Երևանում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլ են ակնկալում․ ի՞նչ է փոխում TRIPP-ը տարածաշրջանում․ Foreign Policy

25.11.2026 11:06
50

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան աստիճանների պատերին փակցված լուսանկարներն աննկատ մնալ պարզապես չեն կարող։ Դրանց թվում են անցած տարի Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման մի քանի լուսանկար, Երևանում Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպման կադրերը։ Այդ այցով Վենսը դարձավ Հայաստան երբևէ այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան գործող պաշտոնյան։ Պատերին փակցված են նաև անցած մայիսին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի լուսանկարները․ գրում է Foreign Policy-ն։

Դեսպանատան խոսնակը տեղեկացրեց, որ սա առաջին դեպքն է, երբ պատերին լուսանկարներ են փակցվել։ Դրանք խորհրդանշում են Թրամփի վարչակազմի և Հայաստանի հարաբերությունների պատմական նշանակություն ունեցող նոր փուլը։

2025 թվականի օգոստոսին Թրամփի միջնորդությամբ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հռչակագիր ստորագրեցին՝ պարտավորվելով լուծել վիճելի տարածքների շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։ Սա այն մի քանի պատերազմներից մեկն է, որոնց կարգավորումը Թրամփը վերագրել է իրեն իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում՝ Նոբելյան խաղաղության մրցանակին արժանանալու ջանքերի համատեքստում։ Այդուհանդերձ, ավելի քան մեկ տարի անց երկու երկրները դեռևս չեն ստորագրել խաղաղության պաշտոնական համաձայնագիր։

«Վերջնական խաղաղության համաձայնագիր դեռ չկա, բայց տեղում խաղաղություն է հաստատված»,– նշել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն։

Ինչպես նշվել է, Հայաստանը մեծ ակնկալիքներ ունի Թրամփից և TRIPP նախագծից։

«Այն իրականում ներուժ ունի փոխելու Հարավային Կովկասի մասին պատկերացումները։ Նախկինում այս տարածաշրջանը մշտապես ասոցացվել է հակամարտությունների և անկայունության հետ։ Մինչդեռ այն կարող է դառնալ երկխոսության, հաղորդակցության, բարգավաճման և համագործակցության տարածք, իսկ TRIPP նախագիծն այս գործընթացի անբաժանելի մասն է»,– նշել է Մկրտչյանը։

Դեսպանն ուղղել է լրագրողին, երբ վերջինս TRIPP-ն անվանել է «միջանցք»՝ ընդգծելով, որ այն ավելի շուտ «ենթակառուցվածքային նախագիծ է», որը ներառելու է ճանապարհներ, երկաթուղիներ, օպտիկամանրաթելային կապի ցանցեր, էլեկտրահաղորդման գծեր և, հնարավոր է, նաև խողովակաշարեր։

Նրա խոսքով՝ TRIPP-ն արդեն դուրս է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու հաղորդակցության ապահովման երկկողմ նախագծի շրջանակներից և ժամանակի ընթացքում կարող է վերածվել Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող կարևոր առևտրային ուղու՝ ամբողջությամբ Հայաստանի իրավասության ներքո։

Սակայն նման հավակնոտ ծրագրերը կարող են բախվել Հայաստանի աշխարհաքաղաքական իրողություններին։ Ծովային ելք չունեցող Հայաստանը Թուրքիայի հետ ունի 193 մղոն երկարությամբ ցամաքային սահման, որը փակ է 1993 թվականից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեկնարկից ի վեր (Ղարաբաղյան հակամարտության-Խմբ․)։

«Այս պահին Հայաստանի սահմանների 80 տոկոսը փակ է»,- ասել է Մկրտչյանը՝ հավելելով, որ Թուրքիայի հետ սահմանը բացելու շուրջ բանակցությունները շարունակվում են Ադրբեջան-Հայաստան բանակցություններին զուգահեռ։

Մյուս խնդիրը Հայաստանի՝ Իրանի հետ 27 մղոն երկարությամբ սահմանն է, որին TRIPP-ի երթուղին բավական մոտ է անցնելու։

Իրանը դժգոհություն է հայտնել իր սահմանների անմիջական հարևանությամբ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ իրականացվող նախագծի հեռանկարից, հատկապես այն պայմաններում, երբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև պատերազմական վիճակը պահպանվում է։ Այս շաբաթ Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը նախազգուշացրել է, որ «եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի այդ կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը»։

Բացի այդ՝ Հայաստանի ամբողջ երկաթուղային համակարգը մինչ օրս վերահսկվում է Ռուսաստանի կողմից։

Սակայն, ըստ Մկրտչյանի, հենց այս հակասություններն են Հայաստանին դրդել դիվերսիֆիկացնել հարաբերությունները հարևանների և ավանդական գործընկերների հետ՝ միաժամանակ ավելի սերտ կապեր հաստատելով Վաշինգտոնի հետ։

Հարցին, թե ինչպես է Հայաստանը պատկերացնում Վաշինգտոնի հետ հարաբերությունների զարգացումը Թրամփի նախագահության ավարտից հետո, Մկրտչյանը նշել է․ «Միանգամայն բնական է, որ ինչ-որ պահի նախագահ Թրամփն ու նրա վարչակազմն այլևս իշխանության չեն լինի։ Նույնքան բնական է, որ առաջիկա 50 տարում ԱՄՆ-ում իշխանությունը չի պատկանելու միայն հանրապետականներին կամ միայն նախագահ Թրամփին, քանի որ Միացյալ Նահանգների հետ մեր համաձայնագիրը՝ TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը, նախատեսված է 50 տարվա համար»։

«Իհարկե, նախագահ Թրամփին միշտ կհիշեն որպես մարդու, որը միջնորդեց այս խաղաղության համաձայնագրի ձեռքբերման հարցում, և հայ ժողովուրդը շատ երախտապարտ է նրան։ Բայց մենք մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կառուցում ենք ինստիտուցիոնալ մակարդակում»,- եզրափակել է Մկրտչյանը։
 
 

«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից

25.11.2026 11:10

Երևանում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլ են ակնկալում․ ի՞նչ է փոխում TRIPP-ը տարածաշրջանում․ Foreign Policy

25.11.2026 11:06

Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը

25.11.2026 10:50

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

25.11.2026 10:16

Սիսիան համայնքում ջրային ոլորտի զարգացման ու ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերը՝ քննարկման առարկա

24.11.2026 21:02

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը

24.11.2026 20:53

Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ

24.11.2026 17:25

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

24.11.2026 17:02

ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան

24.11.2026 16:44

«Զանգեզուրի միջանցքը» կբացի նոր հնարավորություններ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար․ Էրդողան

24.11.2026 16:14

Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ

24.11.2026 16:01

Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ

24.11.2026 15:45