Գիրքը՝ մեր խոհերի վսեմ այրուձին․․․

23.06.2023 11:19
1121

Լույս է տեսել «Սյունյաց երկիրմշակութային» եռամսյա հանդեսի 10-րդ համարը (https://cutt.ly/AwtVkEtJ)։

Նվիրված է Սյունիքի մարզի գրադարաններին՝ նախագրային շրջանից մինչև մեր օրեր։

Համարը բացվում է Սամվել Ալեքսանյանի խմբագրականով՝ «Սյունիքը՝ գրչավայր ու գրքերի դարան. փառավոր անցյալ եւ մտահոգող ներկա», որը ներկայացնում ենք ստորև։

***

Կա՞  մեզանում (հայոց մեջ) տեղանուն, որ ունենա գիր կամ գիրք բաղադրիչ: Իսկ ահա Սյունիքում՝ Մովսես Խորենացու ենթադրյալ գերեզմանավայրից՝ Սռի եղցուց (Տեղ եւ Կորնիձոր գյուղերի միջակայքում) հարավ-արեւելք մի ձոր է ձգվում՝ քարաժայռերի միջով, զառիվար՝ Կիրաձոր կամ Գրաձոր (Գրքաձոր) անվամբ…

Որտե՞ղ կան այնքան իծագրեր կամ ժայռապատկերներ, որքան Սյունյաց աշխարհի Ուխտասարում՝ տասնյակ հեկտար տարածք զբաղեցնող, նախագրային ժամանակներում (հազարավոր տարիներ առաջ) մեր նախնիների մտածումներն ու պատկերացումներն արտահայտող:

Կա՞ Սյունիքում գեթ  մեկ բնակավայր, որտեղ չունենանք վիմական արձանագրությունների հարուստ դարան՝ հարյուրամյակների խորքից եկող: Իհարկե՝ ոչ:

Ուրիշ որտե՞ղ եք տեսել, որ ամուսնացող աղջկան որպես օժիտ գիրք տրվի՝ իբրեւ թանկագին հիշատակ ծնողներից, իսկ Մեղրիում՝ դեռեւս 19-րդ դարավերջին, հանդիպում ենք նման սովորույթների: Այն Մեղրիում, որի գրադարանում՝ 1880-ականներին գրքեր ու ձեռագիր մատյաններ էր ընթերցում հայոց մեծ վիպասան Րաֆֆին: Դա այն գրադարանն էր, որով հիացել էր 1908 թվականին Մեղրի այցելած Կոմիտասը՝ հայոց ձայնապետն ու ձայների արքան:

Ուրիշ որտե՞ղ ենք ունեցել այնպիսի հարուստ գրադարան-մատենադարան, որի մատյաններից միայն 10 հազարը կորցրինք 1170 թվականին՝ թուրք-սելջուկների հերթական ասպատակության ժամանակ:

Եվ քանի-քանի բնակավայր ունենք Սյունիքում, որի բնակիչները մինչեւ հիմա հիշում են ավանդազրույցներ (սերնդեսերունդ փոխանցված)՝ Մեսրոպ Մաշտոցին առնչվող, ով երկու անգամ այցելեց մեր լեռնաշխարհ:

Հաճելի զարմանքը մեզ չի լքում, երբ հիշում ենք՝ Շաղատի, Տաթեւի միջնադարյան անձավներում կատարվել են հին գրքերի թարգմանություններ, Սուրբ գրքի մեկնություններ, որոնք առայսօր անգերազանցելի են ու դիտարկվում են իբրեւ գիտական սխրանք:

Ահա այսպիսինն է Սյունիքը՝ հոգեւոր-մշակութային վեմի վրա ստեղծված-ձեւավորված, զինական ուժի փառքով հազար ագամ պսակված…

Ու երբ հանրապետության ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Տաթեւիկ Սուքիասյանն  առաջարկեց «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հերթական համարը նվիրել Սյունիքի գրադարաններին՝ մենք հաճույքով ընդառաջ գնացինք:

                                                                                  ***

Համարը սկսում ենք քրիստոնյա աշխարհի նշանավոր ավետարաններից մեկի՝ Սյունիքի Բղենո Նորավանքում ստեղծված Էջմիածնի ավետարանի կամ Փղոսկրյա ավետարանի (989թ.) մանրանկարներից մեկի պատկերով՝ Քրիստոսը գահին՝ Պետրոս եւ Պողոս առաքյալների մեջտեղում:

Այնուհետեւ հայոց այբուբենն է…

Հետո Աստվածաշնչի երկրորդ թարգմանությունն է եւ վերջնական օրինակը, որ կոչվում է «Թագուհի թարգմանությանց»:

Հետո Եղիշե Չարենցի անզուգական պոեմն է՝ «Տաղ՝ ձոնված գրքերին»:

Հետո հայկական գրատպության առաջնեկներն են՝ «Ուրբաթագիրքը», «Ազդարարը», «Համատարած աշխարհացույցը»:

Համարը եզրափակում ենք հրաշք-շքեղ Սռի եղցիով, որ Պատմահայր Մովսես Խորենացու ենթադրյալ գերեզմանավայրն է:

Ուխտասարի ժայռապատկերներն են (իծագրերը)՝ Սյունիքի նախագրային շրջանի փառահեղ հուշարձանախմբերից:

Եվ մշակութային տիրույթում գրադարանների բացառիկ դերը վերստին ընդգծելու համար ներկայացնում ենք համառոտ տեղեկություններ հայկական նշանավոր գրադարաններից ու աշխարհի հնագույն  գրադարաններից մի քանիսի մասին:

                                                                                  ***

Համարի առանցքում Սյունիքի գրադարաններն են՝ վերջին հարյուր տարվա համառոտ տարեգրությամբ ու ներկայով: Իսկ մարզի գրադարանների ներկա ընթացքի դիտարկումը, կարծում ենք, պետք է կատարվի այն գործընթացների համապատկերի վրա, որ տեղի է ունենում հանրապետությունում: Զարգացման ուղղությունները, բնականաբար, նույնպես պետք է համահունչ լինեն հանրապետության գրադարանային համակարգի արդիականացման, առաջընթացի չափանիշներին:

Ուստի եւ համարում զրույցներ ենք վարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանի, Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Հայկանուշ Ղազարյանի, Հայաստանի Խնկո Ապոր անվան ազգային գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի, ՀՀ ԳԱԱ  հիմնարար գիտական գրադարանի ղեկավար  Տիգրան Զարգարյանի հետ:

Համարի այդ բաժինը, առանց չափազանցության, յուրօրինակ դասընթաց է այն մասին, թե ներկայումս ինչ աշխատանքներ են իրականացնում մեր գլխավոր գրադարանները, թե որն է գրադարանների արդիականացման ու զարգացման ուղին:

                                                                                        ***

Սյունիքն իր պատմության ամենավճռորոշ հանգրվաններից մեկում է…

Նախնիների փառապանծ ավանդույթները շարունակելը, հայրենատիրությունը, ազգային արժեքներին տեր կանգնելը, արժանավոր հաջորդներ կրթելն ու դաստիարակելը մեր սերնդի գլխավոր առաքելությունն է: Ըստ էության այդ առաքելությունը ծառացած է նաեւ գրադարանների առջեւ: Իսկ առաքելության իրականացման գլխավոր զենքը՝  հավասարը չունեցող միջոցը,  գիրքն է, գիրն ընդհանրապես…

Դրա ապացույցը նաեւ մեր լեռնաշխարհի հոգեւոր-մշակութային անցյալն է, որի մի քանի դրվագ ներկայացնում ենք համարում՝ համոզված լինելով, որ լուսավոր այդ օրինակները ոչ միայն հպարտություն են բերում, այլ համոզում նորից՝ մեր ազգային ողջամիտ ընթացքը, մեր վաղվա օրը հնարավոր չէ պատկերացնել առանց գրքի, առանց նորացված գրադարանների:

Տաթեւի մատենադարան՝ ստեղծված 10-րդ դարում՝ Տաթեւի վանքին կից: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ այնտեղ ամբարված էին շատ կտակարաններ՝ թվով ավելի քան տասը հազար: Դրանք բոլորն էլ (1170թ.) գերի տարվեցին եւ ցիր ու ցան եղան երկրի երեսին: Հետագայում մատենադարանը նորից հարստացավ, հատկապես ճոխացավ համալսարանական շրջանում: Ցավոք, 1435-ին մատենադարանը նորից կողոպտվեց օտար նվաճողների կողմից: Բայց եւ գոյատեւեց մինչեւ 1911-12  թթ., այնուհետեւ 140 ձեռագիր մատյան փոխադրվեց Էջմիածին, որոնք ներկայումս պահվում են Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում:

Մեկ ուրիշ դրվագ մեր պատմությունից. ըստ Ստեփանոս Օրբելյանի (Սյունիքի պատմություն, Երեւան 1986թ., էջ 80)՝ հայոց մեջ նախաթոռ վարդապետությունը եւ (գրքերի) մեկնության ու թարգմանության իրավունքը միայն Սյունյաց եպիսկոպոսությանը վերապահվեց սուրբ Սահակի ու երանելի վարդապետ Մեսրոպի կողմից:

Եվ ունեցանք թարգմանիչներ, ովքեր առայսօր հպարտություն են բերում հայ ժողովրդին. նկատի ունենք հատկապես Ստեփանոս Սյունեցի 2-րդի թարգմանությունները (688-735 թթ.): Սյունյաց տան պատմիչն այսպես է նրան ներկայացնում՝ «Ստեփանոսը սյունն էր երկնքի եւ խարիսխը՝ հավատքի, սուրբ եկեղեցու անխախտելի վեմն ու անվախ պաշտպանը, մարդն էր երկնային եւ հրեշտակը՝ երկրային, հավիտյան մեռածը եւ միշտ կենդանին, հրեշտակներին հիացնողը եւ քերովբեներին զարմացնողը…» (Սյունիքի պատմություն, Երեւան 1986 թ., էջ 148):

Գրքերի մեկնության ոլորտում նույնպես գագաթներ ունեցանք, որոնք առայսօր անգերազանցելի են՝ Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթեւացի…

Եվս մեկ դրվագ մեր պատմությունից. սուրբ վարդապետ Մեսրոպը երկու անգամ այցելեց Սյունիք, առաջին անգամ՝ մեր աշխարհը կրկին լուսավորելու առաքելությամբ (այդ այցի մասին ավանդազրույցներ են հյուսվել, որոնցից մեկը՝ «Հանճարի հայտնությունը» վերնագրով, պատմում է երջանկահիշատակ Վանիկ Սանթրյանը):

Իսկ հետո, երբ վերին պարգեւումով՝ սուրբ Սահակի եւ սուրբ Մեսրոպի ձեռքով սկզբնավորվեց հայ դպրությունը, Սյունյաց աշխարհում նա դպրոցներ հիմնեց…

                                                                                           ***

Համարում անդրադառնում ենք նաեւ հայ տպագրության զարգացման ընթացքին՝ 20-րդ դարի առաջին տասնամյակում: Այդ ոլորտում գնահատելի էր Գորիսի «Սասուն» տպարանի գործունեությունը, որի հիմնադրման տարեթվի առնչությամբ տարակարծություններ կան (1903  կամ  1909 թվական), որը գործել է մինչեւ 1921 կամ 1922 թվականը:

Բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանի եւ պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանի հոդվածները լույս են սփռում այդ թեմայի վրա:

                                                                                           ***

Համարի նախապատրաստության ընթացքում վերստին հայտնի դարձավ, որ Սյունիքում՝ հարյուրավոր ընտանիքների համար անձնական (մասնավոր կամ ընտանեկան) գրադարանները շարունակում են մնալ  իբրեւ ամենաթանկ գանձը ընտանիքում:

Նման գրադարանի մի քանի օրինակ ենք ներկայացնում՝ Գրիշա Հարությունյանի եւ Սուրեն Վարդանյանի գրադարանները՝ Գորիսից, Սեդա Բաբայանի գրադարանը՝ Սիսիանից, Ռիտա Դավթյանի գրադարանը՝ Կապանից, Մելինե Գեւորգյանի, Վարդուհի Խաչատրյանի, Աննա Մարությանի,  Հասմիկ Մարգարյանի գրադարանները՝ Մեղրիից:

Գրադարանների, գրքի աշխարհի մասին խոսելիս անհնար է չնկատել այն իրողությունը, որ Սյունիքում՝ հետխորհրդային շրջանում, ծնվել են գրախանութներ՝ նորացված, ճաշակով ձեւավորված, սպասարկման բարձր կուլտուրայով, առաջարկվող գրքերի բազմազանությամբ:

Ներկայացնում ենք Գորիսի Արցախյան խճուղու վրա գտնվող գրախանութը, Կապանի «Սյուն» եւ «Դար 21» գրախանութները, Սիսիանի՝ Սամվել Ավետիսյանի գրախանութը:

 ***

Որոշակի անդրադարձ ենք կատարում (ինչպես նշեցինք) մարզի գրադարանների պատմությանը:

«Էջեր Սյունիքի գրադարանների տարեգրությունից» խորագրի ներքո Զոյա Գալստյանը ներկայացնում է Գորիսի գրադարանների պատմությունը, Գայանե Վարդանյանը՝ Սիսիանի գրադարանների պատմությունը, Էմմա Ավետիսյանը՝ Մեղրու գրադարանների պատմությունը, Գոհար Պետրոսյանը՝ Քաջարանի գրադարանների պատմությունը:

                                                                            ***

Համարի առանցքը, ինչպես նշեցինք, Սյունիքի գրադարանների ներկա վիճակն է:

Մարզի գրադարանային համակարգը, կարելի է ասել, մեկ ոտքով զարգացման ու արդիականացման ճանապարհին է, մյուս ոտքով՝ տասնամյակներ առաջ կազմավորված ձեւի ու բովանդակության մեջ, որը չի համապատասխանում ժամանակի պահանջներին ու մարտահրավերներին:

Մարզի որոշ գրադարաններում, իրոք, զարգացման-արդիականացման լուրջ միտումներ ենք տեսնում: Նկատի ունենք Սյունիքի մարզային գրադարանը, Կապանի էլեկտրոնային գրադարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանի աջակցությամբ   Գորիսում ս.թ. մայիսի 2-ին բացված էլեկտրոնային գրադարանը:

Այդ շարքում հատկապես գնահատելի եւ ընդօրինակման արժանի է Կապանի էլեկտրոնային գրադարանը, որտեղ Koha  ծրագրի օգնությամբ կարողանում են օգտվել Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակից: Ունեն սեփական հավաքածուի էլեկտրոնային գրացուցակը: Ընթերցողների երբեմնի ֆորմուլյարները նույնպես փոխարինվել են էլեկտրոնայինով: Կարողանում են օգտվել Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանից:

Վերափոխման, արդիականացման ճիգեր են գործադրում Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան քաղաքների կենտրոնական գրադարանները:

Նոր երեւույթ է Կապանի համայնքապետարանի նախաձեռնությունը՝ գյուղական բնակավայրերում եւ քաղաքի թաղամասերում ակումբ-գրադարանային միասնական կառույց ստեղծելու ուղղությամբ, որի անդրանիկ օրինակը Ձորք թաղամասում ստեղվածն է:

Գրադարանային միջավայրի դրական փոփոխություններ տեսանք Սյունիքի մարզային գրադարանի մանկական բաժնում, մյուս մանկական գրադարաններում:

Միեւնույն ժամանակ՝ ներկայացվող վիճակագրությունը, մեր կատարած ուսումնասիրությունները վկայում են քաղաքների թաղամասային եւ գյուղական գրադարանների գրեթե բոլոր ցուցանիշների ակնհայտ նվազման մասին:

Ստեղծված վիճակը եւ առաջնահերթ անելիքները 2023-ի մայիսի 17-ին քննարկվեցին Սյունիքի մարզային գրադարանում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ (այդ մասին ամբողջական տեղեկատվությունը՝ համարում):

Փաստորեն ուշադրությունից դուրս են մնացել գյուղական գրադարանները, որոշ բնակավայրերում դրանք նույնիսկ վերացվել են: Բազմաթիվ գրադարանների հավաքածուներ տարիներ շարունակ չեն համալրվում:

Էականորեն նվազել է գիրք-ընթերցող կապը, իսկ գրադարաններից օգտվողների գերակշիռ մասը դպրոցականներ են կամ ուսանողներ:

Ժամանակին համահունչ քայլելու խնդիր ունեն մարզի կրթական հաստատությունների գրադարանները (բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, հանրակրթական դպրոցներ): Կրթության ոլորտի գրադարանների վերաբերյալ անգամ պետական վիճակագրություն չի տարվում:

Հատուկենտ գրադարաններում կարելի է տեսնել ընթացիկ պարբերական մամուլի նմուշներ:

Գրադարանների մեծ մասը (եւ ոչ միայն գյուղերում) դարձել են գրքի յուրօրինակ պահեստ՝ ոչ մեկին չհետաքրքրող, խոնավության մեջ նիրհող:

Չենք ուզում եզրակացնել, թե ստեղծված վիճակը գրադարանային աշխատողների անպատասխանատվության կամ անբավարար գործելակերպի հետեւանք է: Ընդհակառակը՝ հանդիպեցինք բազմաթիվ գրադարանավարների, ովքեր ոլորտի իսկական նվիրյալներ են, բայց չգիտեն՝ ինչ անել, եւ չեն պատկերացնում գրադարանի մերօրյա խնդիրները, աշխատանքի արդիական  ձեւերը: Դա նշանակում է՝ մոռացության ենք մատնել նաեւ գրադարանների հետ տարվող աշխատանքը:

Մեր կարծիքով՝ համայնքային եւ հատկապես գյուղական գրադարաններում նման անմխիթար վիճակ չէր լինի, եթե 1996 թվականից հետո գրադարանները չհանձնվեին համայնքային իշխանությունների տնօրինությանը, եթե հանրապետության ամբողջ գրադարանային համակարգում մեկ միասնական քաղաքականություն եւ միասնական կառավարում իրականացվեր:

Ըստ էության մենք այնպիսի հանգրվանում ենք, որ պետք է պետական մակարդակով պատասխանենք օրախնդիր մի քանի հարցի:

Արդյո՞ք գյուղական բնակավայրերում գրադարան պիտի ունենանք, թե՞ ոչ:

Արդյո՞ք համայնքային գրադարանների կառավարման, գրքերի հավաքածուների համալրման ներկայիս կերպը պիտի հանդուրժենք այսուհետ:

Արդյո՞ք նախկին շրջկենտրոնների հանրային գրադարանների արդիականացման, տեխնիկական վերազինման գործերը պետք է մնան ինքնահոսի:

Արդյո՞ք  ժամանակը չէ, որ հստակեցնենք կրթական հաստատությունների  գրադարանների հանդեպ պետական քաղաքականության սկզբունքները:

Զորամասերի մշտական տեղաբաշխման վայրերում պիտի՞ ունենանք գրադարաններ, թե՞ ոչ:

Արդյո՞ք ժամանակը չէ, որ գրադարանավարների հետ տարվող աշխատանքի, նրանց ցուցաբերվող մեթոդական աջակցության հստակ եւ հետեւողական գործելակերպ որդեգրենք:

Եվ նման բազմաթիվ հարցեր…

Ուզում ենք հուսալ՝  հանդեսի սույն համարը՝ գրադարաններին նվիրված, նաեւ բարձրացված հարցերը, առիթ կհանդիսանան, որ պատկան մարմինները դեմքով շրջվեն դեպի գրադարանները՝ մեր մշակութային կյանքի ամենակարեւոր կենտրոններից մեկը:

Իհարկե, մեզ կարող են հակադարձել՝ մի՞թե խելամիտ է մշակույթի այդ ոլորտի արմատական բարեփոխման խնդրի բարձրացումն  այսօր, երբ երկրի առջեւ ծառացած են ռազմավարական բնույթի եւ ժամ առաջ լուծում պահանջող հարցեր:

Առաջին հայացքից տրամաբանական հակադարձումին մեր հակափաստարկն  ունենք. այո, երկրի առջեւ լրջագույն հարցեր են ծառացած հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, բայց դրանց լուծման բանալիներից մեկը, աներկբա, գիտության, կրթության եւ մշակույթի տիրույթում  է, որի հիմքերի հիմքը գիրքն է, ուրեմն եւ՝ գրադարանը…

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25