Բաքուն կենտրոնացնում է իշխանությունը Նախիջևանում. ինչ է փոխվում

17.07.2026 11:53
333

Նախիջևանը կորցնում է ինքնավարությունը՝ ամբողջությամբ ենթարկվելով Բաքվին։ Ադրբեջանական էքսկլավը, որը դեռ պահպանում է ինքնավարության պաշտոնական կարգավիճակը, փաստացի հավասարվում է Ադրբեջանի մյուս վարչական միավորներին։ Նախիջևանի քաղաքական ինստիտուտները այլևս ինքնուրույն չեն, ձևական բնույթ են կրում, փոխարենը տեղում կառավարում է Ադրբեջանի նախագահի նշանակած լիազոր ներկայացուցչությունը, որը Նախիջևանի գլխավոր  քաղաքական մարմինն է։

Վերջին տարիներին Բաքուն հատուկ ուշադրություն է դարձրել Նախիջևանին, որը սահմանակցում է Հայաստանին, Թուրքիային և Իրանին։ 

Ադրբեջանի նախագահի հրամանագրերն ու Միլլի Մեջլիսի օրենսդրական նախաձեռնությունները միտված են եղել Նախիջևանի կարգավիճակի պարզեցմանը և Բաքվի ուղղակի ենթակայության տակ դնելուն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա հունիսի 29-ի հրամանագրերով ավելի մեծացրեց Նախիջևանի հատուկ ներկայացուցչության լիազորությունները։ Մարմինը, որը տեղում փաստացի իշխանություն է 2022-ին տեղի ունեցած խորքային փոփոխություններից հետո, այժմ պաշտոնապես ստացել է 1-ին կարգի պետական մարմնի կարգավիճակ։ Այն օժտված է պետական զինանշանի պատկերով կնիքով, պետական գույքով, ֆինանսական որոշակի ինքնուրույնությամբ և այլն։ Բացի այդ, մարմինը Ադրբեջանի նախագահին տրամադրելու է ռազմավարական բնույթի առաջարկներ՝ Նախիջևանի Գերագույն խորհրդի (խորհրդարանի) ցրման, նստաշրջանների հրավիրման և Նախարարների կաբինետին նոր հանձնարարականներ տալու հարցերում։

Ադրբեջանի նախագահի անմիջական ենթակայության տակ գտնվող ներկայացուցչի այս լիազորությունները այնքան էլ նուրույթ չեն․ սրանք հավելյալ օրենքով լրացնում են Ադրբեջանի իշխանությունների նախորդ որոշումները, որոնք էականորեն փոխել են Նախիջևանի կառավարման մոդելն ու մեծացրել կենտրանական իշխանությունների դերը։

Նախիջանի կառավարման փոփոխությունները 

2025-ի հունիսին Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ օրենք, որը փաստացի վերացրեց Նախիջևանի ինքնավարությունը՝ նրա Սահմանադրությունից հանելով և վերափոխելով մի շարք հոդվածներ։ 

Սահմանադրական օրենք նախագծով՝ Նախիջևանի Սահամանադրության նախաբանից հանվել է վարչական միավորի ինքնավարությունը ամրագրող 1921-ի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը։ Փոխարենը դրանում արձանագրվել է Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մաս լինելու ու Նախիջևանի կարգավիճակը Ադրբեջանի Սահմանադրությունից բխեցնելու մասին դրույթները։

Փաստաթղթում արձանագրվել է նաև լիազոր ներկայացուցչության դերը, որին շնորհել է Նախիջևանում Ադրբեջանի նախագահի հանձնարարականները կատարող անմիջական գործադիր մարմնի կարգավիճակ։ Իսկ Նախիջևանի Գերագույն խորհրդի ղեկավարը զրկվել է ինքնավարությունում ամենաբարձր պաշտոնատար անձ լինելու կարգավիճակից։ 

Բացի այդ, Ադրբեջանի նախագահի անմիջական վերահսկողությամբ է համակարգվելու գործադիր իշխանության ղեկավարների նշանակումն ու Նախիջևանի տեղական նախարարների աշխատանքները։ Ադրբեջանի նախագահը լծակներ է ստացել նաև Նախիջևանի Գերագույն խորհրդի ընտրությունների նշանակման, նիստեր հրավիրելու և խորհրդարանը ցրելու հարցերում։

Ուժային պայքար Նախիջևանում

Նախիջևանի քաղաքական համակարգի խորքային փոփոխությունները սկսվեցին 2022-ի վերջերին, երբ Բաքուն, իշխանությունից հեռացնելով 1995-ից Նախիջևանը ղեկավարած Վասիֆ Թալիբովին, իր լիազոր ներկայացուցչին գործուղեց այնտեղ։

Թալիբովի կառավարման ժամանակ Նախիջևանի պետական կառույցներից շատերը ձևական էին միայն ենթարկվում Բաքվին, բացառությամբ՝ Զինված ուժերի։

Թալիբովի և նրա շրջապատի նկատմամբ հետապնդումները այդ ժամանակ շատերը կապեցին Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունների կենտրոնաձիգ քաղաքականություն վարելու, երկրում որևէ ինքնավարության կարգավիճակ չհանդուրժելու, ինչպես նաև Նախիջևանը օտար ազդեցություններից զերծ պահելու մտադրությամբ։ Ադրբեջանական քարոզչական և փորձագիտական հարթակները Թալիբովին մեղադրում էին նաև Ռուսաստանի, Իրանի հետ սերտ շփումների և հնարավոր գործարքների մեջ։

Թալիբովի դեմ արշավը ուղեկցվեց նաև ներքաղաքական պայքարի՝ էլիտաների միջև պայքարի քննարկումներով։ Հատկապես հաշվի էր առնվում «նախիջևանյան կլանի» գործոնը։ Մատնանշվում էր այն, որ Թալիբովը, սերելով   Նախիջևանից, Հեյդար Ալիևի վստահելի համախոհներից էր։ Այդ համատեքստում էր դիտարկվում նաև Ադրբեջանի երկարամյա գորշ կարդինալ, նույն «կլանի» ներկայացուցիչ և կրկին Հայր Ալիևի վաղեմի գործընկեր և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհդիևի  պաշտոնաթողության գործընթացը։ Նա ներկայում մեղադրվում է պետական դավաճանության մեջ։

Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի գործոնը

Նախիջևանի կարգավիճակի ակունքները գալիս են 1920-ականներից՝ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերից, որոնք մինչև օրս չեն կորցրել իրավական ուժը։ Այդ պայմանագրերով Նախիջևանը ինքնավար տարածքի կարգավիճակով դրվում էր Ադրբեջանի խնամակալության ներքո, և միայն հետո՝ 1924-ին, Խորհրդային կուսակցական որոշումներով, այն ընդունեց Ինքնավար Հանրապետության կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում։

Մոսկվայի ու Կարսի պայմանագրով են Կովկասում ամրագրվել Քեմալական Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի միջև սահմանները։

Նախիջևանում ընթացող փոփոխությունները պատմականորեն նոր ստատուս քվո են ստեղծում երկրամասի համար՝ հարցեր առաջացնելով, թե որքանով են դրանք համապատասպանում վերոնշյալ պայմանագրերի տրամաբանությանն ու Ռուսաստանի ու Թուրքիայի շահերին։ 

Մոսկվան և Անկարան պաշտոնապես և ոչ պաշտոնապես դեռ չեն արձագանքել այս զարգացումներին։

Գնահատվեցին գրադարանավարները

07.10.2026 21:20

Փեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համար

07.10.2026 17:30

Քիչ առաջ վերադարձանք Կոզեն աղբյուրից. 1983 թ. հոկտեմբերի 7-ին այդտեղ է հողին հանձնվել Հայոց մեծ սպարապետ, Սյունիքի ազատարար Գարեգին Նժդեհի մասունքների մի մասը

07.10.2026 16:24

Խորհրդակցություն Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ

07.10.2026 15:53

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

07.10.2026 15:15

Ցերեկույթ Կապանում` նվիրված աշխարհահռչակ հայագետ և բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցին

07.10.2026 15:03

Սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

07.10.2026 14:47

ԶՊՄԿ-ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին

07.10.2026 14:22

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

07.10.2026 14:05

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Չերնիգովի մարզի բնակելի հինգհարկանի շենքին․ կա 5 զոհ և 26 վիրավոր

07.10.2026 14:01

Սոչիում և Սիրիուսում փակել են լողափերը՝ մինչև 100 000 տոննա նավթ տեղափոխող լցանավի հրդեհի պատճառով

07.10.2026 12:30

Նոյեմբերի 1-ից կթանկանան Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու տուրքերը

07.10.2026 12:19