Այցելեցինք Լծեն, եղանք Անապատի մատուռում, Սուրբ Հոռոմ խաչում, Սուրբ Ստեփանոս եկեղեցում և, իհարկե, Մեծ հողում

26.05.2025 15:29
828

Մայիսի 25-ին ուխտագնացություն կատարեցինք Սիսիան համայնքի Լծեն գյուղ...

Գտնվում է Որոտան գետի աջ կողմում՝ ծովի մակարդակից մոտ 1450 մետր բարձրության վրա։

Սիսիան քաղաքից 14 կմ հեռավորության վրա է՝ հարավարևելյան ուղղությամբ։

Գյուղ մեկնելուց առաջ մեկ անգամ ևս ընթերցեցինք Ակսել Բակունցի «Լծեն» ակնարկը՝ հավանաբար գրված 1926-ին։

Ահա, թե ինչպես է Բակունցը նկարագրում Լծենը՝ «Ճամփի լայնքը քառորդ մետր, այծի ճամփա, քերծերի վրայով։ Այնքա՜ն տրեխ, սմբակ ու կճղակ է թափել քարերին, փորել, արահետ արել։ Ներքև՝ Որոտանը փրփրած, պղնձագույն ժայռերի մեջ ոռնում է, քարերը կրծում, բայց փլվում են ժայռերը վերի, թափվում ձորի մեջ։

Կածանը Լծենի ցաքուտների միջով իջնում է դեպի գետը, տեղ–տեղ անցնում փայտե կապերի վրայով և իջնում դեպի Որոտանի միակ անցքը, հետո զառիվայրով օձապտույտ ձգվում է բարձր, դեպի փեշերը անտառապատ սարերի։

Երբ ձյուն է լինում, սառչում է անցքը, կապերը պնդանում են, գյուղը օրերով կտրվում է դրսից, կածանով գնացող եկող չի լինում...» (Ակսել Բակունց, երկեր չորս հատորով, հատոր երկու, էջ 387)։

19-րդ դարավերջի Լծենի կացությանն անդրադարձել է նաև Երվանդ Լալայանը (Երկեր վեց հատորով, հատոր չորս, էջ 49)։ Բայց քանի որ մեծահամբավ ազգագրագետը տեղանունների հարցում բազմաթիվ վրիպումներ է թույլ տվել՝ պատշաճ չենք համարում նրա խոսքը ներկայացնել։

Իսկ հիմա... Գյուղով է անցնում Տաթև–Լծեն–Նորավան միջպետական ճանապարհը...

***

Գյուղի անվան հետ կապված մի ավանդություն կա, որը բոլորը հիշատակում են, երբ խոսք է գնում Լծենի մասին, մինչդեռ այդ ավանդազրույցը պատմական տեսակետից որևէ հիմք չունի։

Ըստ ավանդության՝ երբ մոնղոլները հասել են այս կողմերը, տեղացիները լեռների կատարներից քարե կարկուտ են թափել ձորում գտնվող թշնամու վրա։ Ժողովրդին խրախուսելու համար Ներսես Քերթողը կոչ է արել՝ «Լցե՜, լցե՜...», և ինքն էլ քարեր գլորել վերևից։ Ու իբր հետևելով կրոնավոր Ներսեսին՝ գյուղացիները քարերի կույտեր են դիզել և քարե հեղեղով կանգնեցրել թշնամուն՝ չթողնելով, որ նա ոտք դնի գյուղ տանող արահետին։ Դրանից հետո էլ գյուղի անունը մնացել է Լծեն։

Պարզունակ այդ ստուգաբանությանը հանդիպում ենք նաև «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»–ում (հատոր 2-րդ, էջ 592)։

Ինչպես արդեն նշեցինք՝ այդ ավանդազրույցը զուրկ է պատմական հիմքից (առնվազն անվանումի մասով), քանզի Լծեն անունը գրավոր աղբյուրներում առաջին անգամ հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» կոթողային գործում՝ Տաթևի վանքին տրվող վեց չափ հարկով (գյուղը Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի մեջ էր մտնում), երբ դեռ մոնղոլների արշավանքի մասին խոսք լինել չէր կարող։

Լծեն գյուղանվանը մեր հայրենակից Սերգեյ Ումառյանն էլ իր բացատրությունն է տալիս՝ իբր նվիրված է Լուծ–փայլածու աստղի պաշտամունքին։

Գյուղը միշտ էլ Տաթևի վանքին հարկատու է եղել։ Դա երևում է նաև վանքի 1781 թ. հարկացուցակից։

Գյուղը հարատևել է մինչև 17-րդ դարի վերջերը, որից հետո ոչնչացվել կամ բռնագաղթի է ենթարկվել։

Լծենը հարուստ է քրիստոնեական սրբավայրերով։

Այդ առումով նախևառաջ հիշարժան է Սուրբ Ստեփանոս եկեղեցին՝ կառուցված 1000 թվականին։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ գյուղամիջի այդ եկեղեցին՝ նախկին ավերակների հիման վրա, վերաշինվել է 17-րդ դարում։ Ընդ որում՝ վերաշինվել է ճարտարապետական  աղավաղումներով, ինչն ակնհայտ երևում է պատերի շարվածքից։

Գյուղից 2 կմ հարավ–արևելք, Տաթև գնացող ճանապարհի աջակողմյան անտառափեշին է Անապատի մատուռը։

Անապատի եկեղեցին կառուցվել է սրբություն համարվող երկու եղևնու բնի շուրջը, որոնք գրկած, փաթաթված են իրար և մինչև այժմ էլ դալար են։ Եկեղեցին կիսով չափ ծածկված է հողով։ Ըստ դռան բարավորին քանդակված արձանագրության՝ կառուցվել է ՉՂԶ թվականին (1347)։

Ամենայն որոշակիությամբ կարող ենք ասել՝ սրբավայրն Անապատ անունը ստացել է 17-րդ դարում, երբ Սյունիքում մեծ թափով զարգանում էր անապատական շարժումը՝ մայրաքաղաք ունենալով Հարանց մեծ անապատը (հին Հալիձոր գյուղի դիմաց)։ Իսկ 1347 թվականին կառուցված սրբավայրը կարող էր միայն եկեղեցի լինել։

Անապատից մոտ 200 մետր հյուսիս–արևմուտք է գտնվում Սուրբ Հոռոմ խաչը, որն ավերակված է, սակայն կանգուն են հրաշալի հինգ խաչքարը։

Ըստ մեզ ուղեկցող Դերենիկ Հովհաննիսյանի՝ իր տատը, ով 1900 թ. ծնված էր, պատմում էր մի ավանդազրույցի մասին՝ իբր գիշերները Սուրբ Հոռոմն այցելում էր մոտակայքում գտնվող Անապատ, որտեղ էլ հավաքվում էին սրբերը և զրուցում միմյանց հետ։

Դերենիկ Հովհաննիսյանի վկայությամբ՝ դեռևս 1960-ականներին, Զատիկի տոնին, լծենցի մամիկները հավաքվում և այցելում էին Անապատի մատուռ և Սուրբ Հոռոմ։

Գյուղից հարավ–արևելք է գտնվում Սուրբ խաչ անունով ուխտատեղին։

Գյուղի մերձակայքում կան մի քանի խաչքարեր, որոնք, ցավոք, հետազոտված չեն, ինչ–որ չափով՝ չտեղորոշված, մոռացության մատնված։ Դրանցից մեկն էլ Մեծ հայրենականում զոհված լծենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մերձակայքում է՝ այլևս եղծված ու անընթեռնելի արձանագրությամբ։

Միջին դարերում, կարելի է ասել, գյուղում հարգալից վերաբերմունք է եղել ձեռագիր մատյանների հանդեպ։ Օրինակ, 1625 թ. Լծենի Սուրբ Ստեփանոս եկեղեցուն մի ավետարան է նվիրում համագյուղացի Ավագը, որն արտագրվել էր Տաթևի վանքում՝ «Արդ՝ եւ ես՝ Լծենեցի Աւաքս առայ սբ. Աւետարանս ի հալալ յնչից իմոց. յիշատակ է ինձ եւ հաւրն իմոյ՝ Ավանէսին եւ եղբայրն իմոյ՝ Պային, Ուռումպէկին եւ Յօսեփին։ Որ եւ ետու վախմն ի դուռն Լծենու Ս. Ստեփանոսին՝ Նախավկային...» (Մատենադարան, ձեռ 7587)։

***

Գյուղի բնակչությունը, ըստ վիճակագրության, 1959-ին կազմել է 460 մարդ, 2011-ին՝ 76, ներկայումս (ըստ Դերենիկ Հովհաննիսյանի)՝ մինչև 40, իսկ գյուղի 87 առանձնատներից 60-ից ավելին այլևս փակված է։ Իսկ վեց աշակերտ ունեցող հանրակրթական դպրոցն իր վերջին օրերն է ապրում։

Գյուղի բնակիչների նախնիներն այդտեղ են վերաբնակվել Պարսկահայաստանի Խոյ գավառի գյուղերից՝ 1828-29 թթ. (Խոյից են նաև շաղատցիները)։

Առնվազն մի քանի վիմական արձանագրություն (այդ թվում մեկը՝ Տաթևի վանքում) վկայում են, սակայն, որ գյուղի երկրորդ վերածնունդը սկսվել է 18-րդ դարասկզբից՝ Թուրքմենչայի պայմանագրից շատ տասնամյակներ առաջ։

***

Այնուհետև անտառամիջյան ճանապարհով իջանք Որոտանի կիրճում գտնվող՝ լծենցիների համար պաշտելի տեղանքը, որ կոչում են Մեծ հող։

Երբեմնի այս դրախտավայրը հիմա պատված է մացառուտներով, ոչ ոք այլևս այնտեղ հող չի մշակում։

Իսկ անտառամիջյան ճանապարհը մի հատվածում վնասվել է Տաթև–Լծեն ճանապարհի կառուցման ժամանակ՝ հողային աշխատանքների հետևանքով։

Մեծ հող գնալիս, երբ գյուղից դուրս էինք գալիս, այցելեցինք Արցախյան առաջին պատերազմի հերոս Աղվան Մինասյանի հիշատակը հավերժացնող հուշաղբյուր՝ գյուղի հարավային ծայրամասում գտնվող։

Ընդամենը 23 գարուն ապրած Աղվան Մինասյանի բանաստեղծական տողերից մի քանիսը գրված են հուշաղբյուրի կողքի քարերին.

Այս երգը վերջինն է, այս երգն առաջինն է,

Այս երգը խելառ է ու անհեթեթ.

 

Այս երգը կարոտ է,

Այս երգը ցավոտ է,

Այս երգը քամունն է

Ու իմն է։

—————————————

Մի սպասիր ինձ,

Հայրենական իմ տուն.

Եթե գալու չեղա,

էլ չեմ գալու։

Մորս հայացքն իմ դեմ

Ես գնում եմ հեռու՝

Հայրենիքի պարտքը

Արյամբ տալու։

—————————————

Բարի լույս ասա,

Որ բարի ժպտա լույսը աշխարհին,

Որ բացվի բարով,

Որ լինի բարին։

Բարի լույս, մարդիկ, ձեզ՝ բարի տեսա,

Որ բարով մնաք...

Կիրճ իջնելիս կանգ առանք նաև Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած Կարեն Բախշյանին նվիրված խաչքարի մոտ և հարգանքի տուրք մատուցեցինք նրա հիշատակին։

 

ՀԳ

Լծենցիները, ում հետաքրքրում է իրենց բնօրրանի պատմությունը, նախևառաջ երեք քայլ պետք է ձեռնարկեն՝

ա) տեղորոշել գյուղի մերձակա անտառներում գտնվող բազմաթիվ խաչքարերից յուրաքանչյուրի տեղը և գույքագրել,

բ) վերծանել Մեծ հայրենականում զոհված լծենցիներին նվիրված հուշարձանի մոտ գտնվող խաչքարի արձանագրությունը,

գ) վերծանել Անապատի մատուռի բարավորին գրված արձանագրությունը։

 

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

 

 

 

Դեպի բարեկարգ, գեղեցիկ և զարգացած Սիսիան

17.06.2026 12:14

Կապանում շարունակվում են կանգառասրահների տեղադրման աշխատանքները

17.06.2026 11:59

Յոթ երկրների առաջնորդները կրկին պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ

17.06.2026 11:43

Պատժամիջոցների վերացում, ֆինանսական աջակցություն և պատերազմի ավարտ․ Bloomberg-ը հրապարակել է ԱՄՆ-Իրան հուշագրի տեքստը

17.06.2026 11:41

7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղը

16.06.2026 23:59

Համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած 1 տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում․ նախագիծ

16.06.2026 20:26

Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական հետապնդում հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ

16.06.2026 18:39

Ռուսական շուկայից զրկվելն ի՞նչ գին կունենա մեր տնտեսության համար․ ԿԲ նախագահի պատասխանը

16.06.2026 17:55

ԱՄՆ–ն սկսել է վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Թեհրանը հաստատեց

16.06.2026 17:41

Թրամփը կարող է մինչև ուրբաթ հրապարակել Իրանի հետ գործարքի տեքստը, Հորմուզով անցումն էլ անվճար կլինի. Վենս

16.06.2026 17:36

Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent

16.06.2026 15:57

ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունները բաժանվելու են երկու փուլի․ Արաղչի

16.06.2026 15:54