Վերին Խոտանանի Տեր-Դավթյան-Սողոմոնյան գերդաստանը

27.06.2022 14:32
2719

Զանգեզուրի գոյամարտի հերոս Պողոս Տեր-Դավթյանի կյանքի և գործունեության հանդեպ աճող հետաքրքրությունը ստիպեց լույս սփռել նրա գերդաստանի  պատմության վրա, դրանում մեզ օգնեց Արմեն Սողոմոնյանը, ով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների  կառավարման վարչության ավագ մասնագետն է Սյունիքի մարզում: Արմենը Պողոս Տեր-Դավթյանի  Հայրապետ եղբոր ծոռն է, ով, ինչպես երևաց մեր զրույցից, հրաշալի գիտի իր գերդաստանի պատմությունը, դրա հետ կապված որոշ իրադարձություններ՝ ամենայն մանրամասնությամբ:

Պողոս Տեր-Դավթյանի ծնողներն էին Սողոմոնը և Նազլուն: Գրավոր աղբյուրներում ոմանք Սողոմոնին հոգևորական են անվանում, ոմանք՝ հողագործ: Ըստ ամենայնի Սողոմոնը հողագործ էր, եկեղեցու սպասավոր է եղել Սողոմոնի հայրը՝ տեր Դավիթը, ով  կառուցել է Շրվենանցի եկեղեցին, և նրա աճյունն ամփոփված է այնտեղ:

Սողոմոնն ունեցել է չորս եղբայր՝ Զաքար, Հարություն, Գևորգ, Անտոն:

Սողոմոնն ամուսնացել է Շրվենանց գյուղից Նազլու անունով կնոջ հետ, ով խոշոր նավթարդյունաբերող ու բարերար Գասպար Տեր-Մարգարյանի քույրն էր:

Սողոմոնն ու Նազլուն ունեցել են ութ զավակ՝ Հայրապետ, Դավիթ, Վարդան, Գրիգոր, Հարություն, Պողոս որդիները և երկու դուստր՝ Նախշուն և Մարիամ: Ըստ որոշ աղբյուրների՝ Սողոմոնն ու Նազլուն ունեցել են մի դուստր՝ Մալագ անունով:

Մի խոսքով, Պողոսը բազմաշունչ ընտանիքում է աչք բացել, ընտանիքի կրտսերն էր, վաղ տարիքում տեղափոխվում է Բաքու, քեռու՝ Գասպար Տեր-Մարգարյանի մոտ, որտեղ և ավարտում է ռուսական գիմնազիան, 1901 թվականին զորակոչվում է ցարական բանակ և դառնում զինվորական ուսումնարանի ունկնդիր:  Սպայի կոչումով մասնակցում է 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին, արժանանում Գեորգիևյան խաչի և անվանական զենքի: Բայց նրա ռազմական տաղանդը և հայրենիքին  նվիրվածությունը նոր փայլ ստացավ 1918-1920 թվականների Զանգեզուրի հերոսամարտում…

Պողոսի եղբայրներն, իրենց բնական մահով չեն մահացել: Եղբայրներից Գրիգորը սպանվել է թուրքի կողմից՝ Վերին Խոտանանի վերին հանդամասում: Մարդասպանն ավարը տանում է իրենց գյուղ՝ Աղբուլաղ: Ժամանակներ անց խոտանանցի Խաչի անունով մեկը գնում է Աղբուլաղ, թուրքերը հարձակվում են նրա վրա, մեկին կացնահարում է, մյուսին՝ վիրավորում, վերադառնում է գյուղ՝ իր հետ բերելով կացինը: Տեսնում են կացնի վրայի իրենց գերդաստանի նշանը և համոզվում, որ Աղբուլաղի թուրքերն են եղել Գրիգորին սպանողը: Գրիգորի կինը եղել է Վարդիգյուլը, ունեցել են երկու որդի, վեց դուստր, որդիներից Հայկ Սողոմոնյանը ռազմական օդաչու էր, զոհվել է Մեծ հայրենականում: Աղջիկներից երկրորդը՝ Վարվառան, Պողոս Տեր-Դավթյանի շիրմաքարի վրայի գրվածքի հիմնական պահպանողն է եղել: Գրիգորի դստրերը վախճանվել են, շառավիղներ կան՝ մոտ 150 մարդ…

Սողոմոնի որդիներից Դավիթը ևս  թուրքերի զոհ է դարձել: Հարկերի հետ կապված ինչ-որ կնճռոտ հարց լուծելու նպատակով որպես բանագնաց մեկնում է Պետերբուրգ, վերադառնում  Բաքու, որտեղ որոշ ժամանակ անց խարդավանքի զոհ է դառնում: Նրա աճյունն ամփոփվել է Բաքվի գերեզմանատանը:

Սողոմոնի երրորդ՝ Հայրապետ որդին դժբախտ պատահարի զոհ է դարձել: Տան առջև շինարարություն իրականացնելիս քարն ընկնում է գլխին և մահվան պատճառ դառնում: Հայրապետն ունեցել է երեք որդի և երեք դուստր: Այսօր Վերին Խոտանանում հիմնականում բնակվում են Հայրապետի, Գրիգորի և Դավիթի ժառանգները: Հայրապետը ցարական բանակի սպա էր, բայց նրա ժառանգները հիմնականում գյուղում են մնացել:

Սողոմոնի Հարություն որդին  դեսպանատան աշխատակից է եղել. Պետրոպավլովսկում վթարի է ենթարկվել: Հարությունի ժառանգներից որդին Մոսկվայում էր բնակվում, դուստրը՝ Երևանում: 

Սողոմոնի որդի Վարդանի զավակ Լևոնը Լենհանքերում է բնակվել, որի երկու տղան Հայրենական մեծ պատերազմում են զոհվել: Վարդանի շառավիղները կան…

Որքան էլ զարմանալի լինի՝ Պողոս Տեր-Դավթյանն ամուսնացած է եղել և դուստր է ունեցել: Այդ մասին իմանում ենք Վերին Խոտանանցի ռազմական գործիչ, գրող Հայկ Հայրապետյանի հրապարակումից, ըստ որի՝ Պողոսի կինը գերմանացի է եղել՝ Ամալյա Տեր-Դավթյան (օրիորդական ազգանունը Ֆոն Զենդերլից), ունեցել են Մագդալինա անունով դուստր: Որքանո՞վ է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը:

Ա. Սողոմոնյանի հավաստմամբ՝ Պողոս Տեր-Դավթյանը քեռու՝ Գասպար Տեր-Մարգարյանի միջնորդությամբ ուղարկվեց Գերմանիա՝ ուսում ստանալու: Համագյուղացիներն ասում են, որ ամուսնացած է եղել, սակայն այս տեղեկությունը ոչ կարելի է հաստատել, ոչ ժխտել: Այդ մասին կարելի է տեղեկանալ միայն Հայկ Հայրապետյանի հրապարակումից  և բանավոր զրույցներից, որ  փոխանցում են նեղ բարեկամական շրջանակները:

Արմեն Սողոմոնյանի փոխանցմամբ՝ քանի որ Պողոս Տեր-Դավթյանի համբավը տարածված էր, նրա հանդեպ հարգանքը չափազանց մեծ էր, եղբոր ժառանգները բարեկամական սերտ կապով էին կապվել, Արմենի հայրական և հորեղբոր տները հավաքատեղի էին դարձել, նախկինում տարբեր առիթներով հանդիպում էին, հիշում իրենց նախնիներին: Նույնը չի կարելի ասել նոր ժամանակների մասին…

Հետաքրքրվեցինք նաև Խոտանանում գտնվող Պողոս Տեր-Դավթյանի հայրական տան ճակատագրով. տունը բաղկացած է մի քանի մասից, շրջապատված է եղբոր տներով, այսօր զուտ Պողոս Տեր-Դավթյանի տանը տիրություն է անում Սողոմոնի քրոջ թոռը, ով ամուսնացել է Սողոմոնի Դավիթ եղբոր ծոռան հետ:

Վերին Խոտանանի հանգստարանում ընտանեկան գերեզմանատանը թաղված են Սողոմոն Տեր-Դավթյանը, նրա կինը՝ Նազլուն, Պողոսի մորաքույրը, եղբայրներ Վարդանը, Գրիգորը, Հայրապետը՝ իրենց կանանց հետ, Պողոս Տեր-Դավթյանը և Հայրապետի երկու թոռը: Այժմ շնորհիվ Սողոմոնյան գերդաստանի ժառանգների՝ Գրիգոր, Ռուդիկ և Արմեն Սողոմոնյանների, ընտանեկան գերեզմանը 2017 թ. վերջնականապես ու հիմնովին բարեկարգվել է և ուխտատեղի դարձել այցելուների համար:

Վերջերս դպրոցի մերձակա ձորակում Պողոս Տեր-Դավթյանի եղբորորդի Քրիստափոր Սողոմոնյանի ժառանգները հուշաղբյուր են կառուցել, որը նաև սրբատեղի կծառայի ժողովրդին:

Քրիստափոր Սողոմոնյանը Պողոս Տեր-Դավթյանի հիմնական կենսագիրն էր, ում թողած արխիվային նյութերից օգտվում են պատմաբանները, ընդհանրապես Պողոս Տեր-Դավթյան  զորահրամանատարի կյանքով և ռազմական գործով հետաքրքրվողները:

… Ի հնուց անտի Տեր-Դավթյան-Սողոմոնյան գերդաստանի տոհմածառը փարթամ ճյուղեր է ունեցել, կենսունակ  ոստեր: Գերդաստանի շառավիղները բնակվում են հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:

Այս հոդվածի համար մեզ տեղեկություններ փոխանցած և նյութեր տրամադրած Արմեն Սողոմոնյանի վկայմամբ՝ եթե գերդաստանին նվիրված մի հավաքույթ կազմակերպեն, 800-ից ավելի մարդ կհավաքվի…

 

Վահրամ Օրբելյան

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53