Գահանիստ Կապանի հոգևոր կենտրոնը

16.02.2024 11:17
986

Վահանավանքի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ այն Սյունիքի գահերեց և գահակալ իշխանների (նախ՝ Ձագիկյանների իշխանական տան) նստավայր, գահանիստ, արքունանիստ, ապա՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք Կապանի գլխավոր տաճարն էր: Հարկ է նկատի առնել նաև, որ Վահանավանքի ծնունդը, որքան էլ Վահան Նախաշինողը պատճառներ ունենար կառուցելու համար, պայմանավորված էր քաղաքական իրավիճակով ու դրդապատճառներով: 9-րդ և 10-րդ դարերի սահմանագծում սյունիքյան իշխանության քաղաքական կենտրոնը տեղափոխվում էր Բաղք, որի գլխավոր ոստանը Կապանն էր: Ուրեմնև՝ Կապան քաղաքում կամ Կապան քաղաքի անմիջական մերձակայքում, ժամանակի ավանդակարգին համապատասխան, պետք է լիներ նաև Աստծո տաճար, մանավանդ որ մերձակայքում այդժամ նշանավոր՝ գահանիստ քաղաքին պատշաճող, տաճար չկար (Երիցավանքի փառքը մնացել էր անցյալում, իսկ Տանձափարախը նման առաքելություն չէր կարող ստանձնել): Այդպես էլ ծնվեց Վահանավանքը, որի «կալվածքի սահմանը հասնում էր մինչև քաղաքի պարսպի արտաքին պատը» (Թ. Հակոբյան, Սյունիքի թագավորությունը, Երևան -1966, էջ 121):

Որքան էլ բազմազան են ու հակասական Կապանի (ինչպես և Բաղաբերդի) վերաբերյալ (նաև տեղորոշման ու ավերման հանգամանքների մասին) մեր պատմիչների հաղորդած տեղեկությունները, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում համառոտ անդրադարձ կատարել Կապանի մատենագիտությանը:

Կապանի պատմության համար գլխավոր սկզբնաղբյուրը եղել և մնում է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը» կոթողային գործը: Այսպես՝ «Եվ Կապանից այստեղ եկավ հայր Հովհաննեսը, վանականներին վերցնելով գնաց գետի ափը, տիրոջից խնդրեց վանականների կարիքների համար ձուկ շնորհել» (նշված աշխ. էջ 118): Այդ գրքի մի ամբողջ հատված էլ (գլուխ ԿԱ) նվիրված է Կապանի ավերման թեմային:

Կապան քաղաքի ավերման մասին տեղեկություններ է հաղորդում նաև  Վարդան Վարդապետը (Հաւաքումն պատմութեան, էջ 146-147). «Հինգ հարյուր քսաներեք թվին (1094թ.) Գանձակի Փատլուն ամիրան Գրիգոր Մագիստրոսի որդի Վասակ Պահլավին Առանի ամբողջ զորքով ուղարկեց Բաղքի ու Կապանի (կիրճի) անառիկ ամրոցները: Նրանք խաբեությամբ մուտք գործեցին այնտեղ և սպանեցին հայկազուն Սենեքերիմ արքային, որովհետև այնտեղի թագավորները հայեր էին: Բայց (թագավորությունը) չվերացվեց մինչև երկու անզավակ եղբայրների՝ Սմբատի ու Գրիգորի վերջին օրերի դեպքերը»: Վարդան Վարդապետի և Ստ. Օրբելյանի վկայությունների միջև, ինչպես տեսնում եք, կան տարբերություններ: Վարդանի վկայությամբ Կապանն ավերվել է Գանձակի Փատլուն ամիրայի հրամանով՝ Գրիգոր Մագիստրոսի որդի Վասակ Պահլավի կողմից, 1094 թ.:

Կապան քաղաքի թեման հետաքրքրել է ճանաչված պատմաբան Բաբկեն Առաքելյանին: «Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դարերում» (Երևան, 1958թ.) աշխատության մեջ նշում է. «Հնում Կապանը, ինչպես երևում է, եղել է բերդ, որը Ստեփանոս Օրբելյանը նույնացնում է  Բաղաբերդի հետ, թեև նույն հեղինակի մոտ, այլ էջերում, Բաղաբերդը և Կապանը նշվում են իբրև տարբեր բնակավայրեր: …Հենց այդ ժամանակներում էլ՝ 9-րդ դարավերջին և 10-րդ դարասկզբին, Կապանն աճում, քաղաք է դառնում: Այստեղ նկատելի շինարարություն է կատարվում: Կապանը դարձավ Սյունյաց թագավորության մայրաքաղաք, որի անունով Սյունյաց թագավորությունը կոչվում էր նաև Կապանի թագավորություն» (նշված աշխ. էջ 90-91): Բաբկեն Առաքելյանը նշում է նաև՝ «Հայաստանի միջնադարյան քաղաքների մեծագույն մասն առաջացել է բերդ ունեցող ավաններից՝ բերդավաններից, բերդի առջև փռված ավանների աճի ու արհեստագործության և առևտրի կենտրոն դառնալու շնորհիվ: Ավելի արագ աճում ու քաղաք էին դառնում մանավանդ այն բերդավանները, որոնք գտնվում էին առևտրական ճանապարհների վրա և հանդիսանում էին (կամ ժամանակի ընթացքում դառնում էին) ֆեոդալական մանր ու մեծ իշխանությունների կենտրոններ: …Նման ձևով է քաղաք դարձել նաև Կապանը» ( նշված աշխ. էջ 121-122): Հեղինակը Կապանը դասել է 10-11-րդ դարերի Հայաստանի միջին մեծության քաղաքների թվին, որի բնակչությունը 7-8 հազարից մինչև 10-12 հազար է թվում:

Տեղին է նշել, որ Կապանի՝ իբրև քաղաքի առաջացումն իրականություն է դարձել նախևառաջ Ձագիկյան իշխանական տան ջանքով ու ձեռներեցությամբ:

Կապան քաղաքին անդրադարձել է Ղևոնդ Ալիշանը «Սիսական» տեղագրության մեջ. «Աներկբայելի է, որ այս աշխարհի շինության և բնակության սկզբում Բաղակ նահապետը, որից է Բաղաց գավառի անունը, այստեղ հաստատեց կամ կառուցեց իր բույնը՝ Բաղակի քարի վրա, որ հետո Բաղաբերդ կոչվեց, և դարձավ վերջին ապաստանը Սյունյաց իշխանների: ...Եվ նրանց ամուր քաղաքի պատճառով ամբողջ գավառը Կապան անվանվեց 11-12-րդ դարերում և մինչև այժմ էլ նույնպես է անվանվում՝ միայն թե աղավաղ Ղափան ձևով»: Ալիշանը նույնպես հաստատում է, որ «Այն ժամանակ Կապան քաղաքը լոկ Բաղաց իշխանի նստավայրն էր և դրանից հետո Սյունյաց նահապետների ոստանը դարձավ»: «Մտածում էին այն դարձնել խաղաղ մի վայր, և, հիրավի, սրանից ավելի ապահով վայր չկար, որովհետև ոչ միայն զորավոր էր Բաղաց բերդը, այլև, ինքնըստինքյան, ամուր էր Կապանն ի բնե և արվեստաշեն»: Ալիշանը, հիմք ընդունելով Ստեփանոս Օրբելյանի երկը, անդրադառնում է Կապանի ավերմանը՝ «...Չորթմանն իր վրեժը (լուծելու) համար անսպասելիորեն հարձակվեց քաղաքի վրա: Նախ բազմաթիվ հետևակ ծերպամուտ ու քարագնաց զորականներ բարձրացան ապառաժոտ լեռան գլուխը և հեղեղատի մեծ հունով իջան քաղաք, քանի որ այդ տեղը պարսպապատված չէր՝ մարդկանց մուտքի համար անհնարին լինելու պատճառով: Սկսեցին կոտորել Ջհտաթաղի կողմից, ապա բացեցին քաղաքի դարպասը... Բոլոր զորքերը մտան ու ջարդեցին, կոտորեցին ամբողջ բնակչությանն առհասարակ: ...Այստեղ մարեց ճրագը...»:

Կապանին անդրադարձել է նաև անանուն տաջիկ աշխարհագիրը (նկարագրությունը վերաբերվում է 982-93 թթ.): Այդ մասին իմանում ենք Վ.Բարտոլդի «Հուդուդ ալ-Ալամի», Թումանսկու ձեռագիրը, Լենինգրադ-1930, գործից (Վ. Փափազյան, Անանուն տաջիկ աշխարհագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Արևելյան Վրաստանի աշխարհագրության և տնտեսական հարաբերությունների մասին (10-րդ դար), ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների տեղեկագիր, N 5, 1952, հաղորդում, էջ 79): Քաղաքների մասին խոսելիս «Հուդուդ ալ-Ալամին» նշում է Կաբան քաղաքի մասին, որ «կանաչազարդ քաղաք է, որտեղ մեծ քանակությամբ ընտիր բամբակ է արտադրվում»: Այդ վկայությունը, իհարկե, միանշանակ չի ընդունվել, բայց մասնագետների հիմնական մասը Կաբանը նույնացնում է Կապանի հետ:

Կապան քաղաքը վկայակոչել է նաև արաբ աշխարհագիր Յակուտ ալ Համավին՝ կատարելով նկարագրություններ, չօգտագործելով Կապան անվանումը: Ավելի ուշ ռուս ազգագրագետ, ճանապարհորդ Նիկոլայ Միկլուխո-Մակլայը (1846-88) նկարագրությունից ենթադրել է, որ խոսքը Կապանի մասին է: Իսկ արաբ աշխարհագրի նկարագրություններին կարելի է ծանոթանալ նրա «Աջաիբ ադ-Դունյա» (Աշխարհի հրաշալիքները), «Наука», Москва-1993, գործի ծանոթագրություններում, էջ 207, ծանոթագրություն 490:

Կապան քաղաքի տեղադրության վերաբերյալ դիտարկումներ է արել Աշոտ Աբրահամյանը՝ Ստ.Օրբելյանի «Սյունիքի պատմությունը» աշխատության թարգմանության, ներածության, ծանոթագրությունների հեղինակը: Խոսելով Ձորք գավառի մասին՝ նա մասնավորապես նշել է՝ «…Կենտրոնական քաղաքն էր Կապանը, որից այժմ միայն ավերակների հետքեր են մնացել՝ այժմյան Ղափան քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք: Կապան անունը ծագում է կապան հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջև», այլև՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»: Այդ իմաստը հենց պատշաճում է գավառի տեղանքին: Այդ անունն արտացոլում ունի Ղափան անվան մեջ, իսկ վերջինս արդյունք է հետագայի ժողովրդական ստուգաբանության՝ Կապան-Ղափան: Աղավաղումով կապվել է թուրքական գափան բառի հետ՝ «մեծ կշեռք» նշանակությամբ» (ծանոթագրություն 26): Մեկ այլ ծանոթագրության մեջ (228) Աշոտ Աբրահամյանը նշում է. «Կապան բնակավայրը (քաղաքը) գտնվում էր այժմյան Ղափան քաղաքից վերև, Ղափան-Քաջարան ճանապարհի միջին հատվածում, Ողջի գետի բարձրադիր աջ ափին, այն տեղում, որ տեղացիներն անվանում են «Տանձու լենջ»: Հիշատակվում է 5-րդ դարից: 10-րդ դարում արդեն քաղաք էր և դարավերջին դարձավ Սյունիքի թագավորության կենտրոնը»:

Հիմք ընդունելով «Հուդուդ ալ-Ալամիի» հիշատակությունը՝ Հայկարամ Ութմազյանը նշում է, որ Դվին-Պարտավ ճանապարհով «Սյունիք էին բերվում ոչ միայն Անիից, Դվինից, ինչպես և հեռավոր երկրներից բերված պերճանքի իրեր, արհեստագործության զանազան արտադրանքներ, այլև հենց այդ ճանապարհով, պետք է ենթադրել, Սյունիքից արտահանվում էր տեղական հումքի, հատկապես գյուղատնտեսական արտադրանքի ավելցուկը» (Սյունիքը IX-X դարերում, էջ 247):

Բաղք և Կապան տեղանունների ստուգաբանության փորձ է արել Սերգեյ Ումառյանը «Սյունիքը դիցարան» դիտարժան գրքում:

- Բաղք և Կապան անունները նույն իմաստն են արտահայտել, - գրում է հեղինակը (նշված աշխ. էջ 73): - Գավառանվան հիմքը բալ է, որ լ-ղ հնչյունափոխությամբ դարձել է բաղ: Այս հիմքը հնդեվրոպական ծագում ունի, որը նշանակում է «բարձր», «կապ», «գագաթ»: ...Այդ անունն էլ հետագայում փոխարինվել է հնդիրանական ծագումով մեկ ուրիշ, բայց նույնիմաստ հիմքով՝ «կապ», որից էլ կապան անունը:

Պրոֆեսոր Թադևոս Հակոբյանը նույնպես ծավալուն անդրադարձ է կատարել Կապան մայրաքաղաքին, թեև որոշ եզրակացություններ վիճելի են: «Սյունիքի թագավորությունը պատմա-աշխարհագրական առումով» աշխատության մեջ մասնավորապես նշում է. «Կապանի ավերումից հետո (1103 թ.) թագավորության մայրաքաղաքը դառնում է Բաղաբերդը: Այդ երևում է նրանից, որ Սյունյաց տան պատմիչը Բաղաբերդի գրավումը հաշվում է թագավորության վերջը» (նշված աշխ. էջ 114):

Կապան քաղաքի պատմության աղբյուրների մասին հիշատակումները կարելի է շարունակել, բայց բավարարվենք ասվածով:

...Ահա այդ Կապանի հոգևոր կենտրոնը պետք է լիներ և եղավ Վահանավանքը:

 

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթ,

№ 30 (271),

15 դեկտեմբերի 2012 թ.

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10