Ձմեռը սյունիքյան ճանապարհներին՝ իրողություններ, խնդիրներ եւ, իհարկե, կառուցվող այլընտրանքային ճանապարհներ…

17.02.2022 15:11
3075

2020 թ. նոյեմբերի 9-ից եւ հատկապես դեկտեմբերի 18-ից հետո Սյունիքի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակում հաղորդակցության ուղիներին առնչվող հարցերը դարձան ամենամտահոգիչն ու խնդրահարույցը:

Իրավիճակն ավելի սրվեց 2021-ի ամռանը, երբ մի քանի օրով (Կարմրաքարի մերձակայքում) ադրբեջանական զինուժը շրջափակեց Գորիս-Կապան մայրուղին: Ավելի ուշ՝ անցած նոյեմբերին, ադրբեջանական անցակետեր կարգվեցին Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհներին:

Այդ ամենից հետո է, որ հրամայական դարձավ շրջանցող կամ այլընտրանքային ճանապարհների կառուցումը:

Թե ինչ ընթացքի մեջ են դրանց շինարարությունը, փորձեցինք պարզել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուներից:

Մինչ այդ, սակայն, կարեւորեցինք սյունիքյան ճանապարհների ձմեռային պահպանության հարցերը, քանզի եղանակներն արդեն իսկ անակնկալներ են մատուցել:

Մեզ հետաքրքրող այդ հարցերի շուրջ է զրույցը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ:

Ձմեռային պահպանություն

Հիմա ձմեռվա «ամենաթեժ» պահն է, եւ ռելիեֆային դժվարություններով անմրցելի Սյունիքում մտահոգող հարցերից է ճանապարհների ձմեռային պահպանությունը:

Անկեղծորեն՝ այն, ինչ հունվարին (ձնաբքի օրերին) արվեց ու արվում է Դիբագի լեռնանցքում կամ Եռաբլրի սարահարթում՝ իսկական հերոսություն է… Այո, Սյունիքի ճանապարհաշինարարները (մեծամասամբ) իրենց կոչման բարձրության վրա են:

Եվ, այդ բոլորով հանդերձ, ընթացիկ տարում (հունվար ամսվա արդյունքներով) մարզի տարածքով անցնող միջպետական եւ հանրապետական ճանապարհների ձմեռային պահպանությունը դժվարություններով է ընթանում:

Ամենամեծ մտահոգությունը, իհարկե, կապված է Մ2-ի մի հատվածի հետ՝ Սդղի գյոլ-Հարժիսի խաչմերուկ. ամեն ձյունից հետո այնտեղ սաստիկ ձնաբուք եւ ձնամրրիկ է: Եվ ոչ միայն ձնազանգվածն է խոչընդոտում, այլ տեսանելիության գրեթե լիակատար բացակայությունը:

 Տարեսկզբին արդեն իսկ երկու-երեք անգամ բախվել ենք նման իրողության:

Արդյունքում ունենում ենք ժամերով, երբեմն օրերով փակ մայրուղի, որից (ի դեպ) օգտվում են նաեւ Արցախի Հանրապետություն, Կապան, Մեղրի, Իրան եկող-գնացող մեքենաները:

Ի՞նչ ծրագրեր ունեք այդ ճանապարհահատվածի հետ կապված:

Խորհրդային տարիներին, օրինակ, որքանով հիշում ենք, այդ հատվածում՝ մի քանի կիլոմետրի վրա՝ ճանապարհին զուգահեռ, փայտյա ցանկապատեր էին տեղադրում՝ իբրեւ յուրօրինակ կանխարգելիչ միջոց:

 - Սյունիքի մարզն ունի բարդ ռելիեֆ։ Այսօր բոլորի ուշադրությունը Սյունիքի ճանապարհների վրա է, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության և Արցախի Հանրապետության հետ կապն ապահովվում է հենց Սյունիքի մարզի ճանապարհներով։ Հարժիսի տեղամասում խորհրդային տարիներին տեղադրված փայտե ցանկապատերը տարիների ընթացքում անհետացել են։ Այսօր նույնպես խնդիրներ ունենք ճանապարհային կահավորանքի անհետացման հետ կապված։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ճանապարհային կահավորանքը երթևեկության անվտանգության տարրերից է, և չպետք է թույլ տանք, որպեսզի դրանք վնասվեն կամ անհետանան։ Նշենք նաև, որ ավտոճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքներ կատարող կազմակերպությունները մշտապես իրականացնում են ավտոճանապարհային կահավորանքի թարմացման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունները ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում են շուրջօրյա հսկողություն և հերթապահություն։ Համագործակցելով Ճանապարհային ոստիկանության հետ՝ արվում է հնարավորը՝ եղանակային վատ պայմաններում երթևեկելի ճանապարհներ ունենալու համար։ Եթե նույնիսկ առաջանում են խնդիրներ, դրանք արագ լուծվում են։  

 

- Հունվարյան ձնաբքերի ու ցրտերի ժամանակ քանիցս դժվարանցանելի կամ անանցանելի է դարձել Սատանի կամրջից Տաթեւ բարձրացող՝ խիստ թեք ճանապարհը: Եվ խոշոր բեռնատարներն ու կցորդով մեքենաները ժամերով հավաքվում էին  Սատանի կամրջում կամ (Կապանից եկողները) Տաթեւ գյուղի մերձակայքում:

 Ընդ որում՝ այդ հատվածում ոչ թե ձնաբուքն է դժվարություններ հարուցում, այլ  սառույցը: Կարծեք  դա ավելի դյուրին լուծելի խնդիր պիտի լիներ, բայց…

- Մ2 -Տաթև-Աղվանի-Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ (Սատանի կամուրջ) հատվածում կցորդով մեքենաների կուտակման հարցը փորձել ենք լուծել։ Ձյան տեղումների և ցածր ջերմաստիճանի (մերկասառույցների) ժամանակ գիշերային ժամերին ռելիեֆի բարդության, տեսանելիության բացակայության պատճառով այդ հատվածը ժամանակ առ ժամանակ դառնում է դժվարանցանելի, սպասարկող ճանապարհաշինական կազմակերպության և ճանապարհային ոստիկանության համատեղ ջանքերով կազմակերպվում է նշված հատվածի երթևեկությունը. թույլ չի տրվում կցորդով մեքենաներին գիշերվա ժամերին անցնել Տաթևի ոլորանները, միաժամանակ ձմեռային պահպանումն իրականացնող կազմակերպությունների կողմից ամբողջ գիշերվա ընթացքում պարբերաբար կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ, և երթևեկությունը կցորդով տրանսպորտային միջոցների համար վերականգնվում է առավոտյան։ 

- Մ2-Տաթեւ-Կապան հիմնանորոգված ճանապարհի խնդրահարույց տեղամասերից մեկը (հատկապես ձմռանը) Տաթեւի արեւելյան մուտքն է:

 Մոտ 100 մ երկարությամբ հատվածն անցնում է սողանքային՝ գրունտային տեղանքով:

 Ամենաթեթեւ տեղումներից անգամ՝ ներքեւից (Սատանի կամրջից) բարձրացող խոշոր բեռնատարների եւ կցորդով մեքենաների համար ճանապարհի այդ հատվածը դառնում է անանցանելի: Նման իրավիճակներում խնդիրն ամեն անգամ (ժամանակավորապես) լուծվում է ավազակոպիճ տեղադրելով:

 Արդյո՞ք ընթացիկ տարում կլուծվի ճանապարհային այդ հանգույցի խնդիրը: 

-Նշված 100մ երկարությամբ սողանքային հատվածը նախատեսված է հիմնանորոգել 2022 թվականին։ Ձմեռային պահպանման  շրջանակներում այդ հատվածում կապալառու կազմակերպության կողմից պարբերաբար կատարվում են երթևեկելի մասի խճապատման աշխատանքներ։

-Ձմեռային պահպանության հետ կապված հաջորդ հիմնախնդրին առնչվում ենք դարձյալ Մ2-ի վրա՝ Շաքեի խաչմերուկից մինչեւ Զանգեր…

   Ունե՞ք ծրագիր այդ հատվածի հետ կապված:

- Հայաստանը լեռնային երկիր է, և ջերմաստիճանային տատանումները կտրուկ են, ուստի սպասարկման առումով առաջանում են որոշ խնդիրներ։ Ոչ միայն նշված, այլև շատ այլ հատվածներում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -20-ի, իսկ այդ պայմաններում երթևեկելի մասի աղ-ավազի խառնուրդով մշակումն արդյունք չի տալիս։ Սակայն ձմեռային պահպանումն իրականացնող կազմակերպությունների կողմից արվում է հնարավորը՝  ձյան շերտը մաքրելու և սառույցը հալեցնելու, ավտոճանապարհի անցանելիությունն ապահովելու համար։

-Եվ որպեսզի ձմեռային պահպանության հետ կապված ամեն ինչ պարզ լինի՝ կարո՞ղ ենք իմանալ՝ բավարար համարո՞ւմ եք ճանապարհների ձմեռային պահպանության ֆինանսավորումը եւ այդ գործով զբաղվող ընկերությունների տեխնիկական ապահովվածությունը (նկատի ունենք  նախեւառաջ ձյունամաքրիչ մեքենաները):

- Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման համար հայտարարված վերջին մրցույթի արդյունքում 30 տոկոսով ավելացվել են ձմեռային պահպանման նպատակով հատկացվող գումարները։ Ի դեպ, նշենք, որ վերջին անգամ ավտոճանապարհների սպասարկման համար գնային վերանայում արվել էր 2010 թվականին։ 2021 թվականին ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 4-ի N 1419 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, ըստ որոնց՝ մեքենասարքավորումների հետ կապված նոր պայմաններ են սահմանվել կապալառու կազմակերպությունների համար։ 

Այլընտրանքային ճանապարհներ

- Հետպատերազմյան շրջանի սյունիքյան գլխավոր հոգսերից մեկը, որ համապետական ու ռազմավարական նշանակություն ունի, ճանապարհային կանոնավոր հաղորդակցության ապահովումն է:

Իհարկե, մենք տեսնում ենք, թե ինչպիսի մեծամասշտաբ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ:

Որոշ հարցեր, այդուհանդերձ, պարզաբանման կարիք ունեն:

Եվ ուրեմն՝ բացի  Որոտան գյուղի մերձակայքից, ուրիշ հատվածներ ունե՞նք Գորիս-Կապան մայրուղու վրա, որոնք անցնում են առայժմ Ադրբեջանին վերագրվող տարածքներով:

Ու, եթե կարելի է, նշեք խնդրեմ այդ ճանապարհահատվածները՝ անուններով, որպեսզի մեզ հասկանալի լինի:

- Հարցի պատասխանին մենք չենք տիրապետում, ասել է թե՝ հարցը պետք է ուղղել պետական այլ մարմինների:

 - Տաթեւ-Կապան ճանապարհի մասին….

Իհարկե, այն գործում է, եւ հույս ունենք, որ ընթացիկ տարում կիսատ մնացած գործերն ավարտին կհասցվեն:

Միեւնույն ժամանակ՝ շարունակում է անհերքելի մնալ կարծիքը՝ քանի դեռ այդ ճանապարհը չի շրջանցում Վերին Խոտանան գյուղը, դժվար թե այն լիարժեք գործի:

Ըստ ՀՀ վարչապետի հայտարարության՝ նախատեսվում է 2022-ին կառուցել այդ գյուղը շրջանցող ճանապարհահատված:

Ի՞նչ ընթացքի մեջ է տվյալ մտադրության իրականացումը:

- Հաշվի առնելով, որ Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհի առանձին տեղամասերում կառուցվել է նոր հողային պաստառ, հետագա թերություններից խուսափելու նպատակով որոշում է կայացվել ասֆալտբետոնե վերին շերտը տեղադրել 2022 թվականին։ Նշենք նաև, որ Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման արդյունքում ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը կտրուկ աճել է, ինչի հետևանքով Վերին Խոտանան գյուղի տարածքով  անցնող հատվածում հատկապես ձմեռային ժամանակահատվածում առաջացել են անվտանգ և անխափան շահագործման խնդիրներ։ Նկատի ունենալով վերոնշյալը՝ հրատապ խնդիր է առաջացել Վերին Խոտանան գյուղը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմանները բավարարող նոր ավտոճանապարհի կառուցումը 2022 թվականին։ 

- Ի՞նչ կասեք Կապանն Ագարակ, Եղվարդ, Ուժանիս գյուղերին կապող այլընտրանքային ճանապարհի մասին:

Ադրբեջանը 2020-ի դեկտեմբերի 18-ից անմիջապես հետո փակեց Կապանը տվյալ ենթաշրջանին կապող (ադրբեջանական երբեմնի Սեիդլար գյուղով)՝ մեր իսկ կողմից ժամանակին բարեկարգված ճանապարհը:

Եվ երբեմնի կարճ ճանապարհի փոխարեն այդ ենթաշրջանի հետ կապը ներկայումս ապահովվում է Վերին Գյոդաքլու ու Խդրանց գյուղերի խիստ անմխիթար ճանապարհով:

Որքանով տեղյակ ենք՝ այդ ուղղությամբ հողային աշխատանքների մեկնարկը տրված է…

-Կապանն Ագարակ, Եղվարդ, Ուժանիս գյուղերին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարության աշխատանքները կավարտվեն 2022 թվականին։ Այս տարի կավարտվի նաև Տ-8-22 /Մ2/-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի մոտ 13 կմ հատվածի հիմնանորոգումը։

- Խոտ-Մ2 վերաշինվող ճանապարհի մասին…

Ե՞րբ կունենանք այդ ճանապարհը՝ վերջնական տեսքով, եւ արդյո՞ք այն շահագործելուց հետո կկարողանանք Մ2-ով Գորիսից անվտանգ հասնել Կապան:

- Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցումն ընթացքի մեջ է։ Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել 2022 թվականին։

- Քաշունիի խաչմերուկ-Բարձրավան ճանապարհի կառուցման ընթացքի մասին նույնպես կուզենայինք իմանալ:

- Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից)-Բարձրավան ավտոճանապարհը նույնպես կառուցման ընթացքում է։

- Տանձավեր-Շուռնուխ այլընտրանքային ճանապարհի մասին. կարծեք այնքան էլ բարեհարմար երթուղի չի ընտրվել: Իմիջիայլոց, այդ ճանապարհը պիտի անցնի երբեմնի Մաճ գյուղի ավերակներով եւ, ակնկալում ենք՝ հնավայրը չի տուժի դրանից:

- Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին։ Դրանց ավարտը նախատեսված է 2022 թվականին։ Նշված հնավայրը շինաշխատանքների հետևանքով չի տուժի։

- Գեղանուշ-Ճակատեն ճանապարհի մասին. կարո՞ղ ենք համարել, որ դա Կապանը Ճակատենին կապող ժամանակավոր լուծում է, եւ այնտեղ կբավարարվենք գրունտային վիճակով: Իսկ Կապան-Ճակատեն ավանդական մայրուղու հիմնական այլընտրանքը կլինի կառուցվող ճանապարհը: Կարո՞ղ եք վերջնաժամկետ նշել այդ ճանապարհի կառուցման մասով: 

-Գեղանուշ-Ճակատեն ճանապարհը ժամանակավոր լուծում է, իսկ հիմնական՝ Մ-17, (Մ-2) (Կապան)-Ծավ-Մ2 ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհի կառուցումը սկսված է։       

- Լծեն-Տաթեւ այլընտրանքային ճանապարհի կառուցումը համեմատաբար ուշ սկսվեց, հողային աշխատանքներն էլ դեռ առջեւում են…     

 Կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ ճանապարհի կառուցումը ընթացիկ տարում ավարտին կհասցվի, եւ մեքենաները Մ2-ից Լծեն կհասնեն ոչ թե Սիսիան քաղաքով, այլ Նորավան գյուղով, որի ճանապարհը (Մ2-ից իջնող) հիմնանորոգվել է 2021-ին:

- Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցումը սկսվել է նախորդ տարի։ Նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել 2022 թվականին։ Այո, աշխատանքների ավարտից հետո Մ-2-ից Լծեն հնարավոր կլինի հասնել Նորավանով։

- Մեկ անգամ եւս նշենք, որ մեծամասշտաբ ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվում Սյունիքում, որը, խոստովանենք, լավ օրից չէ, թեեւ ճանապարհ կառուցելը բոլոր դեպքերում իրադարձություն է: Հետաքրքիր է՝ մեր ունեցած ճանապարհաշինական հզորությունները բավարարո՞ւմ են ըստ պատշաճի եւ սահմանված ժամկետներում կյանքի կոչելու այդ ծրագրերը:

- Ճանապարհաշինական ռեսուրսներն ընդհանուր առմամբ բավարարում են առկա աշխատանքներն իրականացնելու համար։ Ճանապարհաշինության ոլորտում կատարվող աշխատանքների ծավալների մեծացումը նպաստում է նաև բնագավառում գործող կազմակերպությունների հզորությունների մեծացմանը, նոր կազմակերպությունների ձևավորմանը։

Եզրափակիչ մաս

Ֆինանսական ոլորտին առնչվող մի հարց եւս. երբ 2021-ի աշնանը մեր առջեւ վերջնականապես սրությամբ ծառացավ այլընտրանքային ճանապարհների կառուցման խնդիրը, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին՝ այլընտրանքային ճանապարհների կառուցման գործում:

Արդյո՞ք Իրանի պատրաստակամությունը պատշաճ ըմբռնումի արժանացավ մեզանում եւ գործնական դրսեւորումներ ունեցավ:

- Այդ հարցի պատասխանին նույնպես չենք տիրապետում, քանզի մեր գործառույթների մեջ չի մտնում:

-Եվ վերջին հարցը՝ արդյո՞ք վերջնականապես ուրվագծված կարելի է համարել Հյուսիս-հարավի սյունիքյան երթուղին: 

Եթե ավարտված են նախագծային աշխատանքները, ապա ին՞չ հիմնական ցուցանիշներ կունենա ապագա մայրուղին:

Եվ, եթե որոշակիացված է այդ ամենը, ե՞րբ կարող են մեկնարկել շինարարական աշխատանքները:

- Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Արտաշատ-Սիսիան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի շուրջ 175կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված, այդ թվում՝ 14կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 4 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ: Այս հատվածի համար նախապատրաստվել է նախնական նախագիծ:

Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը հաստատվել է 24.09.2021թ. ՀՀ կառավարության թիվ 1564-Ա որոշմամբ: Մանրամասն աշխատանքային նախագիծը պատրաստ է: Նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված` մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 12.5կմ ընդհանուր երկարությամբ 9 թունել (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6կմ երկարությամբ): Մանրամասն աշխատանքային նախագիծն անցել է հատուկ համալիր փորձաքննություն, որի ամփոփ եզրակացությունը հավանություն է ստացել 2020 թվականի մայիսի 27-ին ՀՀ կառավարության թիվ 870-Ա որոշմամբ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ հատվածում նախատեսվում է կառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարան նախատեսվող թունելի մուտք): Քաջարան-Ագարակ հատվածի մանրամասն նախագծման համար 2018 թվականին հայտարարվել է միջազգային մրցույթ: 2021 թվականին նախագծման աշխատանքներն ավարտվել են: 2021 թվականին ավարտվել են նաև Քաջարան-Ագարակ ճանապարհային հատվածի մաս կազմող Քաջարանի թունելի նախագծման աշխատանքները: Ըստ նախագծի՝ նախատեսվում է կառուցել շուրջ 7.2կմ ընդհանուր երկարությամբ Քաջարանի թունել և շուրջ 3կմ թունելի մոտեցումները:

 

Հարցազրույցը՝

Մարի Նավասարդյանի

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29