Երբ գրքերի աշխարհն ուղեկից է ողջ կյանքի ընթացքում

03.07.2023 12:09
2084

Խորհրդային տարիներին գրքի հանդեպ սերը ևս մի դրսևորում ուներ: Մարդիկ տանն անձնական գրադարան ունեին. գրախանութներում հերթ էին կանգնում դասականների հատորները (և ոչ միայն) ձեռք բերելու համար: Իմ իմացած գրքասերներից մեկը, ով անձնական հարուստ գրադարան ունի, Ռիտա Դավթյանն է: Տարիներ ի վեր նրա ձեռք բերած գրքերն իր բնակարանի գրադարակներում են, մի մասն էլ արկղերի մեջ, դյուրի՞ն է 1000-1500 կտոր գրականության համար մի բնակարանում տեղ գտնել…

Գրադարակներում շարվածները ռուս և արտասահմանցի հեղինակների գրչին են պատկանում՝ Մայակովսկի, Բուլգակով, Տոլստոյ, Բունին, Պաստեռնակ, Հյուգո, Սկոտ, Ցվայգ, Բալզակ, բոլորին չես թվարկի: Մի այլ տեղում «Классики и современники» մատենաշարով լույս տեսած գրքերն են, «Большая советская энциклопедия»-ի և «Հայկական սովետական հանրագիտարան»-ի հատորները, տեղեկատվական բնույթի և արվեստի ոլորտին վերաբերող այլ գրքեր:

Հետաքրքրվում եմ, թե ո՞րն էր առաջին կարդացած գիրքը, չմտաբերեց, բայց հստակ հիշում է, որ միշտ կարդում էր «Хочу всё знать» հանդեսը՝ հետաքրքրասիրությունը բավարարելու համար:

Դավթյանների ընտանիքում գիրք կարդալը, ընթերցանությունը ծեսի նման մի բան էր։ Կար ժամանակ, երբ  ընտանիքը 17 անուն թերթ ու ամսագիր էր ստանում։ Հին ու բարի ժամանակներում, երբ դեռևս տանը հեռուստացույց ունենալը շքեղություն էր, մարդկանց զբաղմունքն ընթերցանությունն էր, այդպիսով և՛ ազատ ժամանակն էին լցնում, և՛ գիտելիք էին ստանում։ Մարդիկ երեկոները, երբեմն մինչև ուշ գիշեր պարզապես խորասուզվում էին ընթերցանության մեջ. «Երբ աշխատանքից վերադառնում էի, մայրս պատշգամբից նկատում էր, որ ձեռքիս գիրք կա, թու՜հ,  էլի գիրք է բերել, այսինքն՝ ընթերցանությամբ  է զբաղվելու, հետս չի զրուցելու։ Մոլի կարդացող եմ եղել, այժմ էլ չեմ կարող ասել, թե  որտեղ են դրա արմատները։ Քաղաքի գրադարանում նկարս կախված էր պատից, որպես պարտաճանաչ ընթերցող։ Հետո սկսեցի գիրք գնել, որն էլ հոբբի դարձավ։ Երբ ավարտեցի Մոսկվայի լեռնային ինստիտուտը, հետս մի ճամպրուկ գիրք էի բերել։ Թող ինքնագովություն չլինի, ուսանողական տարիներին, երբ մի տեղ վիճում էին որևէ ստեղծագործության շուրջ, հաճախ ինձ էին դիմում։  Ես էլ չէի զլանում պատասխանել՝ Դոստոևսկին այսպես է ասել, Չեխովն այդպես է գրել և այլն։

Դավթյանը դարձյալ հիշում է ուսանողական տարիները. «Մի ամսագիր կար, որ Ռուսաստանում չէր հրատարակվում, արտասահմանցի ուսանողներն իրենց հետ բերում էին ամսագրի անգլերեն, ֆրանսերեն տարբերակները, օտարազգի ուսանողներին նստեցնում էի մոտս, կարդում էին ու թարգմանում ինձ համար»։

Դարձյալ հուշերի գիրկն է ընկնում. «Բուհն ավարտելուց հետո եկա Կապան, շարունակեցի գիրք գնել, գրախանութը Կապանում հայտնի 48 բնակարանոց շենքի (48-ի) առաջին հարկում էր, մարդիկ առավոտվանից հերթ էին կանգնում։ Հիշում եմ՝ մշտական գնորդները տասը-տասնհինգ հոգի էին։ Լավ գրքերն էլ սահմանափակ քանակությամբ էին ստանում, նաև ասեմ, որ այն ժամանակ մոդայիկ էր տանը լավ գրականություն ունենալը, հիմա զարմանում եմ, որ  մարդ չի ցանկանում տանը գիրք ունենալ։ Եվ ամենակարևորը՝ չի ցանկանում  ունեցած գիրքը տալ որևէ մեկին ընթերցելու»։

Զրուցակիցս նաև հիշում է, որ ընթերցանության մշակույթ էր ձևավորվել, փողոցում քայլելիս էր երևում, որ այդ մարդը գիրք ընթերցող է, նրա հետ զրուցելիս էր նկատվում, գրքի փոխանակություն կար, մեկը երբ մի լավ գիրք էր կարդում, ասում էր՝ գիտե՞ս ինչ լավ բան եմ կարդացել, կողքինի մեջ ևս հետաքրքրություն էր առաջանում տվյալ գիրքն ընթերցելու…

Ռիտա Դավթյանին առանձնապես ներկայացնելու կարիք չկա։ Մարզկենտրոնում և նրա սահմաններից դուրս ճանաչված և հարգված անձնավորություն է։ Ավարտել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը (այն ժամանակ՝ ռուսական), հետո բարձրագույն կրթություն ստացել Մոսկվայի լեռնային ինստիտուտում։ Բուհն ավարտելուց հետո կոմերիտական և կուսակցական աշխատանքի է անցել. Ղափանի լեռնամետալուրգիական տեխնիկում, Կապանի ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղար, ընդհանուր բաժնի վարիչ՝ Ղափանի կուսշրջկոմում։ Այնուհետև նրա գործունեությունն անցել է մանկավարժության ոլորտում: Երկար տարիներ թիվ 3 հատուկ կրթահամալիրն է ղեկավարել, ջանացել օգտակար լինել հաշմանդամ և հատուկ կարիքավոր երեխաներին։

Այսօր էլ Կապանում կազմակերպվող տարբեր միջոցառումների ժամանակ կարելի է  հանդիպել Ռիտա  Արարատովնային, մարդու իր տեսակն է այդպիսին՝ մարդամոտ ու անմիջական, սիրում է միշտ շրջապատված լինել մարդկանցով և լինել իրադարձությունների կենտրոնում:   Կուսշրջկոմում աշխատելիս գործի բերումով հանդիպել է Սիլվա Կապուտիկյանին, Շիրազին, Սևակին, Վանո Սիրադեղյանին, Վազգեն Սարգսյանին, Սերո Խանզադյանին: Վերջինիս հետ կապված հուշեր է պատմում այն օրերից, երբ բացվեց Դավիթ Բեկի հուշարձանը: Այդ հիշարժան օրը Կապանը բազմաթիվ երևելի մարդկանց հյուրընկալեց: Իսկ Սերո Խանզադյանի նման կոլորիտային մարդու հետ շփվելն ինքնին անմոռանալի է:

Սիրում է այժմ էլ ռուս դասականների ստեղծագործություններն ընթերցել, ասում է՝ մի բան է՝ դպրոցական տարիներին Պուշկին կարդալ, բոլորովին մի այլ բան՝ հասուն տարիքում: Մեր օրերում համացանցն ավերել է  ընթերցանության դաշտը։ Դեռ ավելին՝ հայհոյախոսությամբ, տգետ ու անգրագետ խոսքով ծայրեծայր լցված է համացանցը։ Դժվարին ժամանակներ են  ընթերցասեր մարդու համար։ Այժմ ընդլայնվել է գրահրատարակչական ոլորտը, հետաքրքիր գրքեր են լույս տեսնում, նոր հեղինակներ են ի հայտ գալիս, բայց մեր օրերում գրքերն ահավոր թանկացել են. տպագրվում են թանկարժեք թղթի վրա, շքեղ կազմերով։ Հիմա ամեն մարդու գրպանին հասու չէ գրախանութից գիրք գնելը:  Այնուամենայնիվ, մինչև հիմա Ռիտա Դավթյանի համար առաջնայինը դասական գրողների ստեղծագործություններն են:

Վահրամ Օրբելյան

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24