Գետաթաղ. Եղիա մարգարեի անունը կրող սրբավայր-սարագագաթին օծվեց նորածագ խաչը

03.09.2013 14:30
3472

Օգոստոսի 16-ին Սիսիանի տարածաշրջանի Գետաթաղ գյուղում տոնական տրամադրություն էր թեւածում: Գյուղի արեւելակողմում` երկնահաս լեռնագագաթին նորակերտ խաչը պետք է օծվեր, ինչի համար հավաքվել էին գյուղի բնակիչները` մանկահասակից մինչեւ տարեց, հանրապետության այլ վայրերում բնակվող գետաթաղցիներ, հարեւան գյուղերի` Լեռնաշենի, Դարպասի, Լորի, Լծենի, Շամբի ներկայացուցիչներ, հյուրեր Սիսիանից, մարզկենտրոնից ու մայրաքաղաքից:

Նշանավոր այդ օրվան Գետաթաղը պատրաստվել էր մոտ մեկ տարի: Նախ գյուղից մինչեւ լեռնագագաթ առաջին անգամ դաշտամիջյան ավտոճանապարհ էր բացվել (5 կմ երկարությամբ), այնուհետեւ լեռնագագաթին կանգնեցվել էր մետաղաշեն խաչը` 7 մ բարձրությամբ: Իսկ լեռան հարավային լանջին` գագաթից մոտ 100 մ ներքեւ, կառուցվել է անտառային հանգրվան` քսան նստատեղով, սառնորակ աղբյուրով, որտեղ, հատկապես ամռանն ու աշնանը, մարդիկ կարող են իրենց հանգիստն անցկացնել:

Ե՛վ խաչի տեղադրման ու ճանապարհի բացման, ե՛ւ անտառային հանգրվանի կառուցման նախաձեռնողն ու իրականացնողը Գետաթաղի Դավթյանների գերդաստանն էր, ավելի ստույգ` տեր Ալբերտ եւ տիկին Մելսիդա Դավթյանների որդիները` Արթուրը, Վրեժը, Խորենը: Արթուրը Գետաթաղի գյուղապետն է, Վրեժն ու Խորենը մոսկվայաբնակ են:

Եղբայրները ցավով են նկատում, որ շրջանի երբեմնի նշանավոր գյուղերից մեկը` Գետաթաղը, տարիներ շարունակ ահա հոգեվարք է ապրում, եւ փորձել ու փորձում են կանգնեցնել հետընթացը, հնարավորինս վերականգնել գյուղի կորսված-մոռացված ավանդույթները: Սկսել են խրախուսել երիտասարդ ընտանիքներին` յուրաքանչյուր երեխայի ծննդյան առիթով հատկացնելով դրամական պարգեւ: Ստանձնել են գյուղի գլխավոր փողոցի գիշերային լուսավորության ֆինանսավորումը: Նպատակ ունեն հիմնանորոգել գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (կառուցված 1650 թ.):

- Եղբորս` Խորենի հետ, ապրում եւ աշխատում ենք Մոսկվայում, առանձնապես մեծ ձեռքբերումներ չունենք բիզնեսում, բայց մեր հայացքն ուղղված է հայրենի Գետաթաղին, ու ձգտում ենք ունեցած սուղ միջոցներով աջակից լինել գյուղի խնդիրների լուծմանը, - պատմում է Վրեժ Դավթյանը:

Բայց Եղիա (Եղիակ) սարագագաթին խաչ կանգնեցնելու գյուղացիների վաղեմի երազանքի իրագործման համար առիթ դարձավ մի դիպված` տեղի ունեցած գրեթե մեկ տարի առաջ` 2012-ի հուլիսին: Լոր գնալիս ճանապարհի բարձունքից ընկնում ու հրաշքով փրկվում է Վրեժ Դավթյանի յոթնամյա Միլա դուստրը (միայն թեւն է կոտրվում): Մի տեսանող կարծիք է հայտնում, որ երեխան փրկվել է գյուղի դիմաց գտնվող սրբավայրի զորությամբ, ինչը երեխայի ծնողների մոտ երախտագիտության հավելյալ զգացում է առաջ բերում առ սրբավայր, որ կոչվում է Սուրբ Եղիա կամ Սուրբ Եղիակ: Ու որոշում են շենացնել այդ սրբավայրը, ճանապարհ հարթել դեպի լեռնագագաթ:

Առհասարակ Սուրբ Եղիան Լորաձորի գյուղերի բնակիչների համար դարեր ի վեր եղել ու մնում է իբրեւ գլխավոր սրբավայր կամ պաշտամունքի վայր: Հատկապես գետաթաղցիներն իրենց իղձերը, մտածումներն ու հառաչանքները երկինքն ի վեր առաքելու համար բարձրացել ու բարձրանում են Սուրբ Եղիա` ակնկալելով, որ իրենց խոհերը կհասնեն ամենագութ Աստծուն: Եվ դարեր շարունակ այդ սրբավայրը սիրտ է տվել զրկվածին, տարակույսի մեջ հայտնվածին: 94-ամյա Բենիամին Պողոսյանը պատմում է, որ Մեծ հայրենականի տարիներին էլ տարեց գետաթաղցիները բարձրանում էին Սուրբ Եղիա եւ «մարմնավոր շուրթերով ուղերձ կարդում բարձրյալ Աստծուն», նրանից աղերսում խաղաղություն, ռազմաճակատ մեկնած իրենց մերձավորների կյանքի ապահովություն: Բենիամին Պողոսյանի հավաստմամբ` սրբազան այդ գագաթը նաեւ սիրո ու երջանկության բաշխիչի խորհրդանիշ է եղել: Երիտասարդ տղաներն ու աղջիկներն իրենց երազանքներին հասնելու համար բարձրանում էին այնտեղ եւ Սուրբ Եղիայի բարի միջամտությունը խնդրում: Երաշտի ժամանակ էլ կանայք էին բարձրանում սրբավայր, քար իջեցնում այնտեղից ու գցում Շենաթաղի գետի մեջ, ինչից հետո ամենազոր բարձրյալն անձրեւ էր պարգեւում պապակ դաշտերին:

Եղիա մարգարեի մասին գիտեն գրեթե բոլոր գետաթաղցիները: Նա, ըստ ավանդույթի, բացառիկ հեղինակություն վայելող մարգարեներից էր, ում մասին տեղեկություններ ենք իմանում ոչ միայն «Հայսմավուրքից» (1706թ. տպագրություն), այլեւ հայերեն ձեռագրերից: Ավանդազրույցի համաձայն` Եղիա մարգարեն մ.թ.ա. 9-րդ դարում նշված լեռնագագաթից է կրոնաբարոյական քարոզ հղել Լորաձորի բնակիչներին, քանզի միայն այդ բարձունքից է, որ երեւում են Գետաթաղը, Լորը, Լեռնաշենը, Դարպասը, մասամբ` Լծենի մերձակայքը (դրանում համոզվեցինք, երբ բարձրացանք լեռնագագաթ): Եվ դրանից հետո այդ գագաթը պաշտամունքի վայր է դարձել, իսկ Քրիստոսի լույսը ճառագելուց հետո` սրբավայր` փոքրիկ մատուռով, որի ավերակը` խաչքարով, պահպանվում է մինչեւ օրս:

Եղիա մարգարեի հայտնությունից դարեր հետո այդ գագաթին ահա տեսնում ենք 7 մ բարձրությամբ մետաղյա խաչը: Այդ գագաթին 2013 թ. օգոստոսի 16-ին հաճելիորեն տեսնում ենք Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանին, ով անձամբ էր ստանձնել խաչի օծման աստվածահաճո առաքելությունը, ինչն էլ իրականացվեց առավել նախանձախնդրությամբ ու նվիրումով:

Նորաօծ խաչի շուրջ պար բռնեցին գետաթաղցիներն ու հյուրերը:

Տոնախմբությունը շարունակվեց գյուղամիջում: Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահի օրհնությամբ ու բարեմաղթանքներով տեղի ունեցավ մատաղի սրբազան արարողություն:
Տոնական օրվան երաժշտական կատարումներով յուրօրինակ ու հաճելի երանգ հաղորդեց Եղեգնաձորից ժամանած գեղարվեստական համույթը: Ուշագրավ էին հատկապես մեներգիչ Սոս Սարգսյանի կատարումները:

Այլեւս պատմություն դարձած օրվա բոլոր միջոցառումները, կարելի է ասել, անցան անթերի, ինչը պայմանավորված էր գյուղապետարանի, գյուղապետի սիսիանցի մտերիմների, Սյունյաց թեմի առաջնորդարանի եւ, իհարկե, տարածաշրջանում լավագույն կազմակերպչի վաստակած համբավ ունեցող Մհեր Եղիազարյան հասարակական- քաղաքական գործչի միասնական ու խելամիտ ջանքով:

Գյուղապետ Արթուր Դավթյանը, ով տոնակատարության գլխավոր պատասխանատուն էր, մեզ հետ զրույցում անդրադարձավ օրվա խորհրդին. «Գետաթաղը դարերի խորքից եկող հոգեւոր արմատներ ունի, այնպես որ այսօրվա տոնակատարությունը, Սուրբ Եղիա գագաթին սրբազան խաչի տեղադրումը պատահական երեւույթ չեն: Մենք դարեր շարունակ ազգովի նաեւ հոգեւորով ենք ապրել, եւ կարծում եմ, որ այս իրադարձությունն ինչ-որ չափով կխթանի գյուղի հոգեւոր արթնությանը: Շուտով էլեկտրական հոսանք կունենանք այնտեղ, եւ խաչը գիշերները լուսավորության մեջ կլինի: Բայց այս ձեռնարկումով գործնական այլ խնդիր ենք նաեւ լուծել: Գյուղից մինչեւ լեռնագագաթ ճանապարհ կառուցելով` հնարավորություն ենք ստեղծել, որ գյուղաբնակներն ավելի դյուրին ու արդյունավետ օգտագործեն տարածքի հանդամասերն ու արոտները, անտառային գեղատեսիլ վայրերն ու սառնորակ աղբյուրները: Տարիներ շարունակ մեր գյուղացիները (նաեւ դրսում բնակվող գետաթաղցիները) երազել են ավտոճանապարհ ունենալ մինչեւ Սուրբ Եղիա. այդ երազանքն է այսօր ի կատար ածվել»: Գյուղապետը պատասխանեց նաեւ մեր` համայնքների խոշորացման կառավարական հայեցակարգի նպատակահարմարությանն առնչվող հարցին. «Եթե համայնքների խոշորացմանը չեն հաջորդելու կոնկրետ գործեր գյուղապահպանության առումով, ապա խոշորացումը ոչ խոհեմ քայլ է: Ավելին` համայնքների խոշորացմամբ փոքր գյուղերը նոր եւ լրջագույն հարված կստանան, մի քանի ընտանիքով էլ կպակասի ամեն մի գյուղի բնակչություն, տեղական իշխանությունն ավելի կհեռանա գյուղացուց, մարդկանց կոնկրետ հոգսերն ավելի անտեսանելի կդառնան իշխանությունների կողմից: Կառավարությունը համայնքների խոշորացմամբ արմատական քայլեր պետք է ձեռնարկի լեռնային գյուղերը փրկելու համար, այլապես հետո անելանելի է լինելու, թեեւ հիմա էլ արդեն հեշտ չէ»:

Գետաթաղից վերադառնալիս հիշեցինք այդ գյուղի պատմական դեմքերից մեկին` նշանավոր ճանապարհորդ Փիրզատին, ով գյուղի Բաստամեցոց (Պաստամեցոց) ազգից էր, Զաքարեի թոռը եւ Միրզայի ու Հոռոմսիմի որդին, ով գիտական գրականության մեջ հիշատակվում է նաեւ Փիրզատ Ղափանցի հորջորջումով, ում ուղեգրությունը (16-րդ դարավերջ եւ 17-րդ դարասկիզբ)` Արշակ Մադոյանի ծանոթագրություններով, տպագրվել է «Սյունյաց երկրի» 2013 թ. մայիսի 24-ի համարում: Սյունյաց աշխարհի` մեզ հայտնի միակ ճանապարհորդի հիշատակը, կարծում ենք, երբեւէ պետք է հավերժացվի հայրենի Գետաթաղում, մանավանդ որ, ըստ որոշ պատմաբանների, նրա եւրոպական առեղծվածային շրջագայության իրական նպատակը հայրենիքի ազգային- ազատագրական խնդիրների հետ էր կապված:

Գետաթաղից ճանապարհվելուց առաջ էլ մեկնեցինք հարեւան Լոր եւ այցելեցինք Համո Սահյանի վերակառուցվող բնակարան: Բավականին աշխատանք է կատարվել այնտեղ, եւ օրերս ավարտին կհասցվի հիմնանորոգման ծրագիրը, բայց… Տպավորություն ունենք, որ մեծ քնարերգուի հայրական տունն այլեւս ոչինչ չի պահպանում Սահակ դայու կառուցածից, ու ավելի շատ ժամանակակից չափանիշներով շինված քաղաքային առանձնատուն է հիշեցնում:
Իսկ Լորաձորի գյուղերի բնակիչները, ում հետ շփվելու, զրուցելու առիթ ունեցանք տոնական Գետաթաղում, խոսքերը մեկ արած մի մտահոգություն էին հայտնում` ե՞րբ է ի վերջո նորոգվելու դեպի Ձորերի գյուղեր ձգվող ավտոճանապարհը, որ Շամբի խաչմերուկից սկսած շարունակում է մնալ քանդված ու դժվարանցանելի, որոշ տեղերում` համարյա անանցանելի: Եվ խոսքը մի ամբողջ ենթաշրջանի մասին է, լեռնային հինգ գյուղի մասին: Անօգնականության մեջ հայտնված գյուղացիներն այդ հարցով, թվում է, դարձյալ պետք է դիմեն ամենազոր Սուրբ Եղիային, թե չէ մեր իշխանավորները, զբաղված անձնական գործերով եւ իրականությանն անհաղորդ, այլեւս չեն տեսնում Սյունիքի բազմադարյա գյուղերի հոգեվարքն ու հառաչը…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25