Մի քանի տարի առաջ Meta-ն սկզբունքային և անհրաժեշտ որոշում է կայացրել՝ արգելել Հոլոքոստի ժխտումն իր հարթակներում։ Սա, թվային պատասխանատվության տեսանկյունից, կարևոր հանգրվան էր, որը ճանաչում էր, որ պատմականորեն փաստագրված ցեղասպանության ժխտումը ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ չարաշահման և նպատակաուղղված հետապնդման ակտիվ գործիք․ գրում է հետաքննող լրագրող, վավերագրական ֆիլմերի մրցանակակիր ռեժիսոր և «Ճշմարտության և պատասխանատվության լիգայի» (TAAL) հիմնադիր և նախագահ Վիկ Ջերամին։
Նրա խոսքով՝ այսօր Facebook-ը, Instagram-ը և Threads-ը շարունակում են թույլ տալ մեկ այլ պատմական ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության բացահայտ ժխտումը, խեղաթյուրումը և նսեմացումը։
Ջերամին ընդգծել է, որ կանոնների այս ընտրովի կիրառումը ստեղծում է մարդկային տառապանքների վտանգավոր հիերարխիա։
«Մի ցեղասպանության ժխտումը երբեք չպետք է տարբերվի մեկ այլ ցեղասպանության ժխտումից։ Բոլոր զոհերն արժանի են հավասար արժանապատվության և պաշտպանության՝ պատմական ռևիզիոնիզմից։ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը քննարկման ենթակա հարց չէ», - նշել է լրագրողը։
Նա ընդգծել է, որ ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան բազմիցս հաստատել է, որ գիտական համաձայնությունն այս հարցում միանշանակ է։ Գլոբալ հաղորդակցական ցանցերում թույլ տալ այս համաձայնության ժխտումը նշանակում է նպաստել պատմական ճշմարտության դեմ շարունակվող հարձակմանը։
Meta-ն պետք է թարմացնի իր ատելության խոսքի քաղաքականությունը՝ հստակորեն արգելելու համար Հայոց ցեղասպանության ժխտումը՝ ապահովելով, որ կորպորատիվ քաղաքականությունը համապատասխանի համընդհանուր մարդկային արժանապատվությանը և պատասխանատվությանը: