Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ֆրանսիայի՝ հայ գերիների ազատ արձակման և արցախահայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ հայտարարություններին՝ Փարիզին մեղադրելով միակողմանի մոտեցման և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից արտաքին առևտրի և տնտեսական գրավչության հարցերով նախարար-պատվիրակ Նիկոլա Ֆորիսիեի վերջին հայտարարություններն անընդունելի են։ Բաքվի պնդմամբ՝ Ֆրանսիայի ընտրովի մոտեցումն ու միակողմանի գնահատականները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության գործընթացին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձել է արդարացնել նաև 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ռազմական գործողությունները՝ դրանք ներկայացնելով որպես «հակաահաբեկչական միջոցառումներ»։ Հայտարարության մեջ պնդվում է, թե դրանց նպատակն է եղել վերջ դնել Հայաստանի զինված ուժերի և դրանց հետ կապված կառույցների ներկայությանը, վերականգնել Ադրբեջանի սահմանադրական կարգը և ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը։
Բաքուն նաև հայկական կողմին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել՝ պնդելով, թե անընդունելի են այդ գործողությունները միջազգային իրավունքի խախտում ներկայացնելու փորձերը։
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն մերժել է նրանց «կամայականորեն ձերբակալվածներ» ներկայացնելու մոտեցումը։ Հաջիզադեի հայտարարության համաձայն՝ դատապարտված անձանց թվում կան մարդիկ, որոնք մեղադրվել և դատապարտվել են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ահաբեկչության համար։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ դատավարություններն իրականացվել են ազգային օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակում։ Բաքուն նաև հայտարարել է, թե դատապարտված անձանց ազատ արձակման պահանջները հակասում են իրավունքի գերակայության սկզբունքին։ Այս ձևակերպումներով Ադրբեջանը, ըստ էության, պաշտպանում է Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայ գերիների նկատմամբ կայացված դատավճիռները։
Հայտարարության մեկ այլ հատվածում Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ մեղադրանքներին՝ կտրականապես մերժելով դրանք։ Բաքուն պնդում է, թե ազատագրված տարածքներում մշակութային ժառանգության պահպանությունն ու վերականգնումը երկրի առաջնահերթություններից են՝ միաժամանակ Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով ադրբեջանական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ։
Հաջիզադեն նաև քննադատել է Ֆրանսիային՝ հայտարարելով, որ սեփական երկրում մարդու իրավունքների և պետական կառավարման խնդիրները լուծելու փոխարեն՝ Փարիզը գնահատականներ է տալիս այլ պետությունների ներքին գործերին։ Նա, մասնավորապես, հիշատակել է Ֆրանսիայում ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ ուժի կիրառման դեպքերը։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել հրաժարվել, իր բնորոշմամբ, կողմնակալ մոտեցումից և «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»։
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Սենատում քննարկվել էին Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման, արցախցիների վերադարձի իրավունքի և նրանց ցուցաբերվող մարդասիրական աջակցության հարցերը։
Ֆրանսիայի նախարար-պատվիրակ Նիկոլա Ֆորիսիեն հայտարարել էր, որ գերիների խնդրի լուծումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում նախապայման է։ Նա ողջունել էր հունվարի 14-ին չորս հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ արել ազատ արձակել կամայականորեն կալանավորված բոլոր անձանց։
Ֆորիսիեն նաև ընդգծել էր, որ Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ափսոսանք հայտնել հայ բնակչության գրեթե ամբողջական հեռանալու կապակցությամբ՝ շեշտելով տեղահանված արցախցիների՝ իրենց բնակության վայրեր ազատ և անվտանգ վերադառնալու իրավունքի կարևորությունը։