Ադրբեջանում հայ կալանավորվածներին այցերը շարունակվում են. ԿԽՄԿ պաշտոնյա

13.05.2026 10:48
180

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ կալանավորվածներին՝ չնայած անցյալ տարի Բաքվում իր գրասենյակի փակմանը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասել է ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դափնե Մարեն։

Կազմակերպությունը 2025-ի սեպտեմբերին ավարտեց իր ֆիզիկական ներկայությունն Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների որոշման հետևանքով, սակայն շարունակում է աշխատել կալանավորվածների, անհետ կորածների և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած քաղաքացիական անձանց համար։

«Կարևոր է ընդգծել, որ սա որևէ կերպ չի նվազեցնում մեր հանձնառությունը միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո գտնվող մարդկանց համար»,- ասել է Մարեն։

ԿԽՄԿ-ն երկար ժամանակ առանցքային դեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հարցերում, այդ թվում՝ կալանավորված անձանց այցերի, ընտանիքների միջև հաղորդակցության ապահովման, անհետ կորածների գործերում և ռազմական սրացումների դեպքում աճյունների վերադարձի գործընթացում։

ԿԽՄԿ-ն երկու կողմերի միջև գործող սակավաթիվ չեզոք միջնորդներից մեկն էր՝ 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման և երկրամասի ավելի քան 100,000 հայ բնակչության տեղահանությունից հետո, որի ընթացքում Ադրբեջանը կալանավորեց ԼՂ մի շարք նախկին ղեկավարների ու քաղաքացիական անձանց։

Ներկայում Ադրբեջանում կա առնվազն 19 հայ կալանավորված։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ութ ռազմա-քաղաքական ղեկավարներ, որոնք գերեվարվել են Ադրբեջանի 2023-ի սեպտեմբերյան հարձակումից հետո։

Բաքվում հայ կալանավորվածների դատավարությունները կոշտ քննադատության են արժանացել միջազգային իրավաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք գործընթացը բնութագրում են որպես «կեղծ դատավարություն»։

Փետրվարին Բաքվի ռազմական դատարանը ԼՂ նախկին յոթ պաշտոնյաների դատապարտեց․ հինգը դատապարտվեցին ցմահ, երկուսը՝ 20 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության, պատերազմական հանցագործությունների և անջատողականության մեղադրանքներով։ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ստացան ցմահ պատիժներ։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, քանի որ ադրբեջանական օրենքը արգելում է ցմահ պատիժ նշանակել 65 տարեկանից բարձր ամբաստանյալների նկատմամբ։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի դատավարությունն ընթանում էր առանձին։ Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։

Նույն գործողության ընթացքում գերեվարված ղարաբաղցի մի քանի հայ քաղաքացիական անձինք նույնպես ստացել են 15-ից 19 տարվա ազատազրկման պատիժներ։

Իրավապաշտպան խմբերը և միջազգային կազմակերպությունները բազմիցս մտահոգություն են հայտնել Ադրբեջանի դատական համակարգի և կալանավորվածների նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ։ Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև՝ կոչ անելով բանտարկյալների «անվերապահ և անհապաղ ազատ արձակումը», իսկ Human Rights Watch-ը, Amnesty International-ը և Freedom House-ը քննադատել են այն, ինչ նրանք բնութագրում են որպես քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ Ադրբեջանում։

Մարեի խոսքով՝ մինչ Բաքվի գրասենյակի փակումը ԿԽՄԿ աշխատակիցները հակամարտության հետ կապված կալանավորվածներին այցելում էին մոտավորապես երկու ամիսը մեկ, երբեմն նաև ավելի հաճախ։

2025-ի սեպտեմբերից այդ այցելությունները շարունակվում են՝ կազմակերպության Ժնևի գլխավոր գրասենյակից գործուղված խմբերի միջոցով։

«Մեր Ժնևի գլխավոր գրասենյակից խումբը այցելում է այդ կալանավորվածներին և վերջերս այցելել է՝ նույն ձևաչափով, ինչ նախկինում»,- ասել է Մարեն։

Նա ընդունում է, որ մշտական գրասենյակի բացակայությունը հասանելիությունը դժվարացնում է. «Ակնհայտորեն ավելի հեշտ է, երբ ֆիզիկապես տեղում ես՝ արագ և կանոնավոր այցելելու համար»։ Սակայն, նրա խոսքով, գրասենյակի փակմամբ «մեր այցելությունները որպես այդպիսին չեն ավարտվել»։

ԿԽՄԿ-ն հայտնում է, որ շարունակում է կապի մեջ մնալ ադրբեջանական իշխանությունների հետ՝ կալանավորվածներին շարունակական հասանելիություն ապահովելու համար։ «Մեր կազմակերպության նախագահը մոտ տասը օր առաջ եղել է Ադրբեջանում և հանդիպել է այնտեղի իշխանությունների հետ»,- ասել է Մարեն՝ հավելելով, որ թեև այդ քննարկումների բովանդակությունը գաղտնի է, «այս համագործակցությունը շարունակվում է և գործում է այլ ձևաչափերով»։

Մարեն ասել է, որ կազմակերպությունը շարունակում է վերահսկել կալանավորվածներին և պահպանել հաղորդակցությունը նրանց և նրանց ընտանիքների հետ։

1949-ի Ժնևյան կոնվենցիաների համաձայն՝ ԿԽՄԿ-ն ունի մանդատ՝ այցելելու զինված հակամարտությունների հետ կապված բանտարկյալներին, վերահսկելու կալանքի պայմանները և նպաստելու ընտանիքների միջև հաղորդակցությանը։ Կազմակերպությունը սովորաբար գործում է գաղտնիության սկզբունքով և հազվադեպ է հրապարակայնորեն ներկայացնում իր դիտարկումների մանրամասները։

civilnet.am

Արման Թաթոյանի ուղերձը․ պատասխաններ ամենակարևոր հարցերին

04.06.2026 19:32

Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները

04.06.2026 19:16

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

04.06.2026 18:56

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. ՌԴ ԱԳՆ

04.06.2026 17:19

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04.06.2026 17:15

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10