Չկարողացա մնալ անտարբեր

17.08.2016 10:38
2220

Հայաստանի շուրջ, Հայաստանի մեջ տեղի ունեցող վերջին իրադարձություններն անտարբեր չեն կարող թողնել որեւէ հայ մարդու՝ անկախ նրա բնակության վայրից՝ սփյո՞ւռք, թե՞ Հայաստան: Համեմատելով, հակադրելով այդ իրադարձությունները եւ առանձնապես Ժիրինովսկու մոլագար հայտարարությունը՝ մտահոգությունս Հայաստանի համար ավելի է թանձրանում՝ ինչպիսի՞ Հայաստան ենք թողնելու մեր սերունդներին:

Այո՛, աշխարհը եւ ոչ միայն մենք հայտնվել ենք բարդ աշխարհաքաղաքական վիճակում, իսկ դրան գումարվել է հայրենիքիս ներքին քաղաքական բարդ  վիճակը, Արցախի հարցի լուծման անորոշությունը, շրջանառության մեջ դրված հողերի հանձնման հարցը, տարածաշրջանում խոշոր խաղացողների շահերի բախումը:

Անժխտելի է, որ կառավարման թերությունների պատճառով երկրում կուտակվել են բազում չլուծված խնդիրներ: Արտագաղթի, դժգոհությունների հիմնական պատճառը ոչ թե սոցիալական դժվարություններն են, այլ տիրող իրավական, տնտեսական անարդարությունները, օլիգարխիկ տնտեսությունը, տնտեսական ու քաղաքական մենաշնորհը:

Մտածում էի, որ ապրիլյան դեպքերից հետո ազգովի խորը վերլուծություններ կկատարենք, կբացահայտենք բացթողումների պատճառները, եւ իշխանության կողմից կձեռնարկվեն քայլեր քառօրյա պատերազմի դասերը սովորելու համար:

Իմ կարծիքով կուտակված խնդիրների մյուս պատճառը հրացանավոր մարդու դերի գերագնահատումն է շինականի, հողի մշակի, մշակույթի, գիտության աշխատողի եւ այլոց աշխատանքի նկատմամբ: Հասանք նրան, որ կառավարման ապարատ ներթափանցեցին ոչ միայն նրանք, ովքեր իրապես մարտնչել էին Արցախյան գոյամարտում, այլեւ նրանք, ովքեր երեւանյան հեռուստաեթերներով հորջորջում էին, թե  մասնակցել են Կոռնիձորի գոյություն չունեցած «ճակատամարտին»:

Հայտնվեց շառլատանների մի խումբ, որը հայտարարում էր, թե «թեյ ենք խմելու Բաքվում»՝ մոռանալով այն մարդու ճակատագրի ու նրա բանակի փախուստի մասին, ով հայտարարել էր, թե «իր ոտքերը լվանալու է Սեւանա լճում»:

Ո՛չ, ես Բաքվում թեյ խմելու ցանկություն չունեմ, ես ցանկանում եմ իմ բոլոր հարեւանների հետ ապրել հաշտ, խաղաղ եւ թեյ խմել իմ շատ սիրած ու հարազատ, ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ Գորիս քաղաքում:

Ապրիլյան քառօրյայի դասերը չսովորած՝ կանգնեցինք «Սասնա ծռերի» առաջադրած ներքաղաքական խնդրի լուծման առաջ: Նորից մեր ձեռքով արյուն հեղվեց, եղավ ծեծ ու ջարդ…

Երկրում կուտակված խնդիրները զենքով լուծելու թշնամին եմ: Սակայն մտահոգված եմ նաեւ այն բանի համար, թե ինչու լուծման այլ ճանապարհներն օտարվել են ժողովրդից: Ինչո՞ւ ժողովրդին պարզ ու շիտակ չբացատրել այն պատճառները, որոնք ծնեցին կամ ծնելու են նոր «Սասնա ծռեր»: Ինչո՞ւ է վերացել սեփական ժողովրդի հետ խորհուրդ անելու ցանկությունը: Չէ՞ որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ ոչ թե ժողովրդին հայտնի որոշ սազանդարներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնող գնահատականներով ավելի են սրում իրավիճակը:

Երկրում կուտակված խնդիրների լուծման բանալին գտնվում է ժողովրդի մոտ, այդ բանալին է բացելու ազնիվ, արդար ընտրությունների կողպեքը: Իսկ այդպիսի մեկ ընտրությունը հիմք է հանդիսանալու  ժողովրդի ուզած Հայաստանը կառուցելու համար:

Ընտրակեղծարարնե՛ր, դուք ավելին եք անում երկրի քայքայման համար, քան նույնիսկ մեր ոխերիմ թշնամիները: Համամիտ եմ երկրի նախագահի վերջերս արտահայտած այն մտքի հետ, որ «իշխանությունները եկող գնացող են… »: Միայն ուզում եմ ավելացնել, որ մնացողը ժողովուրդն է, մնացողը համայն հայության հայրենիք Հայաստանն է:

Քիչ չէին հայրենիքիս համար ապրումներս, հիմա էլ ցավող վերքիս վրա աղ է լցնում տխրահռչակ ռուս քաղաքական գործիչը, պալատամերձ հայտնի ծաղրածուն:

Գուցե գրելու, մտքերս ուրիշների հետ կիսելու ցանկությունս, ատամներիս տակ սեղմելով, մարեի, եթե հայտնի պատգամավորներից մեկը, ժողովրդի ցասումն իբր մարելու նպատակով, չգրեր. «Շատ ուրախ եմ, որ պաշտոնական Մոսկվան Ժիրինովսկու պես չի մտածում»:

Նախ թողնենք, թե ինչպես է մտածում պաշտոնական Մոսկվան: Ինչի՞ց ես շատ ուրախացել, որ նա «թքած ունի Հայաստանի վրա», որ նա զրպարտում եւ ուրիշի ջրաղացին ջուր է լցնում՝ ասելով, թե «այնտեղ արդեն մեկ միլիոն հայ է մնացել»: Ուրախանալու ի՞նչ առիթ ես գտել, երբ նա թուրքերին եւ ազերիներին քսի է տալիս ու ավելացնում. «այլապես նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները»:

Չեմ հավատում, որ Խոսրով Հարությունյանը չի հասկացել Ժիրինովսկու խոսքի վերջաբանի իմաստը՝ «նրանք երբեք մեզնից չեն հրաժարվի, քանի որ այդ դեպքում նրանց վերջը կգա»:

Մեր հազարամյա գոյության վերջը երբեք չի գալու: Այսպիսին պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի պատասխանն այդ անհավասարակշիռ քաղաքական գործչին:

Գուցե Ժիրինովսկին թուրքերին եւ ազերիներին հաճոյանալու համար ցանկանում է սեպ խրել հայ եւ ռուս ժողովուրդների  բարեկամության մեջ, գուցե հող է նախապատրաստում նոր ապրիլյան պատերազմի համար: Ահա ինչից պետք է զգուշանալ եւ ինչի պետք է պատրաստ լինել:

Հայ ժողովուրդը երբեք հակառուսական տրամադրություններ չի ունեցել. վկան մեր մեծերի գնահատականները, վկան Աբովյանի «Օրհնվի էն սհաթը… », վկան մեր ժողովրդի հավաքական կարծիքը:

Ինչո՞ւ Ժիրինովսկուն դուր չի եկել, երբ մեր ժողովուրդը, մեր իշխանությունը, երկրի նախագահն իրենց դժգոհությունն են հայտնել ռազմավարական գործընկերոջ կողմից՝ լարված տարածաշրջանում մեր հակառակորդին հարձակողական զենք վաճառելու առիթով: Եթե պատճառաբանվում է, թե դա բիզնես է, ապա ինչո՞ւ չտեսնել, որ այդ բիզնեսով ռազմավարական ընկերներից մեկը փող է աշխատում, իսկ մյուսն այդ փողի դիմաց կրում է մարդկային ցավալի կորուստներ:

Մենք իրավունք չունենք չհարցնել, թե ինչու այն միության երեք անդամը, որին անդամագրվել ենք, սպասարկում են Ադրբեջանի շահերը, իսկ մյուսի քաղաքական գործիչներից մեկը «թքած ունի Հայաստանի վրա» այն դեպքում, երբ հաճախ ի վնաս մեր երկրի հեղինակության՝ միջազգային տարբեր ատյաններում սպասարկում ենք Ռուսաստանի շահերը:

Ժիրինովսկիները չեն կարող կտրել ռուս ժողովրդի հետ մեր կապի բազում թելերը, եւ նրանցից չենք հարցնելու, որ մենք ցանկություն ունենք կառավարման մոդելի բարեփոխումներով գնալ դեպի եվրոպական ժողովրդավարություն:

Իմ հայրենակիցնե՛ր, որպես եզրափակիչ, լսե՛ք մեծ բանաստեղծի ուղերձը դեպի ձեզ՝ «ով հայ ժողովո՛ւրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Միասնական լինե՛նք ոչ միայն սպառնալիքի դեպքում: Միասնական լինե՛նք երկրի հիմքերը խարխլող, բոլոր չարիքների արմատ հանդիսացող ընտրակեղծիքների, ընտրակեղծարարների դեմ պայքարի ժամանակ, միասնական լինե՛նք կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարելիս:

Անընդհատ փնովելու, ատելություն սերմանելու փոխարեն միասին պահանջատեր լինե՛նք, որ պաշտոնական դիրքը չարաշահողները, երկրի, ժողովրդի հարստությունը թալանողները, հայրենի բնությունն ավերողներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն եւ կրեն իրենց պատիժը:

Պահանջատեր լինե՛նք, որ կառավարման բուրգից հեռացվեն իրենց պարտականությունները չկատարող, կաշառակեր դիլետանտները: Պահանջե՛նք, որ ստեղծվի ազգային վստահության կառավարություն: Պահանջե՛նք, որ չամայացվի քաղաքական դաշտը եւ ընդդիմությանը չնայվի որպես թշնամի: Ընդդիմությունը մեր թշնամին չէ, ընդդիմությունը մեր ցորենի դաշտի քաղհանն է, իսկ նրան թշնամի տեսնելու դեպքում մի՛ զարմացեք, որ մոլախոտի փոխարեն հաճախ դաշտից կարող է հեռացնել նաեւ ցորենի հասկը:

Միասին եկե՛ք ոչ ասենք  զենքով, ծեծ ու ջարդով իշխանափոխություն կատարելու, իշխանությունը պահելու գայթակղությանը:

Վերջին դեպքերից չպետք է ջղաձգվել, վրեժխնդրությամբ չպետք է լցվել: Դա մեզ բոլորիս ուղղված սթափության կոչ էր…

ԳՐԻՇԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Վետերան ուսուցիչ, Խորենացու անվան մեդալակիր

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57