«Դավիթ բեկ» հասարակական կազմակերպությունը՝ Սյունիքի սրբավայրերի եւ հնավայրերի պատշաճ պահպանության ջատագով

21.09.2019 17:49
7095

Հաճելի է նկատել, որ «Դավիթ բեկ» հասարակական կազմակերպությունը՝ նախագահությամբ մեր հայրենակից, մոսկվայաբնակ Գագիկ Մելքումյանի, իր գործունեության առաջնահերթություններից մեկը հռչակել է Սյունիքի սրբավայրերի ու հնավայրերի պատշաճ պահպանությունը:

Այդ ուղղությամբ կատարված աշխատանքներից հերթական դրվագին ծանոթանալու համար սեպտեմբերի 19-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այցելեց Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղ:

Տողերիս հեղինակին եւ Վահրամ Օրբելյանին ուղեկցում էր Հուսիկ Սարուխանյանը՝ իր բնօրրանի պատմության եւ տարածաշրջանի դիտարժան վայրերի հրաշալի գիտակ մի անձնավորություն:

Կապանից մոտ 10 կմ հարավ-արեւելք գտնվող այդ գյուղը հին ժամանակներում մտնում էր Սյունյաց աշխարհի Կովսական (Գրհամ) գավառի մեջ:

Գյուղում առաջինն այցելեցինք կենտրոնում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (կառուցվել է 1880 թ.):

Դեռեւս 2002-ին է վերականգնվել տասնամյակների անտարբերությունից խոնարհված այդ տաճարը:

Նախաձեռնողն ինքը՝ Գագիկ Մելքումյանն էր:

Այդ թվականին էլ տեղի է ունեցել Սուրբ Հռիփսիմեի վերաօծումը՝ ձեռամբ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի:

Գագիկ Մելքումյանի բարերարությունը, սակայն, չի ավարտվել բուն եկեղեցու վերանորոգմամբ:

Ծավալուն հողային աշխատանքներ կատարելու շնորհիվ բարեկարգվել ու աչքահաճո տեսքի է բերվել եկեղեցու շրջակայքը, հողային ծածկույթից ազատվել են հնամենի տապանաքարերը, որոնք գյուղի պատմության հավելյալ վկայարաններ են:

Եկեղեցու եւ շրջակայքի պահպանությունն այսօր էլ «Դավիթ բեկ» կազմակերպության հոգածության ներքո է:

Այցելեք այդ տաճար եւ կհամոզվեք, թե ինչպիսի մաքրություն, խաղաղություն է այնտեղ թագավորում, թե խնամքի ինչպիսի ձեռագիր կա այնտեղ:

Սակայն Ճակատենի հովանավոր տաճարը միայն Սուրբ Հռիփսիմեն չէ:

2019 թ. օգոստոսի 23-ին, Հայոց անկախության հռչակագրի ընդունման հերթական տարեդարձի օրը, գյուղի հարավ-արեւմտյան բարձունքում՝ անտառի բացատում, կանգնեցվել է երկաթակուռ մի խաչ՝ 6 մ x 3 մ չափսերով:

Խաչի օրհնությունը կատարել են արժանապատիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը եւ Կապանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը:

«Դավիթ բեկ» հասարակական կազմակերպության կողմից կանգնեցված այդ խաչը, որից ճառագող լույսը յուրօրինակ խորհրդավորություն է սփռում գյուղի ամբողջ տարածքի ու մերձակայքի վրա եւ տեսանելի է նույնիսկ շատ հեռվից, նաեւ հույս է արթնացրել գյուղացիների մեջ, որ լեռնային այդ գյուղը՝ դարերի խորքից եկող, շարունակելու է երթը հավերժի ճամփով:

Ճակատենում կա հրաշալի մեկ այլ ուխտատեղի եւս: Դա Սուրբ Հովհաննես մատուռն է՝ գյուղից մոտ 3 կմ հարավ՝ Ծավ տանող ավտոմայրուղու աջ մասում՝ բարձունքի վրա:

Մատուռը 2009-ին հիմնել է Ճակատեն գյուղի մեկ այլ երախտավոր զավակ՝ Արշավիր Սարգսյանը:

Այն օծվել է Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի կողմից:

Առաջին իսկ օրվանից  Սուրբ Հովհաննեսն ուխտատեղի է ոչ միայն ճակատենցիների, այլ տարածաշրջանի հավատավոր բնակչության համար:

Առանց չափազանցության՝ ամեն օր այնտեղ կարելի է ուխտավորների հանդիպել:

***

Ճակատեն կատարած մեր ուխտագնացությունն առիթ էր՝ ավելի ամբողջական ծանոթանալու գյուղի մյուս սրբավայրերին ու հնավայրերին նույնպես:

Պարզվում է՝ գյուղը, այդ առումով, Սյունիքի մարզի ամենահարուստ բնակավայրերից է:

Նախ եղանք Ղուզուն արտի եկեղեցու ավերակներում:

Պահպանվում է հյուսիսային պատի մի մասը, կան բազմաթիվ խաչքարեր:

Պատմում են՝ 1970-ականների մելիորացիայի ժամանակ տրակտորիստը հրաժարվել է դաշտի այդ հատվածը հերկել եւ հողին հավասարեցնել:

Եվ հիմա հավատավոր ճակատենցիներն այցելում են այդ սրվբավայր:

Այդ վայրը Ղուզուն արտ են անվանում հիմա:

Մինչդեռ դա Գեղեցու խութ գյուղատեղին է:

Սկզբնական անունը, ամենայն հավանականությամբ, եղել է Եկեղեցու խութ:

Գյուղից 5 կմ հարավ-արեւելք է գտնվում Իրիգիս գյուղատեղին. Ծավ տանող ճանապարհի ձախ կողմում՝ բարձադիր տեղում:

Պահպանվում է թաղակապ եկեղեցին, նկատվում են ջրանցքի, կավե խողովակների, գերեզմանների, խաչքարերի հետքեր:

Ենթադրվում է, որ Իրիգիսը Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Եղեգիք գյուղն է:

Ճակատենից  6-7 կմ հարավ՝ բլրի վրա է գտնվում Շնդռեն գյուղատեղին (նաեւ կոչվել է Շինդիրյան, Շնդրեն):

Գյուղն ապաբնակեցվել է 1930-ականներին՝ բնակավայրերի խոշորացման  հետեւանքով:

Շինությունների ավերակները նշմարվում են:

Գյուղը նաեւ եկեղեցի է ունեցել, որ գիտակամն գրականության մեջ երբեմն սխալմամբ անվանվում է Շինդոնի եկեղեցի:

Ճակատենից մոտ 3 կմ հարավ-արեւելք է գտնվել Շինաթաղ գյուղը, որի շինություների հետքերը նույնպես պահպանվում են:

Ճակատենից հարավ-արեւելք է գտնվել Սուսանի գյուղը:

Տարեցները պատմել են, որ 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին գյուղը կանգուն էր ու հայաբնակ:

Դա Սուսանդաղ լեռան ստորոտն է, որը մտնում է Բարգուշատի լեռնաշղթայի համակարգի մեջ:

Ի դեպ, Սուսանդաղն այնքան էլ բարձր լեռ չէ. ամենաբարձր գագաթը 1300 մետր է:

Ճակատենի մերձակայքում՝ 4-5 կմ արեւելք, կա եւս մեկ գյուղատեղի՝ բարձրադիր լեռնային վայրում, բլրի ստորոտում: Նշմարվում են տների ավերակները:

Դա Գրմեշ գյուղատեղին է, որտեղ նույնպես եղել է Աստծո տաճար:

Ըստ պատմական գրականության՝ Ճակատենի տարածքի ամենահին ու խոշոր բնակավայրը Վարոս գյուղն է եղել, որտեղ էլ գտնվում էր Վարոսի վանքը:

Անտառում ծվարած այդ գյուղում, որտեղ պետք է որ լինեն եկեղեցու ավերակներ, ճակատենցիներին հայտնի չէ, ուստի եւ չկարողացանք ստույգ տեղորոշել ու այցելել:

Այդ գյուղի մասին նշում է Ստեփանոս պատմիչը՝ իբրեւ  Տաթեւի վանքին  10 չափ հարկ վճարող բնակավայր:

Վարոսի վանքի մասին հիշատակում է նաեւ Ղեւոնդ Ալիշանը՝ Կովսականի գյուղերի մեջ:

Եվ, այդ բոլորով հանդերձ, Ճակատենի  տարածքի ամենանշանավոր մշակութային ժառանգությունը Սյունյաց աշխարհի եւ առհասարակ Մեծ Հայքի ամենանշանավոր ամրոցներից մեկն է՝ Գրհամը:

Ճակատենից հարավ-արեւելք գտնվող այդ բերդ-ամրոցի մասին առաջինը  հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը:

Ըստ երեւույթին Գրհամը գոյություն է ունեցել 9-10-րդ դարերից:

Հիշատակվում է 1104 եւ 1166 թթ. թուրք-սելջուկների արշավանքի կապակցությամբ:

Տեսակետը, որ հենց դա է Գրհամը, հաստատել է նաեւ մեր հայրենակից, հայագետ Թ. Հակոբյանը:

Ըստ նրա՝ Գրհամը գտնվում է Ղափան-Մինջեւան երբեմնի երկաթգծի Շաիբլու կամ Շարիբլու կայարանի դիմացի լեռան գագաթի վրա (մենք նույնպես այդ կարծիքին ենք), որին ճակատենցիները հիմա էլ անվանում են Գրվա կամ Գրվին սեռ:

***

Ճակատեն անվանումը, որը լուսահոգի Ռոբերտ Էջանանցու կարծիքով պահլավերեն սկիզբ ունի, գագաթ իմաստն է պարունակում:

Գյուղանունը ոմանք էլ բացատրել են որպես արեւելահայաց կողմ՝ Բաղքի ճակատամաս:

Գյուղը նաեւ այլ կերպ է անվանվել՝ Ճաքատեն, Ճգտեն, Ճըկետեն, Ճըկտեն, Ճըքատեն, Ճկատեն, Ճկտեն, Չաքիդին, Չըքադեն, Չիկադեն, Չքատեն, Չքտեն:

Գյուղը, ըստ նոր հարկացուցակի, Տաթեւի վանքին վճարում էր 1200  դահեկան  հարկ:

***

Ներկայիս Ճակատենը, ըստ ավանդույթի, հիմնադրվել է 17-րդ դարավերջին:

Բնակատեղին նախ եղել է Իրիգիս կոչվող հանդամասում (այդ գյուղի մասին քիչ առաջ նշեցինք), հետո՝ 19-րդ դարասկզբին տեղափոխվել է ներկայիս տեղը:

Գյուղի առաջին բնակիչները եղել են Իրանից տեղահանված Մելիք Աղագյուլյան եւ Կարախանյան տոհմի ներկայացուցիչները:

Գյուղը հատկապես զարգացում է ապրել խորհրդային տարիներին. համարվում էր Կապանի շրջանի խոշոր տնտեսություններից մեկը, որտեղ զբաղվում էին անասնապահությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, խոզաբուծությամբ:

Դեռեւս 1967 թ. գյուղում հավերժացվել է Մեծ հայրենականում զոհված 99 ճակատենցիների հիշատակը:

Անկախության տարիներին գյուղի կենտրոնում կառուցվել է մի համալիր, որն իր մեջ ամփոփում է նաեւ Արցախյան հերոսամարտում զոհված համագյուղացիների հիշատակը:

Զարմանահրաշ բնություն ունեցող գյուղը, որի հարավային մասով հոսում է Ճակատեն (Ջաղացի) գետը՝ սակավաջուր դարձած, հարուստ է դաշտային  սառնորակ աղբյուրներով, գրավում է նաեւ զբոսաշրջիկների ուշադրությունը:

Մինչդեռ խմելու ջրի խնդիրը եղել եւ մնում է չլուծված. դրա հիմնովին լուծմամբ, համոզված ենք, Ճակատենը նոր վերածնունդ կապրի…

Սամվել Ալեքսանյան

 

 

 

 

 

 

 

 

 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06