Ճակատեն. հարցերի հարցը խմելու ջուրն է

01.02.2014 16:44
4679

Սյունիքի մարզի գյուղական համայնքներից առավել վատթար վիճակում են Կապանի տարածաշրջանի գյուղերը: Դրանցից մի քանիսը, որոնց գոյատեւման զարկերակը խորհրդային տարիներին փոքրիշատե համաչափ էր բաբախում, սրընթացորեն սկսել են դատարկվել: Անցյալ դարի 50-70-ական թվականներին պղնձահանքային արդյունաբերությունում աշխատուժի կարիք կար: Գյուղաբնակ տղամարդիկ նախապատվությունը տալիս էին հանքագործությանը՝ հողի վրա աշխատելու փոխարեն: Իսկ 1990-ականներից հետո, երբ գործարան-ֆաբրիկաները փակեցին իրենց դռները, կամ գործեցին իրենց հզորությունների չնչին մասով, շատերը բռնեցին արտագաղթի ճամփան՝ հոգալու ընտանիքի հոգսը, թեպետ գյուղաբնակի համար հողն ինքնին աշխատատեղ է: Մեր օրերում դատարկվող համայնքներից մեկը Ճակատենն է՝ մարզկենտրոնից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող:

1830-ական թվականների ներգաղթից հետո գյուղն աստիճանաբար ընդլայնվել է: Ըստ մարդահամարների՝ համայնքում 1831 թվականին բնակվել է 78 բնակիչ, 1873-ին՝ 183, 1886-ին՝ 351, 1908-ին՝ 509, 1914-ին 290, 1919-ին՝ 760, 1922-ին՝ 648, 1926-ին՝ 641, 1931-ին՝ 745, 1939-ին՝ 596, 1959-ին՝ 249, 1970-ին՝ 231, 1979-ին՝ 188, այսօրվա դրությամբ՝ 104 մարդ:
Այժմ համայնքի ժողովրդագրությունը տխուր պատկեր է ներկայացնում, որի մասին կխոսենք ստորեւ: Խորհրդային տարիներին գյուղում գործում էր «Աշխատանք» կոլտնտեսությունը, որի առաջատար ճյուղերն էին անասնապահությունը, հացահատիկի, ծխախոտի արտադրությունը, ավելի վաղ՝ շերամապահությունը:

Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 152 ճակատենցի, զոհվել կամ անհետ կորել է 77-ը: Նրանց հիշատակը հավերժացվել է հուշարձանով, որը կառուցվել է 1967 թվականին՝ համագյուղացիների հանգանակության շնորհիվ: Վերջին ժամանակներս թանգարանի վերածված այդ հուշակոթողը հիմնանորոգվել է: Գյուղի կենտրոնում կյանքի է կոչվել մի համալիր, որն իր մեջ ամփոփում է Արցախյան ազատամարտում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշաքարը եւ կոթողը:

Ճակատենում 2013-ի դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն, անկուսակցական Անդրյուշա Դավթյանը յոթ ձայնով առաջ է անցել գործող գյուղապետ Արծրունի Հարությունյանից (Հայաստանի հանրապետական կուսակցություն): Նոր գյուղապետը պաշտոնը ստանձնելու է փետրվարի 18-ին: Գյուղամիջում հանդիպեցինք առայժմ գործող ու նորընտիր գյուղապետերին, եւ զրույց ծավալվեց համայնքի հիմնախնդիրների, դրանց լուծման ուղիների շուրջ:

2013-ի դեկտեմբերի 8-ին տեղի
է ունեցել համայնքի ղեկավարի
ընտրություն, անկուսակցական
Անդրյուշա Դավթյանը (ձախից)
յոթ ձայնով առաջ է անցել գործող
գյուղապետ Արծրուն Հարությունյանից (ՀՀԿ)

Նախ տեղեկացանք, որ համայնքի բյուջեն 5,1 մլն է, որից 700 հազարն է կազմում սեփական եկամուտը (հողի հարկ եւ գույքահարկ): Արծրունի Հարությունյանը գյուղը ղեկավարել է 2008-ից, նրան ավելի տեսանելի են հիմնախնդիրները եւ նախ ներկայացնում է սրընթացորեն դատարկվող գյուղի պատկերը: Մահացությունը, բնականաբար, մեծ թիվ է կազմում տարեցների շրջանում, իսկ համեմատաբար երիտասարդ ընտանիքները լքում են գյուղը՝ այնտեղ ապրելու հեռանկար չտեսնելով: Համայնքի 120 տնից ծուխ է բարձրանում միայն 40-ից: Ընդ որում՝ ծխացող օջախների զգալի մասում տարեց, միայնակ մարդիկ են բնակվում: Անտառի փեշին է ծվարել գյուղն այդ, եւ բնականաբար հետաքրքրվում ենք, թե մարդիկ օգտվո՞ւմ են անտառային բարիքներից: «Գյուղացին իր արտադրածի ձեռքին կրակն է ընկել, ի՞նչ պիտի անի վայրաճ պտուղներն ու հատապտուղները, - լինում է պատասխանը, - անտառից գյուղաբնակը կարողանում է իր վառելափայտի հոգսը միայն հոգալ, անտառտնտեսությունն այնպիսի պայմաններ է դրել, որ վառելափայտը միայն գրաստով են տեղափոխում»:

Համայնքի հարցերի հարցը խմելու եւ ոռոգման ջրի խնդիրն է: Մոտակա ջրաղբյուրը, որից կարելի է գյուղ խողովակաշարով ջուր հասցնել, չորս կիլոմետր հեռավորության վրա է: Հաշվարկել են, 37 միլիոն դրամ կպահանջվի հիմնախնդիրը լուծելու համար: «Երբ իմանում են, որ գյուղը սակավամարդ է, հրաժարվում են ծրագիրը ֆինանսավորել», - բացատրում են մեր զրուցակիցները: Ընտանի կենդանիները եւս գյուղում իրենց ծարավը հագեցնելու կարգին տեղ չունեն: «Եթե գյուղն ապահովված չէ խմելու ջրով, ինչպե՞ս կարող ես գյուղացուն պահել գյուղում: Եթե գնաց էլ, միլիարդներ ներդնես, չես կարող նրան հետ վերադարձնել», - այս եզրահանգմանն ես գալիս, լսելով դիմացինիդ՝ հիմնախնդրի մասին բացատրությունները:

Ճակատենցին կանգնել է անասնապահական մթերքները (միս, կաթ, մեղր) իրացնելու խնդրի առջեւ: «Մի լիտր կաթը կես շիշ հանքային ջրի գնով չի վաճառվում, իսկ մսի վատ իրացումը բնակչության ցածր գնողունակությամբ է պայմանավորված: Այսօր գյուղաբնակը կրճատում է իր անասնագլխաքանակը, այն դեպքում, երբ եկամուտի 60 տոկոսը կաթի իրացումից պիտի ստանա: Նախկինում այս ձորի գյուղերում օրական հինգ-վեց տոննա կաթ էր արտադրվում, հիմա հազիվ 100-150 լիտր: Եթե մարդն օրական երկու հազար դրամ եկամուտ ունենա, շահագրգռված կլինի կով պահել, - պատմում է նորընտիր գյուղապետ Անդրյուշա Դավթյանը, ում տխուր ժառանգություն է բաժին ընկել, - գյուղացին ասես խռովել է հողից, - շարունակում է խորհրդածել համայնքի ղեկավարը, - մոտ 120 հա վարելահող ունի գյուղը, բայց համարյա ցանք չի կատարվում: Որոշ հողատարածություններ սկսել են թփակալել: Եվս մի քանի տարի, եւ դրանց տեղն անտառ է լինելու»: Զրուցակիցներիս փոխանցմամբ՝ վերջին տեխնիկան գյուղում ստացվել է 1989 թվականին:

Նախկինում վեց տարին մեկ գյուղը նոր տրակտոր էր մտնում, այժմ գյուղացու հույսը անհատ մեխանիզատորն է, որն էլ արտը վարելու իր գինն է սահմանել: Նրան էլ մեղադրել չի կարելի, ամեն մի պահեստամաս թանկ գնով է ձեռք բերվում: Եվ սրանով հողի մշակի տառապանքները չեն սահմանափակվում: Պետությունը էլիտար սերմացու էր հատկացրել մեկ/երկու հարաբերությամբ վերադարձնելու պայմանով: Տարին անբարենպաստ դուրս եկավ, երեք անգամ կարկտահարվեց հացահատիկի դաշտերը, հատկացված սերմացուն ցանողը փաստորեն միայն խոտ հնձեց, եւ հիմա կանգնած է սերմացուն վերադարձնելու (նաեւ դրամի տեսքով) խնդրի առջեւ: Եթե մեկի մոտ այդ գումարի չափը հասնում է 400 հազար դրամի, ապա…

Մեղրի-Ծավ-Կապան այլընտրանքային ճանապարհը գյուղի միջով է անցնում: Ճակատենցիների որոշ հողամասեր իրացվեցին ճանապարհաշինության նպատակով (ինչպես տեղեկացանք, երկու-երեք ընտանիք դեռեւս չի ստացել իրացված հողամասի դիմաց փոխհատուցումը): Վերակառուցված ճանապարհը որեւէ ձեւով անդրադարձա՞վ գյուղական կյանքի վրա: Ճանապարհը վերակառուցելիս որոշ մարդիկ աշխատում էին դրա շինարարությունում: Այդքանը: Դրականն այն է, որ մարզկենտրոնի եւ Շիկահողի ենթաշրջանի գյուղերի հետ բարեկարգ ճանապարհ ունեցան:

Դպրոցում նշվեց բանակի օրը:
Կրթօջախի տնօրեն Եղիշե
Բաբայանը հավուր պատշաճի
ներկայացրեց օրվա խորհուրդը,
իսկ դպրոցականները հանդես
եկան գրական-երաժշտական համադրույթով։

Հոգու պարտք ենք համարում լինել գյուղի կրթօջախում: Ճակատենի հիմնական դպրոցը 2011-ին տոնեց մեկդարյա հոբելյանը: Գյուղի ժողովրդագրական պատկերը չէր կարող բացասական անդրադարձ չունենալ կրթօջախի հաճախելիության վրա: Այժմ դպրոց յոթ աշակերտ է հաճախում: 2006 թվականից հետո պետբյուջեի եւ բարերարների ֆինանսական միջոցներով հիմնանորոգվել է դպրոցը, բարեկարգվել շրջակայքը: Այժմ դպրոցական շենքը թարմությամբ է շնչում, պատերին թեմատիկ վահանակներ եւ ուսուցողական նյութեր են, նաեւ կրթօջախի հիմնադիր Հովհաննես Ղարախանյանի (1843-1908) մեծադիր նկարը: Նա նախանձախնդիր եղավ գյուղում ոչ միայն կրթօջախ հիմնադրել, այլեւ հիմք դրեց արտադրության մի եկամտաբեր ճյուղի՝ մետաքսագործությանը: Իր արտադրած մետաքսը ջորիներով տեղափոխում էր Թավրիզ՝ փոխանակում առաջին անհրաժեշտության ապրանքներով, գյուղատնտեսական գործիքներ ձեռք բերում, տեղափոխում հայրենի գյուղ՝ այդպիսով հոգալով չքավոր գյուղացիների կարիքները:

Ինչեւէ, մեր դպրոց այցելած օրը նշվում էր բանակի օրը: Նախ՝ կրթօջախի տնօրեն Եղիշե Բաբայանը հավուր պատշաճի ներկայացրեց օրվա խորհուրդը, ապա դպրոցականները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով: Կրթօջախի տնօրենը, ով պաշտոնավարում է 1994-ից, համոզմունք է հայտնում, որ հնարավոր ամեն ինչ անելու է, որ չգոցվեն դպրոցի դռները:

Հրաժեշտից առաջ նորընտիր համայնքապետն ասաց, որ ամեն գնով ջանալու է խմելու ջրի հիմնախնդիրը լուծել, մի բան, որ ճակատենցիների վաղեմի երազանքն է:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37