Ի՞նչ վիճակում է մեր երկրի գյուղատնտեսությունը. կարճ կարելի է պատասխանել` ծանր: Դա բոլորիս է հայտնի, սակայն բանը դրանով չի վերջանում:
Խնդիրն այն է, որ եթե ներկայումս ունեցած կառուցվածքով եւ պետական նման մոտեցմամբ շարունակվի գործը, ապա վստահորեն կարելի է ոչ մի լավ բան չսպասել: Այստեղ, մեր կարծիքով, մեծագույն սխալը գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ձեւի մեջ է: Այն, որ այդ տնտեսությունը բազմակացութաձեւ պետք է լինի (անհատական, կոլեկտիվ, պետական), անվիճելի է, մինչդեռ ներկայումս, փոքր բացառություններով, լինի դաշտավարությունում, թե անասնապահությունում, այն վարվում է միայն անհատական, գյուղացիական տնտեսության տեսքով: Այս վերջին ժամանակներում գյուղատնտեսական կոլեկտիվներ կազմակերպելու մասին մեկ-մեկ խոսք է գնում, սակայն կոնկրետ քայլեր չեն արվում, ինչպես նաեւ, որ շատ ցավալի է, համապատասխան օրենսդրական դաշտ չի ձեւավորվում: Այս ավելի քան 20 տարվա փորձը լիորեն համոզել է մեզ, որ անհատական գյուղացիական տնտեսությունները ոչ միայն անարդյունավետ են օգտագործում ինչպես հողային, այնպես էլ մեր մյուս բնական հնարավորությունները, այլեւ ուղղակի ի վիճակի չեն լուծելու երկրի պարենային սպասարկման կարեւոր խնդիրը:
Նախորդ հասարակարգում, հատկապես 1980-ական թվականներին, շրջանառվում էր այսպիսի մի գաղափար` գյուղատնտեսությունը փոխադրել արդյունաբերական հիմքերի վրա: Սրա տակ ենթադրվում էր ինչպես այդ բնագավառի առանձին ճյուղերի խոր մասնագիտացումը, այնպես էլ տնտեսության կոլեկտիվ վարման հիմքերի ամրապնդումը եւ նրան մշտապես վերահսկելի ու արդյունավետ գործող ձեռնարկություն դարձնելը: Հատկանշական է, որ 1990-ական թվականների սկզբին, երբ գյուղատնտեսության մեջ սեփականաշնորհման գործընթաց իրականացվեց (ավելի ճիշտ կլինի ասել` ազգային եւ ժողովրդական ունեցվածքի անխնա ոչնչացում եւ թալան), Գորիսի տարածքի համարյա բոլոր գյուղերում գյուղացիներն իրենց նախաձեռնությամբ կամավոր կազմակերպեցին անասնապահական, դաշտավարական կոլեկտիվներ, գյուղատնտեսական տեխնիկայով սպասարկող բրիգադներ: Գյուղացին հասկանում էր, որ այլ կերպ ինքը չի կարող արդյունավետ երկրագործություն իրականացնել, սակայն հանրապետության այն ժամանակվա վայ ղեկավարները սարսափում էին` լսելով այդ կոլեկտիվների մասին` չհասկանալով դրանց կենսականորեն անհրաժեշտ լինելը մեր տնտեսության համար: Միաժամանակ լինելով անճարակ, գործնականում նրանք ոչինչ չէին առաջարկում եւ նորանոր հոգսեր ավելացրին գյուղացու տկար ուսերին, իրենք կողք կանգնեցին: Եթե 1930-ական թվականներին ստալինյան ռեժիմը բռնի կոլեկտիվացումով էր ավերում գյուղատնտեսությունը, ՀՀՇ-ականներն էլ 1990-ականներին լայնամասշտաբ թալանի ենթարկեցին ամբողջ ունեցվածքը եւ բռնի չթույլատրեցին զարգացում ապրել գյուղատնտեսական կոլեկտիվներին: Հիմա զարմանում ես. պարոն Հրանտ Բագրատյանը հայտնագործություն արածի պես անցած նախագահական ընտրության իր քարոզարշավին առաջարկում էր ստեղծել գյուղատնտեսական կոլեկտիվներ, եւ դրանց անհրաժեշտությունը հասկանալու համար տնտեսագիտության դոկտորին անհրաժեշտ էր 20 տարի: Մինչդեռ Իսրայելը ներկայիս պետականության վերականգնումից սկսած իր երկրում գյուղատնտեսությունը կոլեկտիվ է վարում եւ աշխարհում ամենաբարձր արդյունքներ ապահովողներից մեկն է: Իսկ մեզ մոտ այս բնագավառը թողնվել է բախտի քմահաճույքին, ոչ ոք որեւէ կերպ ոչ հիմնավորել, ոչ էլ տեսել է գյուղացիական տնտեսությունների «պայծառ» հեռանկարը, ոչ էլ կարող էր: Էլի թող հողը գյուղացունը լիներ, բայց չէ որ դրանից այն կողմ գայթակղող ոչինչ չկար, համատարած անպտուղ հոգս էր, չարչարանք. ահավասիկ այսօրվա տխուր վիճակը:
Ի՞նչ ենք առաջարկում հանրապետության կառավարությանը երկրի գյուղատնտնեսությունն այս վիճակից հանելու համար:
Նախ անհրաժեշտ է ոչ միայն թույլատրել, այլեւ լայնորեն խրախուսել եւ աջակցել գյուղացիներին` միավորվելու (կամավոր) կոլեկտիվներում` լինի դա անասնապահական, դաշտավարական, թե գյուղտեխնիկայի հավաքակայաններ, նորոգման ու սպասարկման բրիգադներ, արհեստանոցներ ստեղծելու նպատակով: Սա նկատելիորեն կհեշտացներ գյուղացու գործը եւ անկասկած կմեծացներ գյուղատնտեսությունից ստացվող արդյունքները: Նրանց տրամադրել արտոնյալ վարկային ռեսուրսներ, անարգել զարգանալու համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ: Օր առաջ է հարկավոր անասնապահության մեջ կազմակերպել տոհմային գործը, դաշտավարությունում` սերմնաբուծությունը:
Ինչո՞ւ հանրապետության մի քանի գոտիներում (ընդգրկելով ամբողջ երկրի տարածքը) չստեղծել մի քանի պետական տոհմաբուծական անասնապահական տնտեսություն` բարձր մթերատու երինջներ եւ արտադրողներ աճեցնելու ու անասնապահական կոլեկտիվներին, կաթի, մսի արտադրության համալիրներին, գյուղացիական տնտեսություններին մատակարարելու համար: Կայանալուց հետո կարելի կլիներ դրանք նույնպես սեփականաշնորհել կամ վաճառել` պահպանելով նպատակային գործունեությունը: Չէ՞ որ ժամանակին ունեցել ենք Լոռվա (Ստեփանավան) փառավոր տոհմաբուծարանը, որտեղ հսկայածավալ գիտահետազոտական եւ տնտեսական գործ էր արվում: Պետք չէ կենտրոնանալ դրսից անասուններ ներմուծելու վրա, սա շատ թանկ է նստում մեր աղքատ երկրի վրա, բացի դա էլ, այդ անասունները մեր բնակլիմայական պայմանների համար չեն ու մեր սակավահող, կերային ռեսուրսներով աղքատ երկրի համար հեռանկարային չեն կարող լինել: Մեզ համար առավել արդյունավետ է Հայաստանում ստացած «Կովկասյան գորշ» ցեղի տավարը (փորձն առկա է հանրապետությունում) ամերիկյան «շվիցի» հետ մշտապես բարելավելով:
Գյուղատնտեսական կոլեկտիվներ ասելով ես հասկանում եմ երկրում հզոր (հայկական չափանիշներով) անասնապահական (կաթի, մսի արտադրության մասնագիտացմամբ) համալիրների, բտման կենտրոնների ստեղծումը: Այդ փորձը ունենք թռչնաբուծության բնագավառում, որը ժառանգել ենք խորհրդային իրականությունից: Այսօր դրա շնորհիվ հանրապետությունում հաջողությամբ լուծված է որակյալ հավի մսով եւ ձվով բնակչությանը ապահովելու խնդիրը: Ինչո՞ւ այստեղ եւս խնդրին չմոտենալ նույն տեսանկյունից, առավել եւս, որ նախկինում հանրապետությունում գործել են ինչպես կաթնային, այնպես էլ մսի արտադրության բավական լուրջ համալիրներ: Սա պարենի խնդիրը լուծելու հետ միասին գյուղում կստեղծի մեծաթիվ աշխատատեղեր, թող այդ ձեռնարկությունները լինեն մասնավոր: Կան գյուղատնտեսությամբ հետաքրքրված շատ մարդիկ, ովքեր զգալով պետության ուշադրությունը, առավել եւս նրա հոգատարությունը, կարճ ժամանակում կստեղծեն նման տնտեսություններ, որոնք շատ արագ կփոխեն մեր գյուղերի դեմքը` իհարկե դեպի լավը: Գաղտնիք չէ, որ այսօր գյուղերում չկա անգամ անասունների ճիշտ հաշվառում, եղած գլխաքանակը ցրված է երկրով մեկ, հնարավոր չէ նույնիսկ կատարել դրանց անհետաձգելի կանխարգելիչ միջոցառումները (պատվաստումները), քանի որ հայտնի էլ չէ, թե որտեղ են պահվում այդ անասունները, եւ արդյունքում ունենում ենք այն, ինչ կա. սիբիրախտ, խոզերի ժանտախտ, պաստերելիոզ, բրուցելոզ, տուբերկուլյոզ եւ այլն: Հարկ չկա պարբերաբար կրկնվող համաճարակների համար մեղավորներ փնտրել, խնդիրն ավելի շատ անասնապահության կազմակերպման ձեւի, եղանակի մեջ է, իսկ մյուս հարցերն ածանցվող են դրանից ու, կարծում եմ, քննության առանձին նյութ են: Այսօր փոքր կամ մեծ (որը համարյա չի լինում) նախրի հանդիպելիս տեսնում ենք ցանկացած սեռահասակային խմբի անասուն: Եթե նախկինում եզակի դեպքեր էին կովերի ու երինջների ազատ զուգավորումը եւ գլխաքանակն ամբողջությամբ արհեստական էր սերմնավորվում, ապա հիմա եզակի են կարեւորագույն այդ միջոցառումը կատարողները: Բնական է, որ նման վիճակով անհնար է լինելու հիվանդությունների կանխումը: Սա մեր երկրի ու նրա բնակչության առողջության եւ անվտանգության հարցն է, պետք չէ մատների արանքով նայել դրան:
Երկրում իրականացվող գյուղատնտեսական քաղաքականությունը եթե խաղողի, պտղի եւ բանջարեղենի արտադրության ուղղությամբ որոշ հաջողություններ է արձանագրում, ապա նույնը չի կարելի ասել հացահատիկի, կերային արժեքավոր կուլտուրաների եւ մյուս մշակաբույսերի ցանքերի ավելացման, դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Իսկ առանց կերային լուրջ հնարավորությունների զարգացած անասնապահության մասին խոսելն ավելորդ է: Հատկապես հացահատիկի եւ կերերի արտադրության ավելացման գործում կենսական նշանակություն ունեն ինչպես սերմնարտադրությունը, այնպես էլ մյուս ագրոմիջոցառումների ժամանակին ու հետեւողական կատարումը (ցանքաշրջանառություն, պարարտացում, պայքար վնասատուների, մոլախոտերի դեմ, հողերի ճիշտ ընտրություն եւ այլն): Բավական է նշել, որ խորհրդային տարիներին երկու պետական տնտեսություն (Հարթաշեն եւ Շինուհայր) մասնագիտացված էին զուտ հացահատիկի սերմի արտադրությամբ եւ միասին տարեկան 900 տոննա (Շինուհայր` 540տ, Հարթաշեն` 360տ) բարձր որակի սերմ էին տալիս Գորիսի տարածքի կոլեկտիվ եւ պետական տնտեսություններին: Ի դեպ, այդ տարիներին Գորիսի շրջանը տարեկան ցանում էր 8.000 հա հացահատիկային մշակաբույս: Սերմ էին արտադրում նաեւ Խնձորեսկի, Կորնիձորի եւ շրջկենտրոնի «Ավանգարդ» տնտեսությունները:
Այսպես էր նաեւ հանրապետության մյուս շրջաններում, ինչո՞ւ չընդօրինակել լավը, դրականը, չպահել մեր ունեցածը: Սա չի նշանակում, թե դրսից, մասնավորապես Ռուսաստանից սերմեր չէին բերում: Ներկրվում էին հիմնականում «Էլիտա» դասի սերմեր եւ կենտրոնացած տրվում մասնագիտացած տնտեսություններին, որոնք անհրաժեշտ պահանջներով ցանվում էին եւ հաջորդ տարում տնտեսություններին ապահովում բարձր որակի սերմով: Ի դեպ, այս ձեռնարկություններն ապահովված էին նաեւ ժամանակի սերմազտիչ լավագույն տեխնիկայով ու պահեստային տնտեսությամբ: Այսպիսով լիովին հսկողության տակ էր սերմարտադրության կարեւոր գործը եւ բացառվում էին ցածր որակի սերմերի մատակարարումը կամ այլ կամայականություններ, որը, անկասկած, լավ բերք ստանալու գլխավոր երաշխիքն էր: Ներկայումս այս գործը լիովին բարձիթողի է: Դրսից ստացվող սերմը փոքր բաժիններով տրվում է գյուղացիական տնտեսությունների եւ վերջ, թե հետագա մշակությունն ու մյուս աշխատանքներն ինչպե՞ս են կատարվում, ոչ ոք չգիտի, արդյունքում լիովին գործը ձախողվում է:
Ինչպես սերմերի արտադրության գործի կազմակերպման, այնպես էլ ընդհանրապես հողագործության-դաշտավարության արդյունավետության բարձրացման համար, մեր կարծիքով, պետք է ստեղծել հողագործական ընկերություններ` դարձյալ կամավոր սկզբունքով, այլապես 1-2հա հողաբաժնով գյուղացին չի կարող արդյունք ապահովել, չեմ ասում, որ դրանց մի զգալի մասն էլ տարիներով չի մշակվում: Մինչդեռ ընկերության մեջ միավորվելով հնարավոր կլինի եւ ցանքաշրջանառություն իրականացնել, եւ ագրոմիջոցառումները լիարժեք կատարել, որը, անշուշտ, ցանկալի արդյունք կտա: Դրա հետ միասին ճիշտ եւ պահաջված եմ համարում նաեւ անհատ մեծ հողատերերի ծնունդը: Հնարավորություններ ունեցող մարդիկ, լինի համայնքային, մարզային պահուստային ֆոնդերի հողերից, թե այն գյուղացիներից, ովքեր ցանկանում են օտարել իրենց սեփականությունը հանդիսացող հողատարածքները, կարող են գնել եւ զբաղվել հացահատիկի կամ կերերի արտադրության գործով, մասնագիտանալ դրանում` պայմանագրեր կնքելով անասնապահությամբ զբաղվողների եւ մթերող կազմակերպությունների հետ: Խոշոր հողատերը կլուծի եւ գյուղատնտեսական տեխնիկայի, եւ մյուս բոլոր հարցերն ու , բնականաբար, երբեք անմշակ չի թողնի հողատարածքը:
Ամփոփելով վերը նշվածը, պետք է ընդգծել, որ սերմարտադրության կենտրոնացված կազմակերպումն օրախնդիր է. վերջապես ինչքան պետք է ձեռքներս պարզած ուզենք սրանից-նրանից, դա էլ իր չափն ունի:
Սյունիքի մարզի համար բարձրարժեք կերային կուլտուրա է կորնգանը, մինչդեռ այսօր մի քանի հեկտար լիարժեք ցանք չես կարող գտնել ամբողջ մարզում, վիճակը նույնն է առվույտի եւ մյուս կերատեսակների հարցում, չի մշակվում եգիպտացորեն, հլածուկ եւ այլն: Դրա պատճառով է նաեւ, որ այսօր Գորիսի, ինչպես նաեւ մյուս տարածքների ցանքատարածություններում թագավորում է տարեկանը, մի կուլտուրա, որն ընդհանրապես պետքական չէ եւ միայն վնաս է հասցնում (ինչքան ուզեք Հ-1 հեռուստաալիքով կարող եք տեսնել, որ ներկայացվում է որպես հացահատիկի ցանքատարածություն): Այսօր մեր մարզում, նաեւ այլ մարզերում, ոչ մի կգ սիլոս չի պատրաստվում, որը բավական արժեքավոր կեր է, իսկ ոչ հեռու անցյալում հազարավոր տոննաներով էր այն պահեստավորվում հանրապետությունում:
Այսպես շարունակելն անթույլատրելի է: Հարկվոր է հավաքել դեռեւս հանրապետությունում մնացած գիտական միտքը` այս հարցերի հիմնավոր լուծումները տալու համար: ՀՀ գյուղնախարարի` պտղատու այգիներ, դաշտեր կամ մթերման կետեր այցելությունով չէ, որ պետք է լուծվեն վերը թվարկած լրջագույն հարցերը: Փոփոխությունները պետք է լինեն կազմակերպական-կառուցվածքային եւ, որ կարեւոր է, օրենսդրորեն ամրապնդված:
Բնականաբար, ես նպատակ չունեմ քննարկել գյուղատնտեսությանն առնչվող բոլոր հարցերը եւ մի հրապարակմամբ դա հնարավոր էլ չէ, սակայն անասնապահության եւ դաշտավարության հարցերի լուծումն էապես կնպաստի մեր երկրի բնակչության պարենային անվտանգության ապահովմանը, տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը, գյուղական բնակչությանը համակած դժվարին կացության հաղթահարմանը:
Արդեն մի շարք տարիներ մեր հանրապետությունում գործում են այսպես ասած գյուղատնտեսության աջակցության կենտրոնները: Ըստ էության, եթե չասենք ոչինչ, ապա այդ «ծառայությունը» անչափ քիչ բան կարող է տալ գյուղատնտեսությանը, եւ այդպես էլ կա: Հարկավոր է երկրի ունեցած ֆինանսական միջոցներն առավել նպատակային օգտագործել եւ օգտագործել անհրաժեշտ տեղերում: Օրինակ, ինչո՞ւ հանրապետությունում չեն հրատարակվում գիտահանրամատչելի գյուղատնտեսական բարձրակարգ ամսագրեր, թերթեր, որտեղ գիտնականները, պրակտիկ աշխատողները մասնագիտական տեսանկյունից խորապես կքննարկեն հուզող հարցերը, մտահոգող պրոբլեմները: Խոսքն անմակարդակ, ոչինչ չասող թերթիկներին չի վերաբերում, որ այսօր հրատարակում են աջակցության կենտրոնները: Վերջապես ագրարային բնագավառում հայաստանյան միտքն այդ մակարդակին չէ. մի կողմից խոսում ենք 5-6 հազար տարվա երկրագործական մեր անցյալի մասին, մյուս կողմից սեղանին դնում այդպիսի խզբզոցներ: Վաղուց ժամանակն է նաեւ վերսկսելու գիտահետազոտական հիմնարկների գործունեությունը նոր սորտերի ստացման, բարձր բերքատու տեսակների փորձարկման եւ տեղայնացման աշխատանքները կազմակերպելու համար: Ահա որտեղ պետք է ծախսել ֆինանսական միջոցները:
Ստեղծված վիճակի հաղթահարման համար անհրաժեշտ են կոնկրետ եւ գործնական քայլեր, որը չպետք է ուշացնի մեր հայրենի կառավարությունը: Դա ուժեղ կառավարության անելիք է, շատ ուժեղ, որի կարիքը վաղուց ունի մեր երկիրը:
ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ք.Գորիս