Արվեստի բարձունքներ տանող ճանապարհը. ներկայացնում է ճանաչված պարուսույց Համլետ Իսախանյանը

08.11.2023 11:55
812

...Մոտ երկու ամիս առաջ Գորիսի մշակութային կյանքում ուշագրավ մի իրադարձություն տեղի ունեցավ: Քաղաքի դրամատիկական թատրոնի դահլիճում Համիկ Իսախանյանի հիմնած «Մեծ Հայք» պարային ստուդիայի տարեկան հաշվետու համերգն էր, որի ժամանակ միանգամից բեմ բարձրացան 5-18 տարեկան մոտ 100 պարող-պարուհիներ...

Համլետ Իսախանյանը ծնվել է 1998 թվականին: Փոքրիկ Համիկին ձգում էին Քարահունջի պապենական տունը, բարեկամները, ընկերները և, իհարկե, Քարահունջի անզուգական բնաշխարհը՝  նշանավոր թթի այգիներով, անկրկնելի Շռռանով: ...Վեցամյա Համիկը ստիպված էր հրաժեշտ տալ անհոգ մանկությանը և լծվել այնպիսի կյանքի, որը պետք է դառնար նրա ճակատագիրը..

Համիկն ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, որի երկարամյա տնօրենը Սյունիքի մարզում բարի համբավ ունեցող, ճանաչված մտավորական տատն էր՝ Սվետլաննա Սևյանը:

Մշակութային կյանքին նվիրվել է հանգամանքների բերումով: Երկու միջադեպ բեկումնային էին նրա կյանքում. Վահե Մելքումյանի Գորիսում հիմնած նորաբաց պարի խումբը և ծնողների վճռական խոսքը: Մայրը՝ Շաքեն, լսել էր, որ Գորիսում նորաբաց պարի խումբ է գործում, ուզում էր որդին հաճախի պարի: Կարծիքը կիսեց ամուսնու՝ Արգամ Իսախանյանի հետ: Համլետի հայրը, ով մասնագիտությամբ երաժիշտ-կիթառահար է, ներքուստ ուրախացավ արվեստասեր կնոջ անակնկալ առաջարկով: Սիրով համաձայնեց որդուն ուղարկել պարի խմբակ: Վահեի հիմնած «Սյունիք» պարի համույթն արդեն երկրորդ տարին էր գործում Գորիսում, երբ Համլետն ընդգրկվեց նրա կազմում։

Համիկի հետ զրուցում եմ նրա աշխատավայրում՝ «Մեծ Հայք» պարային ստուդիայում, որը գտնվում է Գորիսի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաշենքերից մեկում: Ժպիտով է հիշում պարի հանդեպ ունեցած նախկին կարծրատիպը.

– Ինձ պարի խմբակ տանելու ծնողներիս որոշումն անակնկալ էր. «Ախր ինչու՞ պիտի ընկերներիցս կտրվեմ, ո՞ր մեղքիս համար»,– չէի գիտակցոում: Սկզբում պարի անունն իսկ լսել չէի ուզում: Պարտադրված էի հաճախում պարապմունքներին, դրա համար սկզբում այն ինձ մոտ չէր ստացվում:

... Փոքրիկը չէր հանդարտվում՝ ընկերները խաղում էին, իսկ ինքը... պետք է պարեր: Պարը պարտավորեցնող է՝ շաբաթական երեք անգամ պարապմունք...

Երկու տարի անց Գորիսի ամենամեծ դահլիճում՝ հարյուրավոր հանդիսատեսի առջև, տարեկան հաշվետու համերգը խիստ պատասխանատու միջոցառում էր, որտեղ յուրաքանչյուրն ուզում էր բոլորից լավ պարել: Խմբի տղաների մեջ մրցակցություն էր: 8 տղայից 3-ը տարիքով փոքր էին: Ամենակրտսերը Համիկն էր՝ ութ տարեկան...

25 տարվա հեռավորությունից վերհիշելով այդ օրերը՝ Համիկը եկել է համոզման՝ երբ պարողները չեն ձգտում ինքնակատարելագործման, երբ աճ ու առաջընթաց չկա, հեռանկար լինել չի կարող, լճացումն անխուսափելի է: Եվ զարմանում է. «Պարը չսիրելով, պարը գերեց ինձ, և ես դարձա պարի սիրահար»:

4-5 տարի անց 8 տղայից մնացին 3-ը: Համիկը մինչև վերջ մնաց «Սյունիք» համույթում: Հենց այդ ժամանակ որոշեց՝ պետք է մշակույթի գծով բարձրագույն կրթություն ստանալ, դառնալ ճանաչված պարող-պարուսույց, Գորիսում բացել սեփական ստուդիա, հայկական պարարվեստում ունենալ ինքնատիպ ոճ…

Գյուղի դպրոցի շնորհալի աշակերտի փայլուն ելույթները Եվրոպայում

– Որևէ գործի նվիրվելու համար կամք է պետք: Երբ մի բան սիրում եմ, ջանք ու եռանդ եմ դնում տվյալ գործի մեջ,– ասում է Համիկն ու նշում 2004-2015 թվականների դպրոցական տարիներին փառատոների, մրցույթների ու հյուրախաղերի մասնակցության մասին՝ Հունգարիայում, Լեհաստանում, Չեխիայում և Ռուսաստանում: Հետո՝ Լիբանան, Քաթար, Վրաստան, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ... Իսկ այս ամառ Բաթումիում կայացած փառատոնին նվաճեց մեծ մրցանակ՝ «Գրան պրի»:

Ի տարբերություն 2-րդ դասարանում Հունգարիա կատարած այցի, որտեղ մրցութային միջոցառում չէր, 5-րդ դասարանում նա եղավ Լեհաստանում, ուր միջազգային մշակութային փառատոն էր: Մասնակցում էին 15 երկրի հարյուրավոր պարող-պարուհիներ: Փառատոնային մեկշաբաթյա օրերը հագեցած էին: Լեհական կողմն ամեն ինչ արել էր այն տպավորիչ և հիշարժան դարձնելու համար: Նախապատրաստական փուլում մասնակիցների համար կազմակերպել էին «Լեհական ազգային պար», «Լեհական ազգային նվագարան» միջոցառումները:

Ես այդ ժամանակ հասկացա, թե որքան ուժեղ է մշակույթի դերը: Նախ՝ մի մեծ պարասրահում հային, իսպանացուն, հնդիկին, թուրքին սովորեցնում էին լեհական ազգային պար: Բոլոր մասնակիցները սովորեցին պարել այն: Մի օր էլ բոլորս մի մեծ սրահում ունկնդրեցինք կախարդական հեքիաթի հերոսի նման մի ալեհեր ծերունու, ով միաժամանակ երգում էր ու նվագում: Նա՝ բոլորիս կենտրոնում նստած, նվագում էր լեհական ազգային նվագարաններից մեկը՝ մինչև 2 մետր երկարության փայտյա փողային մի զարմանահրաշ գործիք, որով, հավանաբար, նրա նախնիները ռազմի դաշտում որպես ռազմակոչի փողհար էին օգտագործում: Այդ փայտե շեփորն ահարկու-խրոխտ ձայն էր հանում՝ շչակի պես խլացնող, կտրուկ, հատու՝ «բա՛մ, բա՛մ, բա՜մ...»: 10 տարեկան հայ տղայի կողքին իր հասակակից հնդիկը, չեխը, մյուսները կլանված լսում էին...

Լեհաստանում Հայաստանը ներկայացնող Գորիսի «Սյունիք» պարային համույթի մասնակիցները փառատոնում փայլուն ելույթ ունեցան և գրավեցին 1-ին պատվավոր տեղը:

Վերջում մասնակիցներով պետք է պարեինք «Քոչարի»: Նրանց արագ բացատրվեց, որ հայկական պարում ձեռքերի 3 բռնելաձև կա՝ ուսերից, ձեռքերից, ճկույթ մատներից: Բոլորը՝ կենդանի շղթա կազմած, իրար հետ պինդ բռնվեցին, ձեռք-ձեռքի տվին ու պարեցին մեր խրոխտ «Քոչարի»-ն: Հայկական «Քոչարի» էր պարում նաև ... փառատոնի թուրք մասնակիցը,– հիշում է Համիկ Իսախանյանը:

– 14-15 տարեկանում մեկնեցի Պրահա: Այնտեղ պարի փառատոն էր: Հաջող ելույթ ունեցանք... Այդ ժամանակ արդեն կրտսեր տարիքի երեխաների հետ որպես պարուսույց էի «Սյունիք» պարային համույթում: Գիտեի՝ ինչու՞ եմ պարում, ու՞ր եմ գնում, կյանքի ի՞նչ ճանապարհ եմ ընտրելու,– շարունակում է հիշողության էջերը թերթել Համիկը:

– Շատ միջոցառումների եմ մասնակցել: Ամենաշատ օգուտը ստացել եմ շրջապատից, մարդկանցից, ում հետ շփվել եմ: «Ամբերդ»-ում նույնպես տարիքով ամենակրտսերն էի: Կյանքն էլ, պարն էլ, պայքարի հետ կապ ունեն: Իսկ պայքարում ուժեղներ են և թույլեր: Ինքս ինձ հարց էի տալիս՝ «Ո՞րն է լավ, լինել ուժեղների մեջ թո՞ւյլը, թե՞ թույլերի մեջ ուժեղը»: Նախընտրեցի լինել ուժեղների մեջ թույլը, որպեսզի մի օր լինեմ նույն ուժեղների մեջ ամենաուժեղը: Սա էր ու այսօր էլ սա է իմ կյանքի նշանաբանը: Ստացվե՞լ է, թե՞ ոչ, կամ՝ որքանո՞վ է ստացվել, չգիտեմ, դա ուրիշները պետք է ասեն: Որպես խմբի պարող և մենակատար, պարի ասպարեզում ընկեր Վահեի պարի դարբնոցից բացի, փորձառությունս ավելացավ նաև «Ամբերդ»-ի գեղարվեստական ղեկավար Էդգար Հովհաննիսյանի շնորհիվ:

Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի հրավերով Ռոստովում և Կրասնոդարում մասնակցեցի երկու մեծ համերգի: Տպավորությունները շատ էին՝ նոր ընկերներով, նոր ծանոթություններով հագեցած: «Ամբերդ»-ի տղաների հետ ստեղծվեցին ամուր կապեր: Նրանցից որոշների հետ առ այսօր ընկերներ ենք: Նրանք մշակույթի ասպարեզում այսօր հասել են հաջողությունների: Օրինակ, Տիգրան Մնոյանը, ով «Prof art dance studio»-ի գեղարվեստական ղեկավարն է:

«Սյունիք» համույթում Ձեզ վստահվեց պարի դասավանդման պատասխանատու գործը: Հիմա Գորիսում ունեք Ձեր հիմնած պարային ստուդիան և ունեք պարուսույցներ, ինչպե՞ս վստահվեց դասավանդման գործը,– հարցնում եմ Համլետ Իսախանյանին:

– Հիմա ունեմ պարուսույցներ և փորձավարներ, ովքեր պրակտիկա են անցնում, աշխատում են երեխաների հետ: Պարուսույցը խոսում է, ցուցադրում պարային շարժումներ, փորձավարն օգնում է նրան: Իմ կարծիքով՝ ամեն պարող իր կյանքում պետք է ունենա մի քանի վարպետ: Տարիքային աճին համապատասխան՝ նա պետք է նոր պարուսույց ունենա, որպեսզի իր պարային վարպետությունը հասունանա, աճի ու զարգանա: Ունիվերսալ պարուսույց լինելու համար դու մեկ-երկու պարուսույցով չես կարող սահմանափակվել։ Պետք է փնտրել և գտնել ուրիշ մոդել, այլ տակտիկա, տարբերող մոտեցում, ոչ ստանդարտ բնավորություն, ինքնատիպ ոճ: Ուսանելի են Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի բաժնի օրինակները: Այնտեղ ամեն առարկա իր մասնագետն ունի՝ «Ժող. բեմ. պար», «Հայ. ժող. պար», «Դասական պար»... Ամեն մի դասախոս իր փորձառությունն է փոխանցում, իր ոճն է թելադրում: Եթե ուսանողը կամ պարուսույցը չեն ցանկանում խորանալ իրենց ընտրած մասնագիտությունում, անտարբեր են իրենց ուսուցչի փոխանցած տակտիկայի, մեթոդի, խոսքի, շարժումների նկատմամբ, ավելի լավ է՝ այդ անձն ուրիշ գործով զբաղվի:

Պարի դասավանդման Ձեր մեթոդը։

– Ինքնակատարելագործման ձգտող յուրաքանչյուր շնորհալի պարող այլ պրոֆեսիոնալ խմբում ընդգրկվելու համար որոշակի ժամանակ պետք է ունենա, որ ընկալի պարային մեղեդին, համակերպվի պարային շարժումներին: Պարի դասավանդման մեթոդս փոխանցում եմ պարուսույցներին: Փորձավարներ Տաթև Ավետյանը, Էլմիրա Լալաբեկյանը պարուսույցի փորձաշրջան են անցնում: Նրանք «Մեծ Հայք»-ում նախ որպես պարուհի էին, հետո՝ ցուցաբերելով համապատասխան փորձ և գործի հանդեպ նվիրվածություն, հնարավորություն տվեցի դասավանդել պարի խմբերում:

Այն գործը, որ ես եմ անում, միաժամանակ դրա մանրամասները բացատրում եմ պարուսույցներին:

Գորիսն ունի տղամարդ պարուսույցի խիստ կարիք: Նպատակ ունեմ այդ բացը լրացնել: Յուրաքանչյուր պարուսույց-մանկավարժ պարտավոր է ստեղծել իրենը, ունենալ իր ոճը: Ուշադիր եմ, թե պարուսույցները յուրաքանչյուր պարապմունքի ընթացքում ի՞նչ են կարողանում անել, ո՞նց մտան փորձասենյակ, ինչպե՞ս բարևեցին սաներին, խոնարհումից առաջ ի՞նչ ասացին, պարային փորձերի ընթացքում ինչպե՞ս են զգում և հաշվում ռիթմը, երեխաների հետ շփման ինչպիսի՞ էթիկա ունեն, ի՞նչ են անում, որ երեխաները հաճույքով հաճախեն ստուդիա, ավելի հեշտ սովորեն, ավելի լավ պարեն: Խմբի երեխաներից մեկի օրինակով երբեք հնարավոր չէ բոլորին սովորեցնել: 20-ից 5-ը չեն սովորելու կամ կարող է մեկը սովորի: Մաթեմատիկական խնդրի լուծման ժամանակ որքան էլ գրես, ջնջես, տարբերակը մեկն է՝ պիտի միայն մեկ լուծում ստանաս: Օրինակ, գոյություն ունի հայկական պարերից վերցրված «կրունկ, թաթ-թաթ» շարժումը, որը փոքրիկ երեխայի համար միանգամից կատարելը դժվար է: Կարելի է գտնել այլ միջոց, որը երեխային կբացատրի յուրաքանչյուր շարժման ձևը, իմաստը, հեշտ կատարումը։ Պետք է անհատական մոտեցում լինի: Պետք է տիրապետել երեխային սովորեցնելու այլընտրանքային մեթոդներին, որ հնարավորինս կարճ ժամանակում նրան ուսուցանվող պարային շարժումը յուրացվի:

Ամեն օր զրույց եմ ունենում պարուսույցների հետ, թե ո՞րն է իրենց կյանքի պլանը՝ ուզու՞մ են շարունակել գործունեությունը խմբում, ուզու՞մ են ունենալ իրենցը... Եթե պետք է օգնել, որ խումբը ելույթ ունենա արտերկրում, ապա դա էլ կանեմ իմ հնարավորության սահմաններում: Բնականաբար, նրանք եկել են տարբեր խմբերից, ունեն իրենց ոճը, դասապրոցեսի անցկացման մեթոդը: Ես էլ ունեմ իմը, իմ ստեղծածը: Արդեն 19 տարի է՝ աշխատում եմ, թրծվում եմ ու թրծում սաներիս, մաքրում եմ պարում առկա ավելորդությունները ու ձգտում կատարելության: Գիտեմ՝ մի օր կհասնեմ դրան:

Դասապրոցեսին նվիրվում եմ, աշխատում ողջ էությամբ, տանջվում ու տքնում, որի արդյունքն ակնառու է: Եթե երեխան բեմում փայլում է, դա միայն ստացված դասապրոցեսի շնորհիվ է: Իրականում ամեն ինչ ավելի հեշտ է: Օգտագործելով դասական և հայկական պարերը, դրանք համատեղելով իրար հետ, մաքսիմալ պարզ եղանակով սկզբնական ուսուցումն արդյունք է տալիս։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Ինչու՞ եմ շեշտում մեր հայկականը: Ինձ համար առաջնայինը հայկականն է, հետո՝ մնացածը: Նույնիսկ հայկականի ու դասականի նախընտրության հարցում ազգայինն առաջնային է: Իմ կարծիքով՝ հայ պարողը պետք է իմանա նախ իրենը: Ամեն երեխայի ընդունելության ժամանակ ծնողին հենց այդ խնդիրն ենք ներկայացնում: Եղել է դեպք, երբ ծնողն ասել է՝ «Ուզում եմ երեխաս վրացական պար սովորի»:

Իսկ հայկակա՞ն, – հարցնում եմ: – Կինը պնդում է՝ «Չէ, տղաս վրացական է ուզում»: Զրույցը շարունակել չի ստացվում...

Անդրադառնանք բուհական տարիների Ձեր գործունեությանը։

– 2015 թվականին՝ 17 տարեկանում, ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժին՝ պարուսույց-մանկավարժի մասնագիտությամբ:

Երևանում կա մի միջավայր, որտեղ բոլորն իրար ճանաչում են: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի բաժնից բազմաթիվ շնորհալի երեխաներ կային, ովքեր, թվում է, ԲՈՒՀ ընդունվելու դժվարություն չունեին։ Դիմորդներից ոմանք արդեն իրենց ԲՈՒՀ-ն ընդունված էին զգում, այդ թվում՝ Հայաստանի պարի պետական, «Բարեկամություն» անսամբլներից, այլ մասնավոր խմբերից եկած դիմորդները: Հեռակա կարգով նրանցից շատերին գիտեի, ոմանց հետ ծանոթ կամ մտերիմ էի: Դասախոսական կազմը գիտեր Գորիսից ուսանողուհիների մասին, բայց տղա դիմորդ Գորիսից առաջինն էի:

Քննությունս այնքան լավ անցավ, որ պետք է ընդունվեի անվճար բաժին, ինչը տղա դիմորդներին բանակում ծառայելու տարկետման հնարավորություն էր տալիս: Ելնելով մասնագիտական, հոգեբանական որոշ պատճառերից, նպատակ չունեի ուսումից հետո մեկնել բանակ, ուստի գերադասեցի սովորել վճարովի բաժնում: Քանի որ Գորիսից էի գնացել, հպարտության զգացողություն կար: Գոռոզ չեմ, բայց իմ արժանապատիվ կեցվածքը, պարփակված վիճակը տպավորություն էր ստեղծել, թե ես շփվող չեմ: Կարճ ժամանակ անց ընկերներս ու դասախոսներս «պարզեցին», որ... մարդամոտ եմ: Բազմաթիվ ծանոթ դասախոսներ, ուսանողներ, ընկերներ ձեռք բերեցի: 1-ին կուրսն ավարտում էի, պատրաստվում էի մեկնել բանակ, երբ իմացա, որ 4-րդ կուրսեցիների պետական քննությանը պետք է նախապատրաստվեն բոլոր կուրսերի շնորհալի ուսանողները: Պատճառը ոչ սովորական միջոցառումն էր՝ պարային բեմադրություն «Հարսնացուն հյուսիսից»՝ Ժորա Հարությունյանի համանուն կատակերգության և ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի երաժշտական-քնարական հայտնի ֆիլմի մոտիվներով: Թատերական պարը, որը լի էր մասսայական տեսարաններով, առաջին անգամ պետք է ներկայացվեր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Բոլոր պարող դերասանները համապատասխանեցված էին իրական կերպարներին՝ դեմքով, գրիմով, մյուս տվյալներով, բայց... Գլխավոր դերակատարը չկար: Բեմադրության հեղինակներն էին ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանն ու դասախոս Սուրեն Խաչատրյանը։ Վերջինս դասերին ու պարի փորձերին զննողական հայացքով կարծես մշտապես հետևում էր ինձ: Հանկարծ մի օր ասաց. «Որպեսզի «Հարսնացուն հյուսիսից» ներկայացման պարի փորձերը չձախողվեն, դու, որպես ժամանակավոր պարող Արտակ, պետք է մասնակցես փորձերին: Գլխավոր դերակատարն ԱՄՆ-ում է, երբ վերադառնա՝ դու ազատ ես»:

Մեծ վստահություն ու պատասխանատվություն էր: Առավոտյան ժամը իննից մինչև երկուսն աշխատում էի համալսարանի դահլիճում, մասնակցում փորձերին, իսկ երեկոյան 8-ից մինչև 11-ը՝ պարոն Խաչատրյանի պարային դահլիճում՝ մասնավոր խմբի պարի պարապմունքներին: Լավ թատերական պարային ներկայացում ունենալու համար նա օգնում էր, որ «զույգս»՝ Վալյան՝ Մերի Յայլոյանն ու ես հոյակապ պարային խաղ ցուցադրենք: Մի քանի օր անց պարոն Խաչատրյանն ասաց, որ Արտակի հիմնական դերակատարը պետք է լինեմ ես:

… Պարն այնքան հաջողված էր, ոգեղեն, ստացված, որ շատերը խոստովանեցին՝ նմանատիպ ծրագրով պարային բեմականացում չէր եղել համալսարանի ողջ պատմության ընթացքում: Ամեն դետալ հաշվի էր առնված: Ներկայացման արձագանքն այնքան մեծ էր, որ դրանից հետո, միաժամանակ, մի քանի պետական խմբերից հրավեր ստացա՝ պարելու իրենց մոտ: Դերակատարներին հրավիրեցին տարբեր հեռուստաընկերություններ, որպեսզի ժողովուրդը ճանաչի նրանց:

Ներկայացումից հետո, երբ բանակում էի (ծառայում էի Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հրամանատարությամբ գործող զորամասում), դիտեցի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված այն հաղորդումը, որը նաև իմ մասին էր: Ստուդիայի տաղավարում «Հարսնացուն հյուսիսից» պարի մասնակիցներն էին: Վալյայի գլխավոր դերակատարուհուն՝ Մերի Յայլոյանին հաղորդավարը հարցնում է։

Իսկ ու՞ր է մեր Արտակը:

– Եղնիկներում...,– հուզմունքը չի կարողանում զսպել «զույգս»՝ Վալյան: Ես էլ զորանոցի հեռուստացույցի առաջ նստած, նեղվում եմ, հուզվում, մտածում. «Ես էլ պետք է այնտեղ լինեի...»:

Բանակում էլ, ենթադրում եմ, պարարվեստից չկտրվեցիք։

– Մեկ տարի սովորեցի, 2016-ի ամռանը՝ վերջին քննությունից հետո, մեկնեցի բանակ: Վիճակահանությամբ ծառայեցի հայադրբեջանական սահմանագծի ամենավտանգավոր տեղամասերից մեկում, Քյոխի անմիջական ենթակայությամբ:

Բանակում ամբողջովին կտրվել էի պարից: Մշակույթի հետ կապ չկար: Սակայն բանակային ծառայությունս չկարողացավ ինձ հետ պահել իմ կյանքի ճանապարհից: Վայրկյան իսկ չեմ կասկածել, որ պիտի շարունակեմ պարել, քանզի առանց պարի չեմ պատկերացնում կյանքս...

Սեփական ստուդիա ստեղծելու Ձեր երազանքը...

– Դեռևս բուհ ընդունվելիս էի նպատակադրվել Գորիսում ստեղծել սեփական ստուդիա: Երևանում և՚ կրթվում էի, և՚ աշխատում: Երբ սովորում էի համալսարանում, մտա Տիգրան Մնոյանի հիմնադրած «Prof art dance studio»-ն: Բանակից հետո նույնպես և՚ սովորում էի, և՚ աշխատում: Դժվարին օրեր էին, պարապում էի օրական 2-3 խմբի հետ: Ունեի փոքրիկ պարողների՝ 5-6, 7-8 տարեկանների երկու խումբ:

Ծրագիր շահեցինք, որտեղ զբաղվեցի պարերի բեմադրությամբ: Երկու ամսով հինգ պարող-պարուհիներով մեկնեցինք Բեյրութ: Շատ գործընկերներ ունեցա:

Համալսարանն ավարտելուց առաջ դուրս եկա «Prof art dance studio»-ից, որպեսզի նախապատրաստվեմ ավարտական քննություններին: Բարձր առաջադիմությամբ 2021-ին ավարտեցի համալսարանը և աշխատանքի բազմաթիվ առաջարկներ ստացա: Մինչդեռ որոշում ունեի՝ անպայման վերադառնալ Գորիս, այստեղ շարունակել զարգացնել հայկական պարարվեստը:

Նույն ամռանը եկա Գորիս: Մեկ ամսվա լուրջ նախապատրաստական աշխատանքներից հետո իրագործվեց վաղեմի երազանքս. 2021թ. սեպտեմբերի 5-ին Գորիսում մեծ շուքով բացվեց «Մեծ Հայք» պարային ստուդիան: Կորոնավիրուսը հետ էր նահանջում, բայց մտավախություն կար, որ գուցե համաճարակի նոր ալիք բռնկվի... Ինչ էլ որ լիներ, աչքերս փակ, գնում էի առաջ, դեպի նպատակի իրականացում: Հրավիրեցի քաղաքի մշակութասեր հասարակությանը: Նախկին վայրն Օրբելյանների փողոցում էր: Մեկ տարի անց տեղափոխվեցինք նոր վայր...

Առաջին սաներից մեկը՝ Արթուրը, մոր ձեռքից բռնած, անցնում էր փողոցով: Տեսնում են ստուդիայի շենքի պատին պարի խմբի ընդունելության հայտարարությունը, մտնում են ներս: Այդ պահին մեր ստուդիայի հանդիսավոր բացման արարողությունն էր: Պարի խմբում ընդգրկվելու համար, միջոցառումից անմիջապես հետո, Արթուրին գրանցեցի: Սակայն առաջին փորձին ներկայացավ մեկ շաբաթ անց: Այդ ժամանակ սաների թիվն ավելացել էր երկուսով: Ամսվա վերջում արդեն 9 հոգանոց խումբ ունեինք...

Պարապմունքներն արդեն հունի մեջ էին, տեղափոխվեցինք ավելի բարվոք տեղ, ունեցանք նոր հասցե: Ունենք հայելիներով, պարային ձողափայտերով, հայկական և դասական պարերի համար նախատեսված անհրաժեշտ պարագաներով լուսավոր, ընդարձակ դահլիճ, ընդունարան, սպասասրահ, հանդերձարան, պահեստ: Ծնողների հանգստի համար նորմալ պայմաններ կան: Իրենց զավակներին մեկ ժամ սպասելու ընթացքում նրանք կարող են սպասասրահում իրենց լավ զգալ: Այսօր «Մեծ Հայք» ստուդիան ունի կրտսերների խումբ: Նրանց պարուսույցն Էլմիրա Լալաբեկյանն է: Միջին տարիքի 1-ին խումբ՝ 5-7 տարեկան: Նրանց հետ անձամբ եմ պարապում: Միջին տարիքի 2-րդ խումբ՝ 7-9 տարեկան, նրանց պարուսույցը Տաթև Ավետյանն է: Կա նաև ավագ խումբ:

Իմ կարծիքով՝ համույթում կարելի է ընդգրկվել առնվազն 13-14 տարեկանից սկսած, երբ երեխան 4-5 տարեկանից սկսել է պարել: Պարային ստուդիան՝ առանց ճանապարհ անցնելու, չի կարող միանգամից համույթ կոչվել: Դա ինքնախաբկանք է: Մեր ստուդիան, անշուշտ, կունենա իր համույթը:

Յուրաքանչյուր տարեդարձին երեխաներին տալիս եմ պատվոգիր, որը տվյալ սանի կյանքի մի յուրօրինակ վավերագիր է: Դրանում նշված են մեր ստուդիայում ուսման տարիները, շնորհակալական խոսք... Դա էլ է գնահատանքի ձև: 20 տարի է՝ պարարվեստում եմ. պատվոգիր, հաղթանակի դիպլոմ, մրցանակ ... փաստաթղթային ոչինչ չունեմ տանը: Չգիտեմ՝ ինչու: Ուզում եմ, որ սաներս ունենան...

Ձեր պարացանկի բազմաթիվ համարների բեմադրությունը դիտելու հնարավորություն եմ ունեցել, հիշում եմ «Բերդ» պարը...

– «Բերդ» պարելը խաղուպար չէ: 10 տարվա խումբ կա, որ վախենում է «Բերդ» բեմադրել: Իսկ իմ տղաները դեռևս մեկ տարվա պարող էին, երբ «Բերդ» պարի պրեմիերան ներկայացրին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ Հայաստանի պարարվեստի հայտնի մասնագետների խմբին, որը բարձր գնահատական տվեց ստուդիային ու պարող սաներիս:

Վերջին տարիներին Վրաստանում մասնակցել ենք մշակութային միջոցառումների: Անցած տարի պարի փառատոն էր, իսկ այս տարի՝ մրցութային միջոցառում: Վրաստան՝ մեր սաների առաջին արտասահմանյան ուղևորությունն էր: Նրանք առաջին անգամ պարեցին օտար բեմում՝ բազմաթիվ հանդիսատեսների առջև: Իրենց համար դա շոկային վիճակ էր: Սակայն հաղթահարեցին և պատվով կատարեցին իրենց խնդիրը: Անչափ ոգևորված եկան Գորիս, պարում են ու պարում... Ամբողջ մեկ տարի ջանք ներդրեցին ու գնացին Վրաստան: Մենք Քոբուլետիում էինք, համերգը կայացավ Բաթումիի թատրոնի դահլիճում: Մասնակցում էին տասնյակ երկրներ՝ Հայաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան, Բելառուս և այլն: Առաջին և երկրորդ հորիզոնականներում մի քանի խմբեր էին: «Գրան պրի» ստացավ երեք խումբ: Բոլորս շարված էինք բեմում: Մրցանակաբաշխության ժամանակ խմբերն իրենց պարուսույցների հետ պիտի բարձրանային բեմ: Հայաստանի 4 խմբերն իրար մոտ էին կանգնած, մենք կենտրոնում էինք: Չգիտես ինչպե՞ս, հանկարծ, Թուրքիայի պատվիրակությանը դահլիճի վերջից բերեցին և կանգնեցրին հենց կենտրոնում՝ ուղիղ մեզ մոտ, գրեթե՝ կպած: Ի զարմանս մեզ, ժյուրին առաջինը հայտարարեց՝ «Արմենիա», «Մեծ Հայք» ստուդիո, «Գրան պրի»... Դահլիճում ինչպիսի՜ օվացիա, բացականչություններ: Տարբեր ազգերի ներկայացուցիչներով լիքը դահլիճն այս ու այն կողմից բարձրաձայնում էր՝ «Բիսս, Արմենիա», «Բրավո, Գորիս»... Հաղորդավարը պետք է շարունակեր նշել մյուս մրցանակակիրներին: Իսկ դահլիճի սուլոցները չէին թողնում: Մեր կողքին կանգնած թուրքերի աչքերը կատաղությունից պայթում էին: Հանկարծ, առանց որևէ հրահանգիս, տղաներս հենց դահլիճում արագ-արագ ուս-ուսի կանգնեցին, բերդ կազմեցին ու Հայոց եռագույնը պահեցին վերևում: Դահլիճն ավելի ուժգին թնդաց... Այդ ժամանակ էլ, համերգի ժամանակ էլ, թուրքերը նեղվեցին... Չէ՞ որ մենք ուժեղ էինք: Վրաստանում, թուրքերի ներկայությամբ, մեր ելույթը «100-ը 1-ին» խաղադրույքի պես մի բան էր: Կեցցեն տղաներս, ովքեր համարձակորեն և արժանապատվորեն օտարներին ներկայացրին հայկական պարը...

Եվ, իհարկե, առաջիկա ծրագրերի մասին։

– Եկող տարի մեր ստուդիայի երեք խումբն արտերկրում միաժամանակ կմասնակցի երեք միջազգային մրցույթի ու փառատոնի:

Այժմ ստուդիայում ունենք նաև «Ֆիտնես» և սիրողական պար՝ իրար հետ համահունչ: Նպատակն է՝ Գորիսի երիտասարդության և ավագ սերնդի համար ստեղծել այնպիսի մի անկյուն, որ մարդու օրգանիզմը ճիշտ ֆիզիկական ծանրաբեռնվածության մեջ լինելու համար արհեստական սարքավորումների, մարզական տրենաժորների անհրաժեշտություն չառաջանա: Այս ծրագիրը հաջողված է, քանի որ անընդհատ մասնագետների հետ ենք աշխատում, 50-60-ն անց կանայք հաճույքով են հաճախում խմբակ: Դասապրոցեսի ընթացքում նրանց լավ ֆիզիկական, առողջական վիճակին օգնում են հաճելի միջավայրը, հուզմունքն ու սևեռուն ապրումները ցրող ռիթմերը, պարերը: Նրանք պարում են լատինաամերիկյան պարեր՝ «Զումբա», «Սամբա»...

Հաջողությունների գրավականը...

– Հաջողություններիս համար ծնողներիս եմ պարտական: Հաջողության գրավական եմ համարում նորությունը, որ կատարվեց անձնական կյանքում: Ամուսնացա: Ընտրյալս կողքիս է ոչ միայն կյանքում, այլև ստեղծագործական ասպարեզում: Կարինե Վարդանյանը, ով մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող պարուսույց-մանկավարժ է, աշխատում է ինձ հետ՝ «Մեծ Հայք»-ում։

Վաչե Մկրտչյան

 «Սյունյաց երկիր. մշակութային» 18 սեպտեմբերի 2023 թ. https://cutt.ly/MwTQMoOL

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53