«Սյունյաց երկրի» 23 տարվա ընթացքի մեջ բազմաթիվ նշանավոր իրադարձություններ և օրեր են եղել․․․
2026 թ․ օգոստոսի 20-ը ընդմիշտ տեղ գտավ նման օրերի շարքում․․․
Երեկվա այդ օրը մեր ստեղծագործական խումբն այցելեց Խուստուփի սուրբ քարանձավ․․․
Այդ քարանձավի մասին գիտեն կապանցիներից շատերը։ Գիտենք նաև մենք․․․
Իսկ սրբավայրի հոգևոր նշանակությանն ու բովանդակությանը շատերն են անդրադարձել, այդ թվում՝ նշանավոր ազգագրագետ Ստեփան Լիսիցյանը՝ 20-րդ դարասկզբին։
Ահա, թե ինչ է գրում նա․ «Եկեղեցին, այսինքն՝ սուրբ քարանձավը, գտնվում է Խուստուփ լեռան աջ կողի մեջ և բացված է դեպի արևելահյուսիս։ Մուտքն ունի 30 քայլ լայնություն և մի փոքր ավելի բարձրություն, խորությունը հազիվ 50-60 քայլ է։ Առաստաղից կաթկթում է ջուրը, որը երաշտի ժամանակ դադարում է։ Հատակին, աջ և ձախ կողմերում, գոյացել են լճակներ։ Նրանց միջև կամուրջների նման ազատ մնացող տարածություններով կարելի է հասնել քարայրի խորքը, որտեղ ուխտավորներն առանձին ջերմությամբ վառում են լուսէրը պատերի բոլոր քարերի վրա, ինչքան որ մարդու ձեռքն էր հասնում։ Այսօր էլ պահպանվում են կպցրած մոմերի և նրանց բոցերի հետքեր։ Հատակին թափթփված են առաստաղից և պատերից պոկ ընկած քարաբեկորներ։ Լճակների ջուրը երբեմն ամբողջ տարվա ընթացքում ծածկված են մնում սառույցի շերտերով։ Այդտեղի ջուրը համարվում է սուրբ և հրաշագործ։ Երաշտի կամ մորեխի ժամանակ՝ ժողովուրդը տանում էր արտերը սրսկելու համար։ Տանողը պիտի մոտենար անխոս և նույնպես էլ անխոս ետ–ետ դառնալով՝ դուրս գար։ Վերցնում էին նաև քարայրի խորքում պատերի տակից հողը՝ խլութունը աղի հետ անասունին կամ հիվանդ երեխային տալու համար։ Եթե լճակների մեջ ջուրը ցամաքած էր լինում՝ գուշակում էին, որ տարին վատ է լինելու։
Քարայրի մեջ գիշերը ապաստան էին գտնում եղնիկն ու լեռնայծը։ Նրանց նստած տեղում կուտակված է կըտէտ։ Թռչունները դուրս էին թռչում պատերի ճեղքերի ու ծալքերի միջից՝ իրենց թևերի աղմուկով լցնելով քարայրը»։
***
Մենք նախ հասանք Խուստուփի լեռնագագաթին մերձ գտնվող Մատաղի հրապարակ։ Եվ այդտեղ էլ թողեցինք մեքենան։
Վերադառնալուց հետո նույնպես կանգ առանք Մատաղի հրապարակում, խոնարհվեցինք Գարեգին Նժդեհի հուշարձանի առջև։
Ի դեպ, Խուստուփի քարայրի հետ ավանդազրույցներից մեկը կապված է Գարեգին Նժդեհի հետ։ Ըստ ավանդազրույցի՝ այդ քարանձավը Լեռնահայաստանի գոյամարտի տարիներին որոշ ժամանակ ապավեն ու ապաստան է եղել Սպարապետի համար, երբ նա վիրավորված էր։
***
Մեր առաջին կանգառից, որ գագաթամերձ հատվածում էր, մինչև Խուստուփի քարայր–սրբավայր՝ արահետային ճանապարհով մոտ 1.5 կմ է։
Արահետը սկսվում է Խուստուփի ապառաժոտ լեռան գագաթից, որտեղից՝ լեռան ժայռոտ զանգվածի կողքով, սկսեցինք իջնել զառիթափ լանջերով, ողորկված քարերով ու քերծերով։
Անշուշտ, մարդկանց մուտքի համար պարփակված չէ քարայր տանող ճանապարհը, բայց չափազանց դժվարանցանելի է, շատ տեղերում՝ ռիսկային։
Տեղ–տեղ անցնում էինք ժայռին փաթաթվելով։ Եվ այդկերպ՝ զգուշությամբ, ոտքներս դնում էինք ժայռակողի մեջ դուրս ցցված մեկ քարապռնկից մյուսին։ Մի անզգույշ քայլ և կարող էինք վտանգի ենթարկվել։ Նման իրավիճակների համար է ասված՝ վայր ընկնողի մեծ կտորն ականջը կմնար։
Պատմում են, որ վայր գլորվելու դեպքեր են եղել...
Պատմում են նաև՝ ուխտավորներն այդ կածաններով երբեմն իջնում էին ոտաբոբիկ, ոչ թե իրենց բարեպաշտությունից, այլև զգուշությունից ելնելով։
Որքան էլ տարօրինակ է՝ մառախլապատ եղանակը մեզ օգնում էր։ Ժամանակ առ ժամանակ գրոհող մառախուղը թույլ չէր տալիս բարձունքից ամբողջապես տեսնել կիրճերի հեքիաթային խորությունը, և ավելի համարձակ էինք քայլ անում։
Ամբողջ ընթացքում, քանիցս, երկնքից մեզ էին մոտենում կամ ուղեկցում տարատեսակ թռչունների խմբերը, և իրենց թևերի շարժումից առաջացող ձայնով ու կանչ–կռնչյունով անընդհատ հիշեցնում, որ իրենք իրենց թագավորության տիրույթում են։
***
Մեր ստեղծագործական խումբը քարանձավ–ուխտատեղի հասավ մեծ ոգևորությամբ, իրականություն էր դարձել տարիների երազանքը․․․
Օրը մառախլապատ էր, մառախուղը ժամանակ առ ժամանակ ու որոշ չափով մուտք էր գործում քարայր։
Քարայրի աջ ծայրին ջրի կուտակումներ կային, իսկ վերևից՝ տարբեր տեղերից, ջուր էր կաթկթում։
Հատակի հողը չափազանց փափուկ էր։ Ըստ երևույթին նոր–նոր ցամաքած լճակների հետքերն էին հողն այդքան փխրուն դարձրել։
Հատակին քարեր էին թափված, իսկ մի քանի տեղ քարակույտեր էին, որոնք, ամենայն հավանականությամբ, այցելուներն էին քարաբեկոր ավելացնում եղածի վրա՝ իբրև ավանդույթ, իբրև նշան իրենց այցելության։
Մեր ստեղծագործական խումբը ևս հետևեց այդ օրինակին։
Քարայրի խորքում՝ պատից կախված մի խաչ կար, նաև հարմարեցված քար՝ մոմավառության համար՝ վառված ու չվառված մոմի մնացորդներով։
Մի խաչքար էլ կար՝ 2016 թ․ հունիսին անհայտ անձնավորության կողմից տեղադրված։
Բնականաբար, անհնար էր գտնվել այդ սրբավայրում ու չհիշել դրա հոգևոր խորհուրդը, նաև քարանձավի առնչությունները 1918-21 թթ․ Սյունիքի գոյամարտին։
Ցավոք, ուխտագնացներից շատերը՝ տարբեր ժամանակներում այնտեղ այցելած, իրենց անունն էին գրել քարերի ու պատերի վրա, որը (անկեղծ լինենք) սրբավայրը պղծելու (միգուցե ոչ գիտակցաբար) յուրօրինակ դրսևորում էր, որը երբևէ պետք է մաքրվի։
Քարայրից վերև՝ քերծի ձախակողմյան գագաթը կոչվում է Ճգնավոր։
Մեր ստեղծագործական խումբն այդտեղ չբարձրացավ, չէինք էլ ծրագրել։
Ավելի ճիշտ ուխտավորներն այնտեղ կարող են բարձրանալ ժայռի հետևի կողմից։
Գագաթին փաթաթված է մի քարակույտ, որի տակ իբր թաղված է մի անհայտ ճգնավոր։
Մոտ 40 րոպե քարայրում մնալուց հետո բռնեցինք հետդարձի ճանապարհը։
***
Կարևոր եմ համարում նշել մեզ ուղեկցող Հարություն Զաքարյանի մասին։ Կապանի տարածաշրջանի զբոսաշրջության ոլորտի ամենանշանավոր կազմակերպիչներից է։ Մի անձնավորություն, ով շատ լավ ծանոթ է Խուստուփի քարայր տանող կածաններին։
Ծագումով շիշկերտցի այդ երիտասարդը, առանց չափազանցության, խիզախության իսկական մարմնավորում էր։
Նրա օրինակին հետևելով էր, որ իմ հրաշալի գործընկերներ Իզա Ասծատրյանը, Մարի Նավասարդյանը և Արմինե Մարգարյանը, անտես անելով հնարավոր վտանգները, ծերպամուտի ու քարագնացի իսկական որակներ դրսևորեցին, որը մինչ այդ չէինք պատկերացնում, ինչը նրանց կերպարին նոր ու հաճելի ուրվագծեր հավելեց։
***
Այդ բոլորով հանդերձ՝ չէր կարելի չնկատել պետական համապատասխան ատյանների անտարբերությունը՝ մեծահռչակ այդ քարանձավ–սրբավայր տանող կածանի հանդեպ։
Մի փոքր ներդրում և ջանք՝ ու կարող էինք գոնե կածանը՝ ամենավտանգավոր տեղերում, փոքր–ինչ ընդլայնել կամ քարածերպերից իջնելու համար բռնելու կամ հենվելու միջոցներ տեղադրել։
Այդ ձեռնարկումը, անշուշտ, ավելի գրավիչ կդարձներ Խուստուփ այցելել ցանկացողների թիվը։
Ի դեպ՝ Խուստուփ գնալ–գալու ընթացքում մի քանի տասնյակ զբոսաշրջիկի հանդիպեցինք՝ հանրապետության տարբեր վայրերից, որը երիցս վկայում է՝ Խուստուփն արդեն իսկ դարձել է հայ ժողովրդի ճանաչված սրբավայր–լեռնագագաթներից մեկը, իսկ քարայրի արահետը անվտանգ վիճակի հասցնելուց հետո սրբավայրն ավելի գրավիչ կդառնա։
***
Խուստուփի լեռնագագաթից իջնելուց հետո կարճ դադար առանք Շիշկերտի Խնձորուտ կոչվող այգում։
Ու թեև չափազանց հոգնած էինք, որոշեցինք անպայման ուխտագնացություն կատարել Շիշկերտի եկեղեցի և Թարգմանչաց եկեղեցի, որ գտնվում է Ճանճապտուկ լեռան հարավային ստորոտին և կիսավեր վիճակում է՝ Ծավ գյուղից մոտ 2.5 կմ հյուսիս–արևմուտք, որտեղ Սյունիք կատարած 2-րդ այցի ժամանակ (ըստ ավանդույթի) հանգրվանել ու գործել է նաև Մեսրոպ Մաշտոցը։
Աստծո այդ տաճարներ կատարած մեր ուխտագնացությանը կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։
Սամվել Ալեքսանյան