Բժշկուհի Ռայա Ադամյանը…

07.08.2018 16:21
2272

Մտիր ցանկացած գորիսեցու տուն եւ բժշկուհի Ռայա Ադամյանի անունը տուր: Ժպիտ կտեսնես բոլորի դեմքին, ուրախություն, միաժամանակ՝ հպարտություն: Ու  միաբերան բոլորն այսպես են արտահայտվում նրա մասին՝ բժշկուհին կանանց Աստվածն էր: Այսինքն, կանանց համար Աստծուց հետո  նա էր՝ Ռայա Ադամյանը, գինեկոլոգ բժիշկ Ռայան: Հիպոկրատի երդվյալը, ով դժվարին պահին, մինչ արյան փոխներարկման կայանից արյունը կհասցնեին,  մտել է սեփական երակը,  սեփական արյունը ներարկել հիվանդին ու իր արյունով երկու մարդու կյանք փրկել: «Ու թե ոսկե ձեռքեր անվամբ մրցանակաբախշություն լիներ, չենք կասկածում, բոլորը բժշկուհի Ռայայի օգտին կքվեարկեին», -ասում են կանայք ու տղամարդիկ: Ու նաեւ նրանց երեխաները: Տասնյակ երիտասարդ տղաներ ու աղջիկներ մոտեցել-մոտենում են նրա տղաներին (գործի բերումով). տղաներից Արթուր Առաքելյանը Գորիսի արյան փոխներարկման կայանի ղեկավարն է, Արամ Առաքելյանը՝ քաղաքում հայտնի ատամնաբույժ, եւ ասում՝ ես    բժշկուհի Ռայայի փրկած աղջիկն եմ, նրա շնորհիվ լույս աշխարհ եկա,  2-րդն էլ ասում է՝ հայրս ու մայրս ինձ չէին ուզում, բայց բժշկուհին երկու ոտքը դրեց մի չմշկում՝ չեմ ընդհատի հղիությունը. այդ ընտանիքում վեց երեխա կար: Հիմա նրանք բոլորն էլ ապրում են արտասահմանում: Միայն ծնողների «չուզած»  երեխային չգայթակղեց արտասահմանը, մնաց ու նրանց ծերությանը  հիմա նա է նեցուկ: Ու ծնողները չեն մոռանում ամեն օր իրենց շնորհակալությունը հայտնել բժշկուհուն եւ փառք տալ Աստծուն, որ իրենց հանդիպեցրեց Ռայա Ադամյանին: 

Եվ գորիսեցիները հպարտություն են ապրում այն բանի համար, որ բժշկուհին իրենց համաքաղաքացին է եղել, նրան բարեւ-բարի լույս են ասել ու առել: 

Երբ էր օրը սկսվում եւ ավարտվում բժշկուհու համար: Օրերն իրարից բաժանման գիծ չունեին, սահման չունեին: Բժշկուհին միայն գիտեր, որ ինքն ապրում-աշխատում է օրվա մեջ: Եվ օրը դիմանում էր նրա ծանրաբեռնվածությանը, եւ օրը «բողոք» չէր ներկայացնում, որովհետեւ Ռայան   բոլորի համար էր, նա միայն իր ընտանիքինը չէր:  Եվ օրերի միջով անցնում էր բժշկուհի Ռայա Ադամյանը՝ օրերի էջերում  թողնելով իր կենսագրությունը, իր պատմությունը, իր մասին ասված ջերմ խոսքերը, հազար-հազար օրհնանքները: Եվ օրերը դարձան նրա կենսագիրը, նրա կյանքի ու աշխատանքի վավերագրերը:  Ու նրա կյանքի յուրաքանչյուր էջը  խոսում է նրա մարդ-բժիշկ-մայր-ամուսին- բնկերուհի-հարեւան-բարեկամ լինելու մասին:

-Ինձ համար ծանր շրջան էր,- հիշում է Անի Միքայելյանը, - պառկած էի հիվանդանոցում: Հենց այդտեղ էլ ինձ համար  հայտնաբերեցի բժշկուհի Ռայային: Հմուտ բժշկուհի էր, արհեստավարժ, միաժամանակ՝ շատ խորաթափանց մարդ: Չնայած բոլոր ձեռնարկումներին, ջերմությունս չէր իջնում:  Բժշկուհին նայեց-նայեց ինձ ու թե՝ դու հիվանդանոցային պայմաններում բուժվող չես, գնա տուն:  Դուրս գրեց ինձ՝ արժանանալով ներկաների տարակուսած-զարմացած  հայացքներին, ախր ինչպե՞ս, հիվանդը... Սակայն այդ քայլը խելագարություն չէր բժշկուհու կողմից, այլ՝ խենթություն:  Գնացի տուն, չանցած կես ժամ, այլեւս ջերմություն չունեի: Այդպիսին էր Ռայա Ադամյանը, ով նաեւ հոգեբան էր ու կարողանում ներթափանցել նրանց ներաշխարհը: 

Բժշկուհին արիստոկրատ կնոջ մարմնացում էր, հագնում էր  մոդայիկ: 

Ռայա Ադամյանից հետո Գորիսի հիվանդանոցը հիմնանորոգվել է : Այդտեղ ոչ մի բան չի հիշեցնում նախկին հիվանդանոցը: Բայց զարմանալիորեն Ռայայի աուրան զգացվում է, նրա ներկայությունը՝ նույնպես :

-Մեզ թվում է՝ ուր որ է  կհայտնվի բժշկուհին՝ բարի, գեղեցիկ ժպիտով, հումոր կանի եւ կմտնի հիվանդասենյակներ,- բուժքույրերն են պատմում:

-Ես շատ եմ սիրել բժշկուհի Ռայային,- ասում է հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժնի բժշկուհի Կարինե Յոլյանը, - եւ այդ սերը փոխադարձ էր, անշահախնդիր: Նա շատ զարգացած կին  ու բժշկուհի էր: Եղել է իմ ուսուցչուհին՝ բոլոր առումներով: Բժշկուհին նաեւ լավ երգում էր, հատկապես Գուսան Աշոտի երգերը: Մեզ ստիպում էր սովորել երգել Գուսանի երգերը, որ կոլեկտիվ միջոցառումների ժամանակ միասին երգենք: Բժշկուհի Ռայան եւ բժիշկ Արտաշեսը հիանալի դուետ էին: Միշտ միասին էին երգում Գուսանի  «Ծով աստղիկս», «էն գարնան»  երգերը: 

Ու հիշում եմ բժշկուհու Արամ որդու խոսքերը՝ մի անգամ Գուսան Աշոտը լսեց մորս կատարումը: Լսեց  ու ասաց՝ ախպոր աղջիկ, հասարակության մեջ «Էն գարնան» երգը երգելու բացառիկ իրավունքը քեզ  եմ տալիս :

- Բժշկուհի Ռայան հումորով կին էր: Լուրջ խոսքն անգամ հումորով էր ասում, հիվանդների հետ էլ  հումորով էր խոսում, ասելով՝ սա առաջին բուժօգնությունն է հիվանդին: Տանն էլ նույնն էր,-բժշկուհի Ռուզան Մարտիրոսյանն է պատմում: 

Բժշկուհի Ռուզանին շարունակում է բժշկուհի Կարինեն՝ Ռայա Ադամյանը պատմում էր՝ մի օր ասացի՝ Գարեգին, գո՞հ ես, որ քո կինն եմ: 

-Ինչ լավ բան տեսել եմ, քեզանից եմ տեսել,- ասաց ամուսինը: 

Ռայան էլ թե՝ բա տես ես քեզանից գո՞հ եմ:  

Բժշկուհուն գիշերը կանչել էին հիվանդանոց: Գործն ավարտելուց հետո հոգնած գնում է տուն եւ քնում:

Ամուսինը նկատում է, որ երեխաները վերմակը մի կողմ են քաշել: Արթնացնում է կնոջը եւ դժգոհում՝ երեխաները կմրսեն: Ռայան էլ, որ խոսքի տակ մնացող չէր, տարավ ու բերեց, թե՝ Գարեգին, երեխաների 50 տոկոսն իմն է, 50 տոկոսը՝ քոնը: Դու քո 50-ին ծածկիր, իմ 50-ի հետ գործ չունես: 

Պատմում են, որ հիվանդանոցում մի բժիշկ կար, ով իր կարմիր դիպլոմով շատ էր հպարտանում: Պատեհ-անպատեհ առիթով ասում էր՝ կարմիր դիպլոմով եմ ավարտել: Այնպես պատահեց, որ կարմիր դիպլոմավորի հիվանդը հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում: Բուժքույրը բացեց բժշկուհի Ռայայի աշխատասենյակի դուռը եւ սարսափահար  ասաց՝ բժշկուհի, հիվանդը մեռնում է, հասեք:  Բժշկուհին գիտեր, թե խոսքն ում  հիվանդի մասին է, հորդորեց՝ գնա նրան ասա՝ թող  իր կարմիր դիպլոմը  դեմ տա մահվանը, ու գնաց փրկելու հիվանդին: Հիվանդը նրա շնորհիվ կյանք վերադարձավ: Ու բժշկուհի Ռայան միշտ հաղթում էր եւ ասում Համո Սահյանի խոսքը՝ մահն ո՞ւմ շունն է, որ...

Ռայա Ադամյանի աշխատելու  տարիներին  Գորիսի հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական  բաժնում արհեստավարժ բժիշկների մի բույլ էր աշխատում՝ բժշկուհիներ Սեդան, Սաիդան...Մասնագիտական նախանձ չկար նրանց մոտ: Քո հիվանդը բոլորինս է, բոլորիս հիվանդը՝ քոնը: Այս սկզբունքով են աշխատել այդտեղ: Ու ձեռք ձեռքի տված՝ հազարավոր ընտանիքների ուրախություն են պարգեւել: Միայն բժշկուհի Ռայան իր աշխատանքային 40 տարվա ընթացքում  Գորիսի, տարածաշրջանի գյուղերի, Վայոց ձորի, Արցախի 10 հազար ընտանիքի երեխա  է պարգեւել, միլիոն անգամ օրհնանքի ու շնորհակալանքի խոսքեր լսել իր հասցեին: Պատահել է՝ մի գիշերվա ընթացքում երեք անգամ զանգել են հիվանդանոցից: Առանց տրտնջալու  գնացել է  եւ ոսկե ձեռքերի շնորհիվ նոր լույս պարգեւել ընտանիքներին: Հիշում եմ բժշկուհու խոսքը՝ մի օր ասացի՝ Գարեգին, ես արեւ եմ դարձել, դու՝  լուսին, իրար չենք հանդիպում: 

Իսկ բժշկուհու ամուսինը՝ Գարեգին Առաքելյանը, աշխատում էր կուսակցական ապարատում, եղել է Գորիսի քաղխորհրդի նախագահը: Գործի բերումով նա էլ  մշտազբաղ մարդ էր: 

Որտե՞ղ են ծանոթացել ծնողներդ հարցին, Արամ որդին պատասխանեց.

- Մայրս շատ ակտիվ, գեղեցիկ կին էր, հաճախ էր մասնակցում ակտիվի ժողովներին, կոմկուսի պլենումներին, հայրս այդտեղ էլ հանդիպեց նրան, հայրս էլ բարձրահասակ, գեղեցիկ տղամարդ էր,- հպարտությամբ ասում է Արամը, - եւ ամուսնացան: 

Նրանք ունեցան երեք զավակ, երկու տղա ու մի աղջիկ: Բժշկուհին չէր ցանկանում, որ երեխաներն իր ոտնահետքերով  գնան, բայց գնացին. Արթուրը հիմա Գորիսի արյան փոխներարկման կայանի ղեկավարն է, Արամը  Գորիսում եւ տարածաշրջանում հայտնի ատամնաբույժ է, միայն աղջիկը «շեղում» տվեց՝ ընտրելով երաժշտության աշխարհը: 

Բժշկուհու քրոջ աղջիկը՝ Լիլիթ Մանուցյանը, նույնպես բժշկուհի է: Ակնածանքով է խոսում մորաքրոջ մասին:

-Մորաքույս ամեն ինչ հումորի էր վերածում: Այդպես հեշտ է ապրելը, ասում էր մորաքույրս: Նա խոսքի երբեք ման չի եկել, դրա պակասը նա երբեք չի ունեցել: 

Ու դարձյալ հիշում եմ Արամ որդու ասածը. Հայաստանում հայտնի ռենտգենոլոգ Միշա Կարապետյանը մեքենա է ձեռք բերում: Բժշկուհին նկատում է, որ նա է վարում մեքենան: Ձեռքով կանգնեցնում է Միշային, ով էլ արգելակում է մեքենան եւ բժշկուհուն հրավիրում նստելու մեքենան: 

-Չեմ նստում, ուղղակի ուզում էի իմանալ՝ մեքենան կարողանու՞մ ես արգելակել, թե՞ ոչ,- ասում է Ռայա Ադամյանը:

- Մորաքույս համեղ ուտեստների մեծ վարպետ էր,- շարունակում է Լիլիթ Մանուցյանը,-հանգուցյալ  շրջժողկրթբաժվար Ալեքսանդր Առաքելյանն ամեն անգամ նրանց տանը հյուրընկալվելիս ասում էր՝ այս տան տոլման ուրիշ է, այսպիսի տոլմա աշխարհի ոչ մի ծայրում չես գտնի, Ռայայի պատրաստածն ուրիշ է: 

Նա նաեւ հրաշալի ասեղնագործում էր: 

Մենք զարմանում էինք նրա եռանդի վրա, ինչպե՞ս է հասցնում այդ ամենը, ինչպե՞ս է տեղավորվում ժամանակի մեջ, որովհետեւ նրանց տունն իսկական օջախ էր, հյուրերի պակաս երբեք չէր լինում, այն էլ՝ բծախնդիր հյուրերի: Իսկ հյուրերին պատվում էր նաեւ իր համով-հոտով խոսքերով: 

Դարձյալ հիշում եմ Արամի խոսքը՝ մի անգամ բարձրաստիճան հյուրեր էին եկել մեր տուն եւ մայրս նրանց պատմում էր Գորիսի մասին, ասելով նաեւ՝ Գորիսը Շվեյցարիայի բնությունն է, Լոնդոնի եղանակը, Փարիզի հասարակությունը… 

Կյանքում ոչ մի բան  հենց այնպես չի լինում: Լինում են զուգադիպություններ, լինում են բացառություններ, բայց ամեն բան իր նախահիմքն ունի: Իսկ դա գենն է: Եվ այն գերդաստանը, որից սերվել է Ռայա Ադամյանը, իր առաքելությունը տեսել է մարդկանց փրկելու մեջ:

-Մեր գերդաստանից են եղել աշխարհահռչակ գիտնական, գիտության վաստակավոր գործիչ, բժիշկ, ախտաբան-ֆիզիոլոգ, պրոֆեսոր Ասատուր Սարգսյանը, վիրտուոզ վիրաբույժ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Հայրապետ Հայրապետյանը, ՌԴ բնական գիտությունների ակադեմիկոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ախտաբան-ֆիզիոլոգ Գեւորգ Ադամյանը,  առողջապահության ոլորտի նշանավոր այլ գործիչներ: Բացի դրանից, մորս հայրը՝ բանաստեղծ Գուրգեն Ադամյանը, Ակսել Բակունցի եւ Գուսան Աշոտի զարմիկն էր: Մեր գերդաստանը շարունակում է ի վերուստ իրեն տվածը. շարունակում է նոր բժիշկներ տալ հանրությանը: Այսօր նախորդների գործը շարունակում են բժիշկներ Լիլիթ Մանուցյանը, Մերի Ասատրյանը, ես ու եղբայրս, Կարեն Ադամյանը,  Արմեն Ադամյանը, Եվա Առաքելյանը, Նարեկ Առաքելյանը, Տաթեւիկ Ադամյանը, Անի Ադամյանը, Մանե Առաքելյանը, Թամարա Ադամյանը, Գարեգին Առաքելյանը եւ էլի  ուրիշներ: 

Եվ Ռայա Ադամյանն այս նշանավոր գերդաստանի դուստրը լինելով, ունեցել է սեփական ինքնագիր: Եվ Ռայա Ադամյան անուն-ազգանունը դարձել է ոչ միայն այդ գերդաստանի ինքնագրերից, այլեւ Գորիս քաղաքի: Իսկ քաղաքը նրա կենսագրությունը համարում է իր պատմության գեղեցիկ էջերից մեկը:

Ալվարդ Մեսրոպյան

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34