Ֆրանսիայի Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն պատասխանել է «Սյունյաց երկրի» հարցերին

21.11.2023 17:27
831

Նոյեմբերի 21-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնում, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը և Ֆրանսիայի Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանը հարցազրույցի է հրավիրել Գաել Պերդրիոյին:

- Պարոն քաղաքապետ, ողջունում ենք Ձեր այցը Սյունիք, ողջունում ենք Կապանի համայնքապետարանի և Սենտ Էտիենի քաղաքապետարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը:

Մենք ուշադիր հետևում էինք հուշագրի ստորագրման արարողությանը, հետևում էինք Ձեր և պարոն Փարսյանի ելույթներին:

Փորձեք փոքր-ինչ ավելի բացել ստորագրված հուշագրի բովանդակությունը:

- Կապանի համայնքապետ պարոն Փարսյանի հետ մենք մի շարք ոլորտներ հիշատակեցինք, որտեղ կարող ենք համագործակցել: Դրանցից մեկը, օրինակ, առողջապահությունն է, համագործակցություն Կապանի բժշկական կենտրոնի և Սենտ Էտիենի հիվանդանոցի միջև: Համագործակցություն Կապանի երիտասարդական խորհրդի և Սենտ Էտիենի երիտասարդական խորհրդի միջև, նաև պատվիրակությունների փոխայցելություններ: Այնուհետև՝ Կապանի սոցիալական աշխատողները կվերապատրաստվեն Սենտ Էտիենում՝ ծանոթանալով միաժամանակ մեր քաղաքի տվյալ ոլորտի գործելակերպին:

- Տևական ժամանակ մեր հանրապետությունում խոսակցություն է շրջանառվում առ այն, թե Ֆրանսիան մտադրություն ունի հյուպատոսություն բացել Սյունիքում: Ո՞ր փուլում է այդ գործընթացը, եթե, իհարկե, Ֆրանսիան իսկապես նման մտադրություն ունի:

- Ճիշտ կլիներ, որ այդ հարցն ուղղեիք Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանությանը:

- Ֆրանսիայի հետ հայ ժողովրդի բարեկամությունը նոր չէ և անցել է ժամանակի փորձությունների միջով:

Համոզված եմ՝ տեղյակ եք Սյունիքի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վիճակին, տեղի ունեցող զարգացումներին:

Այս պայմաններում, գրեթե ամեն օր և հատկապես Եվրոպայից, մեզ սատարող գեղեցիկ խոսքեր և հայտարարություններ ենք լսում: Մինչդեռ այստեղ փոքր-ինչ գործնական քայլերի կարիք ենք զգում: Եվ, անկեղծորեն, դա առաջին հերթին ակնկալում ենք Ֆրանսիայից: Իսկ միգուցե չափազանցվա՞ծ են մեր ակնկալիքները:

- Ինքս էլ շատ կուզենամ, որ կոնկրետ գործողություններ իրականացվեն...

Քիչ առաջ (հուշագրի ստորագրման ժամանակ) իմ ելույթում նշեցի, որ մեկ տարի առաջ մեր քաղաքային խորհուրդն ընդունեց մի փաստաթուղթ, որով անդրադառնում ենք Կապան-Սենտ Էտիեն համագործակցության կարևորությանը: Այդ փաստաթղթով նաև պահանջել ենք Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարարից՝ ավելի կոնկրետ ու գործնական քայլեր ձեռնարկել ի նպաստ Հայաստանի:

Ես գիտեմ՝ Կապանը ստեղծված իրավիճակում ռազմավարական նշանակություն ունի, նաև սահմանային քաղաք է:

Այսօրվա հուշագիրը ստորագրելով՝ ինչ-որ իմաստով մենք մեսիջ ենք ուղարկում Ադրբեջանին՝ վերահաստատելով մեր վճռականությունը, որ Կապանը մենակ չենք թողնի:

- Մենք հասկանում ենք Ձեր, որպես քաղաքապետի, լիազորությունների շրջանակը: Բայց և ուզում ենք՝ օգտագործելով պատեհ առիթը, Ձեր միջոցով մեր որոշ մտահոգություններ փոխանցել բարեկամ Ֆրանսիային:

Այստեղ բոլորին մի շատ պարզ հարց է նախևառաջ հետաքրքրում՝ եթե վերջին տարիների, հատկապես վերջին ամիսների հայտնի իրադարձությունների ժամանակ եվրոպական մի երկիր (օրինակ Ֆրանսիան, որը նաև Անվտանգության խորհրդի անդամ է) որևէ պատժամիջոց կիրառեր Ադրբեջանի նկատմամբ, ապա այդ հանրապետությունն այդքան վայրագություններ չէր գործի ընդդեմ մեր ժողովրդի:

- Այո, քաղաքապետը սահմանափակ լիազորություններ ունի Ձեր մատնանշած հարցերի առումով: Բայց և հինգ տարի է՝ մեր քաղաքային խորհուրդն անընդհատ դիմում է Ֆրանսիայի նախագահին՝ ավելի գործուն քայլերի դիմելու, մանավանդ որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահող երկրներից է:

Իսկ որպես քաղաքացի՝ ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է միջազգային հանրությունը թույլ տալ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը ոտնձգության ենթարկվի, որ միջազգային իրավունքն այսչափ անտեսվի:

- Գնահատելի է Ձեր մտածելակերպը...

Ինքս, որպես պատմաբան, համաշխարհային պատմության մեջ չգիտեմ մեկ այլ օրինակ, որ հինգ հազար տարի իր բնօրրանում ապրող ժողովրդին ժամերի ընթացքում բռնությամբ հեռացնեն իր հայրենիքից, իր տնից:

Մյուս կողմից՝ մենք շարունակում ենք պարբերաբար սպառնալիքներ լսել այստեղից մի քանի կիլոմետր արևելք գտնվող երկրի ղեկավարից:

Մեկ անգամ ևս նշենք՝ մենք մեր բարեկամներից, այդ թվում և Ֆրանսիայից, գործնական քայլեր ենք ակնկալում մեր տարածաշրջանում:

- Ես ամբողջությամբ կիսում եմ Ձեր արտահայտած մտքերը, և իմ համեստ հնարավորություններով, նաև այսօրվա հուշագրի ստորագրմամբ իմ անձնական աջակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին և մասնավորապես Կապան համայնքին:

- Կապանից ստացած Ձեր տպավորությունները... Թեև քաղաքը երիզող բարձունքներում Դուք ադրբեջանական դրոշներ եք տեսնում, բայց այստեղ ջերմության պակաս չկա, մանավանդ երբ բարեկամներն են մեզ այցելում:

- Շատ քիչ ժամանակ է, որ Կապանում ենք, բայց հասցրել ենք զգալ այդ ջերմությունը: Տեսնում եմ, որ քաղաքը զարգանում է, ականատես եղա բազմաթիվ շինարարական աշխատանքների: Տպավորիչ էր հատկապես գետի երկայնքով ճեմուղու կառուցումը, շատ ժամանակակից է:

- Պարոն Փարսյանն էությամբ կառուցող է, ստեղծող...

- Համամիտ եմ:

- Շնորհակալություն հարցազրույցի համար, ուզում ենք հավատալ, որ այսօր սկիզբ դրվեց Կապան-Սենտ Էտիեն անկեղծ և երկարատև համագործակցությանն ու բարեկամությանը:

Հ.Գ.

Հուշագրի ստորագրման արարողության ընթացքում Սամվել Ալեքսանյանը զրույց է ունեցել նաև «Ֆրանս-պրես» գործակալության լրագրող Դենիս Մերինարդի հետ:

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

21.08.2026 16:42

Եվ Տիրոջ օգնությամբ «Սյունյաց երկրին» հասանելի դարձավ Խուստուփի առասպելական քարայր–ուխտատեղիի մուտքը

21.08.2026 14:55

Անվճար նախապատրաստական դասընթացներ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

21.08.2026 12:42

Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի. ԱԳՆ

21.08.2026 11:39

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վահրավար գյուղի օրվա կապակցությամբ

21.08.2026 11:02

Մոսկվան կարող է ընտրողական տնտեսական ճնշում գործադրել ՀՀ-ի վրա․ The National Interest

21.08.2026 10:55