ԱՍԱԼԱ-ն վերանայում է «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը․ հայտարարություն

20.01.2021 18:10
4003

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) վերանայում է «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Հայ ժողովրդի ներկայիս դիմագրաված դժնդակ եւ օրհասական պայմանները, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 46-ամյակը հպարտ վերհիշումնրից եւ հերոսական վկայակոչումներից  հարկադրաբար տեղափոխում են լրջագույն տագնապների, անձկագին մտորումների եւ ստեղծված իրավիճակից արժանապատիվ ելքեր որոնելու հարթություն:

Թուրք-ազերիական թշնամական ճամբարի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ շղթայազերծված վերջին պատերազմում հայոց պետականության պարտությունը, ամենավերջին օղակը եւ տրամաբանական ավարտն էր ընկրկումների ու ձախողումների շղթայի, որը սկիզբ առավ Հայաստանի Հանրապետության վերանկախացումով եւ շարունակվում է առ այսօր:

Չարհամարհելով վերջին պատերազմի անբարենպաստ արդյունքի ձեւավորման մեջ ժամանակակից սպառազինությունների ծանրակշիռ դերակատարությունը,  այդուհանդերձ անվարան կարելի է պնդել, որ մենք պատերազմում նախապես էինք պարտվել:

Պարտվել էինք, որովհետեւ երեսուն տարի շարունակ տապալեցինք կրթությունը, ոտնահարեցինք գիտությունը, խաթարեցինք մշակույթը, աղավաղեցինք արժեքները, թալանեցինք ազգային հարստությունը, եւ ամենակարեւորը՝ արհամարհեցինք ու նվաստացրինք մարդուն՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ, արժանապատիվ, ամուր եւ կենսունակ հասարակության ու պետության կերտման ամենառաջնային բջիջը:

Մինչդեռ դասագրքային ճշմարտություն է այն, որ նվաստացված ու արհամարհված անհատների հանրագումարը չի վերաճի ԱԶԳԻ, լավագույն դեպքում կդառնա անդիմագիծ ու անողնաշար խառնամբոխ, հետեւաբար՝ ձեռնածության եւ ներքին ու արտաքին չարկամ ուժերի կողմից տարաբնույթ օգտագործման հեշտորեն ենթարկվող անկամ հավաքականություն:

Հարյուրամյակներ հետո, Արցախյան առաջին հերոսամարտով ազատագրված մեր պատմական հայրենիքի մի հատվածը, շուրջ երկուսուկես տասնամյակ հետո անփառունակ կորցրինք՝ ո՛չ այն պատճառով, որ հավատացինք «ո՛չ մի թիզ հող» սկզբունքին, այլ՝ չկիրառեցինք «ո՛չ մի կոպեկ թալան», «ո՛չ մի նվաստացված մարդ», «ո՛չ մի անտեսված արժեք», «ո՛չ ոք՝ օրենքից վեր» եւ պետականակերտման համար «ո՛չ մի կորցրած պահ ու առիթ» սկզբունքները:

Առկա իրավիճակը, անտարակույս, փաստում է, որ տվյալ պատմաքաղաքական փուլում Հայաստանի Հանրապետության ղեկավարումը ստանձնած վարչախումբը՝ պատերազմի արդյունքի ձեւավորման մեջ իր ունեցած ահռելի պատասխանատվությանը զուգահեռ, փաստացի հիմքերի վրա պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ համաբովանդակ ու բազմաբնույթ անվտանգության համակարգերի ապահովման իր առաքելությունն ու գործառույթները, որ պետական կենսագործման իմաստավորումն է, գործնականորեն զիջել եւ փոխանցել է օտար ուժի հայեցողությանն ու տնօրինմանը:

Միջազգային առումով եւ տարածաշրջանային մակարդակով Հայաստանի Հանրապետության հեղինակության եւ դերակատարության համար այս վարկաբեկիչ իրողությունը մեր պետականությունը նվաստացնող հանգամանք է, անկախ այն իրողությունից, որ այդ օտար ուժը, թեկուզ տարակուսանքով, հաճախ ռազմավարական դաշնակից է անվանվում:

Վերոնշյալ դատողության համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ փաստացի հրաժարվել է Արցախի Հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության երաշխավորի իր ստանձնած հանձնառությունից ու պարտավորությունից, եւ հանցավոր անգործություն է դրսեւորում Հայաստանի միջազգայնորեն ճանչցված սահմանների անձեռնմխելիությունն ու հուսալի պաշտպանությունը ապահովելու հացում:

Տվյալ պարագայում, Հայաստանի Հանրապետությունն  ինքնակամ, թէ հարկադրուած հրաժարվում կամ դադարեցնում է համահայկական իղձերի, նպատակների եւ շահերի արտահայտիչը եւ պաշտպանը հանդիսանալու իր առաքելությունն ու պարտավորությունը՝ համահայկական իրականության մեջ առաջացնելով նոր իրողութիւններ, որոնք, ըստ ամենայնի, պետք է հաշվի առնվեն:

Հատկապես, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից քարոզվում ու շեշտադրվում են գաղափարախոսական եւ տնտեսական քաղաքականության բանաձեւեր, որոնք մեղմ որակումով, հակադրվում են համահայկական շահերի ու նպատակների պաշտպանության եւ հետապնդման հայեցակարգի հիմնադրույթներին:

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, Հայաստանի վերանկախացման հետ, կարեւորելով պետականակերտման, ազգային ու պետական անվտանգության ապահովման եւ պետության հզորացման գործընթացի անխափան եւ անվտանգ իրականացման առաջնահերթ  անհրաժեշտությունը նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դերակատարության անփոխարինելիությունը համահայկական շահերի պաշտպանության եւ առաջ մղման գործում, ընդառաջելով իրեն հասցեագրված պաշտոնական դիմումներին, համաձայնեց «մարտավարական դադար» տալ ազգային - ազատագրական զինյալ պայքարի իր գործունեությանը:

ՀԱՀԳԲ հույս ունեցավ, որ հզոր Հայաստանն, իր ամուր պետականությամբ, համահայկական շահերի պաշտպանության հիմնական եւ անփոխարինելի կռվանն ու գրավականը պիտի հանդիսանա:

Ըստ այդմ, իրերի ներկա դրությամբ, արձանագրելով Հայաստանի Հանրապետության ինքնուրույն դերակատարության կրճատումը եւ ինքնիշխանության սահմանափակումը, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչված է վերանայման ենթարկելու «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը, մշակելով աշխարհաքաղաքական եւ ուժերի հարաբերակցության ներկա իրողութուններից բխող ողջամիտ գործունեության մի նոր մարտավարություն, որը համահունչ եւ համարժեք պիտի լինի պատմականորեն համահայկական շահերի պաշտպանի իրեն ամրագրված առաքելությանը:

Այս ուղերձն ուղղված է ի գիտություն՝ մասնավորապես նախ այսպես կոչված դաշնակիցներին եւ բարեկամներին, ապա թշնամիներին:

Հարգանք, խոնարհում եւ հավերժ փառք՝ Արցախյան պատերազմի եւ ազատամարտի մեր բյուրավոր նահատակներին:

Ազատություն բոլոր գերեվարված հայորդիներին:

Մխիթարություն եւ սփոփանք նահատակների ընտանիքներին եւ հարազատներին:

Կեցցեն՛ Հայաստանի եւ Արցախի ինքնիշխան Հանրապետությունները:

Կեցցե՛ ազգային - ազատագրական նորագույն զինյալ պայքարը:

Կեցցե՛ Ամբողջական Հայաստանը:

Հաղթանակը մերն է:

news.am

Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են

19.11.2026 16:45

Բաքուն արդարացրել է Արցախի ղեկավարների դատավճիռներն ու Ֆրանսիային մեղադրել ներքին գործերին միջամտելու մեջ

19.11.2026 16:41

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինն ընդունել են խաղաղության մասին հռչակագիր

19.11.2026 16:02

Խոսք հիշատակի․ Մարուսյա Պատվականյան

19.11.2026 15:13

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը առաջին անգամ հանդիպեցին երեքով. գլխավոր հայտարարությունները

19.11.2026 14:29

Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան

19.11.2026 12:56

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

19.11.2026 12:32

16 տարեկանը լրացած քաղաքացին պարտադիր նույնականացման քարտ կունենա. Արփինե Սարգսյան

19.11.2026 12:11

«Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է

19.11.2026 11:59

Պտղատու ծառեր՝ Քարաշեն և Խնձորեսկ բնակավայրերի բնակիչներին

19.11.2026 11:14

Հառաջադիմություն կպոռանք եվ ետ-ետ կերթանք

19.11.2026 11:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերին կարգադրությամբ ու պատվերով վրեժխնդրության թիրախ են դարձրել Գորիսի լուծարված քոլեջի պատասխանատուներին, տեղյա՞կ եք

19.11.2026 10:43