Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38
73

Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացված՝ «Բարձրագույն կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է սահմանել բարձրագույն կրթության կազմակերպման միասնական կարգ՝ ներառելով բուհերի ընդունելության, ուսումնառության կազմակերպման, ուսանողների տեղափոխման, ակադեմիական շարժունության, ուսանողական իրավունքների վերականգնման և դիպլոմների տրամադրման հետ կապված հարցերը։

Ե՞րբ կգործի ընդունելության նոր համակարգը

Նախագծի համաձայն՝ բարձրագույն կրթության առաջին մակարդակի, ինչպես նաև առաջին և երկրորդ մակարդակների ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության նոր մեխանիզմները նախատեսվում է կիրառել 2030-2031 ուսումնական տարվանից։

Նոր կարգավորմամբ ընդունելության և մրցույթի կազմակերպման իրավասությունները վերապահվում են բուհերին։ Դրանք պետք է սահմանեն և հրապարակեն ընդունելության կարգը, պահանջներն ու գնահատման մեթոդաբանությունը՝ համապատասխան ուսումնական տարվանից առնվազն երեք տարի առաջ։

Ընդունելության պահանջները կարող են ներառել հանրակրթության ավարտական փաստաթղթի միջին գնահատականին ներկայացվող պահանջ, մոտիվացիոն նամակ, ներբուհական քննություն, հարցազրույց, ինքնակենսագրության կամ պորտֆոլիոյի գնահատում, կամավորության պահանջ, ինչպես նաև դրանց տարբեր համադրություններ։

«Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից գնահատումը պարտադիր կլինի

Նախագծով նախատեսվում է, որ բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները պետք է ունենան «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրեր։

Նույն պահանջը կգործի նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն Հայաստանի հանրակրթական ծրագրերով ուսումնառած անձանց համար։

Ի՞նչ այլ հարցեր կկարգավորվեն

Նախագծով սահմանվելու են նաև՝

բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակներում ընդունելության ընդհանուր պայմանները և արտաքին գնահատման կարգը,
լրիվ և մասնակի բեռնվածությամբ, ինչպես նաև հեռավար ուսումնառության կազմակերպման սկզբունքները,
կրթական ծրագրերի ուսուցման և ակադեմիական արձակուրդի տևողությունների ուղղորդիչները,
օտարերկրյա բուհերի շրջանավարտների ընդունելության և օտարերկրյա բուհերից տեղափոխության կարգը,
ուսանողների ակադեմիական շարժունության, բուհերի և կրթական ծրագրերի միջև տեղափոխության պայմաններն ու սահմանափակումները,
ուսումնառության ընդհատման և ուսանողական իրավունքների վերականգնման սկզբունքները,
որակավորումները հավաստող դիպլոմների և դրանց հավելվածների ձևերը։

Նախագծում, ըստ հիմնավորման, շեշտադրվում են ընդունելության և ուսանողների տեղափոխության գործընթացների թափանցիկության, հավասարության ու մրցակցայնության սկզբունքները՝ միաժամանակ պահպանելով բուհերի ակադեմիական ինքնավարությունը։

Ինչո՞ւ է առաջարկվում նոր կարգը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց նպատակներից են պետական բուհերի խոշորացումը, կրթության որակի բարձրացումը և միջազգային մրցունակության ընդլայնումը։

Մինչև 2030 թվականը նախատեսվում է հասնել այն նպատակին, որ բուհերի միջազգային դասակարգման ցանկերի առաջին 500-յակում ընդգրկված լինի առնվազն չորս բուհ՝ անկախ դրանց հիմնադրից։ Նախատեսվում է նաև կրթական ծառայությունների որակի բարձրացման միջոցով առնվազն կրկնապատկել միջազգային ուսանողների թիվը։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել սովորողակենտրոն և մասնակցային կրթական համակարգ։ Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նշենք, որ խոսքը կառավարության որոշման նախագծի մասին է։ Հետևաբար՝ ներկայացված կարգավորումները դեռևս առաջարկվող փոփոխություններ են, ոչ թե գործող կարգավորումներ։

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39