Աշխատանքի անվտանգության ապահովում. Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի իմաստավորված գործելակերպը

31.10.2022 10:25
3090

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատակիցների առողջության պահպանումը և աշխատանքի անվտանգության ապահովումը գերակա ուղղություն են:

Ընկերությունում առողջության պահպանման և աշխատանքի անվտանգության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքների, ինչպես և առկա վտանգների ու ռիսկերի մասին է զրույցը «ԶՊՄԿ» ՓԲԸ Աշխատանքի անվտանգության բաժնի պետ Արթուր Աղայանի հետ:

Արթուր Աղայանը ծնվել է 1968 թ. Կապան քաղաքում: Ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ: 1986-88 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1991-94 թթ. աշխատել է «Լադա» սերվիսում՝ գլխավոր տնօրենի տեղակալ: 2011-15 թթ. «Դինո գոլդ մայնինգ» ընկերության ստորգետնյա հանքի գլխավոր մեխանիկն էր: 2015-ից աշխատում է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ում՝ նախ՝ Աշխատանքի անվտանգության բաժնի պետի տեղակալ, 2016-ից՝ նույն բաժնի պետ: 2015-19 թթ. մասնակցել է մի շարք  միջազգային դասընթացների՝ ստանալով սերտիֆիկատներ:

- Պարոն  Աղայան, նախ՝ ներկայացրեք, խնդրեմ, ընկերության Աշխատանքի անվտանգության բաժնի հիմնական խնդիրները, անելիքները:

- Աշխատանքի անվտանգության թիմի կարևորագույն խնդիրն է՝ ձևավորել անվտանգ վարքագիծ ընկերության աշխատակիցների շրջանում և հասնել անվտանգ միջավայր ձևավորելուն:

Այսինքն` ստեղծել աշխատողի կյանքը, առողջությունը, արժանապատվությունն ապահովող պայմաններ: Ավելի կոնկրետ՝ ստեղծել անվտանգ պայմաններ յուրաքանչյուր աշխատակցի համար, գնահատել ու վերացնել վտանգները, ռիսկերը, որոնք կարող են վնասել մարդուն՝ ֆիզիկական, մտավոր կամ հոգեբանական տեսանկյունից` քանզի յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալ աշխատանքի ապահով, անվտանգ միջավայր:

Ընդ որում՝ վտանգները կամ ռիսկերը, որոնք նկատում ենք, կարող են և անտեսանելի լինել աշխատակիցների համար:

Իրականացնում ենք նաև խորհրդատվություն՝ առաջարկելով գաղափարներ, լուծումներ՝ ծագող թերությունները շտկելու, վերացնելու համար:

- Աշխատանքի անվտանգության ապահովումը, ենթադրում ենք, կանոնակարգվում է ՀՀ օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով, հանրապետական գերատեսչությունների հրահանգներով: Փորձենք բացել դրանց շրջանակը:

- Մեր գործունեությունը, բնականաբար, կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքով:

Աշխատանքի անվտանգության բաժնի գործունեության հիմքում ընկած են նաև միջազգային չափանիշները: Երևի քչերն են տեղյակ, որ մեր  ընկերությունը վերջերս ձեռք է բերել միջազգային սերտիֆիկատ՝ ըստ ԻՍՕ-45001 միջազգային ստանդարտի: Այն իրենից ներկայացնում է միջազգային չափանիշներով կազմված հարցաշար, որին պիտի համապատասխանի մեր գործունեությունը: Հարցաշարը կարգավորում է առողջության պահպանման և աշխատանքի անվտանգության ոլորտի կարևորագույն խնդիրները: 

Եվ, իհարկե, ժամանակ առ ժամանակ, տեսչական մարմինների կողմից անց են կացվում ստուգումներ՝ գործող օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, պաշտոնական հրահանգների կատարման ընթացքը և այդ ամենին մեր գործունեության համապատասխանությունը ճշտելու նպատակով:

- Ուշագրավ է, որ ձգտում եք աշխատանքները կազմակերպել միջազգային չափորոշիչներին համապատասխան, որի վկայությունը նաև Ձեր իսկ հիշատակած սերտիֆիկատն է: Դուք արդեն ընդհանուր գծերով ներկայացրիք, թե ինչ ասել է ԻՍՕ-45001 սերտիֆիկատը: Ուրիշ ի՞նչ նկատի ունեք միջազգային փորձ, միջազգային ստանդարտներ ասելով, որոնց հետևում է ընկերությունը:

- Կարելի է ասել՝ աշխարհում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունները, որոնք աշխատում են մեր ընկերության ռեժիմին նման կերպով, ձգտում են, որ չլինեն միջադեպեր ու դժբախտ պատահարներ:

Ավելին, աշխարհում չկա հանքարդյունաբերական որևէ ընկերություն, որ զերծ լինի հնարավոր վտանգներից ու ռիսկերից: Մեր ընկերությունն էլ այդ առումով բացառություն չէ, բայց մեր ընկերության հմուտ թիմն անում է հնարավորը՝ չեզոքացնելու վտանգները և պատշաճորեն կառավարելու ռիսկերը:

Միջազգային փորձ ասելով նկատի են առնվում բոլոր այն մոտեցումները, որոնք առողջության պահպանման  և աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտում հանգեցրել են նշանակալի կամ շոշափելի դրական արդյունքների:

Բայց, որքան էլ առաջադեմ լինի փորձը, այն պետք է կիրառելի լինի տվյալ ընկերությունում ու տվյալ միջավայրում: Այսինքն՝ մենք կարող ենք վերցնել միջազգային որևէ ստանդարտ և փորձարկել տեղում՝ համոզվելու համար՝ որքանո՞վ է այն կիրառելի ընկերությունում և ներկայիս միջավայրում՝ ելնելով տեղանքի առանձնահատկություններից, աշխատանքի մեթոդաբանությունից, մարդկային մտածելակերպից:

Ընդունելի է միջազգային այն  փորձը, որը նպաստում է աշխատակիցների մտածելակերպի, վարքագծի փոփոխմանը: Ի վերջո միջազգային փորձի կիրառման նպատակն է՝ փոխել աշխատակիցների վարքագիծը, դրդել նրանց՝ մտածել և գործել անվտանգ, քանզի յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում ոչ միայն իր, այլև շրջապատի  նկատմամբ:

Գիտե՞ք՝ մարդիկ կարող են տարիներ շարունակ մտածել նույն կերպ, աշխատել նույն ոճով՝ համոզված լինելով, որ դա ճիշտ և անվտանգ վարքագիծ է: Բայց երբ դու նրա ուշադրությունը հրավիրում ես նրբությունների վրա, ինքը ձգտում է վերափոխվել:

Այսպես ընդհանրացնենք՝ միջազգային ստանդարտների կարևորագույն պահանջը մարդկանց մեջ անվտանգության մշակույթի և վարքագծի ձևավորումն է:

Հայաստանի օրենսդրությունը չունի վտանգների բացահայտման և ռիսկերի գնահատման պահանջ այն փոխառվել է միջազգային փորձից: Ուստի  մեր ընկերությունը, ինչպես ասացի, վերցրել է միջազգային ստանդարտը, որով և առաջնորդվում է:

- Տեղափոխվենք ավելի գործնական ու առարկայական  դաշտ. արդյո՞ք չափելի են աշխատանքի անվտանգության ոլորտում ընկերության կատարած գործերը: Եթե այո, ապա որո՞նք են գլխավոր ցուցանիշները:

-  Նախ՝ աշխատանքի անվտանգության մեր բաժնում չկա անհատական գործունեություն, կա միայն կոլեկտիվ, թիմային աշխատանք, որն էլ հաջողությունների գրավականն է:

Օրենքի պահանջները, միջազգային ստանդարտները թղթի վրա, անշուշտ, գեղեցիկ են, բայց դրանք ոգևորիչ են դառնում, երբ վերածվում են կոնկրետ գործերի:

Օրինակ, 2016 թ. ունեցել ենք ֆիզիկական վնասվածքներ պատճառած 20 դեպք,  2020-ին՝ 5, 2021-ին՝ 3, այն էլ՝ միջին թեթև ծանրության: Դա արդեն չափելի արդյունք է:

Նման արդյունքներ ունենալու կամ պատահարները բացառելու համար իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ զրույց աշխատակիցների հետ, իրազեկվածության բարձրացմանը միտված դասընթացներ, ուսումնական վարժանքներ՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց պատրաստվածությունը ստուգելու նպատակով և այլն:

Այդքանով հանդերձ՝ թիմը միայնակ չի կարող դրական արդյունք ապահովել, եթե չաշխատի արտադրության կազմակերպիչների հետ: Այսինքն՝ աշխատանքի ռեալ անվտանգության կարելի է հասնել միայն բոլորիս համատեղ ջանքերով:

Ու մինչ աշխատողից կպահանջենք անվտանգության կանոնների կատարում, նրա համար ապահովում ենք անվտանգ գործունեության դաշտ. պետք է ապահովված լինի անվտանգության պահպանիչ միջոցներով, պետք է անցած լինի համապատասխան դասընթացներ ու որակավորված լինի...

- Դուք՝ թիմով և արտադրության ղեկավարներով, աշխատողների համար ապահովում եք գործունեության անվտանգ դաշտ... Իսկ այդ միջոցառումները, դրանց համապատասխանությունը գործող օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին, միջազգային ստանդարտներին, պաշտոնական հրահանգներին՝ արդյո՞ք  վերահսկվում կամ ստուգվում են իրավասու այլ կառույցների, ասենք՝ տեսչական մարմինների կողմից:

- Ընկերությունն ունի շուրջ 240 արտադրական վտանգավոր օբյեկտ, որոնք ենթարկվում են ամենամյա պարտադիր տեխզննության՝ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ—ի կողմից։

Կան աշխատանքներ, որոնք կատարելու համար, գործող օրենսդրության համաձայն, պետք է թույլտվություն տրվի: Մասնավորապես՝ թույտվություն պետք է ստանան պայթեցնողները, կռունկավարները, առասանողները․․․․․

Մասնագետների այդ խմբի հետ ամեն տարի դասընթացներ ենք վարում...

Տարեկան մի քանի անգամ տեսչական մարմիններն են ստուգման գալիս, մեկ անգամ էլ աուդիտ է անցկացվում արտասահմանյան կազմակերպությունների  կողմից:

Ի վերջո աշխատում ենք յուրաքանչյուրի հետ. ունենք դասընթացների երկու սենյակ, տարեկան մոտ երեք հազար հոգու համար դասընթաց ենք կազմակերպում:

- Որքան տեսնում ենք՝ թիմը մեծ առաքելություն ունի, բայց գործնական աշխատանքները պատշաճ իրականացնելու համար բաժնի յուրաքանչյուր աշխատակից պետք  է գիտելիքների, իմացության որոշակի պաշար ու հմտություններ ունենա, ոլորտի նորություններին իրազեկ լինի...

- Աշխատանքի անվտանգության մեր թիմը ձևավորվել է մարդկանցից, ովքեր տարիներով աշխատել են ընկերության արտադրամասերում, ովքեր ծանոթ են այս կամ այն արտադրամասի նրբություններին՝ հանքագործ են, էներգետիկ...

Բացի այդ՝ պարբերաբար ունենում ենք հյուրեր արտասահմանից, ովքեր մեզ հետ՝  տեղում, անց են կացնում դասընթացներ:

 Հետաքրքիր է նրանց փորձին, պահանջներին ծանոթանալը...

Մեկ օրինակ. մենք տեղյակ չէինք՝ ինչ է վտանգների բացահայտումը և ռիսկերի գնահատումը: Դրսից եկավ մասնագետ, և նրա օգնությամբ կարողացանք յուրացնել այդ թեման: Հետևում ենք նաև ոլորտի գիտական նվաճումներին, դրանց վերաբերյալ հրապարակվող նյութերին, անգամ օտարալեզու հրապարակումներին, որոնք թարգմանվում և տրամադրվում են ինժեներներին:

Աշխատում ենք տեղի փորձառու մասնագետներիր հետ նույնպես:

Այդ ամենի շնորհիվ թիմի անդամները, ինժեներները, հետևաբար և  մյուս աշխատակիցներն ավելի իրազեկ ու հմուտ են դառնում:

- Աշխատանքի անվտանգություն ասվածը տարողունակ հասկացություն է...  Կենտրոնանանք Զանգեզուրի կոմբինատի վրա. որո՞նք են հիմնական ռիսկերն ու ենթադրյալ վտանգները:

- Ռիսկերն ունեն կատեգորիաներ՝ ֆիզիկական, քիմիական, մեխանիկական, բնական: Վերջինս մեզ մոտ այնքան էլ տարածված չէ, բարեբախտաբար, բնական աղետներ քիչ ենք ունենում:

Ֆիզիկական ռիսկերն են շատ՝ որոնք կարող են հանգեցնել ֆիզիկական վնասվածքների. սայթաքել-ընկնել, սարքավորմանն անզգուշորեն դիպչել, ձեռքը թողնել պտտվող սարքի արանքում...

Քիմիական ռիսկերը հիմնականում առաջանում են քիմիական նյութերի հետ աշխատելու ընթացքում, որոնք կարող են հանգեցնել գլխապտույտի, գլխացավի, շնչահեղձության, թունավորման...

Բացահանքում ռիսկերը փոքր-ինչ տարբերվում են այլ տեղամասերի վտանգներից: Այստեղ կան տրանսպորտային միջոցներ, որոնք կարող են վթարի ենթարկվել, մեկը մյուսին բախվել: Կան հանքաստիճաններ, որոնք, սխալ շահագործման դեպքում, կարող են փլուզվել:

Որոշակի վտանգներ են ներկայացնում էլեկտրական սարքավորումները, էլեկտրական լարերը...

Ինչպես ասացի՝ մեծ ուշադրություն ենք դարձնում առաջին բուժօգնության կազմակերպմանն միտված դասընթացներին:

Դրանք են հիմնական ռիսկերը, որոնք պատշաճ կերպով վերահսկվում և կառավարվում են:

- Դուք ներկայացրիք հիմնական ռիսկերը, առանձին կանգ առաք բացահանքի վրա: Մենք օրեր առաջ եղել ենք այնտեղ և կարծում ենք՝ լրջագույն ռիսկեր պարունակող գործընթացներից մեկն էլ պայթեցումներն են:

- Մեր ընկերությունում հանքաքարի հանույթն իրականացվում է բաց եղանակով, այսինքն՝ պայթեցման միջոցով:

Պայթեցման աշխատանքները տեղի են ունենում գրեթե ամեն օր՝ ժամը 16-17-ի սահմաններում:

Այդ ժամանակահատվածում, եթե Դուք լինեք բացահանքում, կլսեք ձայնային ազդանշաններ: Մեկ երկար ազդանշանը զգուշացնում է, որ մինչև տասը րոպեն պայթեցում կլինի. դրանից հետո բոլորը պետք է լքեն տարածքը՝ 500 մ շառավղով:

Հաջորդող երկու երկար ձայնային ազդանշանը հիշեցնում են, որ մնացել է հինգ րոպե. դա ստուգողական ազդանշան է՝ վստահ լինելու, որ տարածքում ոչ ոք չկա:

Բացի այդ, այնտեղ կան հսկիչ կետեր, որոնք վերահսկում են գործընթացը:

Միայն այդ աշխատանքները կատարելուց հետո է տարածքը փակվում և պայթեցում իրականացվում: Ընդ որում՝ պայթեցման աշխատանքները ձայնագրվում են: Պայթեցումից հետո դանդաղեցված ընթացքով լսում ենք ձայնագրությունը՝ պարզելու՝ արդյո՞ք նախատեսված բոլոր պայթեցումներն են կատարվել. եղել են դեպքեր, երբ նախատեսված պայթեցումը տեղի չի ունեցել:

Այդ ամենից հետո հնչում է երեք կարճ ազդանշան, ինչը նշանակում է՝ տարածքն անվտանգ է:

- Հետաքրքիր սկզբունք եք որդեգրել. աշխատանքի անվտանգության ապահովումն այնպիսի խնդիր է, որի լուծմանը պետք է մասնակցի յուրաքանչյուր ոք, իսկ դա նշանակում է հետևողական աշխատանք բոլոր հանքագործների հետ՝ ըստ ոլորտների:

- Պարբերաբար դասընթացներ ենք կազմակերպում: Դրանք նաև կոնկրետ ուղղվածություն ունեն՝ ըստ ոլորտների:

Օրինակ, եթե մարդ աշխատում է 1,8 մ և ավելի բարձրության վրա, ապա պետք է ամրագոտի կրի: Նրանց հետ էլ տարեկան մեկ-երկու անգամ դասընթացներ ենք վարում, գործնական պարապմունքներ անցկացնում:

Տարեկան մոտ 1800-2000 հոգու առաջին օգնության կերպն ենք ուսուցանում: Առաջին օգնություն՝ վնասվածքի, օձի խայթոցի, էլեկտրահարման, ուշագնացության և այլ դեպքերում: Այդ գիտելիքներն ու հմտությունները մարդուն օգնում են նաև առօրյա կյանքում:

Կան թեմաներ, որոնք հավասարապես արծարծվում են բոլոր խմբերի հետ կազմակերպվող դասընթացներում: Օրինակ, անհատական պաշտպանիչ միջոցներ կրելու ձևերը և առանձնահատկությունները, առաջին օգնության ցուցաբերումը, առասանների հետ տարվող աշխատանքները:

Կան մասնագիտություններ, որոնք հատուկ դասընթացներ են պահանջում՝ կռունկավարներ, պայթեցնողներ, արտադրական վտանգավոր օբյեկտները շահագործող պատասխանատու անձինք, ճնշման տակ աշխատող անձինք... Այդ մարդիկ տարին մեկ անգամ անցնում են գիտելիքների ստուգում:

Իսկ ամեն ինչ սկսվում է մարդուն աշխատանքի ընդունելուց, երբ նա հրահանգավորվում է:

Հրահանգավորում ենք նաև այցելուներին: Եթե որևէ մեկը (ոչ մեր աշխատակից) մտնում է ընկերության տարածք, նրա անվտանգության համար նույնպես մենք ենք պատասխանատվություն կրում: Ուստի և՝ մինչև տարածք մտնելը  հրահանգավորում ենք, ծանոթացնում ռիսկերին:

- Իսկ եթե աշխատակիցը, այս կամ այն պատճառով, չի հետևում ներկայացվող պահանջներին...

- Նման դեպքերում կիրառվում է կարգապահական տույժ՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի. նկատողություն, խիստ նկատողություն կամ այլ միջոց։Լ

Հասկանում եմ՝ մեր մոտեցումը խիստ է, բայց երբ վերլուծում ենք խախտումների պատմությունը՝ պարզվում է, որ դրանք մեծամասամբ անպատժելիության հետևանք են:

Ձեռնարկվող միջոցառումները թույլ են տալիս փոփոխել ոչ կարգապահ աշխատակիցների վարքագիծը, խուսափել կրկնվող խախտումներից:

- Քանիցս անդրադարձաք դասընթացներին, տեղեկատվության տրամադրմանը, որոնք միտված են բարձրացնելու աշխատակիցների իմացությունն ու գիտակցությունը և, իհարկե, փոխելու նրանց վարքագիծը: Ուրեմն և չափազանց կարևոր է դասընթացների ծրագրերի մշակումը:

- Ե՛վ պետականորեն առաջադրված հարցեր կան, և՛ մենք ենք թեմաներ առաջադրում՝ տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով:

Ունենք 182 պաշտոնական հրահանգ, ամեն մի մասնագիտության համար կա պաշտոնական ուղեցույց. դրանց պահանջները նույնպես ներառվում են ուսումնական ծրագրերում:

- Գործնական ի՞նչ նշանակություն ունի արտահագուստը:

- Ամեն մի աշխատող ունի պաշտպանիչ միջոցներ, որոնցից է արտահագուստը: Ու եթե պաշտպանիչ միջոցները ճիշտ ես ընտրում, ապա հետո դյուրին է լինում պահանջներ ներկայացնելը:

Տարիներ առաջ չկար անհատական պաշպանիչ միջոցներ կրելու մշակույթ, բավարարվում էինք ինժեներական լուծումներով, վարչական վերահսկողությամբ: Հիմա, կարելի է ասել, այդ մշակույթը ձևավորված է:

Ամենակարևորը՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը ոչինչ չի խնայում անհատական պաշտպանիչ միջոցների խնդիրն ըստ պատշաճի լուծելու համար:

Եվ դա, հավատացեք, դրական արդյունքներ ունեցավ: Շատ պատահարներ կանխվեցին ու կանխվում են հենց այդ միջոցների շնորհիվ:

- Խոսենք կորոնավիրուսի օրերին ընկերության գործունեության, ձեռնարկված միջոցառումների մասին:

- Հիմա արդեն կարող եմ փաստել՝ մեր թիմը հաղթող դուրս եկավ համաճարակի դեմ պայքարից. նվազագույն թվով հիվանդներ ունեցանք...

Ախտահանիչ միջոցներով օգնում էինք նաև մարզի բուժհաստատություններին:

Մինչև այսօր էլ օգտագործում ենք այդ ժամանակ ձեռք բերված ախտահանիչ նյութերը:

Համաճարակի ժամանակ՝ ամեն օր, ախտահանիչ միջոցներ ենք տրամադրել արտադրամասերին, ախտահանվել են տեղամասերը, բազրիքները, տրանսպորտային միջոցները, գրասենյակները: Հետևել ենք առողջապահական գերատեսչությունների հրահանգներին՝ սոցիալական հեռավորություն ենք պահպանել, ժամանակավորապես դադարեցրել ենք դասընթացները, խուսափել  մարդկային կուտակումներից, հիվանդներ լինելու դեպքում երբեմն ամբողջական տեղամասեր ենք փակել, տարածքներ ախտահանել:

- Իսկ կորոնավիրուսից հետո՞, չէ՞ որ մարդկանց առողջությանն  առնչվող ռիսկերն ամեն օր և ամեն տեղամասում կարող են զգացնել տալ:

- Սննդի ոլորտի աշխատակիցները վեց ամիսը մեկ բուժզննում են անցնում:

Բուժզննում են անցնում հյուրանոցում, մանկապարտեզներում աշխատողները, նաև կոմբինատի վտանգավոր տեղամասերի աշխատակիցները:

Տարեկան մոտ երկու հազար մարդ է բուժզննում անցնում, այն էլ՝ մեր բաժնի հսկողությամբ, երբեմն հիվանդություններ են բացահայտվում, որը նկատի ենք ունենում...

- Որոշ  բարդ սարքավորումներ աշխատեցնելու համար, հավանաբար, առանձին հրահանգավորումներ եք կատարում...

- Նախքան նման սարքավորման շահագործելու իրավունք ստանալը՝ աշխատողը երեք ամիս կատարում է օգնականի պարտականություն՝ վարպետի հսկողությամբ:

Իսկ մինչ աշխատանքի ընդունվելը, ինչպես ասացի, անձն անցնում է  համապատասխան ներածական  հրահանգավորում:Ընթացքում՝ երեք ամիսը մեկ, տվյալ տեղամասի ղեկավարը դարձյալ հրահանգավորում է աշխատակցին:

Այսինքն՝ որոշակի նախապատրաստական փուլեր անցնելուց հետո է մարդն անցնում այդ կարգի մեքենասարքավորումներ բանեցնելուն:

- Մեր նախնական ուսումնասիրությունները ցուց են տվել, որ խնդիրներ եք ունենում նաև կապված աղմուկի և լուսավորության, գազերի, փոշու, վիբրացիայի հետ:

- Անվտանգության բաժինը պարբերաբար չափումներ է իրականացնում այդ ուղղությամբ, ավելի ճիշտ՝ վեց ամիսը մեկ: Ընդ որում՝ դա օրենսդրական պահանջ է, որի նպատակն է՝ ապահովել թույլատրելի սահմանները և նվազեցնել դրանց բացասական ազդեցությունն աշխատակիցների վրա: Անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են ուղղիչ գործողություններ՝ աղմուկի մակարդակի նվազեցման, լուսավորության բարելավման, փոշու և վիբրացիայի վտանգավորությունն իջեցնելու համար:

- Առավել կարևոր են, կարծում ենք, հրդեհավտանգ իրավիճակները: Հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին մեր երկրամասում հրդեհների հավանականությունը մեծանում է:

- Հրդեհային պաշտպանության համար բոլոր արտադրամասերում և աշխատանքային տեղամասերում տեղադրված են անհրաժեշտ հակահրդեհային վահանակներ, կրակմարիչներ և ավազով լցված արկղեր:

Անց ենք կացնում կրակմարիչների օգտագործման գործնական դասընթացներ:

ժամանակ առ ժամանակ անց են կացվում նաև ուսումնական վարժանքներ: Այդպիսի մի վարժանք էլ անցկացվեց ս.թ. հունիսի 1-ին:

- Բազմաթիվ խնդիրներ, մեծ տարածք, երկու հարյուրի հասնող օբյեկտներ... Ձեր փոքրաթիվ թիմն ինչպե՞ս է հասցնում լինել բոլոր տեղամասերում և իրականացնել վերահսկողություն:

- Աշխատանքի անվտանգության ապահովումը բոլորի գործն է, պատասխանատուն բոլորն են՝ ստորաբաժանման ղեկավարից մինչև բանվոր

Բաժնում յուրաքանչյուրն ունի իրեն ամրագրված տեղամաս, և պարբերաբար փոխվում են տեղամասերը. դա նշանակում է՝  բաժնի ամեն մի աշխատող պետք է իրազեկ լինի արտադրամասի աշխատանքի անվտանգության խնդիրնեին։

- Պատկերացնել կարելի է, թե որքան ծախսատար է աշխատանքի անվտանգության պատշաճ կազմակերպումը:

- «Գեոպրոմայնինգ»-ի գլխավոր կարգախոսը մարդու առողջության հանդեպ հոգատարությունն է: Դա նշանակում է՝ մեր առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհին որևէ դժվարություն չկա:

- Ոլորտի կառավարումը, դատելով Ձեր պատասխաններից, անհնար է պատկերացնել առանց վերլուծական աշխատանքի՝ հիմնված վիճակագրական տվյալների, հաշվետվությունների վրա:

- Կատարված աշխատանքների վերլուծումը, տեղ գտած թերությունների ու բացթողումների պատճառների վերհանումը մեզ համար անկյունաքարային ուղղություն է:

Սովորաբար տարեսկզբին կազմում ենք աշխատանքային պլան ամբողջ տարվա համար, որը, հարկ եղած դեպքում, փոփոխության է ենթարկվում կամ լրացվում:

Օրենքով սահմանված պահանջները, որ պլանի մաս են կազմում, կատարվում են ըստ ժամանակացույցի՝ առանց հետաձգումների:

Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ենք տալիս՝ ամենամսյա, եռամսյա, վեցամսյա, տարեկան:

Բացթողումներին, թերություններին անդրադառնում ենք, կարելի է ասել, ամեն շաբաթ՝ ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն պարոն  Ստեփանյանի կողմից անցկացվող խորհրդակցությունում (առկա կամ հեռավար տարբերակով). դա շատ կոնկրետ և օգտակար աշխատաձև է:

Վերլուծական աշխատանքների հիմք են դառնում նաև ամենօրյա ստուգայցերի ընթացքում ի հայտ եկած խնդիրները: Ի դեպ, ընկերության արտադրական տարածքում իրականացվում են ամենօրյա ստուգայցեր՝ աշխատանքի անվտանգության ինժեներների կողմից:

Աշխատանքի անվտանգության բաժնի յուրաքանչյուր ինժեներ էլ ստուգայց է իրականացնում իր պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում: Հայտնաբերված թերությունների հիման վրա կազմվում են զեկույցներ՝ թերությունների վերացման հստակ ժամանակացույցով: Անցկացվում են նաև կրկնակի ստուգումներ՝ պարզելու՝ արդյո՞ք ձեռնարկվել են վտանգների վերացման վերաբերյալ առաջարկված գործողությունները:

- Կան հաստատուն կամ մշտական ռիսկեր, բայց կան և նոր ծագող ռիսկեր. նոր  տեխնիկա է ներդրվում, նոր հանքուղի է բացվում... Ինչպե՞ս է կատարվում վտանգների ու ռիսկերի բացահայտումը:

- Ռիսկերի գնահատումը, որպես կանոն, իրականացնում ենք տարին մեկ անգամ կամ այն դեպքերում, երբ լինում է տեխնոլոգիական փոփոխություն, երբ նոր տեխնիկայի ներդրում է կատարվում, երբ ենթակառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, երբ նոր նյութեր են օգտագործվում տեխնոլոգիական պրոցեսում:

Նորահայտ ռիսկերի ու վտանգների մասին գրավոր տեղեկացնում ենք արտադրամասի ղեկավարներին՝ կից միջոցառումներով և դրանց իրականացման ստույգ ժամկետներով:

- Ընկերության տարածքում քայլելիս մեր աչքից չվրիպեցին զգուշացնող վահանակները...

Առողջության պահպանման և անվտանգության ապահովման անբաժանելի ու կարևոր մաս են անվտանգության նշանները: Դրանք տեղադրված են ընկերության բոլոր արտադրամասերում, արտադրական տարածքներում: Դրանք լինում են պարտադրող, արգելող, նախազգուշացնող, կարգավորող, ցուցող, հրդեհային անվտանգությանն ու էվակուացիային առնչվող:

Մեր բաժնի ինժեներներն ու տեխնիկական սպասարկման մասնագետները տիրապետում են նշանների պատրաստման հմտություններին:

Ի դեպ, ընկերությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորում, հատկացվել է հատուկ սենյակ՝ աշխատանքները կազմակերպելու համար:

- Մենք չխոսեցինք լեռնափրկարար ծառայության մասին...

- Այո, կա լեռնափրկարարական ծառայություն, որի հետ համագործակցության պայմանագիր ունենք:

Ըստ պայմանագրի՝ այդ ծառայությունը, սահմանված ժամկետներում, ստուգումներ և չափումներ է իրականացնում՝ դրանց արդյունքները տրամադրելով նաև մեզ, ինչին, բնականաբար, հետևում են  կոնկրետ գործեր:

- Վերջին, բայց և չափազանց կարևոր հարցը. Սյունիքի շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները նորովի են կարևորել ապաստարանների դերը, արդյո՞ք այդ խնդիրը պատշաճ լուծում է ստացել ընկերությունում:

- Զանգեզուրի կոմբինատում ունեինք ութ ապաստարան, իսկ հիմա՝ 14-ը:

Ապաստարաններն ապահովված են անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Քաջարան քաղաքում նույնպես կան ապաստարաններ, որոնք ևս ապահովված են անհրաժեշտ պիտույքներով:

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի և Մարի Նավասարդյանի

 

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշ հատվածներ փակ են բեռնատար ավտոմեքենաների համար

13.12.2024 14:58

Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով

13.12.2024 14:56

ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան ATACMS հրթիռներով հարվածների

13.12.2024 14:53

Վերահրատարակվել է Տիգրան Գրիգորյանի «Անմահության համանվագ» գիրքը

13.12.2024 14:45

Փաշինյանը մեկնել է ՌԴ

13.12.2024 11:04

ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ՀՀ-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ

13.12.2024 11:02

Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

13.12.2024 09:00

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը. Ռուբինյան

12.12.2024 23:25

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

12.12.2024 23:16

Դեմ եմ ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին. Թրամփ

12.12.2024 20:31

Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել

12.12.2024 19:25

Տվյալներ են ստացվել ՀՀ և Թուրքիայի պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ

12.12.2024 19:22