Ձախողված առաքելություն կամ անդրադարձ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սյունիքյան տուրնեին

04.08.2025 15:50
860

Հուլիսի 29-ից 31-ը եռօրյա այցով Սյունիքում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հանդիպում Սյունիքի մարզպետարանում, շրջագայություն Կապան քաղաքում, այցելություն զորամաս, Ճակատեն, Ներքին Հանդ, Ծավ, Հյուսիսհարավ կառուցվող ճանապարհի ՄեղրիՔաջարան հատվածի շինհրապարակ, հայիրանական սահմանի անցակետ, Նռնաձոր, Գորիս քաղաք, Ներքին Խնձորեսկ, Կորնիձոր, ԻրանՀայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան․․․

Այցի մանրամասներին անդրադառնալն իմաստ չունի, քանզի ամեն ինչ ավելի շատ ձևականությամբ և երևութականությամբ էր շուլալված։

Իսկ շրջայցի գլխավոր նպատակն արտահայտեց Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունում։ Ընդ որում՝ այդ հայտարարությունը ոչ միայն ցնցեց հանրությանը, այլև խորացրեց անորոշությունը Սյունիքի վաղվա օրվա հանդեպ։

Եվ ինչ ասաց նախագահն այդ խորհրդակցությունում՝ «Ուրախ եմ այս առիթի համար, Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն են դառնալու հետագա զարգացման համար։ Եթե մենք կարողանում ենք դարպասները բացել Սյունիքի՝ ես ի նկատի ունեմ 43 կմի հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ։ Եվ էն մեծ ծրագիրը, որոնք մենք հիմա ներկայացնում ենք ու առաջ ենք տանում՝ «Խաղաղության խաչմերուկը», նաև, որը շատ լավ ընկալվում է  միջազգային հանրության կողմից, ես կարող եմ ուղղակի իմ անձնական շփումների արդյունքում ներկայացնել Ձեզ, և բոլորի համար շատ գրավիչ է և շատ տեսանելի է։ Շատ մեծ հայտնագործություն չենք արել, բայց երբ որ էն ինչ կա՝ իրականությունը սեղանին ենք դնում ու նաև պատկերավոր ներկայացնում ենք էդ հնարավորությունները, հասկանում ենք, թե ինչքան կարևոր է այս 43 կմը և Սյունիքը։ Մեր նպատակը հետևյալն է՝ ամենամոտ ժամանակների, որպեսզի էդ համաձայնագիրը ստորագրենք խաղաղության․․․»։

Իհարկե, լավ կլիներ, որ նախագահը կարողանար հստակ հայերենով և հոդաբաշխ նախադասություններով արտահայտել իր մտքերը, բայց ոչինչ։

Մի քանի ժամ տևած խորհրդակցությունում միայն մի հոգի է հարց ուղղել նախագահին։ Հարցն այն մասին էր, թե պետության գլուխն ինչպես է վերաբերվում Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին ժողովի շրջանակում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» ամրագրված դրույթին՝ «Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիների իրավունքի» մասին։

Իսկ Սյունիքի սահմանները բացելու վերաբերյալ նրա հայտարարությանը ներկաները (ըստ մամուլում տարածված տեղեկությունների) չեն արձագանքել ու ոչ մեկը նախագահին հարց չի ուղղել։

Չենք ուզում ենթադրել, որ այդ լռությունը համաձայնության նշան էր։ Մի մասը, իբրև տան տեր կամ իբրև հյուրընկալող կողմ, պատշաճ համարեց բավարարվել վերոնշյալ մեկ հարցով։ Որոշներն էլ, որքան ճանաչում ենք, մտավոր առումով ի վիճակի չէին հասկանալու, թե ինչի մասին է խոսքը։ Մի երրորդ մասի համար էլ գլխավորը նախագահի կողքին լուսանկարվելն էր՝ իբրև երջանկության գագաթնակետ և զբաղեցրած պաշտոնում մնալու, սեփական բիզնեսը պահելու  հավելյալ գրավական, իսկ թե ինչպես կվարվեն Սյունիքի հետ՝ կարևոր չէ։

Ստորև՝ քիչ հետո, ՀՀ նախագահին կուղղենք այն հարցերը, որոնք բխում են վերոնշյալ հայտարարությունից, բայց ․․․

Կուզենայինք նախևառաջ նրան հիշեցնել, թե հազարամյակների ընթացքում քանի անգամ (և ինչպես) են բացել Սյունիքի դարպասներն ու ինչ հետևանքներ են ունեցել դարպասների բացումը․․․

Առաջին անգամ դա տեղի ունեցավ 1170 թվականին։ Թուրքսելջուկները, ըստ Ստ․ Օրբելյանի, խաբեական խոսքերով մոլորեցրին աչաղվացի պարզամիտ հայ քրիստոնյա մարդկանց, և գիշերը՝ նրանց օգնությամբ, բացեցին Սյունիքի թագավորության մայրաքաղաքի գլխավոր ամրոցի՝ Բաղաբերդի դռները, որից հետո սրի մատնեցին հայ բնակչությանը։

Ըստ պատմիչի՝ «Եվ քանի որ այն անհաղթահարելի ամրություն ուներ, բոլոր վանքերից այնտեղ էին կուտակել սրբությունները, գրքերը, եկեղեցական սպասքները, առավելապես Տաթևի փարթամ ու հարուստ աթոռի անհամար և աննման սրբություններն ու եկեղեցական սպասքները, ոսկե և արծաթե խաչերը, հիշատակային իրերը՝ զարդարված անգին ակնեղեններով, անհամար մարգարիտներով։ Այնտեղ ամբարված էին շատ Կտակարաններ՝ թվով ավելի քան 10 հազար։ Դրանք բոլորն էլ գերի տարվեցին և ցիր ու ցան եղան երկրի երեսին։ Մենք խղճահարության ու կարեկցանքի ենք արժանի, որովհետև մեր կորուստն ու ավերվածությունը առավել եղան, քան Երուսաղեմինը՝ Նաբուգոդոնոսոր արքայից չէ՞ որ սա մի ժամանակ դարձ ու նորոգում ունեցավ Կյուրոսի կողմից, իսկ մեզ համակեց վերջին թշվառությունը՝ անդառնալիորոն ու հավիտենապես»։

Երկրորդ անգամ թշնամու առաջ Սյունիքի դռները բացվեցին 1730-ին։

Դավիթ Բեկի մահվանից մեկ տարի հետո օսմանցիք պաշարեցին Հալիձորի բերդը՝ Դավիթ Բեկի իշխանության կենտրոնավայրը։

 Ըստ Ղուկաս Սեբաստացու՝ «Երկու մարդու հետ ՏերԱվետիսին ուղարկեցին օսմանցիների փաշայի մոտ՝ բանակցելու նրանց հետ խաղաղության վերաբերությամբ։ Երբ գնացին նրանց մոտ, նրանք հաճույքով համաձայնվեցին, երդում տվին ամենևին չվնասել նրանց և ՏերԱվետիսին պահեցին իրենց մոտ։ Սրանք էլ հանձն առան հաջորդ օրը բերդի դուռը բացել նրանց համար։ Նույն գիշերը․․․ նրանց համար դուռը բացին։ Երբ օսմանցիների անօրեն զորքը ներս մտավ, ուրացավ, անարգեց երդումը և փաշաների դաշինքը, բոլոր զորավոր տղամարդկանց կոտորեցին, կանանց ու երեխաներին գերեվարեցին, մտան կույսերի մենարանը, բոլորին գերեցին, ապա բերդի պարիսպները քանդեցին, կործանեցին, հիմնահատակ արին, Մխիթարի կնոջն ու որդիներին և այնտեղ եղած ամեն ինչ առան, թողին գնացին»։

Երրորդ դեպքը կապված է Մելիք Ֆրանգյուլի հետ․․․

Մելիք Ֆրանգյուլը «հանուն Սյունիքի» աղ ու հացով դիմավորեց Ֆաթալի խանին։ Վերջինս էլ փառաբանեց Ֆրանգյուլին, նվերներ ու պարգևավճարներ տվեց, խոստումներ տվեց ապագայի հետ կապված։ Եվ 1724 թվականին՝ Շուշանների դաշտում, Թորոս իշխանի և Ֆաթալի խանի զորքերի միջև տեղի ունեցած ճակատամարտում՝ Մելիք Ֆրանգյուլի դավաճանությամբ, սպանվեց Սյունյաց աշխարհի Չավնդուր գավառի փառահեղ զորավար Թորոսը, որից հետո էլ ճանապարհ բացվեց դեպի Սյունիքի խորքերը․․․

Ներկայումս՝ հերթական անգամ, խաբեական խոսքերով փորձում են բացել Սյունիքի դարպասները և փորձում են ներկայացնել, թե դրանով Սյունիքին երջանկություն ու զարգացում են բերում․․․

* * *

Հիմա այն հարցերը, որ ՀՀ նախագահին պետք է ուղղեին տեղի իշխանավորներն այցի առաջին օրը՝ մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, բայց չուղղեցին․․․

Նախ, պարոն Խաչատուրյան, ո՞վ եք Դուք, որ ուզում եք Սյունիքի դարպասը բացել։ Ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյա չեք, ՀՀ սահմանադրությամբ նման լիազորություն կամ գործառույթ չունեք, այստեղ ապրողներիս երաշխավորությունը չունեք, դրա հետևանքների մասին պատկերացում չունեք։ Եվ ուրեմն՝ ի՞նչ իրավունքով եք նման տեսակետ հայտնում։

Երկրորդ, Սյունիքի այդ ո՞ր փակ դարպասի մասին է խոսքը։

Արդյո՞ք այն դարպասի մասին, որ 1918 թվականից ի վեր Թուրքիան ու Ադրբեջանն են ուզում բացել՝ «Զանգեզուրի միջանցք» հորինված անվամբ։

Երրորդ, տնտեսական ի՞նչ հաշվարկների վրա է կատարված Ձեր  հայտարարությունն առ այն, թե դարպասը բացելով՝ Սյունիքին  զարգացում է սպասվում։

Ի դեպ, ճանաչված տնտեսագետներից և ոչ մեկը (ըստ մամուլի հրապարակումների) համաձայն չէ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանի մերկապարանոց հայտարարության հետ։

Չորրորդ, ի՞նչ ասել է Սյունիքի զարգացում ներկա իրավիճակում։

Փորձե՞լ եք այդ հարցում Սյունիքի բնակիչների և Ձեր  պատկերացումները համեմատել իրար հետ։

Անպայման համեմատեք և կհամոզվեք՝ Սյունիքի զարգացման տեղացիներիս և Ձեր պատկերացումները որևէ կետում չեն համընկնում։

Հինգերորդ, Սյունիքի հարցում արդեն իսկ հստակ դիրքորոշում ունեն Ռուսաստանի Դաշնությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, ԱՄՆը, Թուրքիան, Չինաստանը․․․

Մենք կարո՞ղ ենք շրջանցել, օրինակ, Իրանի և ՌԴի կարծիքը կամ դիրքորոշումը։

Արդյո՞ք ներկայումս Հայաստանն ունի վճռորոշ ձայն Սյունիքի ճակատագիրը որոշելու կամ Սյունիքի ճանապարհները (Ձեր պատկերացրած ձևով) բացելու հարցում։

Վեցերորդ,   Ադրբեջանի նախագահն ամեն օր հայտարարում է, թե Սյունիքով բացվող ենթադրյալ ճանապարհին Հայաստանը պետք է ունենա զրո վերահսկողություն․․․

Այդ դեպքում որտեղի՞ց եք ակնկալում այն շահույթը, որի հաշվին Սյունիքի զարգացում եք մեզ խոստանում։

Կամ՝ ի վիճակի՞ եք մերժելուընդդիմանալու Իլհամին, բա որ հանկարծ զայրանա ու Ձեր հրաժարակա՞նը պահանջի․․․

Յոթերորդ, ասում եք՝ «Էն մեծ ծրագիրը, որոնք մենք հիմա ներկայացնում ենք ու առաջ ենք տանում՝  «Խաղաղության խաչմերուկը»․․․  շատ լավ ընկալվում է  միջազգային հանրության կողմից։

Հետաքրքիր է՝ ի՞նչ ասել է «միջազգային հանրություն», այդ ո՞ր  պետություններն են մտնում Ձեր պատկերացրած «միջազգային հանրության» մեջ։

Արդյո՞ք այն «միջազգային հանրության» մասին է խոսքը, որ աջակցեց Ադրբեջանին՝ բռնազավթելու հայոց Արցախը, որ քաջալերեց Ադրբեջանին՝ հայաթափելու Արցախը, որ ժպիտով է  արձագանքում Արցախում քրիստոնեական սրբավայրերի ոչնչացմանը ու պղծմանը, որ ծափահարություններով արձագանքեց Սյունիքի դեմ Ադրբեջանի քանիցս ձեռնարկած ագրեսիային։

Ութերորդ, ասում եք՝ «Մեր նպատակը հետևյալն է՝  ամենամոտ ժամանակներս ստորագրենք «Խաղաղության համաձայնագիրը»։

Ներող եղեք,  բայց չենք կարող չհարցնել՝ անձամբ Դուք ծանո՞թ եք ապագա այդ համաձայնագրին, թե՞ պարզապես լսել եք։ Եվ կարո՞ղ եք կոնկրետ ներկայացնել՝  ենթադրյալ այդ համաձայնագիրը, ենթադրյալ «Խաղաղության խաչմերուկը» կապ ունե՞ն Սյունիքի իրական  խաղաղության և հատկապես  սյունեցիների վաղվա օրվա հետ։

Իններորդ, եթե Սյունիքի դարպասը կարևորում եք, ապա ինչո՞ւ նույն ձևով չեք կարևորում Նախիջևանի դարպասի բացումը, որտեղով մեղրեցին, օրինակ, «անխոչընդոտ», «պարզեցված եղանակով» կայցելի Երևան։

Ինչո՞ւ չեք կարևորում ԳորիսԿապան միջպետական ճանապարհի բացումը։

Ինչո՞ւ չեք կարևորում Երասխից (Նախիջևանի տարածքով) Ջուլֆա ձգվող երկաթուղու ապաշրջափակումը։

Մենք ակնկալում ենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կպատասխանի հազարավոր սյունեցիների մտքերը ու մտահոգություններն ամփոփող այդ հարցերին։

* * *

Իսկ ի՞նչ էինք ակնկալում Սյունիքում, երբ իմացանք ՀՀ նախագահի այցի մասին․․․

ՀՀ սահմանադրության Հոդված 123-ը սահմանում է

«1․ Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

2․ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

3․ Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով»:

Բայց ինչ տեղի ունեցավ․․․

ՀՀ նախագահն այցելեց Սյունիք,  հանդիպումներ ունեցավ տարբեր համայնքների բնակիչների, համայնքների ղեկավարների հետ և բառ անգամ չասաց Սյունիքից բռնազավթված հազարավոր հեկտար հողատարածքների ճակատագրի մասին։

Այցելեց երեք կողմից շրջափակված Ներքին Հանդ և չասաց, թե ինչպես է ապաշրջափակվելու գյուղը։

Այցելեց Տեղ գյուղ և չասաց, թե ինչ է լինելու բռնազավթված դաշտերի հետ։

Ժպտահայաց դեմքով քայլեց Գորիսի փողոցներով, դիտեց տեսարժան վայրերը՝ չհիշելով, որ Գորիսի տարածաշրջանի ամենատեսարժան վայրը՝ Իշխանա լիճմարգարիտն արևելքից բռնազավթված է։

Անթաքույց ինքնագոհությամբ քայլեց Կապանի փողոցներով՝ չիմանալու տալով, որ այդ համայնքի երկու հազարից ավելի հեկտար հողատարածք բռնազավթված է թուրքի կողմից։

Հայտարարեց, թե հանրապետությունում փողի խնդիր չկա, բայց չասաց՝ այդ դեպքում ինչո՞ւ հոգեվարք ապրող սյունիքյան տասնյակ գյուղերից որևէ մեկում մատը մատին չեն խփում մարդկանց արտագաղթը կանգնեցնելու և երիտասարդության զբաղվածության խնդիրը լուծելու համար։

Եվ այսպես շարունակ․․․

* * *

Ամփոփենք ասվածը․․․

ՀՀ նախագահի այցը վերահաստատեց ողբերգական այն իրողությունը, որ Սյունիքի մի հատվածը՝ Մեղրու արաքսամերձ հատվածը՝ 46 կմ երկարությամբ, այլևս վիճելի տարածք է աշխարհի խոշոր խաղացողների համար։

Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունը, նաև մի քանի բնակավայրեր կատարած այցելությունները (իրենց բովանդակությամբ) վերահաստատեցին, որ Վահագն Խաչատուրյան նախագահն իր պատկերացումներով մի քանի կիլոմետր հեռու է իրական Սյունիքից ու Սյունիքի իրական խնդիրներից։

ՀՀ նախագահը, կարծեք Սյունիք էր եկել այլ մոլորակից և անտեղյակ էր այն զարգացումներից, որ տեղի են ունենում երկրամասի շուրջը և երկրամասի ներսում։

ՀՀ նախագահը երեք օր շարունակ մեզ ապացուցում էր, որ Սյունիքի վաղվա օրն իրեն չի հետաքրքրում, իրեն ուղարկել են, ինքն էլ եկել է, եկել է ոչ թե նոր բան ասելու, այլ՝ լոբբինգ անելու՝ Սյունիքի դարպասը բացելու հարցում։ Եկել է մեզ համոզելու, որ Սյունիքի դարպասը բացելը հնարավորություն է և ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի անմաքուր տրեխների տակ գորգեր փռելու գործողություն։

Ծագումով լինելով սյունեցի, Վահագն Խաչատուրյանն ապացուցեց, որ ինքը վաղուց օտարված է Սյունիքից և ամենևին էլ մտահոգված չէ հայոց անկախ, ինքնիշխան պետության ողնաշար հանդիսացող Սյունիքի ապագայով։ Բայց և չհասկացավ, որ Սյունիքում նաև լուրջ մարդիկ են ապրում՝ բոլոր չափանիշներով իրենից հազար գլուխ բարձր, որոնց համար զրո կարևորություն ունեն հայոց նորօրյա պաշտոնյաների՝ մեքենաների երկար շարասյունով, անթիվանհամար ոստիկանների ուղեկցությամբ Սյունիքում շրջագայելը․․․

 

Սամվել Ալեքսանյան

 

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան

04.12.2025 18:56

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին․ փաստաբան

04.12.2025 18:52

Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից

04.12.2025 17:34

Մոսկվան կոշտ արձագանքով է սպառնում Եվրոպայում սառեցված ակտիվների հետ անօրինական քայլի դեպքում

04.12.2025 16:59

Ռուսաստանը միշտ արել է հնարավորը՝ հայ-ադրբեջանական կարգավորման համար. Շոյգու

04.12.2025 16:54

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության հանընդհանուր ապահովագրության և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծերը

04.12.2025 16:49

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը

04.12.2025 16:47

ԵՄ-ն ցանկանում է ամեն կերպ վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսության համար կարևոր ոլորտներում. Զախարովա

04.12.2025 16:26

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ․ զրուցել տարբեր թեմաների շուրջ

04.12.2025 15:20

Մեծ Բրիտանիան շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմամբ

04.12.2025 14:52

Թոշակը դժվար է բարձրացնել, քանի որ թոշակառուների թիվը շատ մեծ է. Նիկոլ Փաշինյան

04.12.2025 14:37

Բաքվում ապօրինաբար պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի շուտափույթ ազատ արձակման հարցը Լիբանանի ԱԳՆ ուշադրության կենտրոնում է

04.12.2025 12:53