Ճանաչված պատմաբանի ութ տասնամյակը

01.05.2020 11:11
1321

Մայիսի 1-ը պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Կլիմենտ Հարությունյանի ծննդյան օրն է։ Պատմաբանը, ով Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի լավագույն հետազոտողներից է հանրապետությունում, դարձավ 80 տարեկան։

Ծնվել է 1940-ին Կապանում` շիկահողցի ծնողների ընտանիքում։ Հայրը` Ամասիա Հարությունյանը, կամավոր մեկնել է ռազմաճակատ եւ 1942-1943 թթ. հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել Կովկասի ճակատամարտին, ծանր վիրավորվել, պարգեւատրվել Կարմիր աստղի շքանշանով։ Ուստի պատահական չէ, որ ավագ որդին` Կլիմենտը, հետագայում բարձրագույն կրթություն ստանալով, իր ողջ կյանքը նվիրեց Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի  զավակների ներդրած ավանդի հետազոտման ծանր ու դժվարին, բայց շնորհակալ գործին եւ դարձավ այդ հիմնահարցի լուսաբանման նվիրյալ մասնագետը։

1961-1966 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի  պատմալեզվագրական ֆակուլտետի պատմության բաժինը (ցերեկային ուսուցում)։ Ուսանողական տարիներին հանդես է եկել «Մեծ եղեռնը», «Հայ կամավորական շարժումը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» այն ժամանակվա համար շատ համարձակ զեկուցումներով։ 1966 թ. ապրիլին մասնակցել է Բաթումիում կայացած Անդրկովկասյան հանրապետությունների մանկավարժական ինստիտուտների ուսանողական գիտական նստաշրջանին, հանդես եկել «Արեւմտահայերի ազգային-ազատագրական շարժումը 1914-1916 թթ.» զեկուցումով։

Բուհն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Հայաստանի նորագույն պատմության պետական կենտրոնական արխիվում` կրտսեր, ապա` ավագ գիտաշխատող, ձեռք բերել արխիվային փաստաթղթերի հետ աշխատելու փորձ, «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսում տպագրել առաջին գիտական ուսումնասիրությունները։ Այնուհետեւ (արտադրությունից կտրված) հաջողությամբ ավարտել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան,  մինչ այժմ գիտահետազոտական աշխատանք է տանում նույն ինստիտուտում` նախ` կրտսեր, ապա ավագ եւ առաջատար գիտաշխատող, 2005 թ.` գլխավոր գիտաշխատող։ Եղել է «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային եւ Հայրենական մեծ պատերազմներին», այնուհետեւ` «Հայ զինվորականության պատմությունը» թեմատիկ խմբերի ղեկավար։

1979-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1994-ին` դոկտորական ատենախոսություն` ստանալով պատմական գիտությունների թեկնածուի եւ դոկտորի գիտական աստիճաններ։

Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությունից զատ նրա հետաքրքրությունների տեսադաշտում եւ լուսաբանման շրջանակում են եղել նաեւ հայկական ազգային զորամիավորումների եւ զինվորական մամուլի պատմության,  հայ մարշալների եւ հայկական բանակի գեներալների կենսագրությունների անհայտ էջերի լուսաբանման հիմնահարցերը։ Համենայն դեպս, իր նշանակալի գործն է համարում «Հայկական ազգային զորամիավորումները 1918-1945 թթ. ուսումնասիրությունը (նույն տարում ունեցել է երկու հրատարակություն)։ Գրքում առաջին անգամ հանգամանորեն լուսաբանվել է Հայաստանի առաջին հանրապետության բանակի եւ Խորհրդային Հայաստանի ազգային զորամիավորումների ամբողջական պատմությունը։

Կլիմենտ Հարությունյանը հրատարակել է 35 մենագրություն` 500 տպագիր մամուլ ծավալով, համահեղինակ է 12 այլ գրքի, մասնակցել արխիվային փաստաթղթերի եւ նյութերի 4 ժողովածուի եւ «Հուշամատյան» հիմնակազմ քառահատորյակի կազմման եւ խմբագրման աշխատանքներին։ Տարբեր պարբերականներում սփռված են նրա 100-ից ավելի հոդվածներ, որոնցում լուսաբանվում են երկրորդ աշխարհամարտին առնչվող տարբեր, նեղ մասնագիտական հիմնահարցեր, ահավասիկ` Գերմանական բանակի հայկական լեգեոնը («Գարուն» ամսագիր, 1994, N 7)։ Ի դեպ, պատմաբանը հոգու պարտքն է համարել ներկայացնելու ջավախքահայերի եւ արցախցիների մասնակցությունը Մեծ հայրենականին, որոնց անդրադարձել է առանձին գրքերով։

Բացի սեփական մենագրություններից` Կլիմենտ Հարությունյանը խմբագրել է 32 եւ գրախոսել 15 գիրք։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է չորս թեկնածուական ատենախոսություն եւ պաշտպանության է պատրաստվում եւս երկու թեկնածուական ատենախոսություն։ Նրա ընդդիմախոսությամբ պաշտպանվել է հինգ ատենախոսություն, որից մեկը` դոկտորական։ Գիտական կադրեր պատրաստելուն եւ գիտահետազոտական աշխատանքներ կատարելուն զուգընթաց տարիներ ի վեր զբաղվել է նաեւ մանկավարժական աշխատանքով մի շարք բուհերում (Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղ, Գավառի պետական համալսարան, Դավիթ Անհաղթ համալսարան), վարել պետական քննական հանձնաժողովների նախագահի պարտականություն։

Հպարտության զգացում էր ունենում, երբ աշխատելով արխիվում, հանդիպում էր հայրենակիցների` սյունեցիների մասին նյութերի։ Ահագին փաստական նյութ էր հավաքել, եւ հույս էր փայփայում, որ մի օր լույս աշխարհ կգա ուսումնասիրություն` երկրորդ աշխարհամարտում սյունեցիների մասնակցության մասին։ 2017 թ. Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովանավորությամբ ընթերցողի սեղանին դրվեց «Սյունիքի զավակների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.)» մեծադիր աշխատությունը։ Միաժամանակ գրքում ներկայացված է Հայրենական մեծ պատերազմում զոհված սյունեցիների ցուցակը, ինչպես նաեւ թիկունքի աշխատավորների օգնությունը ռազմաճակատին։

Նրա գիտական աշխատանքն ըստ արժանվույն գնահատվել է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում. արժանացել է մեդալների, գովեստագրերի, պատվոգրերի, իսկ 2009 թ. մայիսին Հանրապետության տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահի ձեռամբ ստացել է «Մովսես Խորենացի» մեդալ։

Չնայած առաջացած տարիքին եւ առողջական ինչ-ինչ խնդիրներին` Կլիմենտ Հարությունյանը շարունակում է գիտական ակտիվ կյանքով ապրել, ինչի արդյունքում լույս են ընծայվում նոր ուսումնասիրություններ։ Բառացիորեն վերջերս տպագրության հանձնեց Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովի մասին պատմող գիրքը, հաջորդը նվիրված էր հայ ժողովրդի զավակների մասնակցությանը Լենինգրադի հերոսական պաշտպանությանը (նախկինում լույս ընծայված գրքի երկրորդ` լրամշակված հրատարակություն)։ Նաեւ մտահղացում ունի 5 հայ մարշալներին ներկայացնել առանձին գրքով։ Այժմ աշխատում է հայ ծովայինների մասին պատմող գրքի վրա։ 40-45 տարի աշխատելով Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության արխիվներում, փաստական հարուստ նյութ է հավաքել հայ ծովայինների մասին։ «Շատ հետաքրքիր գիրք կլինի», - ասում է պատմաբանը, բայց այն լույս աշխարհ գալու համար նորին մեծության հովանավորի անհրաժեշտություն կլինի։

Ի սրտե շնորհավորում ենք մեր հայրենակից պատմաբանին 80-ամյա հոբելյանի առթիվ, նախեւառաջ մաղթում առողջություն, կենսունակություն եւ նոր բացահայտումներ` մեր հայրերի եւ պապերի մղած սրբազան պատերազմի անհայտ էջերը լրացնելու հույժ կարեւոր գործում։

 Վահրամ Օրբելյան

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10