Գորիս քաղաքի պատմական կենտրոնը նոր տեսք է ստանում

08.11.2023 12:46
1542

Ցարական Ռուսաստանում 1868 թ. իրականացված վարչական ռեֆորմի արդյունքում Գորիսը դարձավ Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն:

Սակայն Գորիս գյուղն իր հնարավորություններով չէր կարող բավարարել գավառակենտրոնի պահանջները, որտեղ պետք է լինեին պետական հիմնարկներ: Եվ ուրեմն օրակարգի հարց  դարձավ գավառակենտրոնի տեղի ընտրության և կառուցման խնդիրը:

Ի վերջո գավառակենտրոնի տեղ  ընտրվեց Գորիս գյուղի դիմացի տափարակը...

Ըստ Նուբար Պապուխյանի՝ Գորիս քաղաքի հիմնադրման աշխատանքները, սակայն, սկսել են 1850 թվականին: Եվ, այդուհանդերձ, Գորիս քաղաքի կառուցապատման աշխատանքները հիմնավոր բնույթ են ստանում 1870-ից (որոշ հետազոտողներ քաղաքի հիմնադրման տարեթիվը համարում են 1876 թվականը):

Քաղաքի հիմնադիրներն էին քաղաքագլուխ Մանուչար բեկ Մելիք-Հյուսեինյանը և գավառապետ Ստարացկին (Սերո Խանզադյան խորագիտակն ու մեծ հայը որպես տվյալ ժամանակաշրջանի գավառապետ է նշում նուխեցի Ջավադ բեկ Հարությունյանի անունը):

Գորիս քաղաքի կառուցապատումը ղեկավարել և նշահարման աշխատանքները կատարել են Ջանուշյան, Խարչենկո և Կոշլով ազգանունով ինժեներները: Նշահարողներն առաջնորդվել են Ռուսաստանում 1742 թվականից գոյություն ունեցող հրամանով, որով սահմանված են եղել Մոսկվա քաղաքի փողոցների լայնությունը. սկզբում՝  8 սաժեն, 1752-ից՝ 10 սաժեն (մոտ 21 մ):

Դրանով հանդերձ, ինչպես Նուբար Պապուխյանն է նշում, «Քաղաքի ճարտարապետության մեջ Զանգեզուրի ժողովրդական ավանդական գծերն այնքան ակնբախ են ներկայանում, որ անհնար է անջատել այն ժողովրդական ստեղծագործության ժառանգությունից»:

Ահա (համառոտ) այսպիսի սկիզբ է ունեցել Գորիս քաղաքի հիմնադրումը...

Տասնամյակների հեռվից կարելի է ասել՝ քաղաքի միջուկի կառուցապատման նախնական տեսքը հիմնականում պահպանվել է, բայց նաև էական փոփոխությունների է ենթարկվել՝ ժամանակին համահունչ:

Գորիսի պատմական կենտրոնի հանդեպ հետաքրքրությունը նորովի դրսևորվեց անկախության տարիներին: Սակայն գործնական աշխատանքները սկսեցին միայն 2018-ից ու շարունակվում են մինչև հիմա:

Այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու համար զրուցեցինք Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ, համայնքի գլխավոր ճարտարապետ Գարեգին Փարսյանի հետ:

***

Ըստ Գարեգին Փարսյանի՝ Գորիս քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման առաջին փուլն իրականացվել է 2018-19 թվականներին՝ «Վարարակն» ՓԲ ընկերության կողմից (տնօրեն՝ Անդրեյ Բուդաղյան): Մոտ 400 մլն դրամ արժեցող այդ ծրագրով հիմնանորոգվել է Վարարակն գետի աջ ափով ձգվող փողոցը՝ Յուրի Բախշյան փողոցի խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի փողոց, ինչպես նաև Գետափնյա թաղամասի՝ Վարարակն գետի ձախափնյա հատվածը: Մոտ 1 կմ չափով կատարվել է գետի հունի մաքրում, հենապատերի վերականգնում, փողոցների արտաքին լուսավորության ապահովում...

Ծրագրի երկրորդ փուլով, որ իրականացվել է 2019-20 թվականներին, մշակվեցին կենտրոնի շենքերի ճակատները՝ հին ոճով, վերանորոգվեցին փայտյա պատշգամբները, պատուհանները, դռները: Տանիքներն էլ փոխվեցին թիթեղյա ծածկով... Մոտ 800 մլն դրամ արժողությամբ այդ ծրագիրն իրականացրել է «Գոհարիկ» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Սամվել Խաչատրյան):

2022 թ. դեկտեմբերից իրականացվում է պատմական կենտրոնի վերականգնման ծրագրի երրորդ փուլը:  Մոտ 1.5 հա տարածքի վրա կատարվել են բոլոր կոմունիկացիաների հիմնանորոգում և նորացում, էլեկտրականությունը սնուցող գծերը փոխարինվել են ստորգետնյայով (ավելի վաղ քաղաքի այդ մասում նորոգվել էին կոյուղու և խմելու ջրի խողովակաշարերը): Այսինքն՝ պատմական կենտրոնում հիմա չկա որևէ հին կոմունիկացիա:

Կատարվում է փողոցների, մայթերի հիմնանորոգում՝ ջրահեռացման առուներով, լուսավորությամբ, կանաչապատումով, անցումներով, արտաքին լուսավորության սյուների փոփոխմամբ:

Ծրագիրն իրականացնում է Ղուկաս Գրիգորյանի գլխավորած «Բիլդեր քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը:

 1.4 մլրդ դրամ արժողությամբ այդ ծրագրի մոտ 50-55 տոկոսն արդեն իսկ կյանքի է կոչվել:

Անդրադառնալով «Բիլդեր քոնսթրաքշն» ՍՊ ընկերության գործունեությանը, Գարեգին Փարսյանը մասնավորապես նշեց՝ «Փորձառու և լավ կազմակերպություն է, աշխատում է նվիրումով ու պատասխանատվությամբ, գոհ ենք նաև համագործակցության մակարդակից»:

Ըստ Գարեգին Փարսյանի՝ իրականացվող ծրագրի մեջ են մտնում նաև Վիենի պուրակի կառուցապատումը, Յոթ աղբյուրի մերձակայքի բարեկարգումը:

Չմոռանանք նշել՝ հիշատակված ծրագրերն իրականացվում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

- Կատարվող աշխատանքների ընթացքում ձգտում  ենք պահպանել ճարտարապետական բոլոր այն բաղադրիչները, որոնք կառուցվել  են նախկինում և գորիսեցիների համար սիրելի վայրեր են, երբեմն՝ խորհրդանշական իմաստ ձեռք բերած: Ասենք՝ Մխիթար Սպարապետի հրապարակի շատրվանները, քաղաքի բուլվարի ցայտաղբյուրը և այդ զբոսայգին երիզող պատերը,- ասում է քաղաքի ճարտարապետը:

Գարեգին Փարսյանի հետ մեր զրույցից երեք հարց, այնուամենայնիվ, պատշաճ ենք համարում առանձնացնել ու ներկայացնել ամբողջությամբ՝ և՛ հարցերը, և՛ պատասխանները:

- Պարոն Փարսյան, իհարկե մտադիր չենք խորանալ քաղաքի կառուցապատման նախնական սկզբունքների մեջ և զուգահեռներ անցկացնել ներկայումս կատարվող աշխատանքների հետ, երևի դրա կարիքը չկա էլ: Բայց որոշ հարցեր, այդքանով հանդերձ, մեզ հետաքրքրում են: Ասում են՝ Գորիսի հատակագծի հիմքում ընկած է եղել քրիստոնեական խաչի պատկերի գաղափարը: Մեկ կենտրոնական լայնակի և մեկ կենտրոնական երկայնակի՝ մյուսներից ավելի լայն փողոցները հայտնվել են քաղաքի հարթության ուղիղ կենտրոնում և կազմել մի հսկայական խաչի պատկեր: Եվ այդ հսկայական խաչի թևերի կառուցման կենտրոնում խոյացել է քաղաքի ամենաբարձր շենքը՝ ոսկեփայլ գմբեթով ռուսական եկեղեցին՝ Սուրբ Նիկողայոս անվամբ, որի կառուցումն ավարտվել է 1897-ին: Սպիտակ բազալտ քարից կառուցված այդ եկեղեցին, սակայն, քանդվել է 1926-ին կամ 1928-ին:

Եկեղեցին գտնվել է այն վայրում, որտեղ ներկայիս Վիենի պուրակն է, որտեղ էլ կառուցապատման աշխատանքներ եք նախաձեռնել: Արդյո՞ք նպատակահարմար չէ այդ վայրն առանձնացնել և ինչ-որ կերպ քանդված եկեղեցու մասին հիշատակություն անել, չէ՞ որ խոսքը քրիստոնեական սրբավայրի մասին է:

- Հողային աշխատանքները կատարելիս եկեղեցու հիմքերը բացվել են, և հիմա ստույգ գիտենք, թե որտեղ է եղել Աստծո այդ տաճարը...

Նպատակ ունենք այդ տեղում՝ պատվանդանի վրա, կառուցել շվաքարան և ի ցույց դնել երբեմնի եկեղեցու մի դրվագ՝ ամփոփ տեղեկատվություն պարունակող վահանակով:

- Դեռևս 2022 թ. հուլիսի 22-ին բաց նամակ ենք հղել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին և համայնքի   ավագանու անդամներին. խոսքը հետևյալի մասին է՝ հիմնանորոգվող Կոմիտասի փողոցի վերջնամասում (Շահումյան փողոցի հետ հատման վայրում, հավանաբար՝զբոսայգուն հարող մասում) թաղված են մեր ազգային հերոսներից չորսը՝ Արշակ Շիրինյան, Վահան Խորենի, խմբապետ Զաքո, Միքայել Աղամյան, ովքեր գազանաբար սպանվել են Գորիսի բանտում 1920 թ. օգոստոսի 2-ին:

 Արդյո՞ք Կոմիտասի փողոցի հիմնանորոգման ծրագրում հաշվի եք առել այդ հանգամանքը:

- Շատ կարևոր հարց եք բարձրացնում... Ըստ պատմական հիշողության՝ նրանց մասունքներն իրոք ամփոփված են Ձեր ասած վայրում, թեև տեղում որևէ նշում չկա այդ մասին:

Կարծում եմ՝ նախ պետք է իրականացվի տվյալ տեղանքի ճշգրտում և տարածքի հետազոտում՝ խնդրո առարկային տիրապետող հաստատությունների կողմից, որից հետո միայն հնարավոր կլինի իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ նրանց հիշատակը որևէ կերպ հավերժացնելու նպատակով:

Համամիտ եմ Ձեզ հետ՝  ուշադրության արժանի հարց է։

- Ակսել Բակունցի անվան դպրոցի դիմացի այգում, որ կոչվում է Երիտասարդական այգի, մի հուշակոթող է կանգնեցվել խորհրդային տարիներին՝ Զանգեզուրում սովետական կարգերի հաստատաման համար մղված մարտերում զոհվածների հիշատակը հավերժացնող: Հուշարձանի արևմտահայաց պատին գրված է այդ մարդկանց անունները, որոնց թվում՝ Օջախկուլի անունով թուրքի անունը... Իրականում, սակայն, նրա անունը նշելով՝ կեղծվել է Գորիսի պատմության այդ դրվագը: Մեր մտահոգության հիմքը, հավատացեք, նրա ազգային պատկանելությունը չէ, այլ... Օջախկուլին  չի զոհվել սովետական իշխանության համար մղված մարտերում: Նրան սպանել են Գորիսի արժանապատիվ տղաները՝ գորիսեցի մի այրի կնոջ արժանապատվությունը վիրավորելու համար, ինչի վերաբերյալ կան բազմաթիվ լրագրային հրապարակումներ:

Մինչև ե՞րբ  եք այդ ստահակի անունը հավերժացված պահելու Գորիսում:

- Երիտասարդական այգին նույնպես քաղաքի պատմական կենտրոնի վերականգման ծրագրի մեջ է, ավելի ստույգ՝ ծրագրի չորրոդ բաղադրիչի մաս է կազմում: Ենթադրվում է նաև անդրադարձ Ձեր նշած հուշարձանին: Այդ ժամանակ էլ, կարծում եմ, կանդրադառնանք խնդրին: Իսկ մինչ այդ ճիշտ կլիներ, որ ունենայինք համապատասխան մասնագետների հիմնավոր տեսակետն ու երաշխավորությունը:

 

Սամվել Ալեքսանյան

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46