Չես կարողանում պահել` հեռացիր, թող գան նրանք, ովքեր կկարողանան պահել

21.08.2026 10:44
358

Երբ առաջին անգամ 2021 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհն առանց մեկ կրակոցի Ադրբեջանին հանձնելուն, բացատրեց, թե այդ ճանապարհի մի մասն անցնում էր Ադրբեջանի տարածքով, եւ առաջին անգամ օգտագործեց ադրբեջանական անվանումներ, որոնք մեր հանրության 99 տոկոսը մինչ այդ չէր լսել` Էյվազլի, Չայզամի, մենք շոկ ապրեցինք։ Ոչ ոք չէր սպասում, որ տասնամյակներով հայկական համարվող ճանապարհը, որի` Խորհրդային Հայաստանի մաս կազմելու մասին հարյուրավոր գրավոր ապացույցներ կային, կարող է հայկական պետության որեւէ ղեկավար անվանել ադրբեջանական եւ հլու- հնազանդ զիջել հարեւան պետությանը: Առավել եւս չէինք սպասում, որ պատերազմից հետո Հայաստանը կառավարող անձը կարող է ադրբեջանական տեղանուններ հնչեցնել բարձր ամբիոնից` չգիտակցելով դրա անթույլատրելիությունը: Նույնիսկ եթե այդ պետությունը լիներ բարեկամ ու դաշնակից` ոչ մի պետություն եւ իշխանություն իր տարածքից կամովին` առանց կռվի ու պայքարի չէր հրաժարվի իր միջպետական ճանապարհից, անգամ եթե չզիջելու արդյունքում նոր պատերազմ ծագեր: Ի դեպ, այդ զիջելն էլ չօգնեց․ միեւնույն է՝ դրանից հետո մենք կրկին պատերազմական իրավիճակ ունեցանք եւ կորուստներ:

Բայց 2020-ին մեր երկիրը խայտառակ պարտության տարած մարդն արդեն ներքուստ հաշտվել էր հավերժ պարտվողի ու հանձնողի կարգավիճակի-հոգեբանության հետ եւ գտել էր հայ հանրությանը կոտրելու, իր քայլերի հետ հաշտեցնելու նենգ ուղին, ու դա ընդամենը սկիզբն էր: Հետո հազարավոր նման եւ անգամ ավելի վատթար հայտարարություններ հնչեցին նրա շուրթերից: Որ Արցախը թոկ էր, որ վաղուց էր հանձնված: Արցախի իշխանություններին ուղղված անբարո մեղադրանքներ հնչեցին, թե նրանք են հանձնել հայկական տարածքները։ Չխնայեցին անգամ գերիներին: Հետո պարզվեց՝ ոչ միայն Արցախն էր «թոկ», այլ նաեւ՝ Ջերմուկի ու Սիսիանի սարերը: Իսկ երբ Կիրանցից հող էր հանձնում ու գյուղը երկու մասի բաժանում` թշնամուց հայ բնակչությանը պաշտպանող «ժեշտի» ցանկապատն անվանելով մեծ ձեռքբերում, մեզ համոզում էր, որ շուտով սահմանազատումը կշարունակվի, եւ մեզ պատկանող տարածքներն էլ մեզ կհանձնվեն. Ջերմուկի, Սոթքի, Սեւ լճի, Ներքին հանդի, Բերքաբերի հողերը:

Ոչ մի սանտիմետր հող այս տարիներին մեզ չվերադարձվեց, սահմանազատումը չշարունակվեց: Իսկ հիմա արդեն խոսում է Տիգրանաշենը, իր հարազատ լեզվով` Քյարքին հանձնելու մասին, ինչը փրփրաբերան հերքում էին ժամանակին:

Նրանք, ովքեր բացառապես հայհոյանքով ու անեծքով են խոսում այս իշխանությունների հայակործան քաղաքականության մասին, դրա լիարժեք իրավունքը, կարծում եմ, ձեռք են բերել, որովհետեւ ոչ մի նորմալ մարդ` նորմալ հայ մարդ, ոչ մի իշխանություն` իր պետությանը չդավաճանած իշխանություն, չէր անի այն ամենը, ինչն անում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Չէր անի: Այլ ուղղակի 2021-ի ընտրություններով կհեռանար կամ գոնե` 2026-ին կհեռանար: Որովհետեւ, եթե չես կարողանում պահել, չես կարողանում պայքարել ու դիմադրել, պետք է հեռանաս, որ ուրիշները գան եւ փորձեն ինչ-որ բան անել: Որովհետեւ դու միակ մարդը չես, որ կարող է եւ իրավունք ունի կառավարելու այս երկիրը, ըստ այդմ էլ դրա արդյունքում` կործանելու:

Որովհետեւ հանձնել՝ բոլորը կարող են, դրա համար ո՛չ մեծ խելք է հարկավոր, ո՛չ մեծ ունակություններ: Դրա համար ընդամենը մի բան է հարկավոր` չսիրել այն երկիրն ու հողը, որի վրա ծնվել ես, որը քեզ ժառանգություն են թողել նախկին իշխանությունները: Չսիրել այն ազգին, որի ծնունդն ես դու, եւ որը մեծ դժբախտություն է ունեցել մեկ անգամ` 2018 թվականին քեզ հետ հույս կապելու, եւ հենց այդ հույսն է հիմա թոկ դարձել այս ազգի վզին, որից ոչ մի կերպ չի կարողանում ազատվել` առնվազն 6 տարի շարունակ:

hraparak.am

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը

28.10.2026 11:15

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան

28.10.2026 10:49