Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է. շնորհավորում ենք

20.02.2024 10:03
1704

Դեռևս 2021-ին առիթ էինք ունեցել խոսք ասել հանրապետությունում ճանաչված շինարար, «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ղեկավար Ազատ Գասպարյանի մասին։ Առիթը նրան ՀՀ վաստակավոր շինարարի կոչում շնորհելու իրողությունն էր։

Անցած երկուսուկես տարում մեր գրվածքի հավաստիությունը հիմնավորվել է նորանոր դրվատելի փաստերով։ Ուրեմն և պատշաճ ենք համարում վերստին  ընթերցողին ներկայացնել այդ խոսքը։

***

... Տասնամյակներ առաջ (ճակատագրի կամոք) եկավ Մեղրի ու մնաց այստեղ: Ավելի ճիշտ՝ եկավ ու լծվեց հայրենաշեն այն գործերին, որոնց արդյունքում պիտի ավելի զորանար սահմանապահ ու սահմանադուռ Մեղրին, հայոց արժանապատվության նորօրյա խորհրդանիշ Մեղրին...

Մի խոսքով՝ մեր աչքի առաջ բարձրացավ, ամրացավ ու հաստատվեց...

Երբ մոտ տասնհինգ տարի առաջ կառուցվում էր Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհը, այցի գնացինք շինարարներին: Եվ ականատես եղանք, թե ինչպիսի հրաշք է հյուսվում այնտեղ, եւ ինչպես են ճեղքվում հազարամյակներով մարդու երես չտեսած քարաժայռերը: Այդ ժամանակ էլ, չկարողանալով զսպել մեր հպարտության եւ ուրախության զգացմունքները, բարձրաձայնեցինք՝ Ազատ Գասպարյանի անունն այս ամենով ընդմիշտ գրվեց Սյունիքի նորագույն շրջանի տարեգրության մեջ:

Այդ խոսքն ու դիտարկումը, կարծեք, նորովի հաստատվեցին 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ Սյունիքի շուրջ ռազմաքաղաքական նոր իրողություն ստեղծվեց եւ առավել կարեւորվեց բակունցյան Մթնաձորով անցնող մայրուղու նշանակությունը...

Ազատ Գասպարյան ճանապարհաշինարարի ստեղծարար հետքը, առանց չափազանցության,  կարելի է տեսնել Մեղրու ամբողջ տարածաշրջանում: Այցելեք, խնդրեմ, Կարճեւան, Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար, այցելեք Ալվանք, Շվանիձոր եւ նույնիսկ Նռնաձոր, այցելեք Տաշտուն եւ Լիճք, ու կհամոզվեք, թե ինչպիսի բարեշեն ճանապարհներով են տարածաշրջանի գյուղերը կապված Մեղրի կենտրոնի հետ:

Իսկ սահմանադուռ Ագարակով Հայաստան մտնող օտարերկրացին առաջին իսկ րոպեներից հիացմունք է ապրում դեպի մայրաքաղաք ձգվող Մ-2 ավտոմայրուղու հարմարավետությունից:

Բայց ճանապարհաշինական գործը միայն որակով կառուցելը չէ, այլեւ շահագործման համար պատշաճ պայմաններ  ապահովելը եւ առհասարակ խելամիտ շահագործումը, մանավանդ որ խոսքը Մեղրու մասին է, որտեղ երկնահաս լեռների հավերժական երթ է, որտեղ ձորեր են՝ ձորերի մեջ, եւ սարեր՝ սարերին թիկնած:

... Ժամանակին եզակի մի գագաթ ունեինք հայոց մեջ՝ հայրենատիրության խորհրդանիշ՝ Կարեն Դեմիրճյան անուն. կարողացավ առաջին անգամ Մեղրու եւ Քաջարանի միջեւ ավտոճանապարհ բացել-կառուցել 2535 մ բարձրություն ունեցող Դիբագի լեռնանցքով (2 նոյեմբերի 1980 թ.):

Շատերը, դեռ այն ժամանակ, զգուշանում-զգուշացնում էին՝ կարողանալու՞ ենք շահագործել այդ ճանապարհը, որտեղ հոկտեմբերից-ապրիլ  (պարբերաբար) բուքուբորանի աներեւակայելի հանդես է լինում:

Սակայն, արդեն քանի-քանի տարի է, Մեղրու ճանապարհաշինարարները, Ազատ Գասպարյանի գլխավորությամբ, ապացուցել են, որ ձնաբքի ամենասաստիկ օրերին անգամ այդ լեռնանցքն անցանելի է ու անվտանգ:

Ազատ Գասպարյանը, սակայն, ճանապարհաշինարար չէ սոսկ: Նրա ստեղծարար գործունեությունը տեսել եւ տեսնում ենք նաեւ բնակարանաշինության  (Ագարակ), դպրոցաշինության (Նռնաձոր եւ Սրաշեն) , զորանոցի եւ ռազմական նշանակության այլ օբյեկտների կառուցման, հայ-իրանական պետական սահմանի ամրակայման եւ, իհարկե, Մեղրու հիվանդանոցային հիանալի համալիրի կառուցման ոլորտներում:

Եվ, այդ բոլորով հանդերձ, Ազատ Գասպարյանը  նախեւառաջ մեր հողուջրին ամբողջ էությամբ նվիրված գործիչ է, Սյունիքում մեր տիրական ներկայությանը հավելյալ շաղախ ներարկող անձնավորություն:

... 2016-ի ապրիլյան պատերազմին հաջորդած օրերին պիտի բարձրանայինք Մեղրու եւ Նախիջեւանի միջեւ խոյացող Գողթանասար, որտեղ մեր մարտական դիրքերն են:

Երեք հազար մետր եւ ավելի բարձրության լեռնագագաթ հասանք մեքենայով՝ աներեւակայելի բարդ տեղանքներով:

Գրեթե ամբողջ Նախիջեւանն իր ափերի մեջ պահող մարտական հենակետերում առաջինը երախտագիտության խոսք լսեցինք Ազատ Գասպարյանի մասին, ով հեղինակն էր այդ ճանապարհների, ով մեքենահարմար էր դարձրել  այդ դիրքեր բարձրանալը...

Իսկ Արցախյան երրորդ պատերազմի օրերին... 2020 թ. հոկտեմբերի 30-ին նրան հանդիպեցինք Մեղրիում: Այդ հանդիպման մասին մեր պարբերականի հրապարակման մեջ այսպիսի խոսքեր կան՝ «Սովորաբար ժպտերես Ազատ Գասպարյանն այս անգամ տխուր մտածումների մեջ էր: Նահատակ տղաների համար էր ափսոսում, հոգին ցավում էր իր կոլեկտիվի երկու առյուծ տղայի կորստյան համար, ովքեր գտնվել էին կրակագծի հարավային թեւում՝ պատերազմի առաջին օրերից...

Ազատ Գասպարյանի հետ մեր զրույցը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր...

Նա անհանգիստ էր ճակատում գտնվող բոլոր մեղրեցիների եւ հատկապես իր կոլեկտիվից զորակոչված տասնյակ տղաների ճակատագրի համար:

Եվ ուրախ տեղեկություն ստանալուն պես՝ նրա տրամադրությունը բարձրանում էր, մանավանդ երբ համոզվում էր, որ դիրքերում մեր զինվորների ոգին մարտական է:

Հետո... Ամրաշինական աշխատանքների համար նոր միջոցներ, նոր տեխնիկա հատկացնելու խնդիր ծագեց, որին արագ լուծում տվեց:

Գոհ էր ամրաշինական աշխատանքների ընթացքից, հիացմունքով էր արտահայտվում դրանցում ընդգրկված ճանապարհաշինարարների մասին:

Հետո... Աշխարհազորայինների համար ուղարկված խիստ անհրաժեշտ պարագաների հերթական բեռը տեղ հասցնելու մասին է տեղեկություն ստանում...»:

Այնպես որ՝ Ազատ Գասպարյանը երկրամասի համար ամենավճռորոշ պահերին այնտեղ էր, որտեղ առավել պահանջված էին միջոցներ, ներդրումներ, կազմակերպչական ջանքեր, մարդկանց համախմբելու հմտություն...

Մարդկային հարաբերություններում, ընկերության, գործընկերության մեջ էլ այնպիսի սահմաններ է դրել եւ սահմանանշաններ կանգնեցրել, որոնք ոչ միայն խոնարհումի, այլեւ ընդօրինակման արժանի են...

Ասվածը հավաստող բազում եղելություններից մեկն ենք հիշեցնում: 2009 թ. հոկտեմբերի 25-ին Մեղրիում «Արեւիք-Մեղրի» երգի  ու բերքի տոն էր, որին համընկել էր Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակից Վաղինակ Սերգոյանի հարսանիքը:

Ճանապարհաշինարարների ընկերությունը հոգացել էր հարսանյաց հանդեսի ծախսերը, իսկ հարսանիքն անցավ Մեղրու պատվավոր քաղաքացի Ազատ Գասպարյանի քավորությամբ:

–Ես ինձ երջանիկ եմ զգում, որ «Արեւիք-Մեղրի» տոնը նշանավորվեց հայկական եւս մի օջախի ստեղծմամբ, – տոնական օրն այդպես իմաստավորեց Ազատ Գասպարյանը:

...Անշուշտ, սրտանց շնորհավորում ենք Ազատ Գասպարյանին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի կոչում ստանալու կապակցությամբ: Բայց եւ չենք մոռանում՝ Ազատ Գասպարյանն ունի մեկ այլ ու չափազանց բարձր պարգեւ՝ Սյունյաց աշխարհի եւ հատկապես Մեծ Մեղրիի անեղծ սերը: Եվ այդ սերը, վստահ ենք, հետայսու նույնպես միախառնված է լինելու այն ջանքերին, որոնց շնորհիվ ապահովվելու է Մեղրու հավերժական երթը...

Այնքա՜ն քիչ բան կա (ցավոք) մեր ներկա ընթացքին վստահությամբ նայելու համար, բայց եւ...

Հրանտ Մաթեւոսյանի հարցազրույցներից մեկն ենք հիշում:

Լրագրողը հարցնում է՝ Ռոստոմ կունենա՞ այս երկիրը, թե՞ կենտ ձիավորի սիրտն անվերադարձ է ճաքել (նկատի ուներ «Տերը» վիպակի հերոսին):

Այսպիսի պատասխան է հնչում՝ «Ոչ մի գեղ ու ցեղ իրեն անՌոստոմ չի թողել, –սպասենք, ստեղծենք, կանչենք, մի քիչ էլ ինքներս լինենք՝ եւ կգա կամ արդեն եկել է, մեր մեջ է»:

Այո, մի քիչ էլ ինքներս լինենք...

Ազատ Գասպարյանն այդ ձգտումը, լինելու մեր առաքելությունը  գործով կյանքի կոչող անհատներից է:

Այսօր Մեղրին մեր դարավոր ընթացքի ոչ միայն ամենակարեւոր հանգրվանն է: Այսօր Մեղրին հայ ժողովրդի ապագայի մեկնակետն է, հայության հույսը, ուրիշ Մեղրի չունենք...

Եվ այդ հանգրվանում ու մեկնակետում խիստ անհրաժեշտ է, նաեւ ոգեւորիչ Ազատ Գասպարյան ստեղծագործ անհատի ներկայությունը:

Սամվել Ալեքսանյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25