Երեք մարգարեական կանխատեսում, որ արհամարհվեցին այս պատերազմից առաջ․ ինչպես կրթությունը դարձնել պաշտամունք

17.11.2020 15:17
1400

Արեգ Դանագուլյան, միջուկային ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT)

Նախորդ հոդվածս՝ Հայ գիտնականն ու բանակը, արժանացավ բուռն քննարկումների:  Ընթերցողներից շատերը կապվեցին ինձ հետ` առաջարկելով իրենց օգնությունը ռազմարդյունաբերության զարգացման գործում՝ հետաքրքրվելով թե ինչ եմ ես ծրագրում անել այդ առումով: Իմ պատասխանը, որը տալիս եմ այս հոդվածում, շատ ավելի «կենցաղային» է, քան գուցե սպասված հակա-ԱԹՍ տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը, բայց նաև՝ շատ ավելի հեռանկարային ու համակարգային:

Հայաստանի հիմնական խնդիրը որոշումների կայացման մեթոդաբանությունն է:  Որոշումների կայացման գործում անտեսվում և հաճախ նաև ակտիվորեն բացառվում են մտածող մարդկանց և մասնագետների կարծիքներն ու խորհուրդները: Այլընտրանքային կարծիքները հաճախ ենթարկվում են ծաղրուծանակի, իսկ որոշ դեպքերում՝ թշնամական հարձակումների: Բավական է հիշել Էմիլ Սանամյանի 2018-ի հոդվածը Սիվիլնեթում, որտեղ նա զգուշացրեց մեզ թանկարժեք ՍՈՒ-30 կործանիչների այս հակամարտությունում անարդյունավետ լինելու մասին: Նաև հիշարժան է ՀՀ առաջին նախագահի անվտանգության խորհրդատու Ժիրայր Լիպարիտյանի բազմակի հորդորները, երբ նա զգուշացրնում էր, որ լուրջ փոխզիջումների բացակայության և «ազատագրված հողերին» կառչելու դեպքում մեզ սպառնում է կործանարար պատերազմ: Հանրահայտ ավիացիոն մասնագետ Նաիրա Հովակիմյանը 2018-ին մեզ զգուշացրեց` ԱԹՍ-ների սպառնալիքը դրոն հավաքելով չի լուծվի, պետք է մասնագետների պատրաստման երկարատև ծրագիր: Առաջին զգուշացումը ենթարկվեց ծաղրուծանակի (նույն մարդկանց կողմից, որոնք հետո 42 օր մեզ մոտալուտ «հաղթանակի» պատրանքներով էին կերակրելու), երկրորդը` «դավաճանության» կեղտոտ մեղադրանքների, իսկ երրորդը ուղղակի անտեսվեց: Երեք անտեսված զգուշացում`երեք սփյուռքահայ մասնագետների կողմից: Ցավոք, երեք կանխատեսումներն էլ իրենց ճշգրտությամբ մարգարեական պարզվեցին:

Ինչպես նախորդ հոդվածում էի նշել, արտաքին քաղաքականությունում պետք է կարողանաս հակառակորդին մի ձեռքով ձիթապտղի ճյուղ մեկնել, մյուսով ճոճել մեր «թուր կեծակին»:  Ցավոք, պարզվեց՝ մեր թուրը ժանգոտված է: Իսկ մեր պարզած ճյուղը ընդամենը փշոտ մացառ էր: Փաստը որ մենք թերագնահատեցինք թե՛ մեր դիվանագիտական տկարությունը, թե՛ մեր մարտական անպատրաստվածության աստիճանը, խոսում է այն մասին որ մեր որոշումները արդեն մի-քանի տասնամյակ է, ինչ կայացվում են իրականությունից կտրված և խորը մտածելու անընդունակ ղեկավարների կողմից: Իսկ դա բխում է մեկ այլ, շատ ավելի վտանգավոր հանգամանքից`հայաստանյան կրթության անմխիթար վիճակից:

«Մի՛ հարցրու, թե ինչ է կարող անել գիտությունը քեզ համար, հարցրու` ինչ դու՛ կարող ես անել գիտության համար»
Այստեղ փոխառում եմ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հայտնի խոսքը`մի հարցրու թե ինչ կարող է անել հայրենիքը քեզ համար, հարցրու, թե ինչ դու՛ կարող ես անել հայրենիքիդ համար:

Թերևս բոլորիս է ակնհայտ, որ ուժեղ ռազմարդյունաբերությունը անհնար է առանց հզոր գիտության և կրթության: Օրինակ, Բայքար ընկերության CTO-ն` Սելջուկ Բայրաքթարը, իր կրթությունը ստացել է իմ իսկ համալսարանում`Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Բայց Բայրաքթար ԱԹՍ-ի հաջողությունը կապված չէ միայն այս մեկ անձի հետ. այն կապված է Թուրքիայի վերին աստիճանի զարգացած կրթական և գիտական հաստատությունների առկայության հետ, որոնք ստեղծել են գիտնականների և ինժեներների մի հոծ սերունդ:

Մրցակցելու համար մեզ նույնպես պետք են բարձրակարգ մասնագետներ: Արագ-արագ դրոն հավաքելով բան չի ստացվի․ արդեն փորձել ենք: Պետք է կրթության և գիտության զարգացման երկարատև, աննկուն, համբերատար աշխատանք: Այդ աշխատանքը կպահանջի խորը և արմատական բարեփոխումներ, ինչն իր հերթին կպահանջի քաղակական կամք և անգամ քաղաքական ռիսկեր (ինչպիսինն են լայքերի սուրը պակաս և անգամ որոշ ցավալի unfollow-ներ): Բայց այն ղեկավարը, որը կհաջողի այս դժվարին գործում, կմտնի մեր պատմության դասագրքերի մեջ որպես ազգային հերոս:

Բայց ախր ի՞նչ կարող է անել օրինակ արվեստագետը, տաքսու վարորդը և ատամնաբույժը գիտության և կրթության համար: Լիքը բան:

Պահանջատեր քաղաքացի

ՀՀ քաղաքացին մուծում է հարկեր, որից վճարվում են կառավարական անձանց և ՊՆ-ի աշխատավարձերը: Քաղաքացին վստահում է իր զավակների կյանքերը  կառավարությանը հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում: Մի խոսքով, այդ քաղաքացին պետությանն է վստահում իր ամեն ինչը` երկրի գոյության պաշտպանության գործում: Այսպիսով, քաղաքացին պահանջատեր է. նա կարող է և պե՛տք է կառավարությունից պահանջի հաշվետվություն՝ ինչպես անցյալի աղետալի սխալների համար, այնպես էլ ապագա որոշումների և զարգացման ծրագրերի կապակցությամբ:

Որպես քաղաքացի դուք իրավունք ունեք պահանջել, որ իշխանությունները կարևորեն և առաջնահերթություն տան գիտության և կրթության զարգացմանը, ինչը մի շարք պատճառներով ասօր անմխիթար վիճակում է:

Այդ պատճառներն են ֆինանսավորման սակավությունը և կրթական ու  գիտական իրական ռեֆորմի բացակայությունը: Հայաստանը ծախսում է իր ՀՆԱ-ի ըդամենը 0,25%ը գիտական հետազոտությունների համար, մինչդեռ Թուրքիան ծախսում է 1%-ը, ԱՄՆ-ը` 2-3%-ը, իսկ Իսրայելը` 4%-ը: 0,25%-ը մեզ դնում է այնպիսի երկրների ցուցակում, ինչպիսիք են Ղրղզստանը և Ալժիրը: Այս անմխիթար իրավիճակը վատթարանում է գիտության ծայրահեղ անարդյունավետ կառավարմամբ, որը 2020-ի դրությամբ շարունակում է կիրառել 1980-անների խորհրդային կառավարման հնացած մոդելները: 

Վերջապես, միջազգային ստանդարտիզացված թեստերը (կոնկրետ` TIMSS ծրագիրը) ցույց են տալիս, որ Հայաստանում կրթությունը ապրել է հսկայական անկում 2000-ից սկսած: Մինչդեռ այդ ընթացքում Հայաստանում ՀՆԱ-ն հնգապատկվել է․ հետևաբար այս իրավիճակը հնարավոր չէ բացատրել զուտ ֆինանսավորման բացակայությամբ: 

Հայաստանյան կրթությունը, կարծես, ուղղակի լքված է այս և նախորդ իշխանությունների կողմից (եթե դա այդպես չէ, ապա թող այսօրվա իշխանությունները տրամադրեն այս թեզի սխալ լինելու կոնկրետ ապացույցներ):

Գիտությունն ու բարձրակարգ կրթությունը էժան բան չեն: Բայց լավ կազմակերպված գիտական և կրթական ծրագրի արդյունքները ծախսածի տասնապատիկն են: 

Ի՞նչ կարող եք անել դուք

Ընտրությունների ժամանակ հարցրեք ձեր պատգամավորին` ի՞նչ է նա մտադիր անել այս վիճակը շտկելու և բարելավելու համար: Ես կուզեի, որ ընտրությունների ժամանակ ամեն քաղաքացի պահանջի պատգամավորի իր թեկնածուից հետևյալ հարցերի հստակ պատասխանները.

1. Ի՞նչ եք դու՛ք մտադիր անել գիտության և կրթության արմատական բարեփոխման համար:  Առաջարկե՛ք կոնկրետ ծրագիր, ընդհանուր խոսքեր արդեն շատ ենք լսել:

2. Շատ բան է ասվել Սփյուռքի գիտնականներին Հայաստան հրավիրելու մասին: Kոնկրետ ի՞նչ է արվում, բացի բանավոր հրավերներից: Ի՞նչ ծրագրեր կան նրանց մասնակցությունը այս բարեփոխման մեջ խրախուսելու համար:

3. Երբ որոշ գիտնականներ այնուամենայնիվ գալիս են Հայաստան աշխատելու, նրանց խճճում են բյուրոկրատական քաշքշուկի և ներքին-կազմակերպչական ինտրիգների մեջ, դիմացները արգելքներ են շարում: Երբ որոշ համարձակ անձինք փորձում են վերափոխել համակարգը, օրինակ՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը, նրանց դեմ սկսվում է իսկական մարդաորս: Ի՞նչ եք անելու խայտառակ այս վիճակը շտկելու համար:

4. Ահագին բան է ասվել կրթության վերափոխման ծայրահեղ կարիքի մասին: Բայց այս գործով աշխատող հանձնաժողովները գործում են շատ փակ և, կարևորը, բացարձակապես չեն ներառում Սփյուռքի մասնագետներին, անտեսում են նրանց խորհուրդները: Ինչո՞ւ է մերժվում այս օգնությունը: Ինչո՞ւ մենք չենք գործածում այս հսկայական ներուժը:

5․ Լույս ծրագիրը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել հայ ուսանողների կրթության համար արտասահմանյան լավագույն համալսարաններում: Նրանցից շատ քչերն են վերադարձել հայրենիք` իրենց գիտելիքը նրան ծառայեցնելու: Ի՞նչ է արվում, որպեսզի այս ծրագրի շրջանավարտներին խրախուսվի վերադառնալ Հայաստան:

6․Ո?րն է Լույս ծրագրի շարունակությունը: Խոսeցինք այսպես կոչված Հույս ծրագրի ստեղծման մասին: Դրանից արդեն երկու տարի է անցել, պատմե’ք մեզ, թե ինչ արդյունքներ ունենք:

7. Ասում ենք, որ գիտության և տեխնոլոգիայի զարգացումը առաջնահերթություն է: Նկարագրեք, թե ինչ են անում ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիաների նախարարությունները բարձրորակ մասնագետ ղեկավարներով հագեցնելու համար:

Կարող եմ անվերջ շարունակել: Այս հարցերը պետք է դառնան կենցաղային մեր քաղաքական դիսկուրսում: Եթե քաղաքացին չպահանջի, պատգամավորը ոչինչ չի անի: Բայց եթե թեկնածուն իմանա, որ իր բաղձալի պաշտոնին հասնելը նաև սրանից է կախված, կսկսի ակտիվ մտածել և քրտնաջան աշխատել: 

Հիշեցնեմ ձեզ՝ այս հարցերից շատերը բարձրացվել էին 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: Հետո լրիվ մոռացության էին մատնվել: Մի՛ կրկնեք անցյալի սխալները:

Ինչ պետք է անի ծնողը

Եվ ամենակարևորը՝ դուք շատ բան կարող եք անել որպես ծնող: Խրախուսե՛ք ձեր երեխաներին, որ կրթությանը լուրջ վերաբերվեն: Պահանջե՛ք, որ ձեր երեխան պատասխանատվությամբ վերաբերվի ԲՈՒՀ-ին տված ձեր վարձին և համապատասխան գործ անի: Դիպլոմը այլևս ոչ ոքի պետք չէ, պետք է գիտելիքը:

Ձեր երեխաների զարգացման մեջ առաջնահերթություն տվե՛ք գիտելիքին ու կրթված ապագային, այլ ոչ թե փողով բժշկական ընդունվելուն:  

Առաջնահերթ համարե՛ք լավ առաջադիմությունը, այլ ոչ թե արտագրելն ու գրագողությունը:

Կարևորե՛ք դժվար խնդրիներ լուծելը, կրեատիվությունը: Եվ, ամենակարևորը, կարևորե՛ք կրիտիկական մտածելակերպը, այլ ոչ թե դոգմայի անգիր կրկնությունը:

Եվ եթե դա անեք, ապա մեզ մոտ կմեծանա մի պայծառ սերունդ, որը կունենա գիտելիքի տենչանք, ճկուն միտք և դժվար խնդիրներ լուծելու ագահություն: Կունենանք փայլուն գիտնականներ և գրագետ քաղաքացիներ, որոնք բացի ամեն ինչից, կբերեն մեզ այդքան մեծ կարևորություն ունեցող հրատապ լուծումներ նաև պաշտպանության ոլորտում:

Կոտրել կարծրատիպերը

Պետք է շեշտեմ` մենք պետք է լքենք միջնադարյան կարծրատիպերն ու հայրիշխանական պատկերացումներն այն մասին, թե «ում խելքի բանն է» գիտությունը:  Աղջիկներին և կանանց պետք է խրախուսել գիտությամբ զբաղվել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք, եթե նրանց չխանգարեն ու փոքր հասակից կարծրատիպերով թևաթափ չանեն, դառնում են հոյակապ գիտնականներ: Եթե հաշվի առնենք, որ մեր բնակչության կեսը կանայք են, ապա պարզ է դառնում, թե ինչ հսկայական ռեսուրս ենք մենք վատնում, երբ կարծրատիպերով արգելափակում ենք նրանց մուտքը գիտություն:

Կրկնում եմ՝ եթե սա էլի ականջի հետև գցենք, ինչպես դա արեցինք վերջին երեսուն տարվա ընթացքում, ապա կունենանք նոր աղետներ: Մեր ապագան մեր ձեռքերում է:  Մեր ամենավտանգավոր թշնամին իրականում ոչ թուրքն է ու ոչ էլ ադրբեջանցին. դա համատարած տգիտությունն ու անգրագիտությունն է, որոնք թունավորում են մեզ ներսից: Եկե՛ք միասին ջախջախենք այդ նենգ թշնամուն:

Վերջաբան

Ես այս հոդվածում շեշտում եմ ճշգրիտ գիտությունները ոչ թե որովհետև միայն դրանք եմ կարևոր համարում, այլ միայն որովհետև ես ինքս այդ ոլորտի մասնագետ եմ: Իհարկե, շատ կարևոր են նաև ուրիշ բնագավառները: Մենք որպես հասարակություն սխալ որոշումներ ենք ընդունում որովհետև չգիտենք մեր իսկ պատմությունը, քանի որ մեր դասագրքերը պատմություն դասավանդելու փոխարեն մեզ սնում են «հարենասիրական» մեղրահամ հեքիաթներ: Մենք տարանջատում ենք աշխարհը մութ և լույս ուժերի, կարծես այն լինի Star Wars-ի հերթական սերիա, որովհետև չգիտենք հասարակագիտություն:    

Այս ամենը թուլացնում է մեր միտքը: Թուլացնում է մեր հասարակությունը և երկիրը:  Իսկ մենք թուլանալու տեղ չունենք: Մեր բարդ տարածաշրջանում բավական չէ ուժեղ լինել. պարտադիր է շա՛տ ուժեղ լինել: Եթե Իսրայելը ընդամենը ուժեղ լիներ, ապա այն վաղուց դադարած կլինիր գոյությունը: Իսրայելը իր հասարակության մեջ կրթության իսկական պաշտամունք է ստեղծել, որը այս դարում իրեն տվել է փայլուն գիտնականներ, ինժեներներ, դիվանագետներ և զորավարներ:

Այսպիսով, կրթության պաշտամունքը պետք է դարձնենք հայ մշակույթի կենտրոնական սյունը:

civilnet.am

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19