ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԸ

22.06.2013 17:42
1883

ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գորիս


 

Իմաստուններից մեկն է ասել` ով սպանել է միայն մեկին, դատապարտվում է որպես հանցագործ, բայց մորթեցե՛ք հազար հոգի, արյունով հեղեղե՛ք երկիրը, դիակներով վարակե՛ք գետերը եւ Ձեզ տեղ կտան փառքի Օլիմպոսի վրա...

Դե ե՛կ ու իմացի՛ր աշխարհիս բանը, բա իմանալո՞ւ է, որ իմանաս: Իսկապես, սպանություն է ե՛ւ մի հոգուն սպանելը, ե՛ւ մի քանի հոգուն սպանելը, ե՛ւ հազարներին ու նույնիսկ միլիոններին սպանելը: Ինչպես առանձին երկրների, այնպես էլ միջազգային օրենսդրությունները միաբերան ասում են, որ հանցանք, առավել եւս սպանություն կատարողները, պետք է պարտադիր պատժվեն, որպեսզի նոր հանցագործությունները կանխվեն, չկատարվեն: Մեծ հաշվով, մինչդեռ, մեկ-երկու հոգու սպանողը պատժվում է, հազարների, միլիոնների սպանողը փոքր հաշվով էլ չի պատժվում: Հովհաննես Թումանյանի ասած` «Ա՛յ մարդ, միտք ես անում, միտք, բան չես հասկանում»:

Մարդ ես էլի, մտքով երկար ճանապարհորդելու կարողություն ունես, որ հետ չե՞ս նայում, մեկ էլ տեսնում ես` էս դրվածքը հնից է գալիս, շատ հնից: Զոռբան միշտ իրենն արել է եւ արդար է դուրս եկել: Ոչ մեկի մտքով չի էլ անցել, որ նրա ձեռքը բռնի ու ասի` էդ ի՞նչ ես անում, կանգնի՛ր: Ընդհակառակը, նրան տարել ու նստեցրել են Օլիմպոսի բարձունքին, ավելին, ով ավելի շատ է սպանել, ավելի բարձր տեղ են տվել ու գովքն էլ անում են մինչեւ հիմա, երեւի կանեն նաեւ սրանից հետո:

Մոտ 2370 տարի առաջ մի Ալեքսանդր է ծնվում Մակեդոնիայում: Ինքն էլ, իր երկիրն էլ լեն ու բոլ ապրում էին, շատ էլ ենթականեր ունեին: Բայց արի ու տես, որ էսքանը նեղ էր սրանց համար: Գիտե՞ք, շատ էլ ջահել էր, բայց մի ախորժակ ուներ, որ Աստված հեռու տանի: Եվ տարավ, հո չտարավ: Մարդ ասածը մժեղ էլ չէր նրա համար: Որոշեց, որ պիտի հասնի մինչեւ Հնդկաստան` աշխարհի ծերը, եւ գնա կախվի երկրագնդի էն եզրից, տեսնի, որ էլ գնալու տեղ չկա, հետո հանգստանա: Ասաց ու արեց: Էդ ճանապարհին ինչքա՜ն կոտորած արեց, երկրներ ավերեց, ինքն էլ բավական զրկանքներ կրեց, բայց կանգնել չկար, գնում էր, հա գնում: Տնավեր արեց նաեւ իր ժողովրդին ու 33 տարեկանում հեռացավ կյանքից` ձեռքերն աջ ու ձախ պարզած, թե տեսե՛ք` հետս ոչինչ չեմ տանում: Ա՛յ տնաշեն, բա թողածդ ի՞նչ էր, ո՞ւմ էր հարկավոր արածդ: Սա թողնենք, քանզի բանը դա չէ սոսկ, այլ այն, որ այս Ալեքսանդրն ամենադրական իմաստով այսօր էլ ո՜նց է փառաբանվում, ո՜նց: Դե մի ժամանակ մենակ բանավոր պատմում էին, մեկ-մեկ էլ գիր էին անում, բայց կյանքն ինչքան առաջ է գնում, էնքան կատաղի է փառաբանվում այս Մակեդոնացին` Է՛լ գիր ու գրականությամբ եւ նկարչությամբ, է՛լ կինոնկարներով ու հուշարձան-թանգարաններով, է՛լ համացանցով… Էսքանի մոտ, բնական է, մորից նոր ծնվածն էլ (կապ չունեն դավանանքը, ազգությունը), աչքերը դեռ չբացած, ուզում է նմանվել Ալեքսանդրին: Դե ե՛կ ու էս ամենի առաջը պահի՛ր: Բայց չկարծեք, թե Ալեքսանդրն է այս ամենի հիմքը դրել, չէ՛, մինչեւ նա էլ էդպես է եղել, մարդկությունը հենց էդպես է ստեղծվել, ուժեղը միշտ սպանել է, առաջ գնացել: Ո՞վ դատեր սրանց, հո ինքն իրեն չէ՞ր դատելու, հիմա էլ է էդպես:

Ալեքսանդրից հետո եկել են բազում ուրիշ նվաճողներ, ասել է թե` սպանողներ` հանիբալներ, կեսարներ, արաբական խալիֆներ: Մի փոքր նվաճող էլ` համեմատած վերը նշվածների հետ, մենք ենք ունեցել` Տիգրան Մեծ: Նա էլ, ինչպես բոլորն այն դարերում ու հիմա, մեծարվում է ու մեծարվում:

Որ իր ժողովուրդը մեծարում է սպանողներին, դա էլի ոչինչ, բայց արի ու տես, որ սրանց մեծարում է նաեւ սպանվողը: Ո՞նց հասկանաս: Հեռուն չգնանք, հիշենք Նապոլեոն Բոնապարտին: Ի՞նչ արեց այս ֆրանսիացին. Աֆրիկա, Եգիպտոս, Մերձավոր Արեւելք, Եվրոպա, ողջը նվաճեց, բա հանգստանո՞ւմ էր: Ասում են` ախորժակն ուտելիս է բացվում, ու գնաց հասավ Մոսկվա, թալանեց, վառեց, սպանեց, էլի չհանգստացավ: Ա՛յ մարդ, էդ ի՞նչ մոլուցք էր… Բայց դե նամուսի խնդիր էլ կա, չէ՞, ու սա ավելի հզոր ուժ է, եկավ միաչքանի Կուտուզովը, հո չեկավ (ասում են` տատի կողմից էլ հայ է. ի՞նչ իմանաս), սրան քշեց տարավ իր բույնը մտցրեց. ինչքա՜ն մարդ կոտորվեց, սպանվեց, Ռուսաստանի ցրտերում սառավ, մինչեւ հիմա էլ հետքերը դեռ կան: Նապոլեոնին չսպանեցին էլ, հետո ինչ, որ ինքն այդքան սպանել էր, ասացին` գնա Սուրբ Հեղինեում քեզ համար յոլա գնա: Ա՛յ մարդ, արդեն 200 տարուց ավելի է` ո՜նց են նրանով հպարտանում, ո՜նց են նրան գովում` գրում, նկարում, տանում երկինք հասցնում: Բա գերեզմա՞նը. Փարիզում այդպիսի շքեղություն էլ չես գտնի, տարեկան տասնյակ միլիոնավոր մարդիկ են տեսության գնում: Աշխարհն է հպարտանում նրանով, էլ նոր ծնվողը ո՞նց չուզի նմանվել այդ կարճահասակին:

Գերմանացի Հիտլերի մասին չեմ խոսում, սա հաստատ գիտեր, որ սպանելու, կոտորածներ սարքելու համար մեղավորներին չեն դատում: Իր շիլ աչքով էր տեսել, թե թուրքերը ոնց շուրջ մեկուկես միլիոն հայ մորթեցին ու անպատիժ մնացին: Նա բոլորի աչքի առաջ դա խոստովանեց ու թաթերին ազատություն տվեց: Գիշեր, ցերեկ, օրեր, ամիսներ, տարիներ սպանում էր, մորթելու ու ոչնչացնելու նորանոր ձեւեր հնարում, փորձարկումներ անում, ո՞վ էր նրան ասում, թե ինչ ես անում: Ընդհակառակը, գցում-բռնում էին` արդյո՞ք միտք ունի խառնվել, թե՞ ոչ, այնքան ժամանակ, որ սա հասցրեց 60 միլիոն մարդ սպանել` գերազանցելով մարդկության կյանքում եղած բոլոր սպանողներին ու սահմանեց ռեկորդ: Եվ կարծում եք հիմա նրան հերոսացնողներ չկա՞ն, սխալվում եք, թեեւ նրա պատճառած վերքերից դեռ թարմ արյուն է ծորում:

Չէ՛, մարդկությունը չի հանգստանում, ուղղակի սպանելու ձեւերն են փոխվել: Հնում թուր ու թվանք էին կապում եւ առանց պատճառի հարձակվում, այսինքն` պատճառ ունեին, ասում էին` մեզ պիտի ենթարկվես, մեզ ծառայես: Բնական է, չէին համաձայնվում, ուստիեւ կոտորում ու ծնկի էին բերում: Մեղավորն էլ սպանվողն էր լինում` ինչո՞ւ չենթարկվեց հզորին…

Հիմա էլի գաղափարը նույնն է, միայն ձեւերն են փոխվել, եւ սպանություններն են ավելի կատարելագործվել: Կարծում եմ` սա ապացուցելու կարիք չունի, բոլորի աչքի առաջ է:

Տասնամյակներ առաջ Խորհրդային Միությունը փորձեց Աֆղանստանում «սովետ» ներդնել: Ինչքան տարավ, հետ տվին… Այդ ընթացքում մսաղացը հա աղում էր երկու կողմից էլ: Աղաց, աղաց, տեսան բան չի ստացվում, ասացին` ախպե՛ր, քեզ լինի, չես ուզում, չես ուզում, մենք գնացինք: Այս հզորը, ասել է` սպանողը, դուրս եկավ թե չէ, մյուս ուժեղը միանգամից երկու թաթն այնտեղ դրեց` ասելով, թե «ազատություն, արդարություն, իրավունք» է բերում: Սրան էլ ասացին` ա՛յ մարդ, գնա՛ քո բանին, թող մենք մեր յուղով տապակվենք: Ուժեղը չհամաձայնեց ու մսաղացը սկսեց աղալ նոր թափով ու ավելի հզոր, քանի որ սա ամերիկյան ու եվրոչափանիշներով սարքված էր: Մինչեւ հիմա էլ աղում է, ու զարմանում ես` հիսուն տարուց ավելի է` մսաղացը գործում է, ո՛չ միսն է պրծնում, ո՛չ մսաղացը քոռանում, ու դրանում մեղավոր մարդ չկա: Ով աղվում է, նա էլ մեղավոր է, դե եկ սրա պատասխանը տուր: Ավելին` էդ աղացը սարքողների գովեստն է, որ անում են:

Բեն Լադենին տաքացրին-ուղարկեցին «սովետի» վրա, որ Աֆղանստանի մսաղացն «արդյունավետ» աշխատի: Ա՛յ մարդ, վերջում սա շուռ եկավ իր տաքացնողին կծեց, էնպես կծեց, որ մոռանալ չի լինի: Չնայած հետո այս մեծ կոբրային սպանեցին, բայց ինչքա՜ն ճտեր թողեց` իրենից թունավոր, իրենից վտանգավոր, ու հիմա ողջ աշխարհում վխտում են: Ասում են` էն հին տաքացնողը մեկ-մեկ էլ ճտերին է նորից տաքացնում եւ բաց թողնում սրա-նրա վրա: Ուզում եմ չհավատալ, բայց ի՞նչ իմանաս` աշխարհի բան է:

Հին մեթոդ է բաժանելն ու տիրելը: Շեն Հարավսլավիան էնպես բաժանեցին, որ էլ մի խոսեք: Բոլոր կողմերում էլ լավ «մորթ» եղավ: Մի քանի մանր-մունր տեղականների բռնեցին, ցուցադրեցին, ու հիմա իրական հանցագործներն իրենց տաք տեղերում կյանքը վայելում են:

1945 թվականին մի` «միջանկյալ» ասեմ, թե «անկյալ» ՄԱԿ է ստեղծվել, իբր աշխարհի հարցերը կարգավորելու համար: Սա աշխարհը բաժանողներին ասաց` ա՛յ մարդիկ, ի՞նչ եք անում, բա կարելի՞ է էդպես: Սրան պատասխանեցին` քո գործը չէ, մենք ենք որոշողը, էսպես ենք անում: Ասել է թե` շան տեղ էլ չդրին եւ մահմեդական Կոսովո սարքեցին: Այս մեր աշխարհի աղեստամոքսային տրակտում ՄԱԿ-ն ընդամենը մի կույր աղիք է, դե եկ ու աշխարհի հարց լուծիր, ու այսպես ավելի քան վաթսուն տարի, բա հերիք չէ՞:

Խեղճացնելու մի այլ ձեւ էլ կա: Եթե մեկն աչքը գցում է մյուսի ունեցվածքին, երրորդը` ավելի հզորը, «կարգ հաստատելու» նպատակով բոմփում է երկուսին էլ, էս հարձակվողին իր տեղը դնում, մյուսի վրա մատ թափ տալիս, մի քիչ լափ լցնում առաջը, ինքը սկսում երկրի սերը քաշել: Թե ինչքան կտեւի դա, Աստված գիտե: Այսպես էր իրաքաքուվեյթյան ընդհարման ժամանակ, էդ անտեր մամլիչը դարձյալ ահագին կյանքեր տարավ:

Իսկ այս մի ձեւը թափ թազա է, չտեսնված, չլսված, «գիտության վերջին նվաճում» կարելի է համարել: Երկար ժամանակ աչք են գցում մեկի վրա, երբ ախորժակը գագաթնակետին է հասնում, մի օր էլ քնում, վեր են կենում, թե էս ինչ բանն ունես դու, որը շատ վտանգավոր է, պետք է վերացնես: Սա թե` ա՛յ մարդ, ես էդպիսի բան չունեմ, Աստված վկա: Բայց ասողն անդրդվելի է մնում` ունես որ ունես: Մի օր էլ էս հզորը, զենք ու զրահ կապած, գնում, մտնում է սրա տունը, տակն ու վրա անում, ավերում, սպանում, բարեկամ մարդկանց թշնամացնում իրար, մի խոսքով ահռելի կոտորած, վայնասուն սարքում, սով ու համաճարակ գցում: Զոհերը հարյուր հազարներով են հաշվվում: Բա ի՞նչ դարձավ այդ քիմիական զենքը, էս տուն մտնողները թե` շատ ենք փնտրել, ամա չենք գտել, չկա: Չնայած դրան` մեկ է, ասում են` «իրենք» ազատություն եւ «իրավունք» են բերել ու բռնել են Սադամ Հյուսեինին, ում պիտի կախեն, նա շատ մարդ է սպանել (իբր իրենք չեն սպանել) ու իրենց էլ հայհոյել է մի անգամ: Ա՛յ մարդ, ու օրը ցերեկով պարանը գցում են Սադամի վիզը եւ աշխարհի աչքի առաջ կախում նրան: Բա դա անելու բա՞ն էր, ա՛յ Բուշ կրտսեր, բա մենք մեղք չե՞նք, 7 միլիարդ մարդը մեղք չէ՞: Շատ ենք լսել, կարդացել մահապատժի մասին, բայց մեր տեսածն իրոք ուրիշ էր, անչափ քստմնելի: Երանի տեսած չլինեինք: Դարդս Սադամը չէ, նրան բռնեիր, տանեիր մի թաքուն տեղ, ինչ կանեիր, կանեիր, ինչո՞ւ կռիվ գցեցիր, էդքան կոտորած սարքեցիր, հետո էլ Հյուսեինին կախելուն աշխարհին մասնակից դարձրիր, միջնադարը հետ բերիր: Հիմա, Հյուսեինից բացի, ուրիշ մեղավորներ չկա՞ն: Ինքն իբր գնացել է, բայց մսաղացն այնտեղ շարունակում է աշխատել, այն էլ անորոշ ժամանակով…

Այս վերջին ամիսներինը մոդերնիզացված է, նաեւ կոմբինացված ու իրար հաջորդող` մեկը մյուսի շարունակությունը կազմող: Սրա առանձնահատկություններից մեկն էլ էն է, որ տեւական ժամանակ լավ նախապատրաստվում են` ե՛ւ խորությամբ, ե՛ւ լայնությամբ: Սկիզբը տեսնում ես, բայց վերջը չի երեւում, կարող է մինչեւ անսահմանություն հասնել: Նաեւ թե ինչով կավարտվի, Աստված էլ չգիտի: Սա սկսվեց պատմական մեծարժեք մի վայրից` Կարթագենից. Ալժիր, Թունիս, Լիբիա, Եգիպտոս, Եմեն, Սիրիա եւ այսպես շարունակ: Վայը եկել տարել է նրան, ով դիմադրություն ցույց տվեց կամ հզորի հետ չհամաձայնեց: Լիբիայի գնդապետ Քադաֆին ձեզ օրինակ: Եգիպտոսի Մուբարաքն էլի ոչինչ, ավելի ծանր վախճան է սպասվում Սիրիայի անհնազանդ Բաշար Ասադին: Ա՛յ մարդ, ասում են` էն Բեն Լադենի ճտերից են բաց թողել սրա վրա, ինչ անում են, չի ենթարկվում: Հետո ի՞նչ, որ մսաղացն արդեն հարյուր հազարից ավելի մարդ է խժռել այդ երկրում, մի քանի միլիոն էլ տնավեր արել, չոլերը գցել:

Հանկարծ չգան մինչեւ մեզ, չնայած մենք ի՞նչ ունենք, որ գան, բայց ի՞նչ իմանաս, ախորժակի բան է, մեկ էլ տեսար… Ա՛յ մարդ, գնացե՛ք Ադրբեջան` համ նավթ ունեն, համ էլ էնտեղ մտնելու ինչքան ասես պատճառ կա:

Թումանյանի ասած` մեկն իր քեֆին ինչ ուզես անի, մյուսը խոսելու իրավունք չունի: Իսկապես, ամենայն հայոց բանաստեղծը տիեզերքի հետ խոսել, զրուցել է, թե չէ որտեղի՞ց կարող էր իմանալ: Էս հզորներն ինչե՞ր չունեն եւ ինչե՞ր չեն անում: Պատկերացրե՛ք միջուկային տարբեր տեսակի զենքեր, զանգվածային ոչնչացման ամենատարբեր միջոցներ, որոնք հարյուրավոր անգամ կոչնչացնեն մեր այս գունդը, անգամ նրան կհանեն ուղեծրից: Ու շարունակում են ավելի հզոր միջոցներ որոնել: Որոշ մանր անհնազանդներ էլ, որ փորձում են ինչ-որ բան անել, գիտե՞ք` ինչ արձագանքի են արժանանում: Հզորները, «մտահոգված» աշխարհի ճակատագրով, այնպիսի վտանգներ են տեսնում դրանցում, էլ դու սուս: Իսկ մի՞թե նպատակը հենց դա է, իհարկե ո՛չ: Եթե դա է, ա՛յ հզոր, օրինակ ցո՛ւյց տուր: Դու ոչ միայն նոր միջոցներ մի՛ ստեղծիր, այլեւ հներն էլ կամաց-կամաց վերացրո՛ւ, մաքրի՛ր, անվտանգ դարձրո՛ւ այս սքանչելի գունդը: Այդ ժամանակ տեսնեմ ո՞ր Իրան, ո՞ր Կորեա կամ մեկ այլ երկիր կփորձի ուրան հարստացնել, զենք պատրաստել, փորձարկումներ անել: Արդար չեք, ուրագի նման եք, քերում եք միշտ դեպի ձեզ: Մի քիչ սղոցի պես եղեք, որ աշխարհը համերաշխ լինի: ՄԱԿ-ը չէ, մի կարգին էլ կազմակերպություն ստեղծեք` արդար, որ բոլորի սրտով լինի, բոլորն էլ ենթակա լինեն նրա որոշումներին, այլ ոչ թե չգիտեմ ինչ...

Պատերազմի ջատագովները` նույնն է սպանողները, ասում են. «Առանց պատերազմների աշխարհը կվերածվի մի նյութապաշտական ճահճի», «Պատերազմը լավերի հաղթանակն է», «Առանց պատերազմի աշխարհը կընկնի մի վտանգավոր լեթարգիական քնի մեջ»…

 

Կա՛նգ առեք, հակասությունների միասնության եւ պայքարի օրենքը սպանելու համար չէ, այլ արարելու, երկրագնդի վրա կյանքը երջանիկ դարձնելու համար: Մարդկային մտքի ընթացքը դրան ուղղե՛ք: Դժվար բան եմ ասում, բայց միայն դա կարող է փրկել այս սքանչելի մոլորակը:

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25