Հաղթանակի ծառը մերթընդմերթ հերոսների արյամբ է ջրվում

06.04.2016 17:54
2751

Նորից գունատվել է ապրիլյան երկնակամարը, նորից նենգ թշնամին փորձում է որոշել մեր հայրենիքի նկատմամբ ունեցած սիրո աստիճանը, իսկ ինքը գորշ ճագարի պես դողում-թրթռում է, կրկին օձի աչքերը հառում մեր սրբասուրբ հողերին:

Հայոց դարավոր հողը՝ Արցախ-Ղարաբաղը, կրկին տնքաց ապրիլյան այդ օրը. նորից են փորձում խոցել-խոցոտել հողը հայկական:

Նվիրական վայրերը կանչում են… Հայրենիքն աղմկոտ գետ է, եւ վա՜յ նրան, ով փորձի խլել հայի ինքնությունը, փորձի խոցել լուրթ լեռնաշխարհի մի թիզն անգամ, հող, որին դարեդար խառնվել է արցունք ու արյուն, կարոտ ու սեր, երազ ու երազանք, տառապանք ու ցավ, անկոտրում ոգի ու որպես երդում հնչեցնել՝ երբե՜ք չթողնել երկիրն այդ հրաշք, երբե՜ք, երբե՜ք այն չտալ ոսոխին…

Ապրի՜լ, ապրի՜լ… ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ…

Այսպիսի տառապանք տեւական ժամանակ չէի ապրել…

Փորձելու եմ հրաժեշտի տողեր գրել՝ թախծոտ, բայց ոչ լալահառաչ…

Գրիչս չի ենթարկվում, փախչում է, «ամաչում» է գրել բոլորի մասին, երկնչում է բարձրաձայնել, որ մահագույժը չարանենգ թշնամու պես նորից ծեծեց անառիկ Սյունիքի դարպասները, գորշ ամպերով պատեց հարազատ ոստանս՝ Սիսիանն… ու… Ընկե՜լ են, ընկե՜լ են, ընկե՜լ են… առյուծասիրտ, քաջաբազուկ սիսիանցիները, ընկել են՝ արիաբար հաստատելով, որ սիսիանցին անընկճելի է, անվեհեր, տոկուն, հաստատակամ, համառ…

Դեռ չէինք հասցրել հպարտության զգացումը վայելել, դրոշ դարձնել ու ծածանել մեր արիասիրտ կամավորների սխրանքը, մեր շուրթերը չէին հասցրել մրմնջալ՝ «Աստված ձեզ հետ, տղե՛րք», երբ…

Բոթը՝ անամոթ, չարանենգ, անմխիթար ու անդարմանելի, սեւ եւ անթափանց շղարշով պատեց, արցունքախեղդ արեց Սիսիանն ու Սյունիքը, Արցախն ու Հայաստանը…

Եկավ գույժը՝ (ա՜խ, ինչ հեշտ է գալիս այդ անաստվածը), չարախինդ, լպրծուն, հռհռուն դեմքով ու… 7 ցավ, 7 վիշտ, 7 նահատակ…

Հետո… տղերքը եկան… եկա՜ն, չէ, տղերքին, ավա՜ղ, բերեցին…Տղե՜րքը… ինչ քաջ, անվեհեր, սրտոտ, արիասիրտ են տղերքը…

«Հպարտությունը փորձեց սաստել աչքերիս անկյուններում «հերթապահող թշնամուն»՝ արցունիքս, ու ստիպել զգոնանալ, սթափվել, քանզի քաջերն արցունքի կարիք չունեն:

Անձրեւ-արտասուքը չի ուզում լքել ինձ… Շատ եմ ուզում, որ պարզեն աչքերս, որ մեծագույն սիրով, ակնածանքով, պատկառանքով գրեմ սիսական արծիվների անունները՝ Սեդրակ Սերգեյի Ասրյան (Դարբաս), Սերգեյ Գուրգենի Դանղյան (Սիսիան), Դավիթ Բագրատի Սարգսյան (Բալաք), Մայիս Երջանիկի Միրզոյան (Դարբաս համայնքի ղեկավար), Արմեն Մինասի Բեգլարյան (Ախլաթյան համայնքի ղեկավար), Եղիշ Արտավազդի Նիկալյան (Լծեն), Էդուարդ Յուրիկի Ալեքսանյան (Սիսիան):

Արիացի՛ր, սի՛րտ իմ, փառավորվի՛ր հոգի, մի՛ տրտնջա, գրի՛չ, քանզի գովերգելու եմ փառքը նվիրյալների, գովերգելու եմ հավատով տոկուն, հիացումով լուսավոր, հպարտությամբ աներեր…

Տղե՜րքը… Ճանապարհեց սիսիանցին իր արծիվներին, ճանապարհեց ոգելից աչքերով, ճանապարհեց, որ… հպարտանա՜ր…

Ավա՜ղ, փորձությունների շղթան ծայր չունի…

Աչքիս առջեւից չեն հեռանում ձեր մարտական դեմքերը, մեր անխոցե՛լի հերոսներ, մեր քաջազուն, անընկճելի, հաղթաբազուկ, կորովի, զորեղ, անպարտելի երղբայրներ…

Չեմ հիշում՝ ո՞րերորդ անգամ դիտեցի ձեր՝ մարտադաշտ գնալուց առաջ անմահացրած կադրերը, ուր ժպտում էիք հպարտախառն ժպիտով, աներկյուղ հայացքով…

Ինչո՞ւ չանսացիք մեր աղոթք-մրմունջները, մե՜ր աղերսը՝ գնալ, բայց վերադառնալ անփորձանք ու անվնաս…

Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ…

Երանի՜ նրան, ով մայրական կաթի հետ հայրենասիրության անսպառ պաշարներ է կուտակում, երանի՜ նրան, ում ուղին հաստատուն է, անշեղ, անսասան, նաեւ՝ փառավոր՝ դեպի հայրենիք տանող ճանապարհին:

Գնացիք՝ պատերազմելու խավար պարտադրող դավադիր թշնամու դեմ՝ արհամարհելով նրա դավերը…
Գնացիք՝ կիսատ թողած գործը ավարտին հասցնելու հաստատակամությամբ, գնացիք արիանալու, հերոսանալու, ցավոք, մարտիրոսվելու…

Ի՜նչ զարմանալի ուժ կարող է խորտակել հայի սերն առ հայրենիք…

Ինչպիսի՜ անխառն ոգեւորությամբ, հիացքով, գիտակից հպարտությամբ էիք շարվել Սիսիանի ԵԿՄ-ի բակում…

Ինչքա՜ն խոսուն հայրենասիրություն էր ճառագում յուրաքանչյուրիդ հոգուց, աչքերից, կեցվածքից…

Մենք ճանապարհում էինք ձեզ՝ տոգորելով մեր հոգու լույսով, դույզն իսկ չպատկերացնելով, որ ճանապարհում ենք դեպ հավերժություն…

Ափսո՜ս, հազա՜ր ափսոս, մեր անմե՛ղ նահատակներ… Նահատակնե՞ր, ո՛չ, հե-րոս-ներ, ո՛չ, ար-ծիվ-ներ, որոնց ճախրանքն ահ ու սարսափ էր տարածում երկչոտներին, նրանց՝ այդ ճիվաղներին՝ միայն թիկունքից հարվածելու «արվեստին» տիրապետող սողուններին…

Լալագին ու լալահառաչ ողբերը չեն որոշում հայրենիքի բախտը, եւ ոչ էլ քաղաքակրթությունից հեռու, արյունառուշտ հորդաներն ու սեւ օրդուները, որոնք «կոփված» են միայն նախճիրով ու եղեռնով, ի զորու չեն կոտրել հայ ժողովրդի ազատատենչ ու վեհանձն ոգին:

Ներեցե՛ք ինձ, իմ ծանոթ-անծանոթ եղբայրներ, որ կարողացա միայն գրչով անմահացնել ձեր անունը, մերձավորներին սփոփել ցավով, բայցեւ հպարտությամբ լեցուն տողերով՝ փոքր-ինչ թեթեւացնելով նրանց անմոք վիշտը…

Երբ ամեն անգամ բացվի ապրիլը, մենք ձեզ կհիշենք մեր մտքի ու հոգու, մեր խոսքի ու ձայնի, մեր ժպիտի ու արցունքի մեջ, կհիշենք ու կասենք՝ ափսո՜ս, հազա՜ր ափսոս տղերքը…

Հանգչեք խախաղությամբ, իմ եղբայրնե՛ր, մայր հողը իր գիրկը կընդունի հպարտ ու անպարտ հերոս զավակներին, կընդունի ցավով, բայց հպարտությամբ…

Հ.Գ.

Վաղն առավոտյան ես կրկին մտնելու եմ դասարան, «բարի լույս» եմ մաղթելու աշակերտներիս ու վարելու եմ, թերեւս, կյանքիս ամենակարեւոր դասը… Այնտեղ, որտեղ չի կարողացել հաղթել հայ ժողովուրդը, հաղթել է գրով, հաղթել է գրչով՝ ծաղրելով ու ոչնչացնելով իր ոսոխներին, իսկ գալիք սերունդներին փոխանցել է կամք, երազ, հուր ու հավատ…

Հետո գրկելու եմ իմ շատ սիրելի աշակերտին՝ Դավիթ Ազոյանին, ու խնդրելու եմ, որ չվհատվի, որ պարծենա բոլոր-բոլոր հայ հերոսներով, որ հպարտանա ազատամարտիկ հորով՝ Գեւորգ Ազոյանով, ով անպայման ապաքինվելու է Ղարաբաղում ստացած վերքերից, հետո ամուր-ամուր գրկելու է իր Դավթին ու ասելու է ամենակարեւորը՝ Ազոյանները չեն հանձնվում... Եվ ոչ միայն:

Ցավով, բայց մեծագույն հպարտությամբ՝

ԷՎԵԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51