«Գորիս» հյուրանոցը՝ Սյունիքում ապաստանած արցախցիների ամենախոշոր հանգրվան

02.10.2023 17:42
1868

Հայրենի օջախներից բռնությամբ տեղահանված արցախցիների՝ մոտ մեկ շաբաթ ընթացող քարավանից հատուկենտ բեկորներ են մնացել Գորիսի փողոցներում կամ քաղաքի մերձավոր ճանապարհներին...

Միևնույն ժամանակ՝ մոտ երկու հազարից ավելի արցախցի ապաստան է գտել Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում:

Անտարակույս, Սյունիքն ի վիճակի էր ընդունելու բազմապատիկ անգամ շատ արցախցիների: Սակայն, հասկանալի պատճառներով, նրանց մեծամասնությունը գերադասում է կացության վայր փնտրել մայրաքաղաքում կամ նրա մերձակա բնակավայրերում:

Սյունիքում ապաստանած արցախցիներից 160-ը տեղավորվել է Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցում:

Այդ հյուրանոցը, ցավոք, մեծ փորձ ունի արտակարգ իրավիճակներում հայտնված արցախցիներին ընդունելու և նրանց համար ապրելու ժամանակավոր պայմաններ ստեղծելու ոլորտում:

2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո՝ ութ ամիս շարունակ, այնտեղ հանգրվանել էր 180 արցախցի:

186 հոգի էլ հյուրընկալվել էր 2022 թ. դեկտեմբերի 12-ից հետո, երբ Ադրբեջանը շրջափակել էր Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, և հարյուրավոր արցախահայեր մնացել էին մեր հանրապետությունում: Երեք ամիս  հետո էր միայն վերջին արցախցին հեռացել «Գորիս» հյուրանոցից:

Իսկ երբ բռնագաղթվող արցախցիների առաջին խմբերը 2023 թ. սեպտեմբերի 24-ին հասան Գորիս, մեծամասնությունը տվյալ պահին մեկ հոգս ուներ՝ որտեղ հանգրվանել... Ու մոտ 200 հոգի բախեցին «Գորիս» հյուրանոցի դռները: Առաջին երկու-երեք օրը (սենյակների անբավարարության պատճառով) մարդիկ տեղավորվել էին  հյուրանոցի միջանցքներում, ճաշարանում՝ հատակին: Մի մասն աստիճանաբար այլ կացարաններ տեղափոխվեց, իսկ 160-ը մնաց հյուրանոցում...

Հիմա «Գորիս» հյուրանոցը մի մեծ բնակավայրի տպավորություն է թողնում, որտեղ հանդիպում ենք մանկահասակ երեխաների, ծերերի, կանանց ու աղջիկների... Նրանք դեռևս չգիտեն, թե որքան ժամանակ են մնալու այդ հյուրանոցում, թե որտեղ են վերջնականապես հանգրվանելու, բայց արդեն «Գորիս» հյուրանոցն իրենց տունն են համարում:

Մենք զրույցներ ունեցանք տարբեր տարիքի արցախցիների հետ: Իհարկե, նրանք հոգեբանական ծանրագույն վիճակում էին, անորոշության մեջ: Տեղի ունեցածը շատերին երազ է թվում: Եվ, այդուհանդերձ, նրանք երախտագիտությամբ էին արտահայտվում «Գորիս» հյուրանոցի սեփականատեր Սենիկ Ջուլհակյանի, ինչպես և հյուրանոցի աշխատակիցների մասին:

Հանդիպեցինք նաև Սենիկ Ջուլհակյանի հետ: Ճանաչված գործարարը, հայրենական մեր եզերքի նվիրյալը սեպտեմբերի 24-ից կանգնած է գործի գլխին և հնարավոր ամեն ինչ արել ու անում է, որ հյուրանոց դիմած որևէ արցախցի դրսում չմնա: Բարեկարգ սենյակներ, կենցաղային պատշաճ պայմաններ, օրական երեք անգամ սնունդ...

- Թեև առայժմ ֆինանսավորում չենք ստացել, բայց  առաջին իսկ ժամերից ամեն ինչ անում ենք, որ մեզ մոտ հանգրվանած արցախցիները որևէ խնդիր չունենան, - ասում է Սենիկ Ջուլհակյանը:

Նա ամենևին չի տրտնջում, որ նախորդ նմանատիպ իրավիճակներից հետո ստիպված է եղել նորոգումներ կատարել հյուրանոցում՝ նախկին տեսքն ու պայմանները վերականգնելու համար: Ընդհակառակը՝ հոգեկան բավարարվածություն է զգում, որ կարողացել ու կարողանում է օգտակար լինել հայրենազրկված արցախցիներին:

Սենիկ Ջուլհակյանը հիացմունքով է խոսում այն մարդկանց մասին, ովքեր այս օրերին այցելում են հյուրանոց և պատրաստակամություն հայտնում՝ ինչ-որ կերպ օգտակար լինելու դժբախտության մեջ հայտնված արցախցիներին: Հատկապես հիշատակում է ավստրալահայ Ռուբինա և Շահեն Սիմոնյաններ ամուսիններին, «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի աշխատակիցներին՝ Անուշի գլխավորությամբ, ովքեր տեղում՝ կարիքներից բխող կոնկրետ քայլեր են ձեռնարկել:

Հիշատակում է նաև այն գործընկերների անունները, որոնց աջակցությամբ կարողացավ նեցուկ լինել 2020-ի պատերազմական օրերին և 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը շրջափակելուց հետո «Գորիս» հյուրանոցում բնակեցված արցախցիներին:

Սենիկ Ջուլհակյանը, որքան հասկացանք, հասցրել է ծանոթանալ իրենց մոտ ապաստանած արցախցիների հետ, և նշում է, որ նրանց մեջ կան բազմաթիվ մասնագետներ՝ տարածաշրջանի աշխատաշուկայում պահանջարկ ունեցող, ինչը նրանց  այստեղ ինտեգրվելու հնարավորություն կտա:

Նաև այդ հանգամանքը հաշվի առնելով՝ գործարարը մտադրություն հայտնեց առաջիկա ամիսներին գործարկել Խնձորեսկի խաչմերուկի մերձակայքում գտնվող «Ժայռ» համալիրը, որի կառուցման աշխատանքները հիմնականում ավարտված են, որտեղ հնարավորություններ կան ստեղծելու աշխատատեղեր:

Մեր ժողովրդի համար ծանրագույն այս օրերին «Գորիս» հյուրանոցի աշխատակազմի պահվածքը դրվատանքի և ընդօրինակման արժանի է: Եվ դա միայն մեր կարծիքը չէ: Այդ մասին արդեն հասցրել են բարձրաձայնել «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը (Լոնդոն),  Լե Մոնդ պարբերականը (Ֆրանսիա), «Ռոսիա -24» հեռուստածրագիրը (ՌԴ) և միջազգային այլ լրատվամիջոցներ, որոնք Գորիսում   հետևում էին Արցախից բռնությամբ տեղահանված մեր հայրենակիցների ընդունման գործընթացին:

 

Սամվել Ալեքսանյան

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00