Համո Սահյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը տոնական մթնոլորտ էր Լորում

15.04.2024 12:41
1168

Բանաստեղծական խոսքի մեծ վարպետ Համո Սահյանի հոբելյանն այս անգամ նշվում է մեր երկրի ու ժողովրդի համար ոչ սովորական պայմաններում։ Դա է պատճառը, որ նրա պոեզիայում այս օրերին ավելի շատ փնտրում ենք այն ճանապարհ֊ելքը, որ դեռևս տասնամյակներ առաջ տեսնում֊գուշակում-հուշում էր Համո Սահյանը...

Ինքն էր ասում՝

«Մեզ ասում են,- Դուք մերը չեք,

Մինչև անգամ Դուք ձերը չեք,

Ձեր տեղը չեք, ձեր տերը չեք,

Դուք տերը չեք ձեր երդերի,

Տաճարների ու բերդերի...»։

Բանաստեղծը, այդ ամենով հանդերձ, արժանավայել ապրելու իր բանաձևն է առաջադրում՝ դառնալով հայ մարդու հոգու թարգմանը...

Պատահական չէ, որ բանաստեղծի ծննդյան 110-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ հենց այդ ոգին էր թևածում...

Նման տրամադրության ականատեսը եղանք ապրիլի 14-ին՝ բանաստեղծի ծննդավայր Լորում կազմակերպված միջոցառումներում։

Այդ օրը տոնական տրամադրություն էր Լորում և հատկապես բանաստեղծի տուն֊թանգարանում։

Ժամը 10-ի սահմաններում տուն֊թանգարանում և թանգարանի մերձակայքում էին հավաքվել համագյուղացիները, հարևան Շենաթաղ, Գետաթաղ, Դարբաս գյուղերի բազմաթիվ բնակիչներ, Համո Սահյանի պոեզիայի երկրպագուներ։

Լոր էին ժամանել նաև Գորիսի Հրանտ Բաղդագյուլյանի անվան արվեստանոցի սաները, Բռնակոթի դպրոցի, Սիսիանի 4-րդ և Սիսիանի տարածաշրջանի Որոտան գյուղի մանկավարժներն ու աշակերտները, Սիսիանի պետական քոլեջի ուսանողները։

Բանաստեղծի ծննդավայր էր եկել նաև Երևան քաղաքի Համո Սահյանի անվան թիվ 70 դպրոցի տնօրեն Արմինե Վարդազարյանը։

Ժամը 11-ին տուն֊թանգարանի բակում մեկնարկեց Համո Սահյանին նվիրված գրական֊երաժշտական ցերեկույթը։ Նախ բանաստեղծի գրական ժառանգության մասին խոսք ասաց համագյուղացի Ալեքսեյ Սարգսյանը, ով նաև ներկայացրեց իր բանաստեղծությունը՝ նվիրված մեծ քնարերգուին։ Այնուհետև ասմունքով, երգով ու երաժշտությամբ, երախտագիտության խոսքով հանդես եկան Լորի միջնակարգ դպրոցի սաները։ Գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցավ Դարբասի թանգարան֊արվեստի դպրոցի երգի ու պարի համույթը (գեղարվեստական ղեկավարներ՝ Լուսինե Հովհաննիսյան և Թերեզա Հայրապետյան)։ Դարբասի միջնակարգ դպրոցի սաները ևս ներկայացան Սահյանի բանաստեղծությունների ասմունքով։

Տոնական օրը (ժամը 14-ին) նշանավորվեց մեկ այլ գեղեցիկ միջոցառմամբ, որը նույնպես տեղի ունեցավ տուն֊թանգարանի բակում։ Ելույթ ունեցավ Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը
(գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Գրիգորյան)։

Հնչեցին երգեր Համո Սահյանի բանաստեղծությունների հիման վրա՝ «Գարունդ հայերեն է գալիս», «Գարուն է գալու», «Մայրս», «Նաիրյան դալար բարդի», «Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»... Ներկաների ջերմ ընդունելությանն արժանացան Սաթիկ Կարապետյանի, Քնարիկ Քամալյանի, Արամայիս Մանուչարյանի, Աշուղ Սյունու հրաշալի կատարումները։ Ի դեպ, Երևանից Լոր էր եկել նաև  երգիչ, գրող և երգահան Արսեն Համբարյանը, ով հեղինակն է «Գարունդ հայերեն է գալիս»  երգի։

Գրական֊երաժշտական ցերեկույթի ընթացքում ելույթներ ունեցան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, բանաստեղծ Անահիտ Դանիելյանը, երգիչ, գրող և երգահան Արսեն Համբարյանը, տուն֊թանգարանի վարիչ Քնքուշ Հարությունյանը։

Մի խոսքով՝ Սիսիանի համայնքապետարանի բաժնի վարիչ Նարա Հովհաննիսյանն ամեն ինչ նախատեսել֊կանխատեսել էր, որ տուն֊թանգարանում կազմակերպվող միջոցառումներն անցնեն բովանդակալից, օրվա խորհրդին պատշաճող և ամենաբարձր մակարդակով, ինչը և ստացվել էր։

Տոնական օրը տուն֊թանգարանում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը և Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը։ Ընդ որում՝ Դավիթ Դանիելյանը տուն-թանգարանին նվիրեց կինոպրոեկտոր՝ նաև խոստանալով աջակցություն՝ թանգարանին՝ Համո Սահյանին առնչվող նյութերի ձեռք բերման գործում, որոնք տեղ կգտնեն տուն֊թանգարանում։

Այդ ամբողջ ընթացքում այցելուները մտնում էին բանաստեղծի տուն֊թանգարան, որը, Քնքուշ Հարությունյանի ջանքերի ու նվիրվածության շնորհիվ, բարեկարգ էր, ակնահաճո, տրամադրող, գրավող... Մեծ իմաստով ցուցասրահներում էական փոփոխություն չկար, բայց այնպիսի վերադասավորումներ էին կատարվել, որ թվում էր, թե ամեն ինչ նոր է, թե այդ ամենն առաջին անգամ է ներկայացվում այցելուներին։ Նկատելի էր նաև, որ տուն֊թանգարանը հետևում է Սահյանին ու սահյանագիտությանն առնչվող բոլոր հրապարակումներին, իրադարձություններին, որոնցից յուրաքանչյուրը յուրովի արտացոլված էր ցուցասրահներում։

Լորից վերադարձանք հայի ապրելու բանաձևի սահյանական ձևակերպումին ավելի հավատացած, քաջալերված՝

«Մենք դեռ հազար հոգեվարք ենք մերժելու

(Քեռու կանչն է լսել Դավիթը հորում)։

Թե մեռնել կա, հայերեն ենք մեռնելու,

Ինչպես մաքուր ցորենի հունդը հողում...»։

Ուրեմն մեր երթը՝ հավերժի ճամփով, շարունակվելու է, և անպայման հաղթելու ենք ի վերջո...

 

«Սյունյաց երկիր»

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17