Գորիս քաղաք. սրբավայր Բարդուղիմեոս առաքյալի օրերից

05.12.2019 17:00
2375

Գորիս քաղաք. սրբավայր Բարդուղիմեոս առաքյալի օրերից

Աստվածապատվեր հրամանով «Սյունյաց երկիրը» 2019 թ. նոյեմբերի վերջին օրերին եւս շարունակեց ուխտագնացությունը Սյունիքի մարզում:

Հերթական շրջայցը Գորիս քաղաքում էր:

Անշուշտ, բազում անգամ եղել էինք Գորիս քաղաքի սրբավայրերից ամեն մեկում: Բայց ստույգ շարադրանք ապահովելու համար կարեւոր համարեցինք վերստին այցելել այդ վայրեր:

Գորիս քաղաքում մեր ստեղծագործական խմբին ուղեկցում էին՝ նախ՝ Լեւոն Սամվելի Հովսեփյանը, ապա՝ Խասան Հարությունյանն ու Վլադիկ Ղազարյանը, որոնց երախտագիտություն ենք հայտնում:

Ի դեպ, Խասան Հարությունյանը վերստին ցույց տվեց, որ Գորիս քաղաքի սրբավայրերի մասին ունի հանրագիտարանային տեղեկություններ:

 

Բարդուղիմեոս առաքյալի կառուցած վկայարանը

Կա ավանդազրույց, որի համաձայն՝ Բարդուղիմեոս առաքյալը փոքրիկ մի վկայարան է կառուցել այստեղ:

Դա այն վայրն է, որտեղ 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին կառուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Ըստ Ստեփանոս պատմիչի՝ «…Բարդուղիմեոսը Պարսկաստանից վերադառնալիս իր աշակերտների հետ գալիս է Ատրպատական եւ անցնելով Երասխ գետը՝ մտնում է Սիսականի սահմանները…»:

Արեւիքում, Բաղքում, Գողթնում իր առաքելությունն ավարտելուց հետո նա ուղեւորվեց Հայաստանի մայրաքաղաք Դվին:

Ամենայն հավանականությամբ՝ Հայոց մայրաքաղաք գնալիս Բարդուղիմեոս սուրբ առաքյալն անցել է Հաբանդ, ապա Ծղուկ գավառներով:

 

Ձագեձորի վանքը, որ կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը

Այն, որ Գրիգոր Լուսավորիչը ներկայիս Գորիսում կառուցել է Աստծո տաճար, միայն ավանդազրույցը չի վկայում:

Մատենագիտական աղբյուրների հիման վրա այդ մասին վկայում է նաեւ Սերո Խանզադյանը. «Մեր Գրիգոր Լուսավորիչն իր ձեռքով այստեղ վանք է կառուցել, որի ավերակը կա Վանքի տափում»:

Բայց Սերո Խանզադյանը, թույլ տվեք ասել, սխալվում է, երբ այդ վանքը նույնացնում է Պետրոսկա վանքի հետ, քանզի որեւէ փաստարկ չի վկայակոչում:

Եվ, այդուհանդերձ, արձանագրենք՝ վանքը գտնվել է ներկայիս Գորիս քաղաքի 3-րդ հիմնական դպրոցից արեւմուտք ընկած բարձունքի վրա՝ երբեմնի ավտոձեռնարկության տարածքում:

Ավագ սերնդի ներկայացուցիչները տեսել են ե՛ւ պատի հետքերը, ե՛ւ խաչքարեր:

Խնդրո առարկայի վերաբերյալ ուշագրավ դիտարկում է արել Երվանդ Լալայանը՝ «Մի ավանդություն էլ ասում է, թե Նոր Գորիսից մի  վերստ դեպի հյուսիս գտնվող վանքում երբեմն մի այնպիսի զանգ է եղել, որ ձայնը շատ հեռուն լսվելիս է եղել. ուստիեւ ժողովուրդը սովորել է ասել՝ «Զանգը զոռ», այսինքն` զանգը զորավոր, եւ իբր թե դրանից էլ առաջացել է Զանգեզուր անունը»:

Երվանդ Լալայանը մեկ այլ առիթով կրկին անդրադառնում է այդ հարցին. «Նոր Գորիսից դեպի հյուսիս, հազիվ մի վերստ հեռավորությամբ միեւնույն հովտում գտնվում է մի քարաշեն, գեղեցիկ վանքի ավերակ՝ քանդված պարսպով ու մի քանի խցերով:

Մի քիչ ներքեւ վազելիս է եղել մի սառնորակ աղբյուր, որ այժմ Գ. Միրումյանի ծախսով տարված է Նոր Գորիս:

Ոչ մի արձանագրություն չկա բոլոր ավերակների վրա, միայն ավանդությունը պատմում է, թե երբեմն շատ հարուստ վանք է եղել, ունեցել է բազմաթիվ հոտեր, որոնց տված կաթը խողովակներով հոսել է սարից մինչեւ վանքը:

Այստեղ է եղել եւ այն զորավոր (զոռ) զանգը, որ իր անունը տվել է գավառին»:

Հարցի վերաբերյալ կարեւոր է ճանաչված հնագետ Սեդրակ Բարխուդարյանի տեսակետը, որը շարադրված է «Դիվան հայ վիմագրության» գրքի 2-րդ պրակում (էջ 78-79):

Ահա՝ «Ձագեձորի վանք-գտնվելիս է եղել Գորիսից արեւմուտք, դեպի Վերին Շեն տանող ճանապարհին մոտ, բարձրության վրա, այժմ միայն պատերի հետքերն են մնում բանջարանոցների մեջ»:

Փաստորեն՝ Սեդրակ Բարխուդարյանը ե՛ւ տեղն է հստակեցնում, ե՛ւ անվանումը:

Անվանման հարցում նրա տեսակետը, ինչպես տեսնում ենք, տարբերվում է Սերո Խանզադյանի եւ Երվանդ Լալայանի տեսակետներից:

Վանքի տափի եկեղեցու (վանքի) խնդրին անդրադարձել է նաեւ նշանավոր գորիսեցի Գագիկ Հայրումյանը, ով տարիներ շարունակ հետեւողականորեն զբաղվում է Գորիս քաղաքի եւ Հին Գորիսի (Վերիշենի) պատմության ուսումնասիրությամբ:

Գագիկ Հայրումյանը 1950-ականներին իր տատի հետ մատաղի է գնացել Վանքի տափի սրբավայր:

Եվ հիշում է՝ «Մատուռը, որ թաքնված է փարթամ բուսածածկի հետեւում, երեւաց միանգամից՝ 4-5 մետրի վրա: Գրում եմ ու հիմա էլ՝ վաթսունհինգ տարվա հիշողությունների մութ ու լույս կծիկում առկայծում է ավեր պատերով ու դրանց շուրջ թափված որմնանախշերով կարմրավուն քարի այդ հրաշք շինությունը, որը հավանաբար 3-4 մետր լայնություն եւ 5-6 մետր երկարություն ուներ:

Տպավորիչն ամենուր պատից թափված քարերի քանդակներն էին ու ամռան արեւի շողերի մեջ նրանց գույները: Այդքան նուրբ վիմանախշեր ես տեսած չկայի: Ավերակների մեջ էլ կարելի էր պատկերացնել, թե ինչքան գեղեցիկ կառույց  պետք է եղած լիներ այդ մատուռը, որի հյուսիսային կողմի սրբատաշ պատից 1-1,5 մետր բարձրություն էր մնացել, մյուս կողմերն ավելի ցածր էին, մուտքը հատակից քանդված պատի մի մասն էր, եւ արեւմտյան կողմին ծուռ հենված էր մետրաչափ խաչքար…»:

Լրջախոհ գիտնականի նախանձախնդրությամբ եւ պատասխանատվությամբ շարադրված այդ հետազոտության մեջ՝ նվիրված Հին Գորիս-Վերիշենի սրբավայրերին, Գագիկ Հայրումյանը, սակայն, հանգում է հետեւության՝ չվկայակոչելով որեւէ ապացույց:

Ահա՝ «Եվ այն համոզմանն եմ, որ Վանքի տափի եկեղեցական համալիրը եկեղեցաշինության համար նպաստավոր՝ 17-րդ դարի շինություն է: Ափսոսանքով կարծիք եմ հայտնում նաեւ, եկեղեցին մի դար անգամ չի ապրել, ավերվել է նույն հարյուրամյակի վերջում կամ 18-րդ դարի առաջին կեսում՝ Գորիսի կոտորածի եւ ավերման հետեւանքով, Սինդուրու բնակավայրի եւ եկեղեցու կործանմանը զուգահեռ»։

Տարակարծություն կա, ինչպես տեսնում ենք, վանքի անվանման եւ կառուցման ու գործունեության ժամանակի հարցերում:

Ամենամեծ կռվանն այն է, որ Ստեփանոս պատմիչը, խոսելով Սյունիքի նշանավոր վանքերի մասին, Ձագեձորի վանք անվամբ հիշատակություն չի արել:

Մինչդեռ մոռանում ենք Ստեփանոս պատմիչի՝ այդ առիթով ասված խոսքը: Նշելով Սյունյաց աշխարհում եղած վանքերի, եկեղեցական միաբանությունների եւ նրանց քանակի մասին, պատմիչն իր խոսքն այսպես է եզրափակում. «Դրանք թվով երեսուն են: Բայց ուրիշ շատերն էլ կային, որոնք չթվեցինք»:

Ասել է թե՝ Ստեփանոս պատմիչը Սյունիքի բոլոր վանքերն ու եկեղեցիները թվարկելու, ներկայացնելու խնդիր չի ունեցել:

Այդ ամենը հաշվի առնելով` մեզ համար առավել ընդունելի է նշանավոր հնագետ Սեդրակ Բարխուդարյանի տեսակետը, որ դա Ձագեձորի վանքն է:

Ընդունելի է նաեւ տեսակետը, որ վանքը կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

 

***

Վերստին այցելելով Ձագեձորի վանքի տարածք՝ տեսանք վանքի պատերի վերջին մասունքը՝ մոտ մեկ խորանարդ մետր պատի մնացորդ:

Երախտապարտ գորիսեցիներն այդ նշխարն առել են ծածկի տակ, բարեկարգել շրջակայքը, նոր խաչքարեր կանգնեցրել:

Եվ ամենակարեւորը՝ հավատավոր գորիսեցիներից շատերը, ինչպես դարեր շարունակ, հիմա էլ՝ շաբաթ եւ կիրակի օրերին, այցելում են այդ սրբավայր, որի զորավոր զանգի ղողանջները դարերի խորքից լսվում են նաեւ մեր օրերում...

 

Այստեղ եկեղեցի է կառուցել նաեւ Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը

Գրիգորիսը Վրթանեսի որդին էր:

Նա շարունակել է պապի եւ հոր գործը:

Ըստ Սերո Խանզադյանի՝ «…Գորիսում Գրիգորիսը (Գրիգոր Լուսավորչի թոռը) եկեղեցի է հիմնել եւ կոչել իր անունով՝ Գրի-Գորիս»:

Սերո Խանզադյանի կարծիքով՝ «Ժամանակի ընթացքում «Գրի» մասնիկը վերացել է, մնացել է Գորիս-ը:

… Այս իմ կարծիքը հաստատում է այն, որ մինչեւ վերջերս Գորիսում եղել է «Եկեղեցի Սուրբ Գրիգորիս» անունով:

Այս եկեղեցին հիշվում է 1667 թ. մի հիշատակարանում»:

Սերո Խանզադյանի սույն վկայակոչման մեջ, անշուշտ, վերապահությամբ ենք մոտենում այն տեսակետին, թե Գորիս տեղանունը ծագում է Գրիգորիս անվանումից. դա, թերեւս, կարող ենք համարել որպես Գորիս տեղանվան ստուգաբանության տարբերակներից մեկը:

 

Ռուսաց ժամը

Գորիսը 1870 թ. քաղաք հռչակվելուց հետո քաղաքի կենտրոնում կառուցվեց Ռուսաց ժամը:

Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1897 թվականին:

Ըստ որոշ տեղեկությունների՝ եկեղեցին կոչվել է Սուրբ Նիկողայոս:

Եկեղեցին կառուցված է եղել սպիտակ բազալտ քարից:

Ըստ Ակսել Բակունցի՝ Ռուսաց ժամն ունեցել է ոսկեփայլ գմբեթ, որի վրա՝ խաչ:

Քաղաքի ո՞ր մասում է գտնվել Ռուսաց ժամը:

Ըստ Ակսել Բակունցի՝ քաղաքի «բուլվարը» եւ Ռուսաց ժամն իրար կողքի էին:

Սերո Խանզադյանը հաստատում է դա՝ ասելով, թե քաղաքի փոքրի «բուլվարը» գտնվում էր Ռուսաց ժամի եւ Յոլունց «պասաժի» արանքում:

Խասան Հարությունյանն ավելի ստույգ է ներկայացնում  (մեզ ցույց տալով) Ռուսաց ժամի տեղը՝ զբոսայգու հարավային մուտքի եւ քաղաքապետարանի միջեւ ընկած տարածք:

Նա վկայում է նաեւ, որ եկեղեցու մերձակայքի աղբյուրը` Ջամ աղբյուրը պահպանվել է եկեղեցին քանդելուց հետո՝ երկար տարիներ, եւ ինքը տեսել է աղբյուրը:

Մի շարք սկզբնաղբյուրներ վկայում են, որ եկեղեցին քանդվել է 1926-ին:

Ակսել Բակունցը տեսել է եկեղեցու քանդված վիճակը. Ռուսաց ժամի տեղ կանաչ պարտեզ էր, որտեղ սպիտակին էին տալիս եկեղեցու տաշած քարերը:

Ռուսաց ժամը քանդելու մասին տարեց գորիսեցիները հակասական պատմություններ են փոխանցել:

Իբր կոմսոմոլներն են, ինչ-որ կոչերից ոգեւորված ու խելագարված, գրոհել ու քանդել:

Իսկ ովքեր փորձել են ընդդիմանալ՝ հայտարարվել են հակահեղափոխականներ ու ժողովրդի թշնամիներ:

Ռուսաց ժամի շուրջ զրույցներում ուշագրավ է Խասան Հարությունյանի մեկ այլ վկայություն եւս:

1960-ականներին երբեմնի Ռուսաց ժամի եւ զբոսայգու հարակից տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս՝ զբոսայգու ընդլայնման-բարեկարգման ժամանակ, զբոսայգու ներկայիս մարզադաշտի հարավային տարածքին կից երեւան է եկել երկու տապանաքար:

Տապանաքարերից մեկը Արշակ Շիրինյանի գերեզմանաքարն է եղել, մյուսը՝ Վահան Խորենունը:

Արշակ Շիրինյանը (ծնվել է 1879 թ. Շինուհայրում) հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր դեմքերից է:

Գերմանիայում բարձրագույն կրթություն ստացած երիտասարդը Զանգեզուրի   Ազգային խորհրդի անդամ էր:

Ինքն էր, որ 1918 թ. Նախիջեւանի Բիստում հանդիպեց Զորավար Անդրանիկին եւ նրան՝ զորագնդի ու գաղթականների հետ միասին, հրավիրեց Գորիս:

Արշակ Շիրինյանը եւ Վահան Խորենին 1920-ի կեսերին գազանաբար սպանվեցին Գորիսի բանտում:

Եվ տարօրինակ է, որ մեր ազգային-ազատագրական շարժման երեւելի դեմքերի գերեզմանին նույնիսկ մի վահանակ չկա՝ նրանց գերեզմանների տեղը վկայակոչող-ցուցանող։

Փոխարենը՝ Ակսել Բակունցի անվան դպրոցի դիմացի զբոսայգու հուշակոթողի վրա հավերժացված է թուրք Օջախկուլու հիշատակը, ում գորիսեցիները գնդակահարեցին՝ գորիսեցի մի կնոջ անպատվելու համար:

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Կառուցվել է 1897-1904 թթ.:

1897 թվականին Գորիսի Մելիք-Հյուսեինյան իշխանական տոհմի ներկայացուցիչները նախաձեռնում են Գորիս քաղաքում հայկական եկեղեցու կառուցումը:

Կառուցման համար կազմակերպվում է հանգանակություն: Դրամական միջոցների հանգանակությանը մասնակցել է ողջ քաղաքը:

Ըստ բանավոր վկայությունների՝ եկեղեցու կառուցումը ղեկավարել է իտալահայ ճարտարապետ:

Եկեղեցին 1903 թ. օծվել է Խրիմյան Հայրիկի կողմից, բացվել է 1904 թվականին, սակայն գմբեթ եւ խորան չի ունեցել:

1920 թ. եկեղեցում կատարվել է Գարեգին Նժդեհի եւ Արուսյակ Մինասյանի պսակադրությունը:

1921 թ. փետրվարի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել նաեւ Գարեգին Նժդեհի՝ Սպարապետ օծվելու արարողությունը:

Այդ եկեղեցու կառուցման տեղը պատահական չի ընտրվել:

Նախկինում եկեղեցիները կառուցել են ոչ թե պատահական վայրերում կամ ըստ հարմարավետության, այլ՝ քառասուն օր ծոմ են պահել, աղոթք են արել, որպեսզի Տեր Աստված ցույց տա, թե որտեղ կառուցեն տվյալ սրբավայրը, ասել է թե՝ սրբավայրը կառուցել են Տիրոջ հայտնության շնորհիվ:

Եվ, ի վերջո, ընտրվել է այն վայրը, որտեղ Բարդուղիմեոս սուրբ առաքյալը վկայարան է կառուցել:

Պատահական չէ Խրիմյան Հայրիկի՝ Սուրբ Էջմիածնից գալն ու օծելը, Գարեգին Նժդեհի՝ հենց այս եկեղեցում Սպարապետ օծվելը. եւ դա այն պարագայում, երբ Սպարապետը հաճախ էր մնում Տաթեւ վանքում, պատահական չէր նաեւ Սպարապետի ամուսնությունը հենց այս եկեղեցում:

Եկեղեցին գործեց մինչեւ 1926 թվականը:

Փակվելուց հետո օգտագործվել է որպես հացամթերման պահեստ (մինչեւ 1960-ական թվականներ), այնուհետու՝ մինչեւ 1988 թվականը, եղել է Երկրագիտական թանգարան:

Վերաբացվել է 1989 թվականի դեկտեմբերին:

Եկեղեցու կառուցման հաջորդ փուլն իրականացվել է 1988-97 թվականներին, երբ կառուցվել են նաեւ գմբեթն ու սուրբ խորանը:

Այդ աշխատանքները նախաձեռնեց՝ նախ՝ Համլետ Մկրտչյանը, ով Գորիսի քաղաքային իշխանության ղեկավարն էր:

Այնուհետեւ՝ Սուրեն Խաչատրյանի եւ Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ Եպիսկոպոս Մկրտչյանի ջանքերով եկեղեցին ձեռք բերեց իր վերջնական ու ամբողջական տեսքը:

1997-ի դեկտեմբերի 20-ին՝ ժողովրդական տոնախմբության վերածված օրը, հանդիսավոր պատարագով եւ օծման արարողությամբ վերաբացվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Խաչի օծման արարողությունը կատարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն:

Եկեղեցու վերաբացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Աբրահամյանը:

Առանց գմբեթի եկեղեցին ունեցել է 12 մ բարձրություն, իսկ գմբեթը կառուցելուց հետո՝ մինչեւ նրա գագաթը 25 մ 70 սմ է, խաչի հետ՝ 28 մ:

Խաչը, որ արեւելահայաց բրոնզապատ մետաղ է, պատրաստել է գորիսեցի մետաղագործ Ռազմիկ Դոլունցը (նախագծող՝ Սեւադա Զաքարյան):

Իսկ վարպետներ Վլադիմիր Սարգսյանը, Արամայիս Ճատունցը, Միհրան Թեւոսյանը, Արշակ Առաքելյանը, Սուրիկ Թելունցը, Ալբերտ Սահակյանը, Գարուն Իսախանյանը եւ Գարուն Քաթանյանը կառուցել են սուրբ սեղանը, թմբուկը եւ վեղարը:

 

Սուրբ Գրիգոր Տաթեւացու հուշակոթող-ուխտավայրը

Յուրօրինակ այս հուշակոթող-սրբավայրը հիմնվեց 2010-ին:

Հովանավոր՝ Սուրեն Խաչատրյան, քանդակագործ՝ Նարեկ Օրդյան, ճարտարապետ ու նախագծի հեղինակ՝ Սեւադա Զաքարյան:

Սուրբ Գրիգոր Տաթեւացու հիշատակի նորովի հավերժացումը պատահական չէր:

Մեր տարածաշրջանում առանձնակի հարգանքով ու պատկառանքով են հիշում Գրիգոր Տաթեւացուն:

«Երկրորդ լուսաւորիչ հայկազեան ազգի», ինչպես եւ «Ամենայն հայոց վարդապետ» հորջորջումների արժանացած Տաթեւացին ծնվել է 1346-ին, մահացել 1410-ին:

Մահացավ Տաթեւի վանքում եւ թաղվեց մեծ առաքյալների՝ Պողոսի եւ Պետրոսի տոնին ու նրանց դասակից եւ պատվակից եղավ:

 

Սուրբ Մարտիրոս

Կիսաժայռափոր մատուռ, գտնվում է Հին Գորիսից հյուսիս-արեւելք` բարձր լանջին:

Մատուռի մոտ եւ նրա ներսում կան խաչքարեր, թեեւ անարձանագիր են, բայց 10-11-րդ դարերի (թվականը նշում է հնագետ Սեդրակ Բարխուդարյանը):

Կիսաժայռափոր մատուռի արեւմտյան մուտքի բարավորի վրա գրված է. «ԵՍ ՂԱԶԱՆՉԻ ԾԱՏՈՒՐՍ ԵՒ ՄԻՆԱՍ ՇԻՆԵՑԱՔ ՍԲ ՄԱՐՏԻՐՈՍ, /ՃԻԼԱՎ Ս. ԹՎ.: ՌՃԾԲ»:

Ըստ Սեդրակ Բաարխուդարյանի՝ «Արձանագրությունը վերաբերում է նորոգությանը. շենքն ավելի հին է, եւ կողքին կան 10-11-րդ դարերի անարձանագիր խաչքարեր»:

 

Հին եկեղեցի

Թաղակապ, ուղղանկյուն հատակագծով կառույց է:

Շուրջը գերեզմանոց է:

Վերականգնվել է 19-րդ դարում:

Տեղանքը Գորիս գյուղի արեւելյան սարալանջն է:

Եկեղեցու անվանումը չկարողացանք հայտնաբերել:

 

Ակսել Բակունցի հիշատակը հավերժացնող խաչքար

2004-ին է կանգնեցվել հրաշալի այդ խաչքարը:

Կանգնեցվել է Ակսել Բակունցի տուն-թանգարանի այգում:

Կառուցման նախաձեռնողն ու հովանավորը Սուրեն Խաչատրյանն է, հեղինակը՝ Սեւադա Զաքարյանը, քանդակագործը՝ Ռազմիկ Արզումանյանը:

 

Կարմիր եկեղեցի

Ծակերի ձորի շրթունքին գտնվող ժայռափոր եկեղեցին է, որի բեմի կողքին կա եղծված արձանագրություն:

Դա Գորիսի նշանավոր հոգեւոր կենտրոններից էր:

Ըստ Երվանդ Լալայանի՝ «Մինչեւ այժմ էլ Կարմիր կիրակի օրը բազմաթիվ ուխտավորներ են գնում՝ գլխավորապես Հին եւ Նոր Գորիսներից:

Սա գտնվում է ձորի աջ կողմում` գրեթե գագաթին:

Դաշտի վրա կամ մի փոքրիկ գերեզմանատուն, որտեղից մի նեղ կածան քերծի լանջերի վրայով իջնում է դեպի ձորը, ուր բացվում է մի փոքրիկ քարաշեն դուռ: Անցնելով այս դռնից, մտնում ենք 9.23 մետր երկարության, 4.97 մետր լայնության եւ 2.84 մետր բարձրության մի այրի մեջ, որի միայն ձորահայաց կողմը պատ է քաշած:

Հյուսիսային կողմում շինված է սեղանը, որի վրա դեռեւս կանգուն մնում է վեմքարը:

Ինչպես երեւում է, տեղը անհարմար լինելով՝ հյուսիսային կողմում են զետեղել սեղանը:

Արեւմտյան կողմում՝ հողի մեջ փորված է ավազանը:

Սեղանի վրա կան բավական թվով կավե կանթեղներ, որոնցից միջինը շատ գեղեցիկ է»:

Դատելով Երվանդ Լալայանի հստակ նկարագրությունից՝ դա Ըղջիազի թաղամասի ժայռափոր եկեղեցին է (ի դեպ, Սերո Խանզադյանն ավելի ընդունելի է  համարում Ըղջիազի տեղանվան այս ստուգաբանությունը՝ Իղճիազ (Խճավազ)):

Այդ վայրը նաեւ Խաչեր է կոչվել, ինչպես եւ հիմա:

Կարմիր եկեղեցի կարելի է գնալ Ըղջիազի թաղամասի գերեզմանատան աջ մասով կամ հանգուցյալ Սերժիկ Թանգունցի տնամերձով:

Ձորի պռնկից իջնում ենք աստիճաններով:

Նույն Սերժիկ Թանգունցի ջանքերով երբեմնի կածանի տեղում աստիճանավանդակեր են դրվել՝ զուգահեռ կառուցելով ցանկապատ:

Այնպես որ՝ Կարմիր եկեղեցի իջնելն այլեւս վտանգ չի ներկայացնում:

Մենք Կարմիր եկեղեցի այցելեցինք երկու անգամ:

Վառված մոմերի առատությունից եւ թարմ ոտնահետքերից կարելի էր հասկանալ, որ գորիսեցի հավատավորները, ինչպես դարեր շարունակ, հիմա եւս ուխտագնացություն են կատարում Կարմիր եկեղեցի:

Եկեղեցին այնպիսի վիճակում էր, ինչպես 130-140 տարի առաջ տեսել ու նկարագրել է Երվանդ Լալայանը:

Դե իսկ խաչքարերից յուրաքանչյուրը արվեստի յուրօրինակ նմուշ է:

 

Սինդարայի եկեղեցին

Գորիսից 1,5-2 կմ հյուսիս գտնվող Սինդարա գյուղատեղիում է այդ եկեղեցին:

17-18-րդ դարերում կառուցված տաճարը հիմա էլ կիսաավեր վիճակում է:

Մերձակայքում գտնվող գերեզմանատանը կան անարձանագիր խաչքարեր, ինչպես եւ եղծված արձանագրություններով տապանաքարեր:

Երվանդ Լալայանն այսպես է հիշում. «Ձագեձորից փոքր-ինչ բարձր ձգւում է մի ուրիշ հովիտ, որ կոչւում է Սին-դարա:

Այստեղ կայ մի քարաշէն, կամարակապ եկեղեցու աւերակ եւ բաւականաչափ «քարատակ»-ներ, մի քանիսը քերծերի, մյուսները հողի մեջ փորուած:

Ծերունիների ասելով՝ սա «Վերի Շէնի», այսինքն Հին Գորիսի ամառանոցն է եղել»:

Սինդարայի եկեղեցուն անդրադարձ է կատարվել ե՛ւ Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» 2-րդ պրակում, ե՛ւ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում» (Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան):

Սինդարա եկեղեցուն անդրադարձել է նաեւ Գագիկ Հայրումյանը. «Կարծում եմ, որ Սինդուրու… եկեղեցին նույն ճակատագիրն է ունեցել, ինչ Վանքի տափի եկեղեցին, որ այն… կործանվել է դարձյալ մահմեդական քոչվոր ցեղերի հարձակումներից»:

Ըստ Գագիկ Հայրումյանի՝ «Այս եկեղեցու քահանան 18-րդ դարի առաջին կեսին եղել է Տեր-Բարսեղ Միրումյանց, որին փոխարինել է նրա որդին՝ Տեր-Դավիթ Միրումյանցը:

…Տեր-Դավիթ Միրումյանցը եղել է Սինդուրու եկեղեցու վերջին քահանան»:

 

«Խաչեր» մատուռը Սինդարայում, որ վերաշինվել ու ստացել է նոր անուն՝ Սուրբ Տրդատ

Ըստ Գագիկ Հայրումյանի՝ Սինդուրու եկեղեցու մոտ գոյություն է ունեցել նաեւ անանուն սրբավայր-քարակույտ:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի պատմածով՝ մի անգամ նրան մի տարեց գորիսեցի ասել է, թե Սինդուրու ձորում ապրել է նաեւ բնիկ կյորեսեցիների Յուղումին տոհմը, որ Խաչատրյանների նախնիներն են:

Այդ ծերունու հորդորով էլ Սուրեն Խաչատրյանը (առանց ձեռք տալու եղած սրբավայրին) նրա կողքին 2005-ին կառուցել է մի մատուռ (նախագծի հեղինակ` Սեւադա Զաքարյան, քանդակագործ՝ Վարդան Խուրշուդյան):

Մատուռի հարավային պատին քանդակված է Օրբելյանների տան զինանշանը:

Նորակառույց մատուռն օծվել է Սուրբ Տրդատ անվամբ:

Մեր այցելության օրը մատուռում մի խումբ գորիսեցիներ մոմ էին վառում:

Իսկ մի երիտասարդ, որ նախօրեին երեխա էր ունեցել, եկել էր հենց այդ սրբավայրում նշելու իր առաջնեկի ծնունդը…

 

Պարունի բաղի խաչը

Այս խաչը, ըստ Գագիկ Հայրումյանի, Սինդարա ձորում երբեմնի գոյություն ունեցած նավթաբազայի, «Ավանգարդ» տնտեսության բնակելի շենքերի տեղում կամ մերձակայքում է եղել:

Գագիկ Հայրումյանը հիմք է ընդունել Ստեփան Լիսիցյանի հետեւյալ հիշատակությունը՝ «Գորիսի եւ Վերիշենի ճանապարհին՝ Ղուրուշա կոչվող տեղում, թաղված է մի ինչ-որ սուրբ մարդ, որի գերեզմանին ուխտի էին գալիս անխոս, մոմ վառում, քարերը համբուրում եւ նույնպես անխոս վերադառնում՝ երեսը միշտ նրան դարձրած, քայլելով ետ-ետ» (Զանգեզուրի հայերը, էջ 297):

Պարունի բաղի խաչի տեղագրության հարցում մի փոքր այլ կարծիք կա Գորիսում, ինչպես ասացին Խասան Հարությունյանն ու Վլադիկ Ղազարյանը:

Պարունի բաղի խաչը, ըստ նրանց, այն խաչն է, որ գտնվում է քաղաքի Արցախյան խճուղու վրա՝ ճանապարհի աջ կողմում՝ բազմաբնակարան շենքերի եւ ավտոկայանի մերձակայքում:

Չի բացառվում, որ Ստեփան Լիսիցյանի վկայակոչած Ղուրուշա վայրը հենց դա է:

Մինչ օրս՝ շաբաթ եւ կիրակի օրերին, այնտեղ կարելի է հանդիպել հավատավոր շատ գորիսեցիների՝ եւ մոմ վառելիս, եւ մատաղ անելիս:

 

Ծակերի ձորի եկեղեցին

Կարմիր եկեղեցուց փոքր-ինչ վերեւ, նույն ձորակում, փոքրիկ գետակի անմիջապես ափին է գտնվել քարաշեն այդ եկեղեցին:

19-րդ դարավերջին Երվանդ Լալայանը եկեղեցին տեսել է ավերակ վիճակում:

Դռան կամարակապ քարին գրված է եղել՝ «Յիշատակ է սբ. եկեղեցիս Մելիք Օհանին եւ իւր ծնողացն Մելիք Բաղուն թվ. ՌՄԺԴ»:

Դա վկայում է Երվանդ Լալայանը եւ հավելում՝ «Սույն եկեղեցու հանդեպ գտնվող ժայռի գագաթին նկատելի են փորվածքներ: Ասում են, թե այստեղ ծառայելիս է եղել որպես բերդ»:

Դատելով Սեդրակ Բարխուդարյանի դիտարկումներից, կարելի է ենթադրել, որ այս եկեղեցին կամ մատուռը նույնպես կրել է Սուրբ Մարտիրոս անունը:

Իսկ Խասան Հարությունյանը վկայում է, որ 30-40 տարի առաջ ինքը տեսել է ավերակված եկեղեցու պատերի դեռեւս կանգուն հատվածները: Եվ եկեղեցին, իբր, կոչվել է Կամի վանք:

Սեդրակ Բարխուդարյանի կարծիքով՝ այդ եկեղեցին կառուցվել է 1765-ին:

Մենք այդ եկեղեցու տարածքում առաջին անգամ եղանք 2010 թվականին՝ Գորիս քաղաքի 140-ամյակի առիթով «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համար պատրաստելիս: Այդ ժամանակ մեր ուղեկիցն էր այլեւս լուսահոգի Գամառնիկ Ներսիսյանը (լույս իջնի նրա շիրմին):

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մենք տեսանք միայն եկեղեցու հիմքերը եւ մերձակայքում ցրված քարեր՝ որոշակիորեն մշակված:

Խասան Հարությունյանի վկայությամբ՝ եկեղեցու պատերի հետքերը վերացել են մի քանի տարի առաջ` ջրհեղեղի հետեւանքով:

 

Մելիքների եկեղեցին

Գորիս գյուղում գտնվող այդ եկեղեցին ավելի ճիշտ Մելիք-Հյուսեինյանների տոհմային եկեղեցին է՝ գերեզմանով:

Եկեղեցու ներսում եւ բակում են հուղարկավորված մելիքական այդ գերդաստանի ներկայացուցիչները:

Եկեղեցու բակում է թաղված Գորիս քաղաքի հիմնադիր Մանուչար բեկ Մելիք-Հյուսեինյանը:

Եկեղեցին շուտափույթ վերանորոգման կարիք ունի:

 

Քարվանսարայի ձորափնյա եկեղեցին

Գորիսի արեւմտյան հատվածից՝ Եռաբլրի սարահարթից մի ձոր է իջնում դեպի Թոզ կապ, որտեղ Գորիս քաղաքի գործող գերեզմանատունն է, որտեղ հանգչում է նաեւ Ամենայն հայոց գուսան Աշոտը:

Ձորավերջին, ավելի ճիշտ՝ ձորի հարավ-արեւելյան բարձունքին է գտնվում կիսավեր այդ եկեղեցին:

Շրջակայքում թափված քարերից ու դեռեւս կանգուն խաչքարերից երեւում է, որ գորիսեցիների համար պաշտելի սրբավայր է եղել այդ եկեղեցին:

Եկեղեցու անվան կառուցման եւ ժամանակի մասին տեղեկություններ չգտանք:

Եկեղեցին գտնվում է, ինչպես ասացինք, Թոզ կապի գործող գերեզմանատնից հյուսիս: Եվ գործող գերեզմանը մի քանի ամիս է, ինչ տարածվել է այդ եկեղեցու շուրջ:

 

Սուրբ Հռիփսիմե

Այն, ըստ մոտավոր հաշվարկների, թվագրվել է 17-րդ դարով: Սակայն վերջին շրջանում եկեղեցու հարավային մուտքի բարավորի վրա բացվել է մինչ այդ անհայտ մի արձանագրություն հետեւյալ բովանդակությամբ՝ «ՅԻՇԱՏ(Ա)Կ Է ԵԿԵՂԵՑԻՍ ՊԱՂԸՐԻ ՄԵԼԻՔ ՕՀԱՆԻՆ ԹՎ(Ի)Ն ՌՄԻԵ»:

Այս արձանագրությունից իմանում ենք, թե ում հիշատակին է կառուցվել այն, թե երբ է կառուցվել՝ 1776 թ.:

Եկեղեցու կառուցման հեղինակը եղել է Մելիք Օհանը:

Այն միանավ բազիլիկ կառույց է, ունի երկու մուտք՝ արեւմտյան եւ հարավային պատերի վրա, չորս պատուհանով:

Կառույցին՝ հյուսիսային կողմից, կցված է երկու սենյակ, որոնցից մեկի մուտքը եկեղեցու ներսից է:

Այն ծառայել է որպես ավանդատուն:

Եկեղեցու պատերը շարված են անմշակ բազալտով:

Մուտքերի եւ լուսամուտների շրջանակները, պատերի անկյունային հատվածները եւ ներսի միակ որմնակամարը շարված են մշակված բազալտով:

Պեղումներից հայտնաբերված եկեղեցական կառույցի մի շարք մանրամասներ վկայում են վաղ շրջանում եկեղեցու գոյության մասին, որի տեղում էլ, ըստ էության, կառուցվել է նորը:

Եկեղեցու շարվածքի մեջ կան քարեր, որոնք, որոշ մասնագետների կարծիքով, թվագրվում են 7-8-րդ դարերով:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ցարական շրջանում վերանորոգվել է, իսկ խորհրդային տարիներին վերածվել ակումբի:

2009-13 թթ. եկեղեցին վերականգնվել է «Երկիր եւ մշակույթ», «Վիեն-Գորիս» կազմակերպությունների ու Վիեն քաղաքի տրամադրած միջոցներով:

 

Նորաշեն խաչը Գորիսի արեւելյան դարպասում

Գորիս քաղաքի արեւելյան մուտքն ազդարարող հուշակոթողի տարածքում 2019-ին կանգնեցվեց պղնձակոփ խաչ, որը բարձր դիտանոցից նայում է դեպի Գորիս քաղաք:

Ձեռնարկման հեղինակը եւ հովանավորը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էր:

 

Սուրբ աղբյուրը՝ Լաստի խութի ստորոտում

Դարերի խորքից եկող այդ սրբավայրը վերջին տարիներին նորոգվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ ու միջոցներով:

 

Նըհատակի լեռը

Ըստ ավանդության՝ այս լեռան ստորոտում է թաղված մի սուրբ նահատակ (բարբառով՝ նըհատակ):

Այդ մասին իմացել է նաեւ Ստեփան Լիսիցյանը՝ գրելով՝ «Հին Գորիսի մոտ, գրեթե իրար դիմաց, գյուղը պարփակող ձորահովտի լանջերին երկու քարայրեր ամփոփում են նահատակներին:

Մեկը կոչվում է պարզորեն՝ Նըհատակ, մյուսը՝ Սըփ Մըրտուրիս»:

Նըհատակից հյուսիս բարձրաբերձ լեռը նաեւ Ճգնավորի լեռ ենք անվանում:

 

Խաչի աղբյուրը

Հասարակ, փոքրիկ մատուռը գտնվում է Գորիս գյուղից արեւելք, բարձր ձորաբերանի գլխին՝ մի դարավոր ծառի տակ` աղբյուրի կողքին:

Մատուռի արեւելքում գտնվում է մի մեծ ժայռաբեկոր, որի արեւելյան երեսին գտնվում է այս վայրի հնագույն արձանագրությունը. «…ՇԻՆԵՑԻ ՍՈՒՐԲՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԵԶ ԵՒ ԾՆՈՂԱՑ ԲԱՐԵԽՈՎՍ Ի ՔՍ/ԹՎ.:ՇԽ»:

1091 թ. այս արձանագրությունը Ձագեձորի կամ Վարարակնի հովտի ամենահին վիմագիր արձանագրությունն է:

Այս սրբավայրի մասին բազում ավանդազրույցներ կան:

Կարծում ենք Ստեփան Լիսիցյանը Խաչի աղբյուրը շփոթել է Սուրբ Մարտիրոսի հետ եւ Սուրբ Խաչին առնչվող ավանդազրույցների մի մասը վերագրել Սուրբ Մարտիրոսին:

Ավանդազրույցներից մեկ-երկուսը՝ ստորեւ (ըստ Ստեփան Լիսիցյանի):

«Գորիսում պասի առաջին օրը գլխավորապես աղջիկներն ու հարսները, ինչպես նաեւ բոլոր հասակի կանայք, գնում էին ուխտ…Սուրբ Մարտիրոսի քարայր, որի գլխին բուսած էր մի հինավուրց կաղնի: Մի ժամանակ շուրջը բուսած է եղել մի ամբողջ պուրակ, որից մնացել է միայն մի այդպիսի ծառ, որի հաստ ճյուղերից մի քանիսը հեռու էին ուղղված: Ջահելները կապում էին նրա վրայից ճինջ, ճոնջի՝ ճլորթի եւ մինչեւ երեկո ճոճվում. դա էլ ուներ իր մագիկ իմաստը. աճեցնելու, բուսցնելու նպատակով նույն իմաստով կրկնվում էր նաեւ Վարդէվառին»:

«Կանաչ գիրակի օրը տեղի էին ունենում մատաղ, պարեր, ձիարշավ, մրցություններ, հրացանաձգություն ձվի կամ այլ նշանի վրա, երբեմն քանդիրբազի խաղէր՝ լարախաղացություն»:

«Քիչ կաթ ունեցող մոր հիվանդությունը կարելի էր լվանալ՝ տանելով այդ կնոջը Սըփ Մըրտուրիսի քրատակից ոչ հեռու բխող աղբյուրի մոտ, լվանալ նրա ստինքները աղբյուրի ջրով եւ մոմ վառելով՝ ստանալ կաթի բնական առատությունը»:

Վերստին պնդում ենք՝ Ստեփան Լիսիցյանի նկարագրած այդ վայրն ավելի շատ համընկնում է Սուրբ Խաչի մերձակայքին, որտեղ մինչեւ հիմա պահպանվում են ե՛ւ աղբյուրը, ե՛ւ ծառը:

 

Հ.Գ.

Ըստ Խասան Հարությունյանի եւ Վլադիկ Ղազարյանի՝ սրբատեղիներ են եղել նաեւ Խուռըհատում, Հյումբաթի ձորում, Կյուփեր կոչվող դաշտամասում, Սրտաբանական հիվանդանոցի մոտակայքում ժամանակին կառուցված «Գամմա» գործարանի տեղում, «Ավանգարդ» տնտեսության անասնապահական համալիրի տարածքում (Գորիս-Երեւան ավտոմայրուղու սկզբնամասում), որոնք շինարարական աշխատանքների կամ հողերի մելիորացման հետեւանքով վերացվել ու անհետ կորել են:

 

 Սամվել Ալեքսանյան

ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

29.03.2024 14:06

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան

29.03.2024 12:29

Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով

29.03.2024 11:07

Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին

29.03.2024 11:02

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

29.03.2024 11:01

Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

28.03.2024 21:52

ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի այցը Ույծ և Լոր գյուղեր

28.03.2024 21:08

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով

28.03.2024 19:50

Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը

28.03.2024 15:50

Մեր հայրենակից, արձակագիր Համլետ Մարտիրոսյանը դարձավ 70 տարեկան

28.03.2024 15:33

2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

28.03.2024 14:28

Կառավարությունն ապրիլի ընթացքում կներկայացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագիրը

28.03.2024 12:12