Բենիամին Պողոսյան. «Դավիթբեկ գյուղը եղել է դարեր շարունակ, կա եւ պիտի լինի ընդմիշտ. դրան էլ միտված է ամենքիս ջանքը»

27.11.2020 10:32
52217

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, եւ դա նրա թերություններից մեկն է, ասել է իմաստուններից մեկը։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը (1992-1994 թթ.) Կապանի տարածաշրջանում սկսվեց 1992-ի փետրվարին` Ադրբեջանի Կուբաթլուի շրջանից Դավիթբեկ գյուղը ծանր հրետանիով հրետակոծության ենթարկելով։ Մերօրյա պատերազմում եւս մարզի` թշնամու կողմից քանիցս թիրախավորված գյուղը դարձյալ Դավիթբեկն էր, որը մարտական գործողությունների իսկական թատերաբեմ դարձավ։ 
Հայրենի եզերքը պաշտպանելու համար ոտքի ելավ ամբողջ գյուղը, ոտքի ելավ Կապան քաղաքը, ոտքի ելան մերձակա գյուղերը:
Այդ ամենը (եւ ոչ միայն Դավիթբեկում) հրաշալիորեն համակարգում էր Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը. մեր ունեցած տեղեկություններով՝ ժամերի ընթացքում նա կարողանում էր լուծել Ադրբեջանի հետ Կապան համայնքի ունեցած մի քանի տասնյակ կմ երկարությամբ սահմանում տեղաբաշխված դիրքերում ծագող հարցերը՝ հատկապես մարդկային եւ նյութական ռեսուրսներին, ինչպես եւ տեխնիկական միջոցներին առնչվող:
Եվ, այդուհանդերձ, տեղում պետք է լիներ մեկը, որ բոլորի ջանքերը ճիշտ հուն մղեր, որ գյուղին տեր կանգներ, իր վարքով ոգեշնչեր-վարակեր համագյուղացիներին, կանանց եւ երեխաներին կազմակերպված ձեւով թիկունք տեղափոխեր, ամրաշինական կառույցների համար նպաստավոր տեղեր ընտրեր, օգնության եկող կապանցիներին ընդուներ եւ ուժերը ճիշտ տեղաբաշխեր:
Պետք է լիներ մեկը, ով խելամտորեն կհամագործակցեր գյուղի ինքնապաշտպանական ջոկատի փառապանծ հրամանատար, գնդապետ ու ֆիդայապետ Արթուր Մարտիրոսյանի հետ՝ ծագող դժվարությունները ժամ առաջ հաղթահարելու, առկա ուժերը նպատակասլաց օգտագործելու համար:
Եվ այդ մեկը գյուղի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանն էր:
1978 թվականին ծնված, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում բարձրագույն կրթություն ստացած, երեք զավակի հայր այդ երիտասարդը երկու տարի է, ահա, Դավիթբեկ գյուղի վարչական ղեկավարն է: Սակայն ճակատագիրը նրան նոր անակնկալներ մատուցեց 2020 թ. սեպտեմբերի 27-ից, երբ ադրբեջանաթուրքական զավթիչները պատերազմ սանձազերծեցին հայոց դեմ: Եվ նա արժանապատվորեն ընդառաջ գնաց ճակատագրին…
Դավիթբեկ գյուղի պատերազմական օրերի եւ դրան հաջորդած զարգացումների մասին է զրույցը Բենիամին Պողոսյանի հետ:
- Պարոն Պողոսյան, կխնդրեինք ներկայացնել այն դրությունը, որ պատերազմական իրավիճակով ստեղծվել է Դավիթբեկում. առաջին հրետակոծությունները, գյուղացիների կրած վնասները…
- Ի սկզբանե չէինք սպասում, որ պատերազմը նման սցենար կունենա, որ հակառակորդն այդքան կմոտենա մեր բնակավայրի սահմաններին, բայց այդ միտումները հոկտեմբերի 10-ից նկատվում էին։ Մենք իջանք գյուղի սահմաններից հինգ կիլոմետր ներքեւ եւ դիրքավորվեցինք հոկտեմբերի 17-ին։ Բայց իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ հետ եկանք գյուղի սահմանը, ավելի ստույգ` Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 
Հոկտեմբերի 19-ին զենք ստացանք, ջոկատ կազմավորեցինք, իսկ ամսի 21-ից սկսեցինք ինժեներական-ամրաշինական աշխատանքները, ինչն իրականացնելու համար մեզ մեխանիզմ հատկացրին։ Հոկտեմբերի 22-ին հակառակորդն առաջին անգամ հրետակոծեց մեր ուղղությամբ, արկերը հասան գյուղի մատույցները։ 24-ին արդեն արկերը հասան գյուղին, ընդ որում՝ մի քանիսը պայթեցին գյուղի գերեզմանա

տանը` վնաս հասցնելով հուշարձաններին եւ գերեզմանները երիզող պատերին։ Ամսի 29-ին արդեն գյուղը հրետակոծվեց. բարեբախտաբար առանձնատները քիչ տուժեցին։ Իսկ նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ամենաուժգին հրետակոծությունը։ Արկերը հարվածեցին մեքենաներին, տներին, խաղաղ բնակիչ զոհվեց, երկու հոգի վիրավորվեց։ Եղան նաեւ խոշոր եղջերավոր անասունների եւ խոզերի կորուստներ…
Ասեմ, որ գյուղի ինքնապաշտպանությանը մինչ այդ արդեն միացել էին կամավորներ Կապանից, Սեւաքարից, Չափնիից, այլ բնակավայրերից։ Մի խոսքով` գյուղում լարված վիճակ էր մինչեւ նոյեմբերի 9-ի զինադադարի հաստատումը։
- Կարելի՞ է իմանալ, թե գյուղի սահմանը ներկայումս կրակագծից քանի կիլոմետր հեռավորությամբ է գտնվում։
- Միջինը 1.5 կիլոմետր։
- Այդ օրերին Դավիթբեկում քանի՞ զոհ եղավ։
- Եթե չեմ սխալվում՝ վեց զոհ։ Նրանք են` Մարտիկ Ավետիսյան, Դավիթբեկի բնակիչ (1960 թ. ծնված), կամավորական Դավիթ Հովհաննիսյան` Կապան քաղաքի բնակիչ, Մանուկ Պողոսյան (1992 թ. ծնված), կամավորական Հայկ Դանիելյան (2002 թ. ծնված), Սարգիս Գրիգորյան (1996 թ. ծնված), կամավորական Արմեն Բեգլարյան (2000 թ. ծնված)։ Եղավ նաեւ 15 վիրավոր` թե՛ համայնքի բնակիչներից, թե՛ կամավորներից։
- Ինչպես տեսնում ենք, հոկտեմբերի կեսից Դավիթբեկը հայտնվեց ռազմական իրադարձությունների կիզակետում։ Ինչպե՞ս ապահովվեց գյուղի խաղաղ բնակչության անվտանգությունը։
- Կազմակերպված ձեւով կանայք եւ երեխաները տարհանվեցին Դավիթբեկից։ Գյուղում մնացին միայն տղամարդիկ։ Հոկտեմբերի 26-ից, 27-ից կանայք այլեւս այստեղ չէին, մնացել էին նրանք, ովքեր սնունդ էին պատրաստում դիրքապահների համար։
- Իսկ հիմա ինչպիսի՞ն է բնակավայրի եւ մերձակա տարածքների օպերատիվ վիճակը։
- Կարելի է ասել` հարաբերական անդորր է։
- Ինչպե՞ս եք գնահատում դիրքապահների ոգին, տրամադրությունը։
- Մարտական, կարծում եմ` կարող ենք դիմակայել հակառակորդի ոտնձգություններին, եթե դրա անհրաժեշտությունը նորից զգացվի։
- Իսկ որքա՞ն տարածություն են հսկում դիրքապահները։
- Ստույգ թիվ դժվար է ասել, ասենք` տասը կիլոմետր։
- Նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրից հետո գյուղը վերադառնո՞ւմ է բնականոն կյանքին։
- Այո, կարելի է ասել, որ տարհանվածներն աստիճանաբար վերադարձել են։
- Կուզենայինք լսել Ձեր խոսքը Կապանի համայնքապետարանի կողմից հրետակոծությունների հետեւանքները վերացնելուն միտված գործողությունների մասին։
- Համայնքապետ Գեւորգ Փարսյանը  հատկապես պատերազմական օրերին շատ ուշադիր է եղել Դավիթբեկի խնդիրների հանդեպ, ջանում էր, որ պաշտպանությունը պատշաճ կազմակերպվի, որ մարդկային, նյութական, նաեւ զինական ռեսուրսի կարիք չզգացվի: Հիմա էլ ձգտում է, որ շուտ վերացվեն հրետակոծության հետեւանքները։ Չափագրումների, վնասների գնահատման մեծ մասն արվել է… 
- Դավիթբեկում գործում է կամավորական ջոկատ, որ ղեկավարում է պահեստազորի գնդապետ Արթուր Մարտիրոսյանը, կուզենայինք լսել այդ մասին։
- Պահեստազորի գնդապետ Արթուր Մարտիրոսյանը լավագույնս կազմակերպեց ինքնապաշտպանական ջոկատի գործունեությունը. հարգանք նրան… Նաեւ ստանձնել էր զենք-զինամթերքով դիրքայիններին ապահովելու, կազմակերպական այլ հարցեր լուծելու պատասխանատու գործը, ինչը նրան հաջողվեց։ Նա մարտական մեծ ճանապարհ է անցել դեռեւս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այս պահին էլ մարտիկների հետ է` իր հրահանգով եւ խորհուրդներով, տարիների փորձով:
- Ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի 9-ին կնքված հայտնի համաձայնագիրը։
- Եթե ամեն ինչ այսպիսի ավարտ պիտի ունենար, ապա ինչո՞ւ շուտ չկանխվեց արյունահեղությունը… Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, առաջին օրերից արդեն պարզ էր մեր վիճակը, մի բան էր դժվար հասկանալ՝ ամեն օր հայտարարում էին, թե հաղթում ենք, բայց չէր երեւում այդ հաղթանակը, տարածք տարածքի հետեւից կորցնում էինք, նույնիսկ մեր գյուղից պարզորոշ երեւում էր, թե ինչ է կատարվում Կուբաթլուի տարածքում, մեզ այլ տեղեկատվություն պետք չէր։ Թուրքը հասել էր Հայաստանի սահմանին, մինչդեռ պաշտոնական տեղեկատվությունը հայտնում էր, թե հաղթելու ենք…
- Բավականին երիտասարդ ղեկավար եք, պատերազմական վիճակն արդյո՞ք չշփոթեցրեց Ձեզ, կարողացա՞ք կողմնորոշվել նոր ստեղծված իրավիճակում։
- Ամենակարեւորը՝ չվախեցանք, խուճապի չմատնվեցինք նույնիսկ նոյեմբերի 2-ի սոսկալի հրթիռակոծումից հետո. ուրիշ տարբերակ չկար, անպայման պիտի մտածեինք, որ քիչ կորուստներ ունենանք եւ գյուղը պաշտպանենք։ Սկզբի օրը, դա հոկտեմբերի 19-ն էր, բնական է, մի քիչ անսպասելի էր. գիշերը զանգահարեցի համայնքապետին եւ գնացի զենք ստանալու։ Այդ օրն էի մի քիչ կաշկանդված, շփոթված, բայց աստիճանաբար ամեն ինչ իր տեղն ընկավ։ Այդ նույն գիշերն էլ դիրքավորվեցինք… Փա՜ռք Աստծո, հիմա ծագած խնդիրներն օպերատիվորեն լուծվում են։ Յուրաքանչյուր մարտիկ գիտի իր անելիքը. ուրախալի է տեսնել նրանց պատասխանատվության զգացումը։
Ոգեւորիչ է նաեւ գյուղացիների տրամադրությունը՝ ամեն մի դավիթբեկցի հակված է մինչեւ վերջ տեր կանգնել հայրենի գյուղին: Բոլորիս նշանաբանը մեկն է՝ Դավիթբեկ գյուղը եղել է դարեր շարունակ, կա եւ պիտի լինի ընդմիշտ. դրան էլ միտված է ամենքիս ջանքը:

Զրույցը` Սամվել Ալեքսանյանի եւ Վահրամ Օրբելյանի

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25