կա: Մայրաքաղաքի բուհերի անգլերենի մասնագետներին կփորձենք ներգրավել մեր համալսարանի կրթական պրոցեսում:

Երրորդ նոր մասնագիտությունն «Իրավագիտությունն» է, որի ընդունելությունը չկայացավ: Բայց հույս ունենք, որ հեռակա ուսուցման կրթաձեւում այդ մասնագիտությամբ դիմորդներ կունենանք:

- Իսկ ամենաշատ դիմորդները ո՞ր ֆակուլտետ են ընդունվել:

- Ամենաշատն ընդունվել են «Տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա» մասնագիտությամբ՝ 21 հոգի, «Մաթեմատիկա» մասնագիտությամբ՝ 11 հոգի: Շատ վատ է վիճակը «Կենսաբանություն», «Դեղագործական քիմիա» մասնագիտությունների առումով՝ երեքական դիմորդ, «Պատմություն» մասանգիտությամբ երկու ընդունված ունենք, մյուս մասնագիտությունների գծով պատկերը հետեւյալն է՝ «Հայոց լեզու եւ գրականություն»՝ 11, «Կերպարվեստ»՝ 9, «Կառավարում (ըստ ոլորտի)»՝ 13, «Էլեկտրոնիկա»՝ 12:

Առաջին կուրս է ընդունվել ընդամենը 89 հոգի՝ 245 տեղի առկայության պարագայում: Ասեմ, որ անցյալ տարի համարյա նույն պատկերն էր՝ 93 առաջին կուրսեցի ունեցանք: Բայց ի տարբերություն նախորդ տարվա՝ այս անգամ երեք նոր մասնագիտություն էինք ներդրել, ինչը ենթադրում էր դիմորդների աճ, որն իրականում չունեցանք:

- Նման թափուր տեղերի առկայությունն արդյո՞ք դասախոսների կրճատում է ենթադրում:

- Կրճատումն ինքնանպատակ չէ, ծանրաբեռնվածության նվազումն ինքնին հանգեցնում է կրճատման: Նախորդ տարվա համեմատ այնքան էլ սարսափելի չէ վիճակը, արդեն թվերը նշեցի, բայց ընդհանուր պրոցեսը նվազման միտում ունի. որոշ ամբիոնների ժամաքանակը կրճատվելու է, ամբիոնն է որոշում, թե ինչպես է ժամաբաշխում իրականացնում: Ամբիոնի վարիչն է առաջարկ ներկայացնում, թե ինչպես վարվել, մենք էլ ռեկտորատում քննարկում եւ որոշում ենք կայացնում: Այժմ նախնական պատկերն ունենք, բայց դա վերջնական չէ, դեռ հաշվարկներ ենք անում, փորձում փոքր-ինչ շտկել դրությունը:

- Կարո՞ղ է հեռակա ուսուցման համակարգի ընդունելությունը որոշակի չափով շտկի իրավիճակը:

- Մենք հույս ունենք, որ վիճակը կշտկվի: Հեռակա ուսուցմամբ ինը մասնագիտության գծով ընդունելություն կհայտարարվի (նաեւ Ձեր թերթում հայտարարություն կտանք), երբ պետությունը մեզնից թվաքանակ պահանջի: «Իրավագիտություն» մասնագիտությունը կլինի նաեւ հեռակա ուսուցմամբ, կուզեի, որ այդ մասին մանրամասնվեր «Սյունյաց երկրում»: Հեռակա ուսուցմամբ նախնական կհայտարարենք 200 տեղ, եթե 150-160-ը համալրվի, թերբեռնվածության խնդիրը կմեղմանա: Եվ երրորդ ուղղությունը, որից եւս ակնկալիքներ ունենք, մագիստրոսական կրթությունն է, ավելի ստույգ՝ ընդունելությունն առկա կրթաձեւում սկսված է եւ շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի կեսերը: Մասնագիտությունները բավականին պահանջված են՝ օրինակ, «Կրթության կառավարում» (խոսքը ե՛ւ դպրոցի կառավարման, ե՛ւ բարձրագույն կրթության կառավարման մասին է), որ ներդրվել է միջազգային ծրագրով ՝ Tempus-ի «Mahatma» նախագծի շրջանակում, և ունենք 15 տեղ: Ուրիշ մասնագիտություններ եւս՝ «Տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա», «Կենսաբանություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու եւ գրականություն», «Պատմություն» եւ այլն: Մագիստրոսական կրթության համակարգում եւս ունենք նորություն՝ «Զբոսաշրջության կառավարում»: Սա նույնպես միջազգային ծրագիր է, որ իրականացնում ենք հայաստանյան երեք բուհի եւ արտասահմանյան յոթ բուհի հետ, կենտրոնը Վալենսիայում է, սեպտեմբերին կլինի հանդիպում Քութայիսում: «Erasmus» կենտրոնի կողմից միշտ մոնիտորինգ են իրականցնում այդ երկու ծրագրի շրջանակում, փորձում են ճշտել, թե ներդրումներն ինչ արդյունքներ են տվել:

75 տեղ ենք հայտարարել մագիստրոսական առկա ուսուցման համակարգում, եթե այդ տեղերը լրացվեն, մեծապես գոհ կլինենք:

- Պարոն Ղուկասյան, Հայաստանում կա՞ մի գործատու, որ էն գլխից Ձեզ պատվեր լինի տված, որ մեզ այսինչ մասնագիտությամբ այսքան մարդ է անհրաժեշտ:

- Շա՜տ լավ կլիներ, եթե այդպես լիներ: Ավա՜ղ, Հայաստանում դժվար է այդ մասին խոսել, բայց մեկ այլ հարց էլ կա՝ գոնե ուսանողը մեր բուհն ավարտելուց հետո պահանջարկ ունի՞, թե՞ ոչ: Այդ առումով ասեմ, որ վիճակն այնքան էլ վատ չէ: Պայմանագիր ունենք «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադի» հետ, մենք մասնագետներ ենք պատրաստում իրենց չափանիշներին համապատասխան, շրջանավարտներից քանիսի՞ն կպահանջեն, հետո կերեւա: Կենսաբաններից երկուսին «Էլոլա» ընկերությունը կարող է աշխատանքի ընդունել: Ունենք կարիերայի կենտրոն, որի միջոցով բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին տեղյակ ենք պահում մեր պատրաստած կադրերի մասին: Այս տարի նորույթ ենք մտցրել. բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների հասցեները վերցրել ենք, դրանց ղեկավարներին նամակներ ենք ուղարկել առկա մասնագիտությունների մասին, բուհ ենք հրավիրել Գորիսում գործող բանկերի ղեկավարներին՝ քննարկումների նպատակով, նաեւ հետաքրքրվել իրենց պայմաններով:

- Կարողանո՞ւմ եք վերլուծել դիմորդների աշխարհագրությունը:

- Տարածաշրջանային համալսարանի կարգավիճակը, ինչպես երեւում է, պահպանում ենք: Բերձորից կան սովորողներ, այլ տեղերից, բայց՝ սակավ:

- Եվս մի հարց է հետաքրքրում, Գորիսի պետական համալսարանի եւ մայրաքաղաքի առաջատար բուհերի տված գիտելիքների պաշարներն իրարից շա՞տ են տարբերվում:

- Նման հարցն աստիճանաբար օրակարգից դուրս է գալիս, բարեբախտաբար: Որտեղ էլ կրթություն ես իրականացնում, նույն չափորոշիչները, նույն պահանջներն են գործում: Եթե մաթեմատիկայի մասնագետ ենք պատրաստում Երեւանի, Գորիսի, Գյումրիի բուհերում, նույն չափորոշիչներն են գործում՝ միասնական ուսումնական պլան եւ այլն: Կարող են խնդիրներ ծագել այս կամ այն մասնագետի առումով. եթե համապատասխան մասնագետ չի լինում, լրացնում են տեղացի եւ դրսեկ դասախոսները:

- Դուք երկար տարիներ Երեւանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորն էիք, սյունեցիները ողջունեցին Ձեր մուտքը Գորիսի համալսարան, հետաքրքիր է իմանալ՝ Ձեր երազածը, Ձեր նախանշած ծրագրերը կարողանո՞ւմ եք իրականացնել, թե՞ մի բան է երազանքը, մի այլ բան՝ իրականությունը:

- Իհարկե, իրականությունը մի բան է, երազանքը՝ բոլորովին այլ բան, բայց այն նոր մասնագիտությունները, որոնք ներդրել ենք Գորիսի պետական համալսարանում, այն աշխատանքները, որոնք հետևողականորեն իրականացնում ենք, խոսում է այն մասին, որ մենք եղածով բավարարվողներից չենք: Խնդիրներ կան, որ Սյունիքի համար առաջնահերթ են, եւ որոշ պիլոտային ծրագրեր ներդրվում են այստեղ: Մենք չխոսեցինք նաեւ նոր մասնագիտությունների մի խմբի մասին, որ կոչվում է հատուկ մանկավարժություն եւ որի ծրագրերն իրականացնում ենք այս տարի առաջին անգամ: Ինչպես տեսաք, չորս նոր մասնագիտություն ենք ներդնում, որ շատ համարձակ քայլ է եւ, ըստ ամենայնի, տարիներ պահանջող գործընթաց: Այդ գործը ձեռնարկեցինք՝ ընդառաջ գնալով շուկայի օրախնդիր պահանջներին: Յուրաքանչյուր նոր մասնագիտության ներդրումը հինգ-վեց ամիս է պահանջում, պետք է կառավարության կողմից լիցենզիայի հաստատում ստանալ, այսինքն՝ մեր ցանկությունը շատ քիչ է, պետք է կրթական ծրագրի բոլոր չափանիշներն ապահովել, որ կառավարության հավանությանն արժանանա: Չորս նոր մասնագիտություն ներդնելը մեկ տարվա համար չափազանց շատ է:

- Մեր օրերի համար սոցիալական մի կարեւոր հարց. ուսման վճարների փոփոխություն եղե՞լ է այս տարում:

- Հին մասնագիտությունների գծով ուսման վճարների փոփոխություն չի եղել, նոր մասնագիտությունների համար ուսման վարձավճարներ ենք սահմանել, օրինակ, «Կերպարվեստ» մասնագիտության համար՝ 270 հազար ՀՀ դրամ, «Հատուկ մանկավարժություն» մասնագիտության համար՝ 300 հազար, «Իրավագիտություն» մասնագիտության համար՝ 420 հազար, «Անգլերեն լեզու եւ գրականություն» մասնագիտության համար՝ 340 հազար:

- Ի՞նչ ասել է հատուկ մանկավարժություն:

- Գիտեք, որ այսօր հանրակրթական դպրոցներում սովորում են նաեւ հատուկ կարիքավոր երեխաները: Խնդիրն այն է, որ մանկավարժը պիտի տիրապետի այդ ոլորտին՝ հատուկ կարիքավոր երեխաներին դասավանդելու, նրանց հետ աշխատելու հմտություններին: Շատ լուրջ խնդիր է դա: Ինչքանո՞վ է հավատում հասարակությունը ներառական կրթության հանդեպ նոր մոտեցումներին՝ մի կողմ, այսօր կա երկակի դիրքորոշում այդ հարցում, տարակարծությունները շատ են եւ դա բնական է: Հարցերի հստակեցումը կախված է նրանից, թե մասնագետներն ի՞նչ որակական հատկություններ կունենան: Դպրոցը կունենա՞ համապատասխան մասնագետներ այդ բեռն իր վրա վերցնելու համար, թե՞ ոչ:

Ենթադրվում է հատուկ մանկավարժի, հատուկ հոգեբանի հաստիք, բայց դրանք բավականին ծախսեր են պահանջում: Ենթադրվում է, որ դպրոցները պիտի վերակառուցվեն, թեքահարթակներ ունենան եւ այլն: Բաղադրիչները շատ բարդ են: Ինչպե՞ս է դա կատարվելու: Տարիներով պիտի փորձել եւ հասնել որոշակի մակարդակի: Գորիսի համալսարանը, որպես մարզային կրթական ու գիտական կենտրոն, չի կարող ուշադրություն չդարձնել այդ նոր իրողություններին, նման հարցերի քննարկումն այստեղից է սկսվում: Բոլոր դեպքերում այս տարի հայտարարելու ենք հատուկ մանկավարժի մասնագիտության ընդունելություն: Մենք ունենք եւս մի մասնագիտություն՝ «Սոցիալական մանկավարժություն», որը կներդնենք հաջորդ ուսումնական տարում: Սրանք ի սկզբանե եղել են իմ նկատառումները, երազանքները, որոնցից շատերն իրականություն են դարձել, բայց ընթացքում ծագում են նոր մտահոգություններ, հետեւաբար եւ՝ նոր մտահղացումներ: Կարեւորագույն խնդիրը, որ պետք է իրականացնենք, գիտական ծրագրերում բուհի աշխատակիցների ներգրավումն է. դասախոսը պիտի գիտությամբ զբաղվի:

- Եվ այսօր քանի՞ հոգի են աշխատում թեկնածուական կամ դոկտորական թեզի վրա:

- Այս տարի երկու հոգի գիտության դոկտոր են դարձել՝ Զարեհ Գրիգորյան, Լուիզա Վարդանյան, երեք դոցենտ ենք ունեցել:

- Որքանով տեղյակ ենք, Գորիսի պետական համալսարանը պատրաստվում է նշելու հիմնադրման կես դարը:

- Դա շատ կարեւոր խնդիր է, հոբելյանը կարեւոր միջոցառումներ է ներառում: Փորձելու ենք հավուր պատշաճի նշել բուհի 50-ամյակը. հոկտեմբերի 19-20-ը Գորիսի պետական համալսարանը կազմակերպելու է «Սյունիքը՝ կրթության եւ մշակույթի օջախ» խորագրով հանրապետական գիտաժողով, նաեւ ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված ԳՊՀ-ի հիմնադրման 50-ամյակին: Տարվա ընթացքում կազմակերպվել են ներֆակուլտետային գիտական նստաշրջաններ, տարբեր ուսանողական միջոցառումներ, բայց հոբելյանական գլխավոր միջոցառումները կլինեն հոկտեմբերին: Մենք ուզում ենք ըստ ամենայնի ամփոփել բուհի ձեռքբերումները, արժեւորել անցած ուղին, կապել հինն ու նորը, նախանշել մեր անելիքներն ու շարժվել առաջ: Շատ կարեւոր է ճշտել. մեր սերունդն ի՞նչ է ստացել, եւ ի՞նչ ենք փոխանցում գալիք սերունդներին:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03