Պատկերացրեք, որ առավոտյան արթնանում եք և Երևանում ոչ մի տեղ չի լինում, որտեղ կարող եք խմել անուշաբույր կապուչինո, ուտել կրուասան կամ օրվա վերջում ընթրել։ Ձեզ կթվա, որ աշխարհի վերջն է և իրավացի կլինեք, քանի որ այդ օրը սարերի հետևում չէ։
Հայաստանի ռեստորատորները տեղափոխել են շրջանառության հարկերը բարձրացնելու կառավարության որոշումը բոյկոտելու ամսաթիվը դեկտեմբերից հունվար։ Նրանք մտադիր են փակել իրենց հաստատությունների դռները հունվարի 20–ին մոտ օրերին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ռեստորատորների ասոցիացիայի նախաձեռնող խմբի անդամ Աշոտ Բարսեղյանը։
2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային վճարը (մեկ քմ–ից հարկվող գումար) փոխարինել են 6%–անոց շրջանառության հարկով։ 2019 թվականի հունվարի 1-ից հարկը կբարձրանա մինչև 8%, իսկ 2020 թվականից` մինչև 10%։ Ի նշան բողոքի՝ ռեստորատորները ցանկանում էին դեկտեմբերին փակել մայրաքաղաքի բոլոր հաստատությունների դռները։ Սակայն ծրագիրը խառնեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները և կառավարության ու խորհրդարանի դեռ վերջնական ձևավորված չլինելը։
«Մենք շարունակում ենք մորատորիում պահանջել հարկային տոկոսադրույքի բարձրացման համար, որը ապրիորի հանգեցնելու է ռեստորանային ոլորտում սպառողների համար գների բարձրացմանը», – ասաց Բարսեղյանը։
Նա նշեց, որ հաստատությունների հաշվին ռեստորատորներն ինչ կարողացել են, արել են, որպեսզի կտրուկ չհարվածեն սպառողների գրպաններին։ Այլ հարց է, որ դա արվում է ի վնաս ռեստորանային ոլորտի, և սեղմվելու տեղ արդեն չկա։
«Մենք դռները կփակենք, որպեսզի հասկացնենք, որ մեր մտադրությունները լուրջ են։ Սակայն մենք սպասում ենք կառավարության ձևավորմանը, որպեսզի հասկանանք` ում դիմենք։ Ուստի ակցիան տեղի կունենա հունվարի 20–ի մոտակայքում», – ասաց Բարսեղյանը։
Նրանց գլխավոր պահանջն այն է, որ կառավարությունը վերանայի «դրակոնյան» հարկը և 6 տոկոս դրույքը հինգ տարի անփոփոխ թողնի։
«Հակառակ դեպքում սպառողները կդադարեն գնալ ռեստորաններ, իսկ բարձրակարգ հաստատությունները կփակեն իրենց դռները, ինչն անխուսափելիորեն կհարվածի տնտեսությանը, զբոսաշրջային հոսքին», – ասաց Բարսեղյանը։
Նա հիշեցրեց, որ կես տարվա ընթացքում իշխանությունները բարձրացնում են հարկային բեռը` զուգահեռաբար խստացնելով բիզնեսի նկատմամբ հսկողությունը։ Ռեստորատորները դեմ չեն հսկողությանը, դեմ են հարկերի բարձրացմանը։ Այդ ամենը կհանգեցնի շրջանառության նվազման, աշխատատեղերի կրճատման և ռեստորատորների վճարունակության անկման։
Նա նշեց, որ կառավարությունը խոստացել է շուկաները հագեցնել ժամանակակից հսկիչ–դրամարկղային սարքերով, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։ Հիմա ռեստորատորները չեն կարող արձանագրել իրենց ծախսերը, քանի որ շուկայում ոչ ոք կտրոն չի տալիս։
Բանն այն է, որ հարկային պահում կարելի է անել միայն հաշիվ–ապրանքագրերով հաստատված գնումներից։ Այսօր դա անհնար է անել, քանի որ ծախսերի հսկա հատվածը բաժին է ընկնում սննդամթերքին, որը գնելիս կտրոններ ուղղակի չեն տալիս։
Ասոցիացիան պահանջում է առաջիկա հինգ տարիներին հարկային տոկոսադրույքի փոփոխություններ չնախաձեռնել։ Նա նշեց, որ ռեստորատորների 6 տոկոսից ավելին ֆինանսապես չի ձգի։