Սամվել Ալեքսանյանին ճանաչում եմ 2000-ականների սկզբից․․․
2004-ին «Սյունյաց երկիրը» հատուկ համար էր նվիրում Համո Սահյանին․․․
Այդ ժամանակ նաև Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում մեծ քնարերգուի՝ իմ կերտած հուշարձանն էր տեղադրվում․․․
Մեր առաջին շփումներն այդ առիթով էին։ Հետո՝ 2006-ին, ծավալուն հարցազրույց «Սյունյաց երկրում», ավելի ուշ՝ ակտիվ համագործակցություն Համո Սահյանին նվիրված ևս երկու գեղեցիկ համարը, քանդակագործությանը, գեղանկարչությանը, մանրանկարչությանը նվիրված հատուկ թողարկումները պատրաստելիս։
Տարիների ընթացքում ես նրան ճանաչեցի, բացահայտեցի․․․
Ինձ համար շատ հարազատ մարդ է Սամվել Ալեքսանյանը։ Ինչո՞ւ։ Որովհետև հետևողականորեն ուսումնասիրում է Սյունյաց աշխարհի արվեստը․ մինչ այդ ոչ ոք նման պահանջված և պատասխանատու գործով չէր զբաղվել, և ուսումնասիրելով՝ իր մեկնաբանություններն է ներկայացնում ամեն մի ոլորտի վերաբերյալ։
Հիրավի, հանրությանը պետք է, որ լուսաբանվի, գնահատվի, մեկնաբանվի, թե ինչ է արել իր համերկրացի բանաստեղծը, քանդակագործը, նկարիչը․․․ Եվ պետք է մեկ նվիրյալ, որ այդ ամենը կարողանա կազմակերպել։
Սյունիքում այդ մեկը, այդ նվիրյալը Սամվել Ալեքսանյանն է, և նրա գործունեությունն անհրաժեշտ է ազգի զարգացմանը, արվեստի զարգացմանը։
Նրան ամեն կողմից օգնություն է պետք, որպեսզի կարողանա այդ առաքելությունը շարունակել և անխոչընդոտ կատարել, չէ՞ որ նրա արած–դրածը բոլորիս համար է, մեր հարստությունն է։
Սամվել Ալեքսանյանի խմբագրած պարբերականների, նրա հեղինակած հոդվածների միջոցով շատ–շատ նորություններ ենք իմանում։ Նրա միջոցով ենք ծանոթանում արվեստի բազմաթիվ ստեղծագործությունների, ճանաչում նրանց հեղինակներին, պատկերացում կազմում այդ ստեղծագործությունների գեղարվեստական արժեքի մասին։
Սյունիքի ամեն մի տարածքում եղել են նշանավոր հայորդիներ՝ Սուրբ Հովհան Որոտնեցի, Սուրբ Գրիգոր Տաթևացի, Ակսել Բակունց, Համո Սահյան, Սերո Խանզադյան, Նիկողայոս Ադոնց, Գուսան Աշոտ, Մորուս Հասրաթյան․․․
Սամվել Ալեքսանյանը կարողանում է նորովի բացահայտել նրանց՝ իրենց թողած մեծ ժառանգությամբ։
Սովորական մարդը կարող է շատ բան չիմանալ նրանց մասին, բայց ծանոթանալով «Սյունյաց երկիր» և «Սյունյաց երկիր․ մշակութային» պարբերականներին՝ իր համար նորություններ է գտնում։
Նույնը՝ քանդակագործների, նկարիչների մասով, որոնց (գրեթե բոլորին) ճանաչում էի, բայց չգիտեի, որ նրանք Սյունիքից են։ Եվ կրկնակի ծանոթություն ունեցա այդ արվեստագետների հետ։ Նաև հպարտություն ապրեցի, որ Սյունիքն այդքան քանդակագործներ, նկարիչներ, մանրանկարիչներ է տվել։
Ու այդ ամենը ներկայացնում է Սամվել Ալեքսանյանը։ Կարողանում է նաև արվեստի հանդեպ ունեցած իր սերը փոխանցել ընթերցողին։
Խոստովանենք՝ այսօր այդպիսի մարդիկ են պետք՝ արվեստը հասկացող, արվեստը բացահայտել կարողացող, ներկայացնել կարողացող, հասկացնել ու գնահատել կարողացող։
Հետաքրքիր մի հանգամանք էլ՝ Սամվել Ալեքսանյանը միայն սովորական ընթերցողին, սովորական մարդկանց չէ, որ օգնում է։ Նա օգնում է ուսանողին, մանկավարժին, դասախոսին, օգնում է արվեստագետին։ Արվեստագետը կարողանում է ինքն իրեն տեսնել, ինքն իր հետ առերեսվել, հավելյալ լիցքեր ստանալ ու նոր գործեր ստեղծել։
Ծանոթ եմ Կոմիտասին, Արամ Խաչատրյանին, Սյունիքի երաժշտական աշխարհին, բեմարվեստին, քրիստոնեական մեր սրբավայրերին նվիրված թերթային հրաշալի համարներին․․․ Հիմա այնքան անճաշակությամբ է լցված ամեն ինչ, որ մարդ երբեմն չգիտի՝ ինչ անել։ Մինչդեռ ցանկանում ենք պարզ, զուլալ բաների մասին խոսել, որոնցով, խոստովանենք, լեցուն են Սամվել Ալեքսանայնի խմբագրած պարբերականները։
Հնարավոր չէ առանց հուզմունքի և հպարտության ծանոթանալ «Սյունյաց երկրի» այն համար–հուշամատյանին, որով ներկայացվում են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված սյունեցի 228 քաջերը․․․
Մենք պիտի անընդհատ խոսենք մեր հերոս տղերքի մասին, երկիրը պահած և պահող զինվորականների մասին։ Չմոռանանք՝ նրանց շնորհիվ ենք ապրում։
Պատկերացնո՞ւմ եք՝ Նժդեհը չլիներ, Մոնթեն չլիներ, մյուս հերոսները չլինեին․ որքան աղքատ կլինեինք։
Եվ Սամվել Ալեքսանյանի խմբագրած թերթերով նորովի ենք հաղորդակցվում նրանց հետ ու նրանցից ոգի և ուժ առնում։
Կցանկանայի՝ Հայաստանի ամեն մի մարզում Սամվել Ալեքսանյանի նման մեկը լիներ․ արվեստի ոլորտը մեզանում ավելի հարուստ և ամբողջական կլիներ։
Գործ կատարող մարդ է, քիչ խոսող, բայց արարող և արարումի այդ ճանապարհին չհոգնող, չնահանջող։
Արվեստի ոլորտին առնչվող այդ գործերում․․․ եթե չգիտի՝ պարզում է, հարցնում, որոնում․ դա մարդկային գեղեցիկ հատկանիշ է։
Սամվել Ալեքսանյանին ցանկանում եմ առողջություն, նույն ռիթմով իր առաքելությունը, իր ճանապարհը շարունակելու կամք և վճռականություն։
Թող շարունակի բոլորիս ուրախացնել, բոլորիս կրթել․․․
Տեղյակ եմ՝ որքան դժվարությունների է բախվել ու բախվում, որքան փորձությունների միջով է անցել ու անցնում, ու երբեք այդ մասին չենք զրուցել, նա ոչ միայն հաղթահարել ու հաղթահարում է այդ ամենը, այլ մնացել և մնում է իր սկզբունքներին հավատարիմ, ստեղծագործական հունի մեջ։
Սամվել Ալեքսանյանին իմ ընկերն եմ համարում։
Շնորհավոր հոբելյանդ, հարգելի ընկեր ու բարեկամ։
Գետիկ Բաղդասարյան
Ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր