Գորիսում երեխաները հավատում են՝ Հայաստանի ու հայոց Արցախի համար (որքան էլ ողբերգական է վիճակը) նոր գարուն է բացվելու...

25.04.2023 11:59
3261

Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի 108-րդ տարելիցի առիթով, Սյունիքում կազմակերպված բազմաթիվ ուշագրավ միջոցառումներից էր Գորիսի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում անցկացված գրական-երաժշտական ցերեկույթը՝ «Հայերն ապրել են, ապրում են, կապրեն...» խորագրով:

Երբ ավարտվեց մոտ մեկուկես ժամ տևած ցերեկույթը՝ մեզանում արդեն իսկ ձևավորված էր ստույգ տպավորություն՝ Գորիս քաղաքի ներկայիս մշակութային դեմքը հնարավոր չէ պատկերացնել առանց Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի:

280 աշակերտ, 32 մանկավարժ և օժանդակ աշխատող ունեցող դպրոցը հաջողել է իր իսկ ուժերով ստեղծել մանկական երաժշտական հինգ համույթ՝ փողային նվագախումբ (գեղ.  ղեկավար՝ Արմեն Գրիգորյան), երգչախումբ (գեղ. ղեկավար՝ Հասմիկ Սաթունց), ջութակահարների համույթ (գեղ. ղեկավար՝ Անահիտ Հովհաննիսյան), կիթառահարների համույթ (գեղ. ղեկավար՝ Ռոման Օհանջանյան), քանոնահարների համույթ (գեղ. ղեկավար՝ Նարինե Բաղդասարյան):

Դրանցից յուրաքանչյուրը (ոչ միայն մեր կարծիքով) հասել է կատարողական բարձր մակարդակի, ինչը վկայում է այդ համույթների ղեկավարների և ընդհանրապես դպրոցի մանկավարժական կոլեկտիվի նվիրական աշխատանքի մասին (տնօրեն՝ Արամայիս Գալստյան):

Ի դեպ, Արմեն Գրիգորյանի գլխավորած փողային նվագախմբի գործունեությանն առավել հանգամանալից ծանոթացել էինք ամիսներ առաջ՝ «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի 9-րդ համարը պատրաստելիս (10.03.23 թ.):

Հասմիկ Սաթունցի գլխավորած մանկական երգչախմբի մասին դրվատանքի խոսքեր էինք լսել «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի 5-րդ համարը (30.03.22 թ.) պատրաստելիս, երբ զրույց էինք վարում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի հետ՝ 2021 թ. հունիսի 3-ին Կապանում անցկացված փառատոնի առիթով:

Գրական-երաժշտական ցերեկույթը վարում էին դպրոցի սաները՝ Աստղիկ Առուստամյանն ու Արման Մարտիրոսյանը: Ու անհնար էր չնկատել հաղորդավարների կողմից հրաշալիորեն մատուցվող տեքստի և՛ լեզվական, և՛ բովանդակային արժանիքները:

Հաղորդավարները՝ Սուսաննա Հովհաննիսյանի գլխավորությամբ, կարողացել էին ոգեղենություն հաղորդել տեքստին: Մեր աչքի առաջ, կարծեք, հաջորդաբար պատկերվում էին հայոց պատմության մի շարք դրվագներ՝ ամենաողբերգականից մինչև ամենահերոսականը՝ Մեծ եղեռն, Արցախյան առաջին պատերազմ, 2016 թ. ապրիլյան պատերազմ, 2020-ի 44-օրյա պատերազմ, 2022-ի սեպտեմբերյան ագրեսիա՝ սանձազերծված Ադրբեջանի կողմից... Արտահայտված էր Արցախ աշխարհի մերօրյա վիշտն ու տառապանքը:

Ու այսօր, երբ հայն իր արժանապատվության համար կռիվ է տալիս, երեխաները լավ ու խաղաղ օրերի հույս էին գուրգուրում, նաև հավատում՝ Հայաստանի ու հայոց Արցախի համար (որքան էլ ողբերգական է վիճակը) նոր գարուն է բացվելու...

Իսկ այդ երազանքների իրականացման ճանապարհին կարևոր համարեցին Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի պատվիրանները հիշելն ու այդ ամենը հայոց մերօրյա պետական այրերին հիշեցնելը: Ահավասիկ՝ գլխավոր պատվիրաններից մեկը. «... Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի. առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»:

Բավականին հետաքրքիր էր ցերեկույթի համերգային ծրագիրը: Ընդգրկված էին հայոց ձայնապետ ու ձայների արքա Կոմիտասի բազմաթիվ երգեր («Կռունկ», «Չինար ես», «Ազգային օրհներգ», «Ծիծեռնակ», «Երկինքն ամպել ա»): Երգացանկում ընդգրկված էին նաև Մակար Եկմալյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Տիգրան Չուխաճյանի ստեղծագործությունները:

Արդեն նշեցինք երաժշտական համույթների կատարողական բարձր մակարդակի մասին: Դա արտահայտվեց հատկապես մենակատարների շնորհիվ, ովքեր մեր նշանավոր երգահանների ստեղծագործությունները երգեցողությամբ կամ երաժշտական գործիքների կատարմամբ լավագույնս բաշխեցին ցերեկույթի մասնակիցներին: Ուստի և պատշաճ ենք համարում նրանց հիշել անուն առ անուն՝ Նարեկ Շալունց (կլառնետ), Եսթեր Արզումանյան (դաշնամուր), Մոնիկա Մալինցյան (երգչուհի), Արևիկ Առուստամյան (շվի), Դավիթ Սինանյան (շեփոր), Լիլի Եղյան (դաշնամուր), Հարութ Ասատրյան (կլառնետ):

Կլառնետի և շվիի բարձրաճաշակ կատարումները լսելիս ակամա հիշեցինք դասատու Հովսեփ Հովհաննիսյանին, ով տարիներ շարունակ (նաև այսօր) ջանք է գործադրում երեխաների երաժշտական կրթության ու դաստիարակության գործում:

Անհնար էր չնկատել նվագակցողներ Նաիրա Գրիգորյանին և Նելլի Մանուչարյանին, ովքեր իրենց կատարողական վարպետությամբ ու արհեստավարժությամբ աջակցում էին երաժշտական ամեն մի համարի «ծննդին»:

Մի հանգամանք էլ՝ 20 հոգուց բաղկացած փողային նվագախմբի միակ մասնակից աղջիկը շեփորահար Ինա Գալստյանն էր. արվեստի մի քանի ոլորտում բացառիկ ընդունակություններով օժտված այդ աղջնակին տարիներ շարունակ հաճելիորեն տեսնում ենք գորիսյան գրեթե բոլոր միջոցառումներին:

***

Ցերեկույթին մասնակցում էր Գորիսի քույր քաղաք Վիենի (Ֆրանսիա) պատվիրակությունը: 1992 թվականից քույր քաղաք Վիենի պատվիրակության կազմում այս անգամ նույնպես ծանոթ դեմքեր էին՝ Վիենի փոխքաղաքապետ Ալեքսանդրա Դեղուազը, քաղաքապետարանի միջազգային կապերի պատասխանատու Ելենա Էյշենը, Վիեն-Գորիս ասոցիացիայի նախագահ Ժոզեֆ Փափազյանը, փոխնախագահ Լորանս Մեղլը, ասոցիացիայի քարտուղար Դոմինիկ Ղոմեն:

Ապրիլի 23-ից նրանք Գորիսում են և մասնակցում են Հայոց մեծ եղեռնի հերթական տարելիցին նվիրված միջոցառումներին, նաև նոր գործնական քայլեր ձեռնարկում քույր քաղաքների շուրջ 30-ամյա բարեկամությունն ավելի խորացնելու ուղղությամբ:

Գրական-երաժշտական ցերեկույթը սկսվեց Կոմիտասի «Ազգային օրհներգով», ավարտվեց Տիգրան Չուխաճյանի «Կեցցե Զեյթուն» ստեղծագործությամբ, երկու դեպքում էլ՝ դպրոցի փողային նվագախմբի կատարմամբ:

Երաժշտական համարները կատարելուց առաջ ներկաներին օրհնության խոսք հղեց Հատուկ բանակային կորպուսի ավագ գնդերեց Տեր Տրդատ քահանա Գևորգյանը:

***

Գորիսի Շառլ Ազնավուրի անունը կրող արվեստի դպրոցը հիմնադրվել է 1990-ին (սկզբում՝ թիվ 2 երաժշտական դպրոց անվամբ): 1993-ին դպրոցին շնորհվել է Շառլ Ազնավուրի բարձր անունը: 2021-ին վերակազմավորվել և դարձել է արվեստի դպրոց՝ ներառելով Գևորգ Պարոնյանի անվան արվեստի դպրոցը, 1997-ից գտնվում է նախկին պիոներ պալատի շենքում:

Կրթօջախը 1993 թվականից ղեկավարում է Արամայիս Գալստյանը:

***

Արվեստի դպրոցի փողային նվագախմբին նվիրված հոդվածում («Սյունյաց երկիր. մշակութային», № 9, 10 մարտի 2023 թ.) Վաչե Մկրտչյանը մեջբերում է դպրոցի աշխատակցուհի Սուսաննա Հովհաննիսյանի հուշը՝ կապված Շառլ Ազնավուրի հետ, որը պատշաճ համարեցինք ներկայացնել նաև այսօր: Ահա՝ «Դպրոցի տարեգրության հիշարժան դեպքերից է 1994թ. այն օրը, երբ հայ ազգի սիրելի զավակ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն առաջին անգամ ժամանեց  Գորիս: Նրա պատվին Գորիսի թատրոնի լեփ-լեցուն դահլիճում կազմակերպվեց հանդիպում քաղաքի հասարակության հետ, որն ուղեկցվում էր գրական-գեղարվեստական համադրությամբ: Միջոցառման ժամանակ մասնակիցներից մեկը բարձրացավ բեմ և իր նկարած կտավը նվիրեց Ազնավուրին: Անակնկալ նվերից զգացված՝ Ազնավուրը վերցրեց նկարը, գրկեց աղջնակին: Քանի որ բեմահարթակից չհնչեց, թե ո՞վ և ի՞նչ տվեց, Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի աշխատակցուհի Սուսաննա Հովհաննիսյանը բարձրացավ բեմ  և խոսափողով հնչեցրեց.

-Սիրելի Շառլ Ազնավուր: Այս աղջիկը Գորիսի Ձեր անունը կրող երաժշտական դպրոցի սան Լուիզա Ադամյանն է:

Ազնավուրը ցնցվեց.

-Ինչպե՞ս ... Այս քաղաքում իմ անունով երաժշտական դպրո՞ց...»:

 

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Սոֆի Լազարյանի

 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06