Գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի փառահեղ հոբելյանին.  Սյունիքից պետք է սկսվի Արցախի փրկությունը

29.04.2021 12:27
5094

…Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի. առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող:

Նժդեհյան այդ բանաձեւը կարգախոս դարձրած՝ ապրիլի 26-ին Գորիսում տեղի ունեցավ «Լեռնահայաստան-100» գիտաժողովը:

Այն նվիրված էր 1921 թ. ապրիլի 26-ին՝ Տաթեւի համազանգեզուրյան 2-րդ համագումարում Լեռնահայաստանի անկախության հռչակման 100-ամյակին:

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն ու Հայաստանի ազգային արխիվը:

Գիտաժողովի մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին Գարեգին Նժդեհի տուֆակերտ հուշարձանին (Գորիս, Ավանգարդ թաղամաս, 1991 թ., ճարտարապետներ՝ Ռուբիկ Գրիգորյան եւ Սարգիս Նազարեթյան, նախաձեռնության հեղինակ՝ Համլետ Մկրտչյան):

Հուշարձանի մոտ ելույթ ունեցավ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Գիտաժողովը տեղի ունեցավ «Գորիս» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում:

Մինչ այդ հյուրանոցի նախասրահում տեղի ունեցավ «Լեռնահայաստան-100» ցուցահանդեսի բացման արարողություն, որը կազմակերպել էր Հայաստանի ազգային արխիվը:

Ցուցահանդեսը բացվեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Արշակյանի խոսքով, ով մասնավորապես ասաց՝ «Ցուցահանդեսի նպատակն է մեկ անգամ եւս արժեւորել ու հանրայնացնել 1918-21 թթ. զանգեզուրյան իրադարձությունները՝ արխիվային փաստաթղթերի, լուսանկարների եւ քարտեզների միջոցով: Խնդիր ունենք հանգամանորեն լուսաբանել հերոսական իրադարձությունների կարեւորագույն դրվագները, մասնավորապես Զորավար Անդրանիկի, Արսեն Շահմազյանի, Գարեգին Նժդեհի գործունեությունը Սյունիքի ինքնապաշտպանության կազմակերպման գործում:

Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 50 ցուցանմուշ՝ ավելի քան 20 վահանակի վրա: Դրանք թողնվելու են Հայաստանի ազգային արխիվի Գորիսի մասնաճյուղում՝ հնարավորության դեպքում ցուցադրելու մարզի կրթամշակութային հիմնարկներում»:

Գիտաժողովի բացումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո, ապա հնչեց Ինքնավար Սյունիքի քայլերգը (հեղինակ՝ Տիգրան Սազանդարյան)՝

Մեր սարերը անառիկ ու հպարտ,

Մեր որդիք կորովի ու անպարտ,

Խոր ձորերը Սյունիքի ահավոր՝

Շիրիմ են թշնամու դարավոր:

 

Թշնամին հազարով միշտ մեր դեմ,

Կուրծք-կրծքի մենք կանգնած նրա դեմ:

Չենք դողում, չենք սարսում մենք մահից,

Մեր մահը թեթեւ թիթեռի թեւից:

 

Ինքնավար Սյունիքին ցանկանք

Միշտ լինել թշնամու սպառնանք.

Շատ ապրի մեզ համար այսուհետ,

Քաջ հերոս Նժդեհ Սպարապետ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

-Հայոց պետականության պատմության ընդհանուր շղթայի մեջ կարեւոր է Սյունիքի եւ մասնավորապես Լեռնահայաստանի դերը,- այդպիսի ձեւակերպումով գիտաժողովի նպատակը ներկայացրեց Աշոտ Մելքոնյանը:

Անդրադառնալով Լեռնահայաստանի դերին՝ բանախոսը հավելեց՝ «Երբ Երեւանում ընկել էր 1-ին հանրապետությունը, Սյունիքի մեր հայրենակիցները, Գարեգին Նժդեհի գլխավորությամբ, խորապես գիտակցելով երկրամասի վրա կախված վտանգը, նախընտրեցին անկախ պետության հռչակումը եւ սեփական ուժերին ապավինելը»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, ով խոսքի ավարտին, դահլիճում ներկա գտնվողների հետ, հնչեցրեց Տերունական աղոթքը:

Նժդեհյան Ցեղակրոն կուսակցության մի խումբ անդամներ, որ ներկա էին գիտաժողովին, բարձրաձայնեցին իրենց անհամաձայնությունը՝ Գարեգին Նժդեհի գլխավորած Լեռնահայաստանին նվիրված գիտաժողովում Տերունական աղոթքի հնչեցման առիթով եւ հեռացան դահլիճից:

«Ցեղակրոնների» այդ ռեպլիկը պատճառ դարձավ, որ գիտաժողովի բանախոսներից մի քանի հոգի ոչ կոռեկտ ու ոչ հիմնավոր համարեն ցեղակրոնության այդկերպ մեկնաբանման փորձը: Մասնավորապես նշվեց, որ Գարեգին Նժդեհը՝ լինելով ցեղակրոնության հիմնադիրը, խորը հավատ ուներ քրիստոնեական արժեքների հանդեպ: Միայն այն փաստը, որ Զանգեզուրյան երկու համագումարն անցկացվեցին Տաթեւի վանական համալիրում, վկայում է այդ մասին: Ուրեմն եւ՝ Նժդեհին մեղադրել հակաքրիստոնեության մեջ՝ առնվազն անգիտություն է: Ի վերջո ցեղակրոնությունը հիմնված է նաեւ քրիստոնեական արժեքների վրա:

Գիտաժողովի օրը՝ ապրիլի 26-ին, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Լեռնահայաստանի անկախության հռչակման 100-ամյակի առիթով, ուղերձ էր հղել Սյունիքի բնակչությանը եւ գիտաժողովի մասնակիցներին։

Այն ընթերցեց Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը։

Ուղերձում մասնավորապես նշված է՝ «Լեռնահայաստանի 100-ամյակը նշում ենք Սյունիքի համար ճակատագրական մի նոր ժամանակաշրջանում:

Ներկայումս նույնպես, ինչպես մեկ դար առաջ, թուրք-ազերիները չեն թաքցնում իրենց ձգտումները սրբազան մեր երկրամասի՝ Սյունիքի հանդեպ:

Եվ հիշարժան այս օրը բոլոր սյունեցիների անունից հայտարարում եմ՝ Սյունիքն անդամահատելու, Սյունիքն իր պատմական դերից ու առաքելությունից զրկելու, նաեւ խոցելի դարձնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Սյունիքը հայոց ուժեղ եւ ժամանակակից ազգային բանակ ունենալու ջատագովն է, առանց որի չի կարող լինել ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ պաշտպանվածություն:

Հատկապես մեր ընթացքի այս փուլում՝ ամենատարբեր պատրվակներով Սյունիքի հանրությունը պառակտելու բոլոր փորձերը մերժելի են եւ չպետք է տեղ գտնեն մեզանում:

Սյունիքը սովորական տարածք չէ, այլեւ հայոց պետության ողնաշարն է, ինչը պարտավոր ենք պահպանել ու պաշտպանել աչքի լույսի պես»։

Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել նաեւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը․ ուղերձն ընթերցեց ՀՀ ԳԱԱ ՊԻ աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Հովհաննիսյանը։

Արամ Սիմոնյանի խոսքում ուշագրավ բազում դրվագներ կային, որոնցից մեկը՝ ահավասիկ․ «Դառը և կորուստներով լցված օրերն է ապրում մեր ժողովուրդը: Սակայն համոզված ենք, որ հայոց ազգը վերհառնելու է, ինչպես փյունիկ: Չարաբաստիկ պարտությունն ու նվաստացումը չպետք է թևաթափ անեն մեզ: Թշնամին արթուն է՝ լցված մեզ ոչնչացնելու հանցագործ մոլուցքով: Զգոն լինենք: Պայքարը հանուն ազատության և անկախ ապրելու իրավունքի շարունակվում է:

Անհաջողությունները դատավճիռ չեն, դատավճիռ է դրանցից վախենալը: Անհաջողությունները միայն հնարավորություն են ընձեռնում սկսել նորից և պայքարել խելոք ու շրջահայաց:

Աստված մեզ երբեք չի տալիս այնպիսի փորձություններ, որոնց մենք ի վիճակի չենք դիմանալ ու դրանք հաղթահարել: Ինչպես ասված է Աստվածաշնչում՝ «Անապատն ու չոր երկիրը կուրախանան, և կցնծա ամային ու կծաղկի շուշանի պես… Ուժովացրեք թուլացած ձեռքերը, և դողդոջուն ծունկերը զորացրեք: Ասեցեք թուլասիրտներին, ուժովացեք, մի վախենա՛ք, ահա ձեր Աստվածը գալիս է վրեժ առնելու (Եսայի մարգարե, գլուխ 35: 1, 3, 4)»»:

Գիտաժողովի աշխատանքների բացմանը մասնակցում էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Բացման արարողությունից հետո գիտաժողովը մտավ բուն ընթացքի մեջ։

Առաջին նիստը նախագահում էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։

Առաջին նիստում զեկուցումներով հանդես եկան՝ Աշոտ Մելքոնյանը (Սյունիքը Հայոց պետականության հոլովույթում), ՀՀ ԳԱԱ ՊԻ աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը (Ռազմադիվանագիտական պայքարը Զանգեզուրի համար 1920-21թթ․), «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը (Ինքնավար Սյունիքի եւ Լեռնահայաստանի իրավաքաղաքական կարգավիճակը), Արցախի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը (Գարեգին Նժդեհը եւ արցախահայ պետականության պահպանման հարցը), ՀՀ ԳԱԱ ՊԻ աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը (Սյունյաց քաջը՝ Պողոս Տեր-Դավթյան), ՀՀ ԳԱԱ ՊԻ աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարությանը (Գարեգին Նժդեհի դերը Մեծ Ղարաքիլիսայի ճակատամարտում 1918 թ․ մայիսի 24-28)։

Գիտաժողովի երկրորդ նիստը նախագահում էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը։

Զեկուցումով հանդես եկան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը (Գարեգի Նժդեհի գործունեությունը Սփյուռքում 1920-30-ական թթ․),  ՀՀ ԳԱԱ ՊԻ աշխատակից, պ գ թ, դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը (Զանգեզուրը ԱՄՆ պետդեպարտամենտի փաստաթղթերում 1919-20 թթ),  պգթ, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը (Գարեգին Նժդեհի զանգեզուրյան գործունեությանը վերաբերող մեկ փաստաթղթի շուրջ), Արշալույս Զուրաբյանը (Զանգեզուրը 1920 թ հունիս-օգոստոսին տարածաշրջանային գործընթացներում), ՀՀ ԳԱԱ ՊԻ, պգթ, դոցենտ Համո Սուքիասյանը (ՀՍԽՀ Զանգեզուրի գավառի կազմակերպման պատմությունից 1921 թ), պ գ դ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը (Իրադրությունը Սյունիքում 1921-24 թթ․ ըստ ընդհատակյա գործչի զեկույցների)։

Նիստերը նախագահողների եզրափակիչ հաղորդումներից հետո (քննարկումների արդյունքների մասին) ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին, որից հետո գիտաժողովի աշխատանքներն ամփոփեց գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի եւ Հայաստանի ազգային արխիվի ներկայացուցիչները գիտաժողովի ավարտից հետո, Գրիշա Հարությունյանի եւ Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ, ուխտագնացություն կատարեցին Հին Խնձորեսկ՝ 18-րդ դարասկզբի ազգային ազատագրական պատերազմի նահատակների պանթեոն, որտեղ հանգչում են Մխիթար Սպարապետը, Մելիք Բարխուդարը, Անապատի եկեղեցու հիմնադիր Տեր Բարսեղը։

Մինչ այդ նրանք մոմավառություն կատարեցին Խնձորեսկի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում (1663թ․), եղան Ինը մանուկ հուշաղբյուրում։

Օրն ավարտվեց Հին Խնձորեսկում Սենիկ Ջուլհակյանի կազմակերպած երեկույթով։

***

Ապրիլի 27-ին գիտաժողովի մասնակիցները մեկնեցին Տաթեւի վանական համալիր, որտեղ էլ, Սյունիքի մարզպետի մասնակցությամբ, տեղի ունեցավ «Լեռնահայաստան-100» ոգեկոչման արարողությունը։

Տաթեւի մայր վանքի Սուրբ Պողոս-Պետրոս կաթողիկե եկեղեցում, որ կառուցել  է Արքայաշնորհ ու արժանապատիվ Տեր-Հովհաննեսը, տեղի ունեցավ Լեռնահայաստանի 100-ամյակին նվիրված Հանրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Տաթեւի վանքի վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի։ Նշվեց, որ 100-ամյա իրադարձությունը պատմություն չէ սոսկ, այլ մերօրյա իրադարձություն։

-Եվ մենք՝ ոգեկոչելով հոբելյանը, փափագում ենք վերակենդանացնել Գարեգին Նժդեհի ոգին, ուզում ենք փորձությունների մեջ հայտնված Սյունիքում տեսնել նոր Նժդեհներ,- ասաց վանահայրը։

Հանրապետական մաղթանքից հետո՝ Տաթեւի հռչակավոր Սյուն գավազանի (որ նաեւ կոչվում է Գավազան զորության ու արդարության) շուքի ներքո գիտաժողովի մասնակիցները յուրօրինակ ամփոփում կատարեցին հոբելյանական միջոցառման՝ կարեւորելով պատմական այդ փառապանծ իրադարձության խորհուրդը, ընդգծելով հայոց պետականության շղթայի մեջ Սյունիքի եւ հատկապես Լեռնահայաստանի դերը։ Առանձնահատուկ շեշտվեց նժդեհյան այն միտքը, որ թուրքի հետ որեւէ հաշտեցում կործանարար կլինի Լեռնահայաստանի եւ ընդհանրապես Հայաստանի համար, որ Սյունիքից պետք է սկսվի Արցախի այն տարածքների ազատագրումը, որ օկուպացված են թուրք-ազերիների կողմից։

Գիտաժողովի մասնակիցներից բացի ելույթ ունեցան նաեւ Միքայել վարդապետ Գեւորգյանը, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, Շինուհայրի միջն․ դպրոցի պատմության ուսուցիչ Ռաֆիկ Հակոբյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Ոգեկոչումն ավարտվեց մատաղի արարողությամբ․ նախաձեռնությունը Մելիքսեթ Պողոսյանինն էր։

Սիրո, համերաշխության եւ միասնության ճաշի շուրջ նաեւ բարեմաղթանքներ հնչեցին ուղղված Սյունիքին ու բոլոր սյունեցիներին»:

Ապրիլի 27-ը, ինչպես պարզվեց, հոբելյանական էր գիտաժողովի մասնակից, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, Էդիկ Մինասյանի համար․ լրանում էր նրա 65-ամյակը, որի առիթով ներկաները բարեմաղթանքներ հղեցին։

Անշուշտ, գնահատելի էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի եւ Հայաստանի ազգային արխիվի նախաձեռնած գիտաժողովը:

Ուսանելի այդ միջոցառումը՝ ե՛ւ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ, ե՛ւ կոնֆերանս-դահլիճում, ե՛ւ հատկապես Տաթեւի վանքում, ավելի շատ մասնակիցներով պետք է որ նշանավորվեր։

Եվ, իհարկե, Գարեգին Նժդեհի սյունիքանպաստ մտքերը մեր օրերում, այնուամենայնիվ, գործնական դրսեւորումներ պետք է ունենան։ Սյունիքը հիմա  կոնկրետ գործերի կարիք ունի։ Առանց գործնական քայլերի ե՛ւ Նժդեհի պատվիրանները, ե՛ւ Լեռնահայաստանի դասերը կմնան իբրեւ գեղեցիկ հուշ․․․

Ուստի եւ՝ հանրապետության իշխանությունները, որ պետք է ամենաբարձր մակարդակով նշեին Լեռնահայաստանի 100-ամյակը, պարտավոր են գոնե ծանոթանալ գորիսյան գիտաժողովում հնչած ողջախոհ մտքերին, որոնցում, անտարակույս, կարելի է գտնել Սյունիքը ներկայիս փորձություններից դուրս բերելու, Սյունիքն անդամահատելու թուրք-ադրբեջանական ցնորական ծրագիրը վիժեցնելու բանալին։

Սամվել Ալեքսանյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25