ԵԹԵ ՆՄԱՆ ԲԱՆ ՈՐՈՇԵՆ, ԵՍ ՂԱՓԱՆՈՒՄ 10 ՀԱԶԱՐԱՆՈՑ ՄԻՏԻՆԳ ԵՄ ՍԱՐՔԵԼՈՒ

11.05.2018 15:57
2196

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ում Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակել մեկուկես տարի առաջ, այդպես էլ չի կարողանում նվաճել սյունեցիների սերն ու համակրանքը: Այդ մասին են վկայում նաեւ սյունեցիների կողմից մամուլում հայտնվող բաց նամակները, որոնցում նրանք ահազանգում են մարզում հաստատված անառողջ բարքերի մասին: Ժամանակ առաջ էլ, ինչպես հայտնել ենք, սյունեցիները պահանջում էին մարզպետի հրաժարականը՝ գոչելով. «Մոծակ, հեռացի՛ր»: Հայտնել ենք նաեւ, որ մարզպետը փորձել է կասեցնել մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը Կապանում տեղի ունեցած անհնազանդության ակցիաները, նրա թիկնապահներից մեկն անգամ ապտակել է ցույցին մասնակցող երեխաներից մեկին: Օրերս էլ Հակոբյանն այցելել է «Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ հիմնադրամ»՝ հանդիպելու ուսանողներին, քննարկելու մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, եւ շարժումը որակել է որպես «հոգեկան հիվանդների» շարժում: Իսկ ուսանողների հետ քննարկման ժամանակ, երբ մարզպետը նշել է, թե մարզը զարգանում է աննախադեպ տեմպերով՝ ունենալով ամենաբարձր ցուցանիշները ՀՀ-ում, դահլիճ է մտել բուհի նախկին ղեկավար, այժմ՝ դասախոս, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանն ու ընդդիմացել մարզպետին։

«Պարոն մարզպետ, ինչո՞ւ եք դատարկ բաներ խոսում ու թյուրիմացության մեջ գցում ուսանողներին: Չէ՞ որ մենք ունենք 7 մլրդ պետական պարտք, վերջին տասը տարում երկրից 300 հազարից ավելի մարդ է արտագաղթել: Ի՞նչ յոթուկես տոկոսանոց տնտեսական աճի մասին եք խոսում... Ինչ մնում է Ձեր սյունիքյան գործունեությանը, ապա վաղուց ժողովուրդը չի հավատում Ձեզ: Դուք եկել եք Սյունիքը թալանելու, մեր դարավոր արժեքները փչացնելու, Քաջարանի կոմբինատի միջոցները մսխելու նպատակով: Քաջարանում ստեղծել եք ստրկատիրական կարգեր՝ երբեմնի հպարտ Քաջարանը դարձնելով ստրուկների եւ ճորտերի քաղաք: Նայեք Ձեր վարած կադրային քաղաքականությանը. հիմնական պաշտոններում նշանակել եք ոչ տեղացիների եւ հրավիրված կադրերին մի քանի անգամ բարձր աշխատավարձ եք վճարում, քան տեղացի մասնագետներին: Դուք տապալել եք մարզի հանրակրթական համակարգը, պրոֆեսիոնալներին հեռացրել զբաղեցրած պաշտոններից՝ փոխարենը նշանակելով դիլետանտների ու կասկածելի վարքագիծ ունեցողների: Դուք հաշվե՞լ եք, թե քանի մարդու դեմ եք գործ տվել, քանի հոգու դեմ եք քրեական գործեր սարքելու պատվեր տվել: Ձեր երթուղին ընդամենը հետեւյալն է՝ Երեւանից ուղղաթիռով թռչում եք Կապանի օդակայան, այնտեղից՝ մարզպետարան, մարզպետարանից՝ պրոֆիլակտորիա եւ հակառակը: Իսկ աշխատանքի գալու դեպքում էլ շփվում եք բացառապես գործակալների, գործ տվողների եւ ոչ տեղացիների հետ: Դուք միլիարդներ եք թալանել Սյունիքի մարզից ու դրանից գրոշներ եք շպրտում ուսանողներին՝ իբրեւ կրթաթոշակ կամ ուսման վարձ, փորձելով վաստակել նրանց կողմից Ձեր հանցավոր գործունեության հանդուրժումը: Հարգելի ուսանողներ, ո՞վ է սա, ում դուք լսում եք: Իր բոլոր խոսքերը դատարկաբանություն են եւ ստախոսություն: Մերժեք այս մարդուն եւ դուրս հրավիրեք նրան դահլիճից»,- մասնավորապես ասել է Պետրոսյանը, ինչից հետո ուսանողները ծափահարել են՝ անհարմար դրության մեջ դնելով մարզպետին: «Պրծա՞ր, ջուրը կարաս քաշես»,- հանդիպմանը մասնակից ուսանողներից մեկի հավաստմամբ՝ արձագանքել է մարզպետը՝ հավելելով, թե այս ելույթի մեջ միակ ճիշտ բանն այն էր, որ ինքն ուղղաթիռով է աշխատանքի գնում:

Մենք զրուցեցինք Լեռնիկ Պետրոսյանի հետ՝ ճշտելու միջադեպի հետ կապված որոշ մանրամասներ: Մասնավորապես, մենք տեղեկություն ունեինք, որ միջադեպից հետո մարզպետը սպառնացել է աշխատանքից ազատել Պետրոսյանի կնոջը՝ Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենին: Նաեւ՝ Պետրոսյանի հետ փորձել է հարաբերություններ պարզել՝ նրան հաշիվ մաքրելու կանչելով: «Նրան էդքան ռիսկ որտեղի՞ց: Դուք ինձ լավ չեք ճանաչում, ես միշտ եղել եմ շատ ռիսկով եւ իմ մտքերը միշտ էլ հայտնել եմ ցանկացած տեղ: Ես ՀՀՇ-ի օրոք՝ 90-ականներին, դպրոցի տնօրեն էի: Եվ երբ այդ կուսակցությունն իրեն խայտառակեց, ես Կապանում հսկայական միտինգ եմ կազմակերպել ՀՀՇ-ի դեմ: Իհարկե՝ դատախազ, միլպետ, այլք փորձեցին ազդել ինձ վրա, սակայն՝ ապարդյուն: Ես իմ ժողովրդի հետ եմ, երկու որդի, թոռնիկներ ունեմ եւ չեմ ուզում, որ իմ երեխեքը թողնեն գնան, օտարության մեջ բախտ որոնեն»,-ասաց Պետրոսյանը: Հարցրինք՝ իրո՞ք Սյունիքում անառողջ մթնոլորտ է տիրում Հակոբյանի մարզպետ դառնալուց հետո, ինչպես պնդում են շատ սյունեցիներ: «Այո, շատ ճիշտ է, ես չգիտեմ, թե այս մարզպետին որտեղից են ճարել-բերել, թե ով է նրան այսքան թեւ տվել: Սյունիքի ժողովուրդը պատերազմից հետո մնացել-աշխատել, արարել է իր հողի վրա, եւ մեր սյունյաց երկրում որպես կառավարիչ չէր կարելի նշանակել մի մարդու, ով ընդհանրապես չի հասկանում սյունեցիների դարդն ու հոգսը, ով լայեղ չի անում մարդկանց հետ շփվել եւ փորձում է ճորտացնել ժողովրդին...»:

Պետրոսյանը նշեց, որ երկու որդիներն էլ համալսարանավարտ են, մեկը գիտությունների թեկնածու է, սակայն աշխատանք գտնելիս բախվում են խոչընդոտների: «Հիմնարկներ կան, որտեղ իմ որդիներն ուզում են գործի ընդունվել, բայց հիմնարկի տերերն ասում են, թե մարզպետը եթե իմացավ, որ Պետրոսյան Լեռնիկի տղերքին գործի ենք ընդունում, կարող է մեզ նեղություն տալ: Այսինքն՝ ես ի՞նչ եմ դարձել նրա համար, մարզպետն ո՞վ է, որ գա ինձ իմ տնից, օջախից հանի, եւ ես ստիպված ընտանիքս վերցնեմ գնա՞մ: Ինչ է՝ մենք մեր հողի վրա ապրող ստրուկնե՞ր ենք: ...Մենք մարզպետներ ենք ունեցել, ում մասին ինչ ուզում է խոսեն, բայց բոլորը ժողովրդի հետ շփվել են, մարդկանց ընդունել-հարգել են, մտավորականներին մարդատեղ են դրել: Իսկ Վահե Հակոբյան կոչվածը թյուրիմացություն է, խայտառակություն, որին պետք է ոչ միայն Սյունիքից հանել, այլ նաեւ երկրից դուրս ուղարկել: Նա սյունեցիների հոգեբանությունը չի հասկացել, մտել է Սյունիք միայն հանքերը թալանելու, Իսպանիաներում բնակարաններ առնելու համար: Մի նայեք նրա դեկլարացիաներին, թե ինչքան միլիոններ է կուտակել, էդ որտեղի՞ց...»: Պետրոսյանը նշեց, թե, ըստ լուրերի, Վահե Հակոբյանը պատրաստվում է կրկին վերադառնալ Զանգեզուրի ՊՄԿ եւ ստանձնել տնօրենի պաշտոնը: «Նա ո՞վ է, որ նորից գնա: Չպետք է նման բան թույլ տալ: Եթե նման բան հանկարծ որոշեն, ես Ղափանում 10 հազարանոց այնպիսի՜ մի միտինգ կսարքեմ, որ նա էստեղից փախչի, թողնի-գնա»,-վստահեցրեց Պետրոսյանը:

Հ.Գ. Նշենք, որ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում մարզպետի վերոհիշյալ այցելության մասին որեւէ լուր զետեղված չէ: Հավանաբար՝ այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցած անցանկալի միջադեպի պատճառով:

hraparak.am

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

11 մայիսի 2018թ.

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի․ վերլուծաբաններ

16.07.2024 21:36

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է. փաստաբան

16.07.2024 19:15

Երևանում և մարզերում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

16.07.2024 16:58

Մոսկվան մնում է Երևանի ամենախոշոր առևտրային գործընկերը. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

16.07.2024 16:54

Հավի մսում և հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ

16.07.2024 16:52

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանց են հասել

16.07.2024 14:19

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

16.07.2024 14:13

Լավրովը ժամանել է Նյու Յորք

16.07.2024 12:08

Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ. Տիգրան Աբրահամյան

16.07.2024 11:46

Փառատոն. օր տասներորդ

16.07.2024 11:41

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

16.07.2024 11:20

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

16.07.2024 11:15