Արցախից բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիների համար բնակարանային հարցը շարունակում է մնալ ամենասուր սոցիալական խնդիրներից մեկը Հայաստանում։ ՀՀ կառավարությունը հայտարարեց բնակապահովման լայնածավալ ծրագրի մասին, որը պետք է ապահովեր մարդկանց բնակարանային երկարաժամկետ կայունություն, սակայն դրանց կիրառման ընթացքում ի հայտ եկան կառուցվածքային մի շարք խնդիրներ, որոնք առավելապես ազդում են փոքր կազմով ընտանիքների վրա։
Վերջին ամիսներին այս խնդիրները բարձրաձայնվել են նաև քաղաքացիական հասարակության կողմից։ Մասնավորապես, «Փախստականների երևանյան խորհուրդը» հանդես է եկել առաջարկություններով՝ վերանայելու գործող կարգավորումներն ու դրանք ավելի իրատեսական դարձնելու նպատակով։
Այսօր գործող բնակապահովման ծրագիրը ձևավորվել է ՀՀ Կառավարության «2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման», «2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման» և «2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշման» հիման վրա, որոնք սահմանում են շահառուների շրջանակը, աջակցության ձևերն ու կիրառման մեխանիզմները։ Այս իրավական ակտերի համաձայն՝ ծրագիրը, թվում է, նպատակ ունի ոչ միայն բնակարան տրամադրել, այլև նպաստել արցախցիների սոցիալական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանում, սակայն գործնականում այլ խնդիրներ են առաջանում։
Շահառու են համարվում այն ընտանիքները կամ առանձին անձինք, որոնք բռնի տեղահանվել են Արցախից և փաստացի բնակվում են ՀՀ-ում։ Կարևոր առանձնահատկությունն այն է, որ ծրագրի շրջանակում «ընտանիք» է համարվում նույնիսկ մեկ անձը, իսկ աջակցության չափը հաշվարկվում է ոչ թե կարիքի, այլ անդամների թվի հիման վրա։
Ծրագիրը նախատեսում է մի քանի հիմնական ուղղություն՝ բնակարանի ձեռքբերման հավաստագրեր, անհատական տան կառուցման ֆինանսավորում և հիփոթեքային վարկերի սուբսիդավորում։
Թղթի վրա այս գործիքները ընտրության լայն հնարավորություն են տալիս։ Սակայն իրական կյանքում ընտրությունը հաճախ սահմանափակվում է ֆինանսական կարողություններով և հայաստանյան շուկայի թելադրած պայմաններով։
Օրինակ՝ հավաստագրի չափը հաշվարկվում է ընտանիքի անդամների թվով, բայց իրականում նույնիսկ մեծ ընտանիքներին տրամադրվող գումարը հաճախ չի բավարարում արժանապատիվ պայմաններով բնակարան ձեռք բերելու համար, առավել ևս՝ փոքր ընտանիքների դեպքում, որոնց հասանելի աջակցությունը զգալիորեն ավելի սահմանափակ է։
Փոքր կազմով ընտանիքները՝ միայնակ անձինք, երիտասարդ կամ տարիքն առած զույգերը, մեկ երեխա ունեցող ընտանիքները, առավել հաճախ են բախվում ծրագրի սահմանափակումներին։
Անշարժ գույքի շուկայում, նույնիսկ մարզերում, բնակարանների գները մեծամասամբ գերազանցում են այն գումարը, որը հասանելի է փոքր ընտանիքներին։ Արդյունքում, նրանք կանգնում են լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտության առաջ։
Թեև ծրագիրը նախատեսում է հիփոթեքային աջակցություն, բայց շատ շահառուներ չեն կարողանում օգտվել դրանից՝ չունենալով կայուն եկամուտ կամ բավարար վարկունակություն։ Սա հատկապես վերաբերում է այն անձանց, որոնք նոր են տեղավորվում աշխատաշուկայում կամ նախկինում ունեցել են չմարված վարկ Արցախում թողած գույքի ձեռքբերման համար։
Ծրագրի ներկայիս տրամաբանությունը փաստացի ստեղծում է անհավասարություն․ նույն սոցիալական վիճակում գտնվող երկու ընտանիքներ կարող են ստանալ էապես տարբեր աջակցություն միայն անդամների թվի պատճառով։
ՀՀ կառավարությունը, գիտակցելով փոքր կազմով ընտանիքների՝ առկա ծրագրից օգտվելու անհնարինությունը, որոշել է որպես այլընտրանք գործարկել նոր ծրագիր, որով նախատեսվում է վերջիններիս կացարանով ապահովման համար տրամադրել վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցում։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների համար վարձակալության վճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության ծրագիրը կմեկնարկի 2026-ի հուլիսի 1-ից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անցյալ շաբաթ «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկմանը նշեց. «Փոքր ընտանիքների համար մշակել ենք ծրագիր, առնվազն 10 տարով՝ 40,000 դրամի չափով յուրաքանչյուր քաղաքացու համար եթե նրանք կհրաժարվեն հավաստագիր վերցնելուց, բայց միևնույն ժամանակ կգրանցվեն մեր սոցիալական բնակարանների հերթացուցակում: Եթե մենք ունենանք սոցիալական բնակարան հենց այդ պահին՝ կառաջարկենք: Եթե չենք ունենա, նրանց կտանք այդ մասնակի փոխհատուցումը, մինչև այն պահը, երբ կունենանք սոցիալական բնակարան, որովհետև նաև մեր ուրիշ քաղաքականությունների շրջանակներում զբաղվում ենք սոցիալական բնակարանային ֆոնդի զարգացմամբ»:
Ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր անձի համար ամսական 40,000 դրամ։ Սա նշանակում է՝ մեկ անձ՝ 40մ000 դրամ, երկու անձ՝ 80,000 դրամ և երեք անձ՝ 120,000 դրամ։ Թեև այս մոտեցումն առաջին հայացքից արդար է, այն իրականում անտեսում է շուկայի հիմնական տրամաբանությունը՝ բնակարանի գինը պայմանավորված չէ ընտանիքի անդամների թվով։
Հայաստանի անշարժ գույքի շուկայում 40,000, 80,000, հաճախ նույնիսկ 120,000 դրամ վարձավճարով տուն գտնելը վերջին տարիներին դժվար է պատկերացնել։ Հատկապես Երևանում կամ մեծ քաղաքներում այս գումարը գրեթե չի ազդում վարձավճարի վրա։ Սա նշանակում է, որ հենց ամենախոցելի խմբերից մեկը՝ միայնակ, տարեց անձինք կամ երիտասարդ ընտանիքները ստեղծված ծանր պայմաններում նվազագույն աջակցություն են ստանում։
Վարձավճարի փոխհատուցման մասին որոշման մեջ նշվում է, որ ծրագիրը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք «չեն ցանկացել օգտվել» բնակարան ձեռք բերելու ծրագրից։
Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Խնդիրը ոչ թե ցանկության, այլ հնարավորության բացակայությունն է, վստահեցնում են շահառուները։
2023-ին Արցախից բռնի տեղահանված Սվետլանա Մակարյանի ընտանիքը կազմված է երեք անդամից՝ ինքը, ամուսինը և տարեց մայրը։ Տեղահանումից հետո հաստատվել են Աբովյան քաղաքում, որտեղ արդեն հարմարվել են և նույն քաղաքից կամ շրջակա գյուղերից ցանկանում են բնակարան կամ տուն ձեռք բերել։ Աբովյանը 4 մլն դրամի սերտիֆիկացման գոտում է, հետևաբար 3 հոգու համար նրանց տրամադրվում է 12 միլիոնի սերտիֆիկատ։ Նախքան ծրագրին դիմելը ուսումնասիրել են տեղի շուկան և հասկացել, որ նշված գումարով անշարժ գույք ձեռք բերել չեն կարող, տրամադրվող գումարին անձնական միջոցներ ավելացնել՝ ևս։
«Ես ու ամուսինս աշխատում ենք Երևանում և մեզ համար հարմար է ամեն օր Աբովյանից գնալ աշխատանքի։ Արդեն հարմարվել ենք, տեղահանությունից հետո այստեղ ենք ապրում։ Ավելի հեռու տեղ ապրել չենք կարող, որովհետև մեր օրվա ապրուստը վաստակում ենք այդ աշխատանքով։ Բնակարան սկսել ենք փնտրել դեռ մինչև հերթը կհասներ մեր խմբին, բայց 12 միլիոնի սահմաններում որևէ տարբերակ մինչ օրս չենք գտել»,- նշում է Ս․ Մակարյանը։
Ստացվում է այնպես, որ մարդիկ դուրս են մնում ծրագրից ոչ թե իրենց ցանկությամբ կամ ընտրությամբ, այլ դրանից օգտվելու անհնարինությամբ։
Մեկ այլ վիճահարույց դրույթ վերաբերում է շահառուների տարիքային չափանիշներին։ Ըստ գործող կարգավորման՝ մինչև երեք անդամ ունեցող ընտանիքները կարող են օգտվել ծրագրից միայն այն դեպքում, եթե ընտանիքը բաղկացած է միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 և ավելի տարեկան անդամներից, ինչպես նաև այն դեպքում, եթե նրանց տարիքների հանրագումարը կազմում է առնվազն 115 տարի՝ երկու անդամի դեպքում, և 175 տարի՝ երեք անդամի դեպքում։
«Մենք չենք ուզում, որ երիտասարդ ընտանիքները զրկվեն սեփական տուն ունենալու հնարավորությունից: Եթե մենք 1-3-հոգանոց ընտանիքների համար սերտիֆիկատը ոչ թե 3, 4, 5 մլն դնենք, այլ 6, 7, 8, ապա արհեստականորեն գեներացնելու ենք ընտանիքների տրոհում: Ընդհուպ մինչև կին-ամուսին բաժանվելու են, որպեսզի մեծ թվով սերտիֆիկատից օգտվեն: Ժողովրդական լեզվով ասած՝ ունքն ուղղելու փոխարեն, աչքը չպետք է հանել»,- նույն ելույթում ասել է Արսեն Թորոսյանը:
Սակայն այս մոտեցումը, ըստ փորձագետների, արհեստական սահմանափակումներ է ստեղծում։ Օրինակ՝ միայնակ մայրը երկու երեխաների հետ դուրս է մնում ծրագրից միայն այն պատճառով, որ չի հասնում այդ տարիքային շեմին՝ չնայած ակնհայտ սոցիալական խոցելիությանը։
Ծրագրի մեկ այլ կետով նախատեսվում է, որ շահառուն պետք է ներկայացնի վարձակալության պայմանագիր, իսկ վարձատուի տվյալները ստուգվում են հարկային մարմինների կողմից։ Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանում վարձակալության շուկայի մեծ մասը գործում է ոչ ֆորմալ դաշտում։ Շատ վարձատուներ հրաժարվում են պայմանագիր կնքել՝ հարկերից խուսափելու պատճառով։
Այս պայմաններում առաջանում է երկու խնդիր՝ ընտանիքները դժվարությամբ են գտնում համաձայնող վարձատուի, իսկ գտնելու դեպքում վարձը հաճախ բարձրանում է՝ հարկային բեռը փոխանցելով վարձակալին։
Ծրագրով նախատեսվում է աջակցություն տրամադրել մինչև 120 ամիս (10 տարի) ժամկետով։ Սակայն որևէ մեխանիզմ չի նախատեսվում, որը հաշվի կառնի վարձակալության գների աճը։ Այսինքն՝ այն գումարը, որը նույնիսկ այսօր բավարար չէ, մի քանի տարի անց կարող է ամբողջությամբ կորցնել իր նշանակությունը։
Արդյունքում ունենք անիրատեսական և թերի աշխատող ծրագիր, իսկ արցախցիների խնդիրները չեն սպասում։
Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագիրը կարևոր և անհրաժեշտ քայլ է։ Սակայն դրանց ներկայիս կառուցվածքը լիարժեք չի արտացոլում շահառուների իրական կարիքները։
Ուստի առաջարկվում է վերանայել գործող կարգավորումները՝ դրանք ավելի արդար և իրատեսական դարձնելու համար։ Մասնավորապես.
Եթե պետությունը նպատակ ունի ապահովել ոչ թե ձևական, այլ իրական աջակցություն, ապա ծրագրերի վերանայումը՝ հաշվի առնելով մասնագիտական և քաղաքացիական առաջարկությունները, դառնում է ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ քայլ։