ԲԱՆԱԿՆ ԻՆՁ ՀԱՅՐԵՆԻՔ ՏՎԵՑ

25.01.2019 12:37
679

«Որտեղ նույնիսկ բժշկությունն է անզոր, կարող ես հաղթել քո անսահման ցանկությամբ: Ու զինվորն ապրեց: Մենք չհանձնվեցինք: Զինվորը չհանձնվեց»,- պատմում է ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սևակ Շահբազյանը: Հետո դրվագներ է հիշում ազգային բանակի զինվոր, ապրիլյան պատերազմի մասնակից Արսեն Հովակիմյանի անսահման տոկունության, անխորտակելի կամքի մասին ու ավելացնում.- «Այսպիսի զինվորներ ունեցող բանակը չի կարող պարտվել և ոչ մի ուժի»:

-Արսեն, ուղղակի անհավատալի է, Սեւակ Շահբազյանն ասաց, որ հակառակորդի դիպուկահարը յոթ անգամ խոցել է քեզ: Ինչպե՞ս եղավ, որ չհասցրիր թաքնվել առաջին կրակոցից հետո:

-Երբ գնդակը կպավ ոտքիս, ընկա: Շատ ուժեղ հարված էր. ոտքս հետ ծալվեց, գլորվեցի ու հայտնվեցի թշնամու նշանառության տակ: Ցավը սոսկալի էր. ուղեղս մի քանի վայրկյան քարացավ: Ու երբ հասկացա, որ միակ ելքը բլրին հասնելն է, լսվեց երկրորդ կրակոցը: Ես սողում էի, իսկ այդ ընթացքում գնդակները մեկը մյուսի հետեւից մեխվում էին մարմնիս մեջ: Երեք գնդակ կպավ աջ ոտքիս, երկուսը՝ ձախ, երկուսը՝ փորիս: Մի կերպ հասա թմբին ու գլորվեցի ցած: Ծառայակից ընկերս` Հովիկը, վազելով մոտեցավ: Աչքերում սարսափ կար, բայց ասաց. «Չվախենաս, մի քանի րոպե դիմացիր, մինչեւ բժիշկները հասնեն: Լավ է լինելու»:

Ուզում եմ մի բան ասել: Բայց, վստահ չեմ, թե կկարողանամ ամեն մանրուք ճիշտ նկարագրել: Ես պառկած էի՝ ամբողջովին ջարդուփշուր, արյունը առվի պես հոսում էր, մարմինս դողում էր անմարդկային ցավից, աչքերս բացելու ուժ անգամ չկար, բայց ես, որ քիչ առաջ հակառակորդի նշանառության տակ էի, ինձ այնքան պաշտպանված ու ամուր էի զգում, որովհետեւ մեջքիս տակ իմ հողն էր, կողքիս՝ մարտական ընկերս, ու հեռվից ականջիս էին հասնում յուրայինների մոտեցող ձայները՝ հայերեն: Ահա, սա է հայրենիքը, այս հարազատությունը, այս ամենը, որ քոնն է: Ու դու մարմնիդ բոլոր բջիջներով, ամբողջ հոգով զգում ես, որ քոնն է: Որ դու դրա մի մասնիկն ես… երևի չկարողացա բացատրել:

-Կարողացար:

-Հետո ինձ տանում էին մերթ պատգարակով, մերթ մեքենայով ու ռեանոմոբիլով: Մարմինս ցավում էր, բայց էդ ապահովության զգացողությունը ինձ չէր լքում, իմ սրտում էր: Հաստատ, հենց դա էր պատճառը, որ ես մինչև վերջ չկորցրի գիտակցությունս, թեև մի քանի լիտր արյուն էի կորցրել: Շարժվելիս ոտքս անասելի ցավում էր: Հովիկը ամուր գրկեց ոտքս, անշարժացրեց, ու ցավը թուլացավ: Հենց ցավը թուլացավ, սկսեցի խոսել: Ասում եմ` Հովիկ, տեսա՞ր՝ էդ անասունները ո՞նց չկարողացան սպանել ինձ: Արա, էդքան էլ անտաղանդ ազգ, բա դիպուկահարը յոթ անգամ կրակի ու չկարողանա՞ սպանել: Ես ոգեւորված խոսում եմ, Հովիկը ձայն չի հանում, դեմքը լարված է, սփրթնած: Դու մի ասա` ոտքս անշարժ բռնելը շատ դժվար է, Հովիկը էլ ուժ չունի, ես էլ կարծում եմ՝ հուսահատվել է, ասում եմ. «Հովիկ, ախպերս, չվախենաս, չեմ մեռնելու:»:

…Նոր էինք հասել Մարտունու հոսպիտալ, մեր գնդի հրամանատարը՝ Կարեն Գրիգորյանը, եկավ: Շատ ուրախացա, մտածեցի` բժիշկները մեր հրամանատարի ահից` ինչ էլ լինի, ինձ կփրկեն, չեն թողնի մեռնեմ: Երբ բժիշկների խումբ եկավ Ստեփանակերտի հոսպիտալից, ինձ անզգայացրին: …Ու սկսվեց մի ուրիշ իրականություն: Ես հավաքում էի բոլոր անօթեւաններին ու տնավորում կոկիկ, տաք բնակարաններում: Մեծ ճաշարանում պապիկներին ու տատիկներին տաք ճաշ էի տալիս, որբ երեխաներին` Ամանորյա նվերներ…

-Ի՞նչ ես խոսում…

-Երազ էր: Մանկուց իմ ամենամեծ երազանքը եղել է շատ փող ունենալն ու մարդկանց օգնելը: Մի առանձնահատուկ սեր ունեմ անպաշտպան մարդկանց հանդեպ:

Ստեփանակերտի, ապա կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բժիշկները անձնվիրաբար «կարկատում էին» մարմինս, որին անգամ հոգիս էր լքել, իսկ ես մտովի վայելում էի ազատությունն ու իրականացնում իմ անկատար երազանքները:…Հետո գնացի անցյալ: Ու պահ առ պահ կրկնվեց այն ամենը, ինչն ապրել ու զգացել էի ապրիլյան պատերազմի ժամանակ: Մարտական տագնապի զիլ կռինչը, ոսկորներս սողոսկող ցուրտը, լարվածությունից կափկափող ծնոտս, ցեխի մեջ կորած զինվորական սապոգներիս ծանրությունը: Ես խրամատ էի փորում երազում, անվերջ փորում էի՝ ինչպես այն օրերին, երբ չորս ամիս դիրքերից չիջանք: Հետո….ադրբեջանցիները ռմբակոծում էին պոստերը, իսկ ես տղաների հետ հանգիստ ճաշում էի գետնատնակում: Գնդակները վժժալով անցնում էին ականջիս մոտով, իսկ ես խրամատն էի լայնացնում

Հետո վերապրեցի նույն էյֆորիկ ոգևորությունը, երբ… կռիվ ես ուզում: Դա անբնական վիճակ է: Կարծում եմ` լարվածությունից է առաջանում: Սկզբում դու ուզում ես, որ հակառակորդի կրակոցները վերջապես դադարեն: Բայց երբ կրակը շարունակվում է մի քանի օր, հետդ ինչ-որ անբացատրելի բան է կատարվում: Կատաղում ես մի տեսակ, ուզում ես, որ ադրբեջանցիները գան, հարձակվեն, որ դրանց վերջը տաս:… Հետո Նոր տարի էր դիրքերում: Ինչպես ամիսներ առաջ: Սեղանը ճռռում էր առատությունից, տղերքը մոր մասին երգ էին երգում, ու ադրբեջանցիներն էլի կրակում էին:

…Երբ բացեցի աչքերս, պարզվեց` Երեւանի կենտրոնական հոսպիտալում եմ, ու դեպքից արդեն հինգ օր է անցել:

-Սեւակ Շահբազյանը պատմում էր, որ իսկական մարտիկի նման ես հաղթահարել ցավը:

-Էդ հեչ: Հիմա ես եմ ուզում Սեւակ Շահբազյանի ու իր բաժանմունքի բժիշկների մասին պատմել: Սեւակ Շահբազյանին ես իմ ավագ եղբայրն եմ համարում: Որովհետեւ միայն հարազատ եղբայրդ կամ հայրդ գիշերը ցերեկ դարձրած՝ կնստեն կողքիդ, կպայքարեն մինչեւ վերջ ու բառացիորեն քեզ կխլեն մահվան ճանկերից:

-Սեւակ Շահբազյանն ու իր ղեկավարած անձնակազմը զինվորական բժշկի իրենց պարտքն են կատարել: Իրենք այդպես են ասում:

-Բժշկի պարտքն ու պարտականությունը շատ հեռու են այն ամենից, որ պատմում եմ: Սեւակ Շահբազյանը օրերով հոսպիտալից տուն չէր գնում, բոլոր բժիշկները, բուժքույրերը, վերակենդանացման, վնասվածքաբանության բաժանմունքների անձնակազմերը կողքիս էին: Պարոն Շահբազյանը տարբեր կլինիկաներից մի քանի փորձառու բժիշկների էր հրավիրել, որ օգնեն իրեն, նրանք խորհուրդ էին տվել դադարեցնել վիրահատությունները, ասել էին` ոչ մի հույս չկա: Բայց Սեւակ Շահբազյանը չնահանջեց:

-Ապրես, որ չես հանձնվել:

-Էդ Սեւակ Շահբազյանը չհանձնվեց: Դե, ես էլ… Հո չէի հիասթափեցնելու իմ երիտասարդ բժշկին, որն այնքան էր ուզում ինձ ողջ տեսնել:

-Ասում են` աչքերդ բացել ես ու հարցրել` հո չե՞մ զորացրվելու:

-Դե, հա: Ո՞ր իրեն հարգող տղան կուզի ծառայությունը կիսատ՝ զորացրվել: Ձեզ անկեղծորեն, համեստությունս մի կողմ դրած, ասեմ` ես ինքնասեր, հզոր տղա եմ, միշտ ձգտել եմ հիացմունքի արժանանալ՝ մանրուքներից մինչեւ ամենամեծ գործերում: Ես սիրում եմ, երբ ինձնով հպարտանում են: Ժամանակից շուտ զորացրվելը իմը չէր: Շատ էի նեղվում:

-Հիմա ո՞նց ես ապրում, ի՞նչ ծրագրեր ունես քո «հզոր, հիացմունքի արժանի» ապագայի համար:

-Հիմա՞… հաճույքով եմ ապրում: Ես տեսել եմ դժոխքն, ու այս կյանքը ինձ դրախտ է թվում: Ես վայելում եմ կյանքիս ամեն վայրկյանը՝ այն, որ ջերմությունս նորմալ է, որ կարող եմ սրտիս ուզածն ուտել, որ գամված չեմ անկողնուն ու կարող եմ հանգիստ քայլել փողոցով: Որ մարմինս պատված չէ ինչ-որ երկար-բարակ բժշկական խողովակներով: Ու ամենամեծ երջանկությունն այն է, որ ես հիմա ավելի շատ եմ սիրում մարդկանց: Հազիվ եմ զսպում ինձ, որ փողոցում չողջունեմ ու չժպտամ անծանոթ անցորդներին: Որովհետեւ ես նրանցից յուրաքանչյուրի մեջ տեսնում եմ Սեւակ Շահբազյանին, մյուս զինվորական բժիշկներին ու բուժքույրերին, որոնք անծանոթ էին, բայց հարազատի պես պայքարեցին իմ կյանքի համար: Թերեւս սա ամենամեծ ձեռքբերումն է, որ բանակը տվեց ինձ: Հայրենիք տվեց: Ես քայլում եմ փողոցով ու այնպիսի զգացողություն ունեմ, ասես Հայաստանը իմ մեծ տունն է, հայ ժողովուրդը` իմ մեծ ընտանիքը: Ինձ անասելի ապահով եմ զգում, պաշտպանված, ուժեղ, նաեւ` պատասխանատու ու պարտավորված յուրաքանչյուր անծանոթ հայի համար, սա նույնպես նոր զգացողություն է: Այսինքն` ինչ ստացել եմ, պատրաստ եմ տալ ուրիշներին: Ու այսպես զգալը, այսպես ապրելը մեծ բախտավորություն է:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

hayzinvor.am

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25