Երգիծաբան, լրագրող ու հրապարակախոս Հակոբ Պարոնյանն է ասել, որն ապրել և ստեղծագործել է 19-րդ դարում (1843-1891 թվականներ)։ Ցավոք, մեկուկես դար հետո գրողի արտահայտած և հասարակության հոռի բարքերը ձաղկող և բացասական երևույթները վեր հանող բազում մտքեր ու ասույթներ չեն կորցրել թարմությունը։ Դրանք այժմեական են նաև մեր օրերի համար։
«Ազգային ջոջեր», «Ատամնաբույժն արևելյան», «Քաղաքավարության վնասները», «Մեծապատիվ մուրացկաններ» և այլ անմահ ստեղծագործությունների հեղինակը ցավով նկատել է․ «Անանկ ժամանակի մեջ կապրինք, որ քաղաքավարությունն ու շողոքորթությունը նույնանիշ բառեր են»։ Մի՞թե այդպես չէ այսօր, երբ մեր կյանքը վերածվել է էժանագին քաղաքական շոուի։
Երգիծաբանը ցավ է հայտնել՝ ասելով․ «Վա՜յ նրանց, որ սովրած են ամչնալու»։ Ամաչկոտությունը, ամոթխածությունը՝ որպես բնավորության գիծ, անդառնալիորեն վերացել են մեր օրերում, դեռ ավելին՝ այն կրողները կարող են ծաղրի ու կշտամբանքի առարկա դառնալ։
Հակոբ Պարոնյանի մի ձևակերպումն էլ վերաբերում է զարտուղի ճանապարհներով հարստացողներին․ «Մեծ վաճառական ես, ավելորդ է ասել, թե մեծ խաբեբա ես»։ Պարոնյանի մի դիտարկում ևս վիճարկելու առիթ չի տալիս․ «Փառքը ոսկիով կգնվի և փառքը ստանալեն ետքը ոսկի վաստակելը շատ դյուրին է»։ Բայց այնուամենայնիվ, երանի էի տալիս հարստություն դիզողներին.«Երանի անոնց, որ մեծ խարդախ են, զի նոցա է արքայություն երկրիս»։
Ինչևէ, նոյեմբերի 19-ը մեծ գրողի և հումանիստի ծննդյան տարեդարձն է, և պատեհ առիթ է՝ արժանին մատուցել նրա անմահ հիշատակին։
Վահրամ Օրբելյան