Առուշ Առուշանյան. «Ասելս այն է, թող ծայրահեղություն չհամարվի, որ բոլորիս համար Հայաստանը սկսվում է Սյունիքից»

08.03.2017 11:31
3959

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջիկա ընտրությանը ՀՀԿ-ն պատգամավորի թեկնածու է առաջադրել նաեւ Առուշ Գագիկի Առուշանյանին` թիվ 12 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը:


Առուշ Առուշանյանը 25 տարեկան է, բայց ճանաչում ունի Գորիս քաղաքում եւ հարակից տարածաշրջաններում:

Ակտիվ, կամեցող երիտասարդի, գործարարի ու ձեռներեցի համբավ ունի:

ՀՀ օրենսդիր մարմնում ընդգրկվելու-աշխատելու նրա ձգտումն, անշուշտ, հետաքրքրությամբ է ընդունվել հատկապես Գորիսի տարածաշրջանում:

Ի՞նչ հանգամանքների մղումով է առաջադրվել պատգամավորի թեկնածու, ի՞նչ ասելիքով է ներկայանում ընտրողին, ինչպիսի՞ պատկերացումներ ունի խորհրդարանի եւ պատգամավորի մասին, տեղյա՞կ է արդյոք հանրապետության եւ հատկապես Սյունիքի մարզի հիմնախնդիրներին:

Այդ եւ նման այլ հարցերի պարզաբանման նպատակով էլ զրուցեցինք պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի հետ:


– Հարգելի՛ Առուշ, ողջունում ենք Ձեր որոշումը, մտադրությունը` ընդգրկվելու հանրապետության օրենսդիր մարմնում: Ձեռներեցություն, գործարարություն… Եվ հանկարծ` երկրի խորհրդարանում պատասխանատվություն ստանձնելու հայտ: Ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքների մղումով որոշեցիք գնալ այդ ճանապարհով:

– Խորհրդարանն այն հարթակն է, որտեղ կարող ենք ներկայացնել մեր հանրապետության հիմնախնդիրները, լուծման տարբերակներ փնտրել: Իսկ դրա համար անհրաժեշտ է պատասխանատվություն երկրի եւ ժողովրդի հանդեպ, էներգիա, որը հնարավորություն կտա նպատակիդ հասնել` ի շահ ժողովրդի: Ինձ մոտ, թույլ տվեք ասել, այդ գիտակցումը, էներգիան, պատասխանատվությունը կան, ես կարող եմ, դրա համար էլ վարկանիշային ընտրացուցակով նաեւ ինձ են նպատակահարմար գտել` օրենսդիր մարմնում աշխատելու համար:

– Դուք Գորիսի տարածաշրջանում համբավավոր գերդաստանի զավակ եք, Գորիս քաղաքում ճանաչված երիտասարդ: Բայց նոր դեմք եք մարզի եւ ընտրատարածքի մասշտաբով: Ձեզ չճանաչողների համար մի այսպիսի հարց` ո՞վ է պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանը:

– Մարդ, ով ցանկանում է օգտակար լինել իր հայրենիքին, ով ծանոթ է երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին, ծանոթ է ընտրատարածքն ընդգրկող բնակավայրերի խնդիրներին եւ ձգտելու է անպայման դրանք ներկայացնել իշխանության վերին ատյաններում, ձգտելու է դրանց լուծման ուղիները հստակեցնել, ով պատրաստ է միշտ լինել ընտրողի հետ:

– Եվ, այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում` ՀՀԿ-ն ինչո՞ւ Գորիսի տարածաշրջանից հենց Ձեր թեկնածությանը նախապատվություն տվեց:

– Ճիշտ պատասխան, կարծում եմ, կտա ինքը` կուսակցությունը: Բայց, թվում է, դիտարկվել են մարդկային իմ հատկանիշները, կարողությունը, պատրաստակամությունը, հանրության մեջ ունեցած վարկանիշը… 

– Քիչ հետո կքննարկենք Ազգային ժողովին առնչվող հարցեր, բայց կուզենայինք մինչ այդ Ձեր գործունեության երկու դրվագի վրա կանգ առնել, որոնք շատ թե քիչ պատկերացում են տալիս մարդկային Ձեր նկարագրի մասին:

Առաջին` այս տարվա հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի օրը, Սյունյաց թեմի կողմից առաջադրվեցիք թեմի առաջնորդանիստ եկեղեցու` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 2017թ. «Խաչի քավոր»: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ վստահությանը:

– Իհարկե պատասխանատվությամբ, եւ ձգտում եմ արդարացնել այդ վստահությունը, փորձում եմ աջակցել եկեղեցու գործունեությանը թե՛ տնտեսական, թե՛ հոգեւոր առումով: Իսկ եկեղեցին, իսկապես, հոգածության կարիք ունի. հիշենք հայոց պատմությունը, հիշենք, թե ինչպիսի դերակատարում է ունեցել եկեղեցին հայ ժողովրդի հարատեւումն ապահովելու գործում: Եվ այդ ամենից հետո դժվար չէ հասկանալ, որ յուրաքանչյուրս էլ պարտք ունենք մեր եկեղեցու հանդեպ:

– Շարունակենք նախորդ հարցը. վերջին տարիներին հասցրել եք Գորիս քաղաքի որոշ հարցերի լուծմանը մասնակից լինել. ուրիշ դեպքում այն կոչվում է բարեգործություն, բայց Դուք համաձայն չեք այդ որակմանը, քանզի միակ բարեգործը Տերն է: Ի՞նչ գործեր կթվարկեք` Ձեր կողմից կատարված, որոնք, մեր ընկալմամբ, այնուամենայնիվ, բարեգործություն են:

– Ճիշտն ասած ոչ բարեհարմար վիճակում եմ հայտնվում, երբ խոսք է բացվում արածներիս մասին, բայց, եթե կամենում եք, համառոտ անդրադարձ կկատարեմ:

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակայքում անց ենք կացրել գիշերային լուսավորություն, կատարել որոշ սրբատեղիների մասնակի բարեկարգում: Տաթեւի մերձակայքում գտնվող Հարանց անապատը, որքանով գիտեմ, տասնամյակներ շարունակ խմելու ջուր չի ունեցել: Եվ քանի որ այն ժամանակին կրթական կենտրոն է եղել ու պատմական մեծ արժեք ունի, զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում... Մի խոսքով` իմ ուժերով այն հիմա ապահովված է ջրով:

Նախաձեռնեցինք նախկին պիոներ դպրոցականների պալատի սպորտային դահլիճի վերանորոգումը: Մարզիչ Տիգրան Աղաբեկյանի հետ ծանոթացա «Դիանա» հյուրանոցային համալիրում: Նա երեխաներին բերել էր այդտեղ` մարզումների: Հարց ու փորձից իմացա, որ իրենց դահլիճը պարապմունքներ անցկացնելու համար ընդհանրապես պայմաններ չունի: Որոշեցի օգնել նրան, որպեսզի մեր քաղաքից ավելի շատ երեխաներ զբաղվեն սպորտով: Եվ հիմա մարզական դահլիճն իր դռներն է բացել սպորտասեր երեխաների առջեւ: Դրանում մեծ ներդրում ունեցավ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

– Դուք երիտասարդ գործարար եք, գուցե Ձեր գործարարությունից մեկ-երկու օրինա՞կ նշեք:

– 2010թ. հիմնել ենք «Գոր մետալ» ՍՊԸ-ն: Այն Սյունիքում առաջատար ընկերություն է, որը տարեկան 600-700 միլիոն դրամի շրջանառություն ունի, աշխատատեղեր են բացվել, այդտեղ աշխատում է 28 մարդ: Ընտանեկան բիզնեսին կից գործող «Գոր մետալը» նոր խանութներ ունի: Մինչեւ 2018թ. մեր բիզնեսն ավելի կընդլայնվի, Գորիսում կունենանք առեւտրի ու սպասարկման հզոր կենտրոն, որը ենթադրում է նոր աշխատատեղեր եւ ծառայությունների նոր որակ:

– 2015 թվականին հանրաքվեով փոփոխված Սահմանադրությամբ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման: Լա՞վ է դա, թե՞ վատ` այլ հարց է, ոչ հրատապ այս պահի համար: Բայց դրանից բխող մեկ այլ ու շատ կարեւոր հարց կա` նոր խորհրդարանն աննախադեպ լիազորություններ եւ պատասխանատվության մեծ բեռ է ունենալու: Հետեւաբար` ապագա պատգամավորի մասին մեր պատկերացումներն էլ այլ են: Դուք պատրա՞ստ եք, ընտրվելու դեպքում, արժանապատվորեն կրել ժողովրդի ընտրյալի բարձր կոչումը:

– Հանրաքվեի ժամանակ կողմ եմ քվեարկել Սահմանադրության փոփոխություններին` համոզված լինելով, որ դա հասունացած հարց է: Հաշվի առնելով համաշխարհային փորձը` խորհրդարանական կառավարումն ավելի արդյունավետ կլինի: Բնականաբար, խորհրդարանը կունենա նոր լիազորություններ, եւ պատկերացնում եմ այն բեռի ծանրությունը, որ դրվելու է պատգամավորի ուսերին: Եթե չպատկերացնեի նման ծանրությունն ու պատասխանատվությունը, մրցասպարեզ չէի մտնի: 

Լիովին պատրաստ եմ դրան եւ վստահ եմ իմ ուժերին…

– Ազգային ժողովի գլխավոր գործառույթներից առաջինն օրենսդիր իշխանության իրականացումն է: Ընտրվելու դեպքում մշտական ո՞ր հանձնաժողովում եք տեսնում Ձեր գործունեությունը:

– Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, կաշխատեմ ֆինանսատնտեսական հանձնաժողովում: Այդ ոլորտն ինձ հարազատ է, ծանոթ եմ բնագավառին:

– Ընտրվելու դեպքում Դուք ներկայացնելու եք մեր հանրապետությունն ու ժողովրդին: Այսօրվա Հայաստանը որքանո՞վ է համապատասխանում Ձեր պատկերացրած Հայաստանին: Ի՞նչ հիմնախնդիրներ եք տեսնում Հայաստանում: Եվ ի՞նչ դրական միտումներ կան դրանք լուծելու ճանապարհին:

– Մեր ազգի (եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության) թիվ 1 հիմնախնդիրն իմ կարծիքով Արցախի խնդիրն է, որի կարգավորման բանալին կա ՀՀԿ ծրագրային փաստաթղթերում: Երկրորդ խնդիրը, որ մտահոգում է ինձ, բնակչության եւ հատկապես երիտասարդության զբաղվածության խնդիրն է: Համոզված եմ, ոչ ոք չի արտագաղթի երկրից, եթե իր հայրենիքում ապրելու-աշխատելու, ինքնադրսեւորվելու հնարավորություն ունենա:

Կարեւորագույն խնդիր է երկրի անվտանգությունը` ամեն առումով, քանի որ ապրում ենք այնպիսի տարածաշրջանում եւ այնպիսի երկրների հարեւանությամբ, որ ամեն ինչի պիտի պատրաստ լինել: Առանձնապես կարեւոր է հայոց բանակի շարունակական հզորացումը, որը մեր հայրենիքի անվտանգության երաշխավորն է:

Դրական միտումներ կան առկա խնդիրների լուծման ճանապարհին, ու այդ միտումները պետք է զարգացնել, ավելի կոնկրետացնել եւ, որ շատ կարեւոր է, հետեւել, որ դրանք իրական գործեր դառնան: Այդ միտումները հատկապես երեւում են նոր կառավարության վարքագծում, օրինակ, հարկային, մաքսային վարչարարության նվազում է նկատվում, բյուրոկրատական քաշքշուկների զսպում:

Տնտեսական մրցակցությունն էլ, կարծեք, առողջ հիմքերի վրա է դրվում, իսկ դրանից շահում են գործարարները, ինչու չէ` նաեւ ժողովուրդը:

– Դուք քվեարկվելու եք թիվ 12 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը: Հիմա կարո՞ղ ենք միասին առանձնացնել ընտրատարածքի հիմնախնդիրներից մի քանիսը, որոնք մտահոգում են Ձեզ:

– Այն մտահոգությունները, որ թվարկեցի քիչ առաջ` հանրապետության կտրվածքով, վերաբերում են նաեւ մեր մարզին ու ընտրատարածքին: Սակայն Սյունիքն ունի առանձնահատկություններ. մարզն ամենառազմավարական տարածաշրջանն է հանրապետությունում, եւ նրա հզորացումն ու ամրապնդումը` բոլոր տեսանկյուններից, օրախնդիր հնչեղություն ունեն: Եթե ամուր է, հզոր է Սյունիքը, ապա բոլոր առումներով հզոր է Հայաստանը: Շատ կարեւոր եմ համարում լեռնային գյուղերի ամրապնդումը: Առանց կենսունակ գյուղերի հնարավոր չէ պատկերացնել Սյունիքը, իհարկե, նաեւ հայոց աշխարհն ամբողջովին: Ասելս այն է, թող ծայրահեղություն չհամարվի, որ բոլորիս համար Հայաստանը սկսվում է Սյունիքից: 

– Կուզենայինք անպայման լսել Գորիս քաղաքի, Գորիսի տարածաշրջանի իրավիճակի մասին Ձեր բնութագրումները:

– Մենք երջանիկ մարդիկ ենք, որ ծնվել եւ ապրում ենք Գորիսում: Սակայն, ինչպես բոլոր քաղաքները, Գորիսն էլ խնդիրներ ունի: Կառավարության որոշումներով Գորիսը պետք է դառնա զբոսաշրջության կենտրոն: Ցավոք, այդ գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Թե երբ այդ որոշումները կյանքի կկոչվեն, չի երեւում:

Մեր տարածաշրջանը բացառիկ պատմամշակութային արժեքներ ունի, սակայն դրանք հասու չեն զբոսաշրջիկին:

Դրա համար էլ անհրաժեշտ է հանրային ենթակառուցվածքները զարգացնել, հանրային տարածքներն ակնահաճո տեսքի բերել, լավ ճանապարհներ ունենալ, մի խոսքով` զբոսաշրջությունը զարգացնելու համար պետք է դրան նպաստող ենթակառուցվածքներն արդիականացնել, իսկ արդիականացումն այնպես պետք է արվի, որ պատմական արժեքներն իրենց դիմագիծը չկորցնեն:

– Քիչ առաջ նշեցինք, որ Դուք խորհրդարան եք գնում գործարար աշխարհից: Ինչպե՞ս եք գնահատում մանր ու միջին ձեռնարկատերերի վիճակը, ի՞նչն է խոչընդոտում ձեռնարկատիրության զարգացմանը` մանր ու միջինը նկատի ունենք:

– Ինչպես ամեն բնագավառում, այդտեղ էլ խնդիրներ կան: Սակայն նկատում եմ, որ դրանք արդեն անլուծելի չեն եւ բավականին դրական արձանագրումներ կան: Մենաշնորհները կամաց-կամաց վերանում են, առողջ տնտեսական մրցակցության կենսունակ ծիլերը երեւում են, հեշտացել է անհատ ձեռներեցների եւ տնտեսվարող այլ սուբյեկտների գրանցման կարգը, անհատ ձեռներեցների հանդեպ հարկային քաղաքականությունը մեղմացվում է: Վերջերս հարկերից ազատվեցին մի շարք մանր տնտեսվարողներ: Բայց եւ այնպես, հարկային դաշտն իմ կարծիքով դեռ փոփոխությունների կարիք ունի: Իսկ դրանով հանրապետությունում բավականին լուրջ տեղաշարժեր կգրանցվեն. արտադրությունը տեղից կշարժվի: Դա նշանակում է նաեւ` բյուջեն կլցվի լրացուցիչ հոսքերով, կբացվեն նոր աշխատատեղեր:

– Ըստ նոր Ընտրական օրենսգրքի` պատգամավորի թեկնածուն այլեւս նախընտրական իր սեփական ծրագիրը չի ունենա: Այն ներկայացնելու է կուսակցությունը կամ կուսակցության դաշինքը: Այսինքն` ՀՀԿ ներկայացրած նախընտրական ծրագիրը նաեւ Ձեր ծրագիրն է, որն, ընտրվելու դեպքում, Դուք պետք է իրականացնեք առաջիկա հինգ տարում: Ծանո՞թ եք այդ ծրագրին, որքանո՞վ է այն իրատեսական եւ մրցունակ:

– Ծրագրին ծանոթացել եմ, միանշանակ կարող եմ ասել` բոլոր կուսակցությունների ու դաշինքների ծրագրերի համեմատ, ՀՀԿ ծրագիրն ամենաիրատեսականն է, մրցունակը: Դա չի նշանակում, իհարկե, որ մյուսների մոտ ռացիոնալ հատիկ չկա: Կա: Ահա ինչու, ընտրությունից հետո, իմ կարծիքով, մյուսներից պետք է վերցնել այդ ռացիոնալը եւ ՀՀԿ անելիքներն ավելի հստակեցնել ու հարստացնել` ի շահ մեր հասարակության զարգացման:

– Առաջիկայում մեզ սպասվում են աննախադեպ ընտրություններ, աննախադեպ` մի քանի առումով: Նկատի ունենք մրցակիցների մեծ թիվը թե՛ կուսակցության ներսում, թե՛ այլ կուսակցություններում, դաշինքներում: Գորիս քաղաքից պատգամավորի թեկնածու է առաջադրվել տասը մարդ: Նրանք ե՛ւ ՀՀԿ-ից են, ե՛ւ այլ կուսակցություններից, դաշինքներից: Ո՞ւմ եք համարում Ձեր մրցակիցը Գորիսի տարածաշրջանում:

Ո՞ր քաղաքական ուժն եք համարում ՀՀԿ գլխավոր մրցակիցը Գորիսում եւ առհասարակ ընտրատարածքում:

– ՀՀԿ ցուցակում ընդգրկվածներին ինձ մրցակից չեմ համարում: Նրանց հաղթանակը նաեւ իմ հաղթանակն է: Ես մրցակից համարում եմ այլ կուսակցություններից եւ կուսակցությունների դաշինքից առաջադրվածներին: Այդուհանդերձ` հարգում եմ իմ բոլոր մրցակիցներին, հարգում եմ նրանց ձգտումը` դառնալու պատգամավոր: Թե ով կհաղթի ապրիլի 2-ին, պատասխանը կտա ընտրողը: 

Թող վերամբարձ չհնչի, իմ կարծիքով, հանրության բոլոր խավերի համար ցանկալի թեկնածու եմ: Այդպես արտահայտվելու հիմքեր ունեմ. այս օրերին տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում ինձ: Նրանք ուսանողներ են, ուսուցիչներ, բժիշկներ, տնտեսագետներ, առեւտրի ոլորտի աշխատողներ, քաղծառայողներ, գյուղաբնակներ...

– Լավ է, որ բոլորից ակնկալիք ունեք, իսկ վարչական ռեսուրսից Ձեզ բաժին կհասնի՞:

– Վարչական ռեսուրս հասկացությունն ինձ համար անընդունելի է: Ես բոլորին ընդունում եմ որպես ընտրող: Այսինքն` Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի ինձ համար ընտրող է: Եվ ակնկալիք ունեմ ընտրատարածքի բոլոր ընտրողներից:

– Հետաքրքիր է իմանալ նախընտրական քարոզչության Ձեր մարտավարության մասին: Ի՞նչ սկզբունքներ եք որդեգրել, միայն Գորիս քաղաքում եւ մերձակա գյուղերո՞ւմ եք աշխատելու ընտրողի հետ, թե՞ նաեւ ընտրատարածքի մյուս բնակավայրերում:

– Նախընտրական քարոզչական աշխատանքը ծավալելու եմ թիվ 12 ընտրատարածքի բոլոր բնակավայրերում: Հանդիպելու եմ բոլոր ընտրողների հետ, նրանց հետ երկխոսության մեջ եմ մտնելու: Ես պիտի զգամ իմ ընտրողի շունչը, իրենք էլ ինձ պիտի ավելի լավ ճանաչեն:

– Որքանով տեղյակ ենք, Դուք վերջերս դարձել եք նաեւ ՀՀԿ Գորիսի շրջանային կառույցի պատասխանատուներից մեկը: Ըստ շրջանառվող խոսակցությունների` կարճ ժամանակամիջոցում, Ձեր հանդեպ վստահություն տածելով, հարյուրավոր գորիսեցիներ ՀՀԿ շարքերն ընդունվելու ցանկություն են հայտնել:

– Իսկապես, վերջին երկու ամսում բավականին աշխուժություն է տիրում մեր տեղական կառույցում: Մարդիկ գալիս են: Ես չեմ ուզում ասել, որ դա գործունեությանս արդյունքն է: Իմ կարծիքով, հավատ կա ՀՀԿ հանդեպ, գաղափարական մղումով են մարդիկ անդամակցում մեր կուսակցությանը, մարդիկ, որ թացը չորից լավ են ջոկում, եւ կուսակցությունների առատության մեջ իրենք գտել են իրենց կուսակցությունն ու պատրաստ են ՀՀԿ-ի հետ, ՀՀԿ-ի համար աշխատել:

– Ձեր հայրը` Գագիկ Առուշանյանը, հանրապետության գործարար աշխարհում ճանաչված անձնավորություն է: Ի՞նչ եք կարծում, ապրիլի 2-ին Ձեր օգտին քվեարկողները Ձեզ կդիտեն որպես Գագիկ Առուշանյանի որդի՞, թե՞ նոր եւ ինքնուրույն դիմագծով հանդես եկող երիտասարդ:

– Ուրախ կլինեմ, եթե որոշ ընտրողներ ինձ ձայն տան որպես Գագիկ Առուշանյանի որդի: Բայց եւ համոզված եմ, որ իմ ծրագրերին, իմ աշխարհայացքին ծանոթանալով` նրանք ինձ ձայն կտան որպես Առուշ Առուշանյան:

– Դատելով ՀՀԿ համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներից` կուսակցությունում ակտիվ սերնդափոխություն է կատարվում: Նոր սերնդի ներկայացուցիչներից եք նաեւ Դուք: Հետաքրքիր է, ո՞վ է Ձեր իդեալը քաղաքական, պետական համակարգում, ո՞ւմ կուզեիք նմանվել Ձեր նոր գործերում:

– Շատերն են ինձ համար ընդօրինակելի: Հատկապես հաճո է, երբ քաղաքական գործիչը խոսքի տեր է լինում, աշխատանքի մարդ է լինում, ում խոսքը գործից չի տարբերվում, մի խոսքով` այն ղեկավարներն են ընդօրինակելի, ովքեր Հայաստանի հանդեպ ունեն անկեղծ եւ իրական մտահոգություն, ովքեր կաբինետային որոշումներ չեն կայացնում, ամեն մի որոշում իրական կյանքի հետ առնչվելիս է ծնվում: Իմ իդեալը կարող է լինել (այդպես էլ կա) նաեւ շարքային մարդը, նրանից էլ շատ բան կարելի է սովորել ու ընդօրինակել, եւ սովորում եմ:

– Ո՞րն է պատգամավորի Ձեր պատկերացրած տեսակը:

– Պատգամավորը կապն իր ընտրողների հետ չպիտի կտրի, իր ընտրատարածքի հետ պիտի միշտ կապի մեջ լինի: Ընտրվելու դեպքում, բոլոր բնակավայրերում, որոնք գտնվում են թիվ 12 ընտրատարածքում, կունենամ տարածքային գրասենյակներ, որպեսզի հասանելի լինեմ մարդկանց, ապրեմ նրանց կյանքով: Չափանիշ չեմ համարում խորհրդարանի ամբիոնից հաճախակի խոսելը, բայց կարծում եմ` այդ ամբիոնից ժամանակ առ ժամանակ պետք է հնչեցվեն ընտրողների առավել կարեւոր մտահոգությունները: Եվ, իհարկե, ակտիվ օրենսդրական գործունեություն, ինչպես եւ գործադիր իշխանությանը վերահսկելու լիազորության պատշաճ իրացում: Այդ բոլորով հանդերձ` պատգամավոր լինելուց առաջ պետք է լինել լավ մարդ, լավ քաղաքացի: 

– Որպես պատգամավորի թեկնածու, ըստ Ձեզ, ի՞նչ թերություններ, խոցելի տեղեր ունեք, որ կարող են խոչընդոտ հանդիսանալ նախընտրական քարոզարշավում, որ ընտրողի կողմից հասկացված չեք լինի:

– Մարդն ի սկզբանե մեղավոր է եւ սխալական: Ես էլ, ինչպես բոլորը, ունեմ թերություններ, բացթողումներ: Ուղղակի կարողանում եմ տեսնել թերություններս եւ ձգտում եմ հնարավորինս վերացնել դրանք: Մարդ պետք է զգա իր սխալը, ընդունի դա եւ մտածի դրա վերացման մասին: Հակառակ դեպքում կտրված կլինի ժամանակից, իրականությունից, հասարակությունից, եւ հասարակությունը նրան չի ընդունի:

– Եթե հանկարծ ապրիլի 2-ին ընտրողը Ձեզ չվստահի, Դուք կհիասթափվեք եւ հե՞տ կկանգնեք Ձեր ներկայիս` քաղաքականություն մտնելու մտադրությունից, բարեգործությամբ զբաղվելուց, թե՞ կշարունակեք ընտրած ճանապարհը` առանց հիասթափության, առանց ընկճվելու:

– Ես ընտրարշավի եմ ելել հաղթելու վճռականությամբ եւ համոզված եմ իմ հաղթանակում: Բայց, եթե ընտրողն ինձ չվստահի, ես կհարգեմ նրա այդ ընտրությունը նույնպես, եւ հետ չեմ կանգնի իմ ծրագրերից, քաղաքական դաշտ մտնելու ձգտումներից:

– Կուզեինք լսել Ձեր խոսքը` ուղղված թիվ 12 ընտրատարածքի ընտրողներին:

– Ես ընտրողներին չեմ ասի` ինձ ընտրեք: Ուղղակի ասում եմ, կոչ եմ անում` ապրիլի 2-ին քվեարկեք խղճի մտոք, լավ ծանոթացեք կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերին, տեսեք` արդյո՞ք այդ ծրագրերն իրատեսական են, որքանո՞վ են իրագործելի, դրանց իրականացման համար կա՞ն հիմքեր, թե՞ ոչ: Բոլորն էլ կարող են ասել` նվազագույն աշխատավարձը մեր ընտրվելու դեպքում դարձնելու ենք` ասենք 120 հազար դրամ, կամ կենսաթոշակի նվազագույնը կազմելու է` ասենք 70 հազար դրամ: Բայց ինչպե՞ս, դրա համար հանրապետությունում հիմքեր կա՞ն եւ որո՞նք են այդ հիմքերը: Իսկ միգուցե ազնիվ եւ անկե՞ղծ լինենք ընտրողների հանդեպ ու սուտ խոստումներ չտա՞նք:

Մեկ անգամ եւս հավաստիացնում եմ` ընտրվելու դեպքում կարդարացնեմ ձեր վստահությունը եւ կլինեմ Հայաստանի օրենսդիր մարմնի արժանավոր պատգամավորներից մեկը:

Հարցազրույցը` 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԵՎ

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ

Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում

26.12.2024 18:51

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

26.12.2024 18:43

Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն

26.12.2024 18:29

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

26.12.2024 17:13

Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով

26.12.2024 17:01

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

26.12.2024 16:20

ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք․ ԿԳՄՍ փոխնախարար

26.12.2024 16:17

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

26.12.2024 16:13

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

26.12.2024 16:10

Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները

26.12.2024 16:04

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

26.12.2024 14:50

ՌԴ-ում ավտոգազի ավելցուկ է․ գինը կիսով չափ էժանացել է

26.12.2024 14:39