Ճանաչեք Ավագ Ղևոնդյանին՝ հայրենի հողը պաշտող, աշխատող և արարող մարդուն

22.10.2024 17:03
999

Հոկտեմբերի 20-ին նորից Որոտանի կիրճում էինք․․․

Այս անգամ գնացել էինք ծանոթանալու այդ ձորերի մերօրյա պահապան Ավագ Մուրադի Ղևոնդյանի հետ։

Հարժիս գյուղի 56-ամյա այդ բնակիչը տարիներ առաջ է գնացել այդտեղ՝ Որոտան գետի ձախ ափին՝ Հարժիսի լճի և Շամբի ջրամբարի պատվարի միջև ընկած տարածքում տնտեսություն հիմնելու։

... Գորիսում և Սիսիանում չեն մոռացել Շամբի ջրամբարի վթարը 1970-ին, Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարների վթարները 1980-ականներին։ Ջրի ահռելի հոսքը սրբել–տարել էր Հարժիս գյուղի՝ Որոտանի կիրճում գտնվող դարավոր այգիները։

Ջրի «գրոհից» մետրերով խորացել և լայնացել էր գետի հունը, որից հետո այլևս անհնար դարձավ Որոտանի ջրերը կիրճի այդ հատվածի հողերին ծառայեցնելը։

Ավագը ստիպված էր գետի հունի ավելի բարձր դիրքից (մի քանի հարյուր մետր հեռավորությունից) առու անցկացնել և ոռոգման ջուր հասցնել իր այգի։

Կիրճի հյուսիսային բարձունքներից էլ խմելու ջուր հասցրեց այդ վայր։

Ավագի հնարամտությունը, սակայն, սահման չի ճանաչում գետի աջափնյա բարձունքի վրա գտնվող հարթությունից էլ (գետի հունից մոտ 100 մետր բարձության վրա է) ճոպան անցկացրեց դեպի իր տարածք՝ այնտեղ հնձած խոտի խուրձերը տեղափոխելու և սեփական անասուններին կերով ապահովելու համար։

Առավելապես զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, մեղվաբուծությամբ, երբեմն էլ ձուկ է որսում մոտակա լճից։

Նաև կենցաղային բարվոք պայմաններ է ստեղծել՝ այնտեղ մնալու համար փոքրիկ տնակ՝ խոհանոցով, բաղնիք, գազօջախ, էլեկտրականություն․․․

Մեր այցի օրն Ավագն արդեն ավարտին էր հասցրել բերքաքաղը, և բերքն ու բարիքը տեղափոխելու հոգս ուներ։ Իսկ հավաքած բերքը սովորաբար լիովին բավարարում է իր ընտանիքի պահանջներին։ Ամառվա ընթացքում էլ ընտանիքին ապահովել է  բաջարեղենով։

Ավագը մեզ համար սուփրա բացեց՝ իր աճեցրած անուշահամ բերք ու բարիքով։ Սեղանին նաև իր պատրաստած հոնի արաղն էր, տեղի սև խաղողից պատրաստած մաճար․․․

Ավագը նախնյաց անվանն ու հիշատակին հավատարիմ անձնավորություն է։ Պատմում է, թե ինչու է Որոտանի կիրճի հենց այդ, թեև դժվար հասանելի վայրում տնտեսություն ստեղծել։ Հարժիսի յոթ ջրաղացից չորսը հենց այդ կողմերում է եղել, որոնցից մեկն իր Կոստանդ պապը՝ ճղացպան Կոստին է աշխատեցրել․․․

Երկու–երեք տարի առաջ Ավագն արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն, բայց շուտով համոզվել էր, որ աշխարհի ամենագեղեցիկ անկյունը բնօրրան Հարժիսն է ու Որոտանի կիրճը։

Որոտանի կիրճում նրա համար այլևս սարսափելի չեն նույնիսկ ժամանակ առ ժամանակ երևացող արջերն ու մյուս գազանները։ Վստահ պահվածքին օգնում են հավատարիմ շները։

Ավագի «բնակատեղիից» երևում էին Որոտան գետի աջափնյա բարձունքները, որոնք մեկ դար առաջ կռվախնձոր էին հարևան երկու գյուղի՝ Լծենի և Յայջու միջև։

Ակսել Բակունցի 1925 թ հուլիսի 16-ի  զեկուցագրում կարդում ենք՝ «Յայջի և Լծեն գյուղերի միջև եղած վիճելի սահմանագիծը պարզված է»։

Ասում են, սակայն, որ դրանից հետո էլ այդ հողակտորների շուրջ վեճը շարունակվել է․․․

Յայջիի կոլտնտեսության նախագահ Մանուկ դային (Մկրտչյան)՝ մի խումբ համագյուղացիներով, և Լծենի նախագահ Ապո դային (Աբրահամ Հայրապետյան)՝ տասնյակ լծենցիներով հասնում էին գետափ և անվերջ բանավիճում, թե ով պետք է մշակի Որոտանի կիրճի այդ հատվածի հողամասերը։ Ամենաթեժ կռիվը, սակայն, ծագել է այն օրը, երբ Մանուկ դային յայջեցիների դեմ «կռվի ելած» լծենցիների մեջ հանկարծ տեսել է Յայջիից Լծեն օրեր առաջ հարս գնացած Մանելին․․․

Այդ հողերը, ցավոք, շատ վաղուց անմշակ են, մարդու ոտքի կարոտ։

Հիմա այնտեղ միայն Ավագ Ղևոնդյանն է․․․

Ավագի «բնակատեղիից» հեռացանք ուրախությամբ և հույսով լցված՝ մեզանում դեռ կենսունակ է մարդու այն տեսակը, ում համար հայրենի եզերքը պաշտելի է, ում համար ավելի մեծ ձգտում չկա, քան մեր քարափներին սեփական աշխատանքով տիրություն անելը։

Թոռնիկներս՝ Հայկն ու Գրիգորն էլ այնքան էին հիացած ու զորացած կիրճի գեղեցկությամբ, որ չորս անգամ (առանց տրտնջալու) գետանցում կատարեցին միայն այդկերպ կարող էինք հասնել Ավագին ու վերադառնալ։

Այդպես էլ՝ ոտքով հաղթահարեցինք մոտ 2 կմ երկարությամբ զառիվերը։

Ավագի ձիերով որդին բեռ էր տեղափոխել գյուղ, իսկ այնտեղ մնացած մտրուկը դեռևս սովոր չէր մարդ տեղափոխելուն։

Այո, Ավագի պես տղաներով է սովորական տարածքը հայրենիք դառնում։ Ասել է՝ երանի հողի նկատմամբ այդ սերը, հայրենի հողի հետ այդ դաշինքը վարակիչ լիներ․․․

 

Սամվել Ալեքսանյան

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17