Այսօր Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրն է

14.05.2022 16:26
3076

Էր լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ։

Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ (Հովհաննես 1։9)։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.

Այսօր Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրն է, ով իր հոգևոր սպասավորությունն է ժամանակին բերել նաև Սուրբ Անանիայի անապատում և մեծ ավանդ ու ներդրում է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում։  Այսօր Մաշտոցյան Մատենադարանից մեր եկեղեցի է բերվել Զորավոր Ավետարանը, և մենք հնարավորություն ունենք հաղորդակից դառնալու, խոնարհվելու, զորանալու, բժշկվելու այն Ավետարանով, որի անունով մեր եկեղեցին անվանվում է Զորավոր Սուրբ Աստվածածին։

Զորավոր Ավետարանը գրվել և նկարազարդվել է Կիլիկիայում՝ 13-րդ դարում։ 14-րդ դարում բերվել է Երևան և նվիրվել Երևանի Երկուերեսանի եկեղեցուն, որն այսօր, ցավոք, պահպանված չէ։ Ի պատիվ ընծայողների՝ սկզբնապես Ավետարանը կոչել են Վիշապկենց Ավետարան։ 15-րդ դարի վերջին Երևանի Երկուերեսանի եկեղեցու սպասավոր և Ավետարանը նորոգող Ներսես Մոկացին հավաստում է, որ Վիշապկենց Ավետարանը այդ ժամանակ արդեն հայտնի էր իր զորությամբ։ Հետագայում այն  տեղափոխվում է Սուրբ Անանիա առաքյալի անապատում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի, որն էլ Ավետարանի անունով հայտնի է դառնում որպես Զորավոր եկեղեցի։

Սիրելինե՛ր, այսօր հաղորդվելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնին ու Արյանը, ուսանենք սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի վարքագրությունից, մեր սրտի իղձերն ու փափագներն առաքենք Աստծուն, բժշկություն հայցենք Հիսուս Քրիստոսից, որպեսզի մարմնական և հոգևոր առողջություն պարգևի մեզ ու մեր հարազատներին Զորավոր Ավետարանի միջոցով։ 

Սակայն առաջին հերթին եկեք ունկն դնենք Ավետարանում հնչող Աստծու խոսքին, հետո միայն մեր խնդրանքներն ուղղենք Երկնավոր Արարչին։ Երբ Քրիստոս ինչ-որ քաղաք էր գնում, նրա շուրջբոլորը հավաքվում էին ոչ միայն հիվանդները, կաղերը, կույրերը, խուլ ու համրերը, այլ նաև մարդիկ, որոնք ցանկանում էին լսել Նրան և Նրա խոսքը։ Ոմանք, լսելով Նրան, հավատացին, ոմանց դեպքում Աստծու խոսքի սերմերը ճանապարհի եզրին ընկան, ոմանց դեպքում ծիլ տվեցին։ Ամենայն հավանականությամբ եղան նաև մարդիկ, որոնք երբեք չգնացին և չլսեցին Նրա խոսքը, չհետաքրքրվեցին Նրա Անձով ու շարունակեցին ապրել իրենց առօրյա կյանքով ու հոգսերով, և նրանց կյանքում ոչինչ չփոխվեց, նրանք անմասն մնացին Աստծու լույսից։ Ահա թե ինչու թող այսօրվա մեր ցանկությունը լինի, որ առհասարակ Ավետարանի լույսով լուսավորվենք մենք, և մեր հարազատները ևս խոնարհվեն Տիրոջ խոսքի առջև, հայցենք ոչ միայն մարմնական առողջություն մեզ և մեր սիրելիների համար, այլև հոգևոր առողջություն, որպեսզի Ավետարանի խոսքի սերմը ծիլ տա և աճի մեր սրտերում ու հոգիներում, և շատ-շատերի կյանքը վերափոխի, հրաշքներ բերի։ Այսօր Զորավոր Ավետարանից է բխում աստվածային զորությունը։  Աստվածային հրաշքը մարդու կյանքում ծնվում է Աստծու պատվիրանների կատարմամբ, երբ մարդ սկսում է բարիքներ ստեղծել ոչ միայն իր կյանքում, այլև սկսում է բարիքներ արարել նաև ուրիշների համար՝ վերագտնելով իր արարչական կոչումը, սեփական սրտում արթնացնելով հոգալու և խնամքի զգացումները, ուշադիր լինելով ուրիշների կարիքների և ցանկությունների հանդեպ, հաճույք ստանալով Աստծու պարգևները ուրիշների հետ կիսելով։ Աստված հրաշքներ է կատարում նաև մեր միջոցով ուրիշների համար, երբ որևէ մի բարիք ենք բերում նրանց, ուրախացնում, մխիթարում, այցելում ու հոգ տանում։

Հետևաբար հարկ է Աստծուց խնդրել, որ Ավետարանը, որ ճառագայթում է Քրիստոսի լույսը, հրաշապես վերածնի մեր հոգիները։ Քրիստոսի Ավետարանի լույսով լուսավորված և սիրով լցված՝ մարդիկ սրբացել են ու արժանացել երանության։ Մարդիկ հաճախ իրենց կյանքում լույս են փնտրում՝ տարբեր դռներ թակելով, այնինչ Տերն Ինքն է նրանց դռները թակում, որպեսզի լուսավորի նրանց կյանքը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ավետարանը՝ իր լույսով, ճշմարտությամբ, արդարությամբ ու հավատարմությամբ լուսավորում է բոլորի կյանքը։ Եվ մենք պիտի անընդհատ կատարելագործվենք որպես Քրիստոսի աշակերտներ, ինչպես սրբերը, ինչպես սուրբ Մովսես Տաթևացին։ Նա որտեղ էլ ծառայեց, լավագույնս դրսևորեց իրեն՝ կատարելով իր առաքելությունն ու գործը, փայլելով որպես Քրիստոսի ճշմարիտ աշակերտ։ 

Դեռևս Սյունյաց անապատում եղած ժամանակ նա շրջում էր հայոց քաղաքներում ու գյուղերում, վերանորոգում եկեղեցիները, մարդկանց քարոզում Սուրբ Ավետարանը, բացում դպրոցներ, շատ եկեղեցիներում վերահաստատում ընդհատված ժամասացությունը։ Մովսես վարդապետը, հաստատվելով Սուրբ Անանիայի անապատում, հիմնում է միաբանություն, շենացնում Սուրբ Անանիայի եկեղեցին, կառուցում վանական խցեր։ Ստանձնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունը՝ նա Մայր տաճարի շրջակայքը մաքրում է աղբից, շրջապատում բարձր պարիսպներով, հանձն է առնում տաճարի գմբեթի նորոգությունը։ Նրան հաջողվում է ջնջել Էջմիածնի վրա դրված տարեկան մեծագումար հարկը։ 1629 թվականի հունվարի 13-ին օծվում է կաթողիկոս։ Իբրև կաթողիկոս գահատակալել է երեք ու կես տարի և այդ ընթացքում նորոգել է Սուրբ Էջմիածնի տաճարը, կառուցել վեհարանը, հյուրանոցը, միաբանության սենյակները, հաստատել վանքեր ու դպրոցներ։ Մահացել է 1632 թվականի մայիսի 14-ին Սուրբ Անանիայի անապատում։  

Ուստի, սիրելինե՛ր, հայցենք այսօր սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի բարեխոսությունը, որպեսզի Ավետարանի զորությամբ և լույսով բժշկվենք հոգեպես և մարմնապես, ու մեր սրտերը լցվեն սիրով ու պատասխանատվությամբ, որպեսզի մենք էլ դառնանք միմյանց նկատմամբ հոգատար, ուշադիր և նախաձեռնենք Աստվածահաճո նորանոր գործեր։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ամեն։  

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Իրանը հայտարարում է՝ պատերազմի ցանկացած ավարտ պետք է լինի վերջնական. SNN

16.03.2026 15:45

Թրամփը արևմտյան դաշնակիցներին և այլ երկրների կոչ է անում ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց

16.03.2026 15:27

Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան

16.03.2026 15:20

Արցախ Միությունը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով

16.03.2026 15:11

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել պատգամավոր Արմեն Խաչատրյանի դեմ

16.03.2026 14:49

Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել ադրբեջանի օմբուդսմանին. ընտանիքի հայտարարությունը

16.03.2026 14:41

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական նախաձեռնությունը

16.03.2026 14:30

Դուբայի օդանավակայանում դրոնային հարձակումից հետո թռիչքները վերսկսվել են

16.03.2026 12:56

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է երկրում ավելի քան 54 հազար բնակարանի ոչնչացման մասին

16.03.2026 12:47

Իսրայելը հայտնել է, որ խոցել է Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռը

16.03.2026 12:43

«27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ)

16.03.2026 12:37

Թրամփը Հորմուզի նեղուցի վերաբացման թեմայով կապի մեջ է «մոտ յոթ» երկրի հետ

16.03.2026 11:33