Գորայքի նորահայտ դամբանադաշտը կարող է լույս սփռել համաշխարհային նշանակության վարկածի վրա, որ Հայաստանը հնդեվրոպացիների բնօրրանն է եղել

13.10.2020 12:02
22571

Սեպտեմբերի 26-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Գորայքի նորահայտ դամբանադաշտում է:
Մոտ 15 հա տարածք զբաղեցնող հնավայրում, ահա երկրորդ տարին է, պեղումներ է կատարում ԿԳՍՄ նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ նույն կենտրոնի հնագիտական բաժնի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Սիմոնյանի գլխավորությամբ:
Արշավախումբը բաղկացած է 5-7 հոգուց՝ հնագետներ, ճարտարապետներ, երկրաբաններ:
Պեղումներին մասնակցում են նաեւ Գորայք, Անգեղակոթ, Շաղատ, Սիսիան բնակավայրերի ներկայացուցիչներ:
Դամբանադաշտի տարածքը գոտիավորվել է: Պատրաստվել է պահպանման գոտու նախագիծը, ինչը նշանակում է, որ հուշարձանը պետական պաշտպանության ներքո է:
Հնավայրը գտնվում է Գորայքի եւ Ամուլսարի հարակից տարածքում՝ Որոտան գետի ձախափնյա հրվանդանում, գյուղից 7 կմ հյուսիս՝ Վերին զույգ աղբյուր կոչվող վայրում:
Հնագիտական ներկա աշխատանքներին նախորդել են տարածքի բազմակողմանի եւ հսկայածավալ հետազոտությունները:
Դեռեւս 2011-ից հետազոտվել է Գորայքի ու Ամուլսարի հարակից տարածքը եւ հայտնաբերվել 480 հուշարձան, այդ թվում՝ Գորայքի հնավայրը,  որի մեջ մտնում է 10 հնավայր: Դրանք թվագրվում են պալեոլիթից (հին քարի դարից) մինչեւ միջնադար:
Դրանցից ամենավառը Մեծ դամբանաբլուրն է, որը, կարելի է ասել, Հայաստանի ամենամեծ դամբարաններից է, եթե ոչ ամենամեծը. բարձրությունը՝ 3.30 մ, տրամագիծը՝ 40 մ:
Ըստ Հակոբ Սիմոնյանի՝ այդ դամբանադաշտը պաշտամունքային կենտրոն է եղել, այսպես կոչված սրբազան լանդշաֆտի առանցքային տարածք:
Ներկայացնելով հնագիտական աշխատանքների ընթացքը` Հակոբ Սիմոնյանը նշեց, որ այս դամբանատարածքը միակն է ամբողջ Հարավային Կովկասում, որ երեսպատված է եղել բազալտի սալիկներով, ինչն ակնհայտ դարձավ պեղումների ժամանակ:
Դամբանադաշտի ամբողջ մակերեսը՝ մոտ 30 սմ հաստությամբ, ծածկված է եղել վանակատի կամ օբսիդիանի բեկորներով, որոնց քանակն այսօրվա տվյալներով 12 հազար հատ է:
Զարմանք է պատճառում գործիքների եւ զենքերի առատությունը, որոնք ամենայն հավանականությամբ պատրաստվել են տեղում, ինչն արտադրական ամբողջական ցիկլի մասին է վկայում:
Վանակատի ամբողջ հումքը գետաքարեր են, որոնցից բեկոտել են շեղբեր, ցլեպներ:
Մեծ թիվ են կազմում նաեւ թեփուկները, որոնք առաջացել են գործիքներ պատրաստելու ժամանակ:
Առայժմ հայտնաբերված գտածոներից 300-ը գործիքներ եւ զենքեր են (կտրիչներ, քերիչներ, դանակային շեղբեր, նետասլաքների եւ տեգերի ծայրակալներ):
- Դատելով զենքերի տիպերից եւ «զոհաբերված» կավանոթների բեկորներից, դամբարանը նախնականորեն թվագրվում է վաղ բրոնզի դարով (3500-2500 թթ. մ.թ.ա.),- պարզաբանում է Հակոբ Սիմոնյանը: - Առկա գտածոները խոսում են այն մասին, որ տվյալ դամբարանը եղել է պաշտվող նախնու դամբարան: Եվ դամբարանի վրա պատրաստված գործիքներին ու զենքերին վերագրվել է գերբնական ուժ: Դամբանադաշտի կենտրոնական մասում բացվել է ձվաձեւ հատակագծով եւ քարաշար պատերով մի շինություն, որը ժամանակին ծածկված է եղել մեծածավալ սալաքարերով: Ժամանակի ընթացքում ծածկը փռվել է, եւ դամբարանի մեջ լցվել է դամբարանի քարե լիցքը: 
Ներկայումս արշավախումբն այդ շինության մեջ խորացել է մոտ 1.30 մ, ու աշխատանքները շարունակվում են:
Եվ, այդուհանդերձ, Հակոբ Սիմոնյանը գիտական լուրջ ու համարձակ դիտարկումներ է անում:
- Ենթադրում եմ՝ բացառիկ նյութ է գտնվելու, ի հայտ է գալու կապը հարավ-ռուսական տափաստանների՝ այսպես կոչված «ямная культура»-ի հետ, որին այսօր արեւմտյան նշանավոր գիտնականները վերագրում են վաղնջական հնդեվրոպացիներ լինելը, - ասում է հնագետը եւ շարունակում: - Գենետիկ հետազոտությունները հիմք են հանդիսացել նշանավոր գենետիկաբան Դեվիդ Ռայֆի համար՝ եզրակացնելու, որ նրանք (հնդեվրոպացիները) հենց հայկական լեռնաշխարհից են գնացել հարավ-ռուսական տափաստաններ: Սյունիքյան այս դամբանադաշտի պեղումները որոշակի հիմքեր են տալիս ամերիկացի գիտնականի վարկածը հիմնավորելու համար:
Ե՛վ Հակոբ Սիմոնյանը, ե՛ւ Իրենա Քալանթարյանն այդ առումով ուշագրավ են համարում ձիու զոհաբերության հետքերը, որոնք հայտնաբերվել են այդ դամբարանի վրա: Ձին այն զարմանալի կենդանին է, որ կարող էր Սյունիքը հաղորդակից դարձնել հարավ-ռուսական տափաստաններին: Եվ հասկանալի է դառնում, թե ինչպես կարող էին հաղթահարել հազարավոր կիլոմետրեր:
Մյուս հիմքը (նման ենթադրությունների համար)՝ ինքնատիպ նետասլաքն է, որի օրինակները հայտնի են միայն «ямная культура»-ի դամբարաններից:
Եվ ուրեմն՝ շարունակվող պեղումները կարող են լույս սփռել համաշխարհային, համամարդկային նշանակության այն վարկածի վրա, որով ենթադրվում է Հայաստանի՝ հնդեվրոպացիների բնօրրան լինելը:
Արշավախումբը նաեւ այլ ենթադրությունների տեղիք է տալիս. պեղվող դամբարանն առաջնորդ արքայի կամ բրոնզի դարի Սյունյաց նահապետի դամբարանն է:
Դրա հարեւանությամբ հասարակ համայնականների դամբարաններն են, որոնցում առկա են նաեւ Ուրարտական ժամանակաշրջանի ընծաներ (գավազանի գլուխ, տեգի ծայրակալներ, երկաթե դանակներ, ապարանջաններ եւ այլն):
Ուշագրավ են քարե կառուցվածքները, հորինվածքները, որոնք իրենցից ներկայացնում են՝ կենտրոնական մասում՝ քարե թմբային կուտակումներ եւ դրանցից ճառագող՝ քարերից ձեւավորված ճառագայթներ:
Այս զարմանալի կառուցվածներում հայտնաբերվել են ժամանակի համար բավականին թանկարժեք ընծաներ՝ առանց մարդկային մնացորդների: Կարելի է ենթադրել, որ դրանք հին աստվածներին կատարված զոհաբերություններ են:
Անշուշտ, այդ ամենն առայժմ ենթադրությունների մակարդակի վրա է: Ժամանակի ընթացքում նորանոր գաղտնիքներ կբացվեն, եւ վերոնշյալ ենթադրությունների գիտականությունը քննարկման առարկա կդառնա՝ տեղիք տալով բանավեճերի եւ, վերջին հաշվով, եզրակացությունների:

***

Հարկ ենք համարում նշել, որ հնագիտական աշխատանքներն ընթանում են ոչ սովորական պայմաններում: Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են ընդերքի ջրերը. դրենաժ են փորում, որ ջրերը հեռացվեն:
Հնավայրը ծովի մակերեւույթից բարձր է 2300 մ, եւ անպակաս է սառը քամին (առավոտները ջերմաստիճանը 6-8 է):
Եվ չնայած այդ դժվարություններին, արշավախումբն անում է իր գործը…
Արշավախումբը կշարունակի աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ եղանակային պայմանները եւ ֆինանսական հնարավորությունները թույլ կտան…

Հ.Գ. 1
Հակոբ Սիմոնյանը Սյունիքում համբավ ունեցող գիտնական է: Նրա ղեկավարությամբ տարիներ շարունակ մեր երկրամասում կատարվել է մի քանի հուշարձանի վկայագրման, վավերագրման աշխատանք: Մասնավորապես՝ Ծիծեռնավանքի պեղումների ու վերականգնման ծրագրի ղեկավարն էր 1997-2001 թթ.: Ղեկավարել է Տեղ գյուղի Սուրբ Գեւորգ եւ Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիների պեղումները:
Հ.Գ. 2
Գորայքի արշավախմբում հանդիպեցինք ճանաչված հնագետ, ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Իրենա Քալանթարյանին: Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ ոչ միայն ընթացող պեղումներին եւ առաջին արդյունքներին, սկիզբ առած ենթադրություններին, այլ…
Պարզվում է՝ Իրենա Քալանթարյանը Սյունիքում հնագիտական դպրոց հիմնելու ծրագիր ունի:
Համաճարակային վիճակը թույլ չտվեց, որ 2020-ին տրվի ծրագրի մեկնարկը, բայց եւ հիանալի այդ մտահղացումը, ինչպես հավաստիացնում է, կենսունակ է եւ իրագործվելու է վաղ թե ուշ:
Հնագիտական դպրոցը շարժական է լինելու, ընդ որում՝ սկզբնապես Գորայքի հնավայրի բազայի վրա: Հետագայում ընտրվելու են այն հուշարձանները, որոնց գոյությունը վտանգված է, փլուզվելու-քանդվելու կամ ընդհանրապես կորսվելու եզրին են…
Մարդիկ գալու են յոթ օրով, դառնալու են արշավախմբի անդամ, ծանոթանալու են հնավայրում կատարվող աշխատանքներին:
Նրանց համար կկազմակերպվեն դասընթացներ՝ հրավիրյալ մասնագետների ընդգրկմամբ:
Գիշերակացի վայրն առաջին փուլում կլինի Սիսիանը, կմնան հյուրանոցներից մեկում, կկազմակերպվի նրանց սնունդը:
Իրենա Քալանթարյանի կարծիքով՝ դրանում շահագրգռված պիտի լինեն Սյունիքի իշխանությունները, հոգեւոր-մշակութային-կրթական հաստատությունները եւ, իհարկե, զբոսաշրջային կազմակերպությունները:
Ի դեպ, Իրենա Քալանթարյանը նույնպես ճանաչում ունի Սյունիքում. տասը տարի շարունակ պեղել է Անգեղակոթի Գոդեձոր կոչվող հնավայրը՝ էնեոլիթյան ժամակաշրջանին պատկանող, որը, սակայն, ավարտին չի հասցվել դեռեւս: Պեղել է նաեւ Աղիտուի քարայրները:


Սամվել Ալեքսանյան
26 սեպտեմբերի 2020 թ.

 

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53