Ճանաչիր ինքդ քեզ (Լենա Հովսեփյանի «Լույսի համը» գիրքը կարդալուց հետո)

17.01.2017 12:04
3730

    Լրագրողի հեղինակած գիրքն առանձնակի արժեք ունի: Ժուռնալիստիկան ծանրաքաշ մասնագիտություն է: Լինելով առաջին գծի զինվոր, միշտ չէ, որ նկատվում է լրագրողի ընկնելն ու բարձրանալը, վիրավորվելն ու ապաքինվելը: Եվ նրա գիրքը, գրական նոր երկ է այն, թե արդեն հրատարակված նյութերի հավաքածու, համեստ պարգեւ-շքանշան է:

    Իմ աշխատասեղանին Լենա Հոսեփյանի «Լույսի համը» գիրքն է:

    Ամբողջական չի լինի բնութագրումը, եթե ասեմ, որ Լենան վաստակաշատ կամ ճանաչված լրագրող է: Լենա Հովսեփյան մարդու, քաղաքացու, սյունեցու, լրագրողի կերպը խիստ ինքնատիպ է` բնավորության, սկզբունքի, հավատի, նվիրումի, ձեռագրի ընդգծվող անհատականություն: Ինչ մասնագիտություն էլ նա կյանքում ստացած լիներ, միեւնույն է` ի վերուստ, նախախնամությամբ կնքված էր, որ պետք է լիներ ժամանակի քարտուղարը` անհանգիստ, հոգսաշատ, այրվող ու չմոխրացող: Լենան համառ է, սկզբունքային ու կարեկցող, նրա տրամաբանության սպեկտրով անցնում-սինթեզվում են երկրի, քաղաքի, գյուղի, շենքի, ընկերոջ, հարեւանի ուրախությունն ու հաջողությունը, հոգսն ու ցավը. վարքն ու ճակատագիրը… Կարողանում է նկատել, զննել, բացահայտել, արժեւորել, ախտորոշել, փորձում է սպեղանի դնել…

    Ցուրտ ու մութ տարիներին խաղից դուրս մնացած լրագրողը մտավ վիրտուալ- էլեկտրոնային աշխարհ իր «lenahovsepyan.com» կայքով: Համացանցում Լենան նորովի հաղորդակցվեց ժամանակին ու տարածությանը: Առիթ եմ ունեցել գրելու, որ այցելում եմ Լենայի կայքը, երբ պահանջ եմ զգում հանդիպելու բարուն, ազգայինին, ավանդականին…

    Հիմա այդ ամենի խտացում-գիրքն իմ ձեռքին է, որտեղ ե՛ւ նոր գործեր են, ե՛ւ կայքից ինձ արդեն ծանոթները: Կարծում եմ, որ գրքի հենքը, որի տեսանկյունով կարելի է դիտարկել ժողովածուն, երեք հարյուրից ավելի նրա խոհափիլիսոփայական մանրապատումները, խոհերը, մտորումները, էսքիզները, լիրիկական արձակ պատկերներն են: Այստեղ գրող-լրագրողը, իբրեւ մարդ-օբյեկտի եւ աշխարհ-սուբյեկտի կապը բացահայտողի, թարգմանչի, երեւում է նորովի` ասելիքի ու մատուցման ամբողջության մեջ:

    Գրողը խորհում-մտորում, խոսում-խորհրդակցում, բողոքում-ըմբոստանում է ինքն իր հետ: Մենախոսությունը նրա համար «հավատի հավաստագիր» է, որով հնարավորություն է տրվում «…պեղել ինքդ քեզ, պեղել ու ոգի տալ բոլոր հնչած, բայց չլսված ձայներին, զրուցել նրանց հետ, հասկանալ, շոյել նրանց, ժպիտով ողողել»: Եվ, այնուհետեւ, սքանչանում է հեղինակը. «Տե՛ր, ինչ հրաշք է մենախոսության շռնդալից հնարավորության ընձեռումդ. ամեն անգամ դա նոր մեկնարկի կրակոցն է»: Ավելին` նրա համար կարեւոր է լռության լեզվի լեզուն, «…որով ունես կարիք` հաղորդակցվելու վերերկրային բանականությանը»:

    Մարդու, հասարակության եւ «արարչագործության» փոխկապակցության նրա փիլիսոփայությունը սկսվում է իր մանկության Քարահունջից, իրենց այգու թթենուց, Խաչատուր եւ Սոֆյա մեծ պապ ու տատից, Լաստ սարին նայող նրա չորրորդ հարկի պատուհանից, գնում-սավառնում է տիեզերքի անհուններում եւ կանոնակարգվում է բանականությամբ ու նախախնամությամբ ճշտված, բայց չգրված օրենքների մեջ: Նրա համար լռությունը, համառությունը, հիշողությունը, սպասումը, նեղացածությունը, տրամաբանական մտքի ու հոգու զգայարանների մյուս բաղադրիչներն ունեն ձեւ, գույն, համ… Բարությունը չափման միավոր չունի. «օրից բան սպասելուց առաջ մյուս նժարին պետք է դնենք մեր տվածը…»: Եվ տեսնում-հիանում է հեղինակը, «որ մարդկության պարագծից ներս կան լուսատիտիկներ, որոնց լույսի աղբյուրը տալն է` ստանալը չակնկալելով»:

    Տասնյակ ու հարյուրավոր նման փիլիսոփայական դատողություններ, որոնք արթնացնում, թարմացնում են ընթերցողի միտքը, ճշտում նրա ու աշխարհի կապը, պարտք-անելիքը` ապրած օրվա «վարձը» հատուցելու գործում: Եվ հեղինակը բարոյական չի համարում, երբ թույլ է տրվում, որ հիշողությունը ժանգոտի, ամլանա: Եվ հիշեցնում է, որ այնտեղ, «շատ էջերի լուսանցքներում «մինուսներ» կան, պարտքեր կան մարելու, բարոյական պարտքեր, երախտիքի պարտքեր…»:

    «Լույսի համը» գրքի երկրորդ բաղկացուցիչը «Գորիս-կյորեսյան» շարքն է, որտեղ զետեղված են տարբեր ժամանակներում գրված մի քանի գեղարվեստական ակնարկներ: Դրանք հայրենի եզերքը` ձորը, քաղաքը, գյուղը, դրանց անզուգական գեղեցկությունը, անաչառ, ինքնատիպ, անկոտրում բնվորությամբ նրա մարդկանց ներկայացնելու սեփական փորձեր, բայց ավելի շատ` հոգսի ու ցավի, որոշակի արժեքներ կորցնելու վախի ճիչեր են:

    Այն, որ մյուսների նման Լենայենց շենքը եւս «մի տեսակ կանացի է, դարձել», որ «…հե՜յ գիտի ժամանակներում», փոստի առաջ դրված ծուռտիկ նստարանի մոտ շաբաթ-կիրակի օրերին նարդու հերթն «իրար ուտում էր», ու հիմա նստողները տատիկներն են` Նինա տատիկի գլխավորությամբ, էն, որ «միգրանտ» է դարձել նաեւ սեւարանցցի Ելենա տատն ու հիմա ո՛չ գյուղացի է, ո՛չ քաղաքացի, էն, որ «հատուկենտ տղամարդիկ էլ ոնց որ շեքսպիրյան ողբերգություններից մոռացված-մնացած լինեն», էն, որ «կուլ տված հոգոցները հաշիվ չեն, վերեւներում «լսելի» չեն…», իրոք, կտխրեցներ մեր հարգարժան ուսուցիչ Ռաֆիկ Արսենիչին, եթե նա հայտնվեր հրաշքով ու հին, բարի օրերի լավատեսությամբ հանձնարարեր Լենային` շարադրություն գրել պատուհանից դուրս տեսածի մասին:

    Ռուսերեն «ностальгия» շատ գեղեցիկ բառ-արտահայտությունը, որ հունական ծագում ունի, բառարանները թարգմանում են` հայրենաբաղձություն: Ես մի քիչ ավելին եմ տեսնում այստեղ` անցած-գնացած օրերի վերհուշ, «արմատների» հետ կապի, կորցրած, կամ մթագնած արժեքների վերականգնման, բարոյական իդեալների, ավանդույթների ժառանգորդության ապահովման ցանկալի անհրաժեշտություն: Հենց այսպիսի զգացողությամբ է շաղախված «Մեր Մռավյանը` թատրոնի ու Թայիրի դիքի միջեւ» քրոնիկոնը, որտեղ Լենա Հովսեփյանը «հաշտեցնելով» անցյալի ու ներկայի կապը, փորձել է հավերժացնել ինքնատիպ կոլորիտով այս քաղաքի իր մանկության թաղը, մեկ բառով, մեկ արտահայտությամբ, կամ ինչ-որ դեպքի ենթատեքստով ներկայացրել է այնտեղ ապրող ամեն մեկին: Եվ այդ ամենը ստացվել է տիպական, հյութեղ, խտացված` իսկական… «Գորիս-կորեսյան»:

    «Լույսի համը» գրքում տպագրված են էլի մի քանի գողտրիկ պատմվածքներ, որոնց կարելի է դիտել իբրեւ «Գորիս-կյորեսյան» շարքի տրամաբանական շարունակություն: Այդ պատմությունների թեման ու միջավայրը նույնն են, ստեղծված են իրական դեպքերի հիման վրա, հերոսները մեր կողքին, տարբեր ճակատագրերով ապրող մարդիկ են:

    Ամփոփելով ասվածը, կարծում եմ շռայլություն չի լինի, եթե գրեմ, որ Լենա Հովսեփյանը փոքր կտավում, արդեն քննություն բռնած, շնորհաշատ գրող է: Եվ նրա «Լույսի համը» ժողովածուի լեյտմոտիվը սոկրատեսյան այն սկզբունքն է, որ իբրեւ փիլիսոփայական մարդաբանության գլխավոր չափորոշիչ, կենսունակ է եղել դարեր ի վեր. «Ճանաչիր ինքդ քեզ»:

    Մնում է սպասել նոր գործերի:

    ԳԱԳԻԿ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

    Մեծ Բրիտանիայում հարգանքի տուրք է մատուցվել և կոչ արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    22.04.2025 17:56

    Համայնքի ղեկավարն ընդունել է ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

    22.04.2025 16:47

    Խոզնավարում ԵՄ առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները

    22.04.2025 16:10

    Մոսկվան մտահոգիչ է համարում Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն. Գրուշկո

    22.04.2025 14:24

    Վախենում եմ՝ պատմությունը կրկնվի, ու Սյունիքի դարպասը ներսից բացեն թշնшմու առաջ․ խնածախցի

    22.04.2025 14:21

    Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը «իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանն ու հակազգային քաղաքականությանը. Վահագն Մելիքյան

    22.04.2025 11:56

    Գորիսի պետական քոլեջը պաշտոնապես իրազեկել է ՀՀ վարչապետին ու ԿԳՄՍ նախարարին՝ անժամկետ գործադուլի և դասադուլի մասին

    22.04.2025 10:45

    Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով․ Փեզեշքիան

    21.04.2025 21:18

    Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ

    21.04.2025 17:47

    Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը

    21.04.2025 17:40

    Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

    21.04.2025 17:38

    Թալանածը ժողովրդին վերադարձնելու պահանջով Արցախի նախագահի անունից նամակ կուղղվի Գլխավոր դատախազին, ՔԿ և ԱԱԾ. արցախցի

    21.04.2025 14:49