Հանքագործների շահերի և իրավունքների պաշտպանության դիրքերում. ահա արհմիութենական կազմակերպության տեղն ու դերը ԶՊՄԿ-ում

09.11.2022 12:12
2106

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության ներդաշնակ գործունեության երաշխիքներից է կոմբինատի արհմիութենական կազմակերպությունը:

Կազմակերպության գործունեությանը ծանոթանալու նպատակով հարցազրույցի ենք հրավիրել ընկերության արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Տիգրան Սարգսյան. ծնվել է 1971 թ. Քաջարան քաղաքում։

1977-88 թթ. սովորել է Քաջարանի Ե. Չարենցի անվան N 1 միջնակարգ դպրոցում։

1988 թ. ընդունվել է աշխատանքի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ում՝ փականագործ։

1989-1991 թթ. ծառայել է խորհրդային բանակում, որից հետո շարունակել աշխատանքը ԶՊՄԿ-ում։

1993-1998 թթ. հեռակա կարգով սովորել և ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտն ու ստացել իրավագետ-իրավաբանի մասնագիտություն։

1993-1998 թթ. համատեղությամբ աշխատել է դպրոցում՝ պատմության ուսուցիչ:

1998թ-ից տեղափոխվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ նյութամատակարարման բաժին՝ ինժեներ և աշխատել մինչև 2021թ.։

1999-2021 թթ. արհմիութենական ակտիվ գործունեություն է ծավալել՝  լինելով կոմբինատի վարչության արհկոմի նախագահ։

2021 թ. սեպտեմբերի 17–ին կոմբինատի արհմիության արտահերթ համաժողովում ընտրվել է ԶՊՄԿ արհկոմի նախագահ:

Ամուսնացած է, երեք զավակի հայր:

- Պարոն Սարգսյան, մեր ժամանակներում հազվադեպ են ընկերությունները, կազմակերպությունները, հիմնարկները, որտեղ գործում են արհմիութենական կազմակերպություններ: Բացառիկներից է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը: Հանքագործների կոլեկտիվի ո՞ր մասն է ընդգրկված ընկերության արհմիութենական կազմակերպությունում:

- Մեզ մոտ բացառիկ իրավիճակ է՝ աշխատակիցների գրեթե հարյուր տոկոսն անդամակցում է ընկերության արհմիութենական կազմակերպությանը:

Անդամակցության հիմքում բացառապես կամավորությունն է:

Երբ ընկերությունում ընդունվում են աշխատանքի, քաղաքացուն ծանոթացնում են ոչ միայն ներքին կարգապահական կանոններին, այլև ընկերության ու արհմիության միջև կնքված կոլեկտիվ պայմանագրին: Եվ ապագա աշխատողը հնարավորություն է ունենում կողմնորոշվելու:

- Որո՞նք են արհեստակցական միության նպատակները:

- Նախ՝ ներկայացնել ու պաշտպանել աշխատողների աշխատանքային,  սոցիալական շահերն ու իրավունքները: Այնուհետև՝ սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովել աշխատողների և գործատուի շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում: Ապա՝ գործատուի հրավերով մասնակցել արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը, գործատուին ներկայացնել առաջարկություններ՝ աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմերի վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ...

- Տեսնում ենք՝ բավականին լուրջ լիազորություններ են, գործառույթներ. կարողանո՞ւմ եք կյանքի կոչել ոչ դյուրին այդ նպատակները:

- Նախ՝ ընկերության ղեկավարության և գլխավոր սեփականատիրոջ մեջ առկա է արհմիութենական կազմակերպության դերի կարևորության պատշաճ գիտակցում: Դա շատ կարևոր է, քանզի այդ ընկալման և փոխգործակցության շնորհիվ հաջողում ենք կյանքի կոչել մեր նպատակները:

Մի տեսակ կապող օղակ ենք դարձել ընկերության և աշխատողների միջև: Գործատուի հետ համագործակցում ենք արհմիության անդամին առնչվող բազմաթիվ հարցերում՝ աշխատանքային կարգապահության խախտումից մինչև պարգևատրում և խրախուսում...

2023 թ. ապրիլին լրանում է մեր կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը, և ներկայումս նախապատրաստական աշխատանքներ ենք տանում նոր պայմանագրի մշակման ուղղությամբ:

Սոցիալական ու արտադրական ծրագրերի մշակմանն արհմիության մասնակցությանը քիչ առաջ անդրադարձա: Դրանից զատ՝ մասնակցում ենք ընկերության բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքին. ինքս, որպես արհկոմի նախագահ, խորհրդի անդամ եմ:

- Արհմիության անդամի սոցիալական վիճակը, որքանով հասկանում ենք, կազմակերպության գլխավոր մտահոգություններից է: Կարո՞ղ եք թվային արտահայտությամբ որոշակի պատկերացում տալ այդ ուղղությամբ արհկոմի գործունեության մասին:

- Ամսական մոտ 13-14 մլն դրամի ֆինանսական օգնություն ենք տրամադրում: Ընթացիկ տարվա հունվարից մինչև հիմա  օգնություն ենք տրամադրել  2227 աշխատակցի:

Մեր ուշադրության կենտրոնում է լեռնագործների հանգստի կազմակերպումը: Ընթացիկ տարում, ասենք, 1116 ուղեգիր է հատկացվել՝ Ջերմուկի, Արզնիի, Դիլիջանի հանգստյան տներում ու առողջարաններում հանգստանալու համար: Ընդ որում՝ ուղեգրեր հատկացվում են նաև լեռնագործների ընտանիքների անդամներին (1116-ից 442-ը տրամադրել ենք աշխատակիցներին, մնացածը՝ նրանց ընտանիքի անդամներին՝ ծնողներին, երեխաներին):

Ըստ կոլեկտիվ պայմանագրի՝ սահմանված են նաև լրացուցիչ սոցիալական երաշխիքներ այն  աշխատակիցների համար, ովքեր ամուսնանում են, երեխա են ունենում, զորակոչվում են բանակ:

- Սոցիալական աջակցության ծրագրերում ի՞նչ տեղ են զբաղեցնում Արցախյան պատերազմների մասնակիցները:

- Արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհվել է ԶՊՄԿ-ի 19 աշխատակից:

Արհմիութենական կազմակերպությունն օգնում է նրանց ընտանիքներին: Այդ ընտանիքներին դրամական օգնություն ենք ցույց տալիս նաև Մայիսի 9-ի և Ամանորի կապակցությամբ:

Մեր ուշադրության կենտրոնում է Քաջարանում Հայրենական մեծ պատերազմի միակ կենդանի վետերան 100-ամյա  Արշալույս Թադևոսյանը:

Համագործակցում ենք ԵԿՄ տեղական բաժանմունքի հետ, անհրաժեշտության դեպքում օգնում պատերազմների հետևանքով հաշմանդամ դարձած անձանց:

Անցած տարի, երբ կոմբինատի ղեկավարումը ստանձնեց նոր թիմը, առաջարկեցինք լուծել բանակից զորացրված երիտասարդների զբաղվածության խնդիրը, և այսօր՝ պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած  83  երիտասարդ՝  ընկերության աշխատակից են:

- Ենթադրում ենք, որ ընկերության վետերաններն ու կենսաթոշակառուները նույնպես արհմիության ուշադրության կենտրոնում են:

- Մոտ հինգ հարյուր և մի քիչ ավելի կենսաթոշակառու ունենք: Միայն այս տարվա ընթացքում կարողացել ենք օգնել նրանցից 360-ին՝ տրամադրելով 100 հազարական դրամ: Դա օգնություն չէ սոսկ, այդկերպ նաև ամրապնդում ենք կապն ընկերության աշխատակիցների հետ, ովքեր տասնամյակներ շարունակ մասնակցել են կոմբինատի կերտման պատմությանը:

- Եվ ինչպե՞ս է արհկոմը հայթայթում այդքան ֆինանսական միջոցներ:

- Կազմակերպության ֆինանսական միջոցները հիմնականում գոյանում են անդամավճարներից, ինչպես նաև, կոլեկտիվ պայմանագրի համաձայն, ֆինանսական միջոցներ է տրամադրում գործատուն:

Անդամավճարը կազմում է աշխատողի աշխատավարձի մեկ տոկոսը:

- Նման ծավալի ֆինանսական միջոցների տրամադրման դեպքում, որքան էլ սոցիալական աջակցության նպատակով է, չի կարող չառաջանալ արդարության, ճիշտ և ողջամիտ բաշխման խնդիր:

- Կոնկրետ սկզբունք ենք որդեգրել՝ ըստ արտադրամասերի լիմիտավորել ենք օգնության չափերը:

Գումարը բաշխում է արտադրամասի արհմիութենական կազմակերպության կոմիտեն. արտադրամասերի արհկոմի նախագահները մեր ներկայացուցիչներն են սկզբնական օղակներում: Եվ նրանք են ծագող խնդիրներն ուսումնասիրում ու ներկայացնում:

Ներքին օղակում ավելի լավ գիտեն՝ ում խնդիրն է առաջնային, ումը` երկրորդական:

Չնախատեսված դեպքերում որոշում է ընդունվում  կոլեգիալ կարգով:

Կարևոր մի հանգամանք ևս՝ մասնագիտական կամ այլ տոների կապակցությամբ մեդալներով, պատվոգրերով ու դրամական պարգևներով խրախուսվում են երկար տարիների աշխատանքային ստաժ ու հմտություններ ունեցող աշխատակիցներ: Իսկ 30 և ավելի տարիներ աշխատանքային ստաժի դեպքում՝ արհկոմի հատկացրած հանգստյան ուղեգիրը  լրիվ  անվճար է:

- Աշխատողների սոցիալական պաշտպանության, աջակցության հարցերում, ինչպես տեսնում ենք, ակտիվության պակաս չկա, ինչը գնահատելի է: Իսկ իրավունքների պաշտպանության ոլորտո՞ւմ...

- Կոլեկտիվ պայմանագրով համաձայնության ենք եկել գործատուի հետ, որ աշխատողների իրավունքների խախտման դեպքերում հարցերը քննարկվեն նաև արհմիութենական կազմակերպության հետ:

Կարող եմ ասել՝ այդ պայմանավորվածությունը գործում է:

- Կա՞ն աշխատանքային իրավունքի խախտման դեպքեր, որոնց հանգուցալուծմանն արհկոմը մասնակցություն է ունեցել:

- Եթե աշխատողն ազատվում է սեփական դիմումի համաձայն, մենք այդտեղ անելիք չունենք: Իսկ եթե աշխատողի հետ պայմանագիրը լուծվում է կարգապահական խախտումների հետևանքով, ապա պարտադիր ներգրավվում ենք և աշխատողի իրավունքների պաշտպանությանը միտված քայլեր ձեռնարկում: Նման դեպքերում մեր խնդիրն է` նախ՝ պարզել, թե որքանով է հիմնավոր գործատուի որոշումը: Հիմնավոր լինելու դեպքում, բնականաբար, ձեռնպահ ենք մնում հետագա միջամտությունից:

Գործատուն պարտադիր մեր համաձայնությունն է ստանում, երբ առաջ է գալիս արհմիության ներկայացուցչական մարմիններում ընտրված անձանց աշխատանքային պայմանագրերը լուծելու հարցը:

Իրավունքների պաշտպանության խնդիր միայն աշխատանքից ազատվելու դեպքերում չէ, որ առաջանում է:

Մեկ այլ առանցքային հարց ևս. 2012 թ.-ից տարակարգի բարձրացման քննություններ ընկերությունում չէին կազմակերպվել:

Դա համընդհանուր խնդիր էր, որը լուծում ստացավ  ընթացիկ տարում: Ընկերությունում ձևավորվել է մշտական գործող հանձնաժողով, որն իրականացնում է գործընթացը. տարեկան մեկ անգամ աշխատակցին հնարավորություն է տրվում տարակարգի բարձրացման քննություն հանձնել, հաջողելու դեպքում` աշխատավարձի բարձրացումն ապահովված է:

Արհեստակցական կազմակերպությունը համագործակցում է ընկերության բոլոր օղակների, ստորաբաժանումների հետ: Պարբերաբար շրջայցեր ենք իրականացնում արտադրական օղակներ, ավելի խորքային ծանոթանում աշխատակիցների պահանջներին, խնդիրներին և փորձում գտնել լուծումներ:

Առանց չափազանցության՝ աշխատողների իրավունքների պաշտպանության առումով ընկերության արհմիութենական կազմակերպությունը պահանջված օղակ է:

- Հազարավոր սյունեցիների հետաքրքրող հարց՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում վաղուց փակված և հիշողություն դարձած դպրոցականների ճամբարին:

Գործն ընթացքի մեջ է: Նոր ղեկավարության, անձամբ Ռոման Խուդոլիի կողմից բարձրացված առաջին հարցերից է:

Հայտարարված է մրցույթ՝ ճամբարի նախագծման համար, մրցույթից հետո էլ, կարծում եմ, կմեկնարկի շինարարությունը:

Ըստ իմ ունեցած տեղեկության՝  2024-ին կունենանք դպրոցականների ճամբար՝ ժամանակակից և լավագույն պայմաններով, ընդ որում՝ ճամբարը կգործի ամբողջ տարին: Մի խոսքով՝ լուրջ նախագիծ է:

- Մենք բավականին հանգամանալից զրուցեցինք աշխատակիցների սոցիալական պաշտպանության ուղղությամբ արհկոմի ծավալած գործունեության մասին: Մի հարց, այնուամենայնիվ, դուրս մնաց: Նկատի ունենք լեռնագործների առողջական խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Գաղտնիք չէ՝ մի կողմից հիվանդությունների աճի ենք բախվում, մյուս կողմից՝ բուժական ծառայությունների սակագների բարձրացման:

- Ընկերության  բոլոր աշխատակիցները ներառված են առողջության ապահովագրական փաթեթում:

Նախկին ապահովագրական փաթեթը վերանայվել է, քանզի որոշ հիվանդություններ ներառված չէին: Արդյունքում ապահովագրական նոր պայմանագիր է կնքվել` աշխատակիցներին առավել հարմար պայմաններով: Իսկ առավել մեծ ծախսեր պահանջող հիվանդությունների դեպքում քայլ է անում ընկերության բարեգործական հիմնադրամը:

- Սոցիալական պաշտպանությանը միտված ակտիվ քաղաքականություն, աշխատողների իրավունքների պաշտպանություն... Այդ բոլորը, կարծում ենք, պիտի որ դրական լուրջ ազդեցություն ունենա ոչ միայն հանքագործների, այլև ամբողջ Քաջարան համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Կուզենայինք՝ իշխող մթնոլորտին Ձեր անդրադարձով էլ ավարտել մեր զրույցը:

- Քաղաքականությունը, կուսակցական գործելակերպը վերջին ժամանակաշրջանում դուրս են մղվել կոմբինատից, ինչը բավականին դրական երևույթ է:

Քաղաքականության հետ նաև բամբասանքն է դուրս մղվում ու դադարում խանգարող գործոն լինել:

Ընկերության ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը... մեծամասամբ դրական է:

Մարդիկ գիտակցում են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը երկրի համար չափազանց կարևոր նշանակություն ունի, ուստի և պետք է աշխատանքային կայուն ընթացք ունենա:

Մարդիկ գիտակցում են նաև, որ իրենց բարեկեցությունը կախված է կոմբինատի կանոնավոր աշխատանքից, ուստի և պետք է աշխատել բարեխղճորեն:

Այսինքն՝ եթե կոմբինատի ղեկավարությունը, արհկոմն իրենց ձեռքը պահում են ընկերության զարկերակին, ապա բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարող լուրջ պատճառներ չեն կարող լինել, իսկ մենք գնում ենք հենց այդ ճանապարհով...

 

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի և Մարի Նավասարդյանի

 

Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին

14.11.2024 21:16

Աշխատանքային խորհրդակցություն՝ կրթօջախների տնօրենների մասնակցությամբ

14.11.2024 21:08

Հովսեփ Առաքելյանը շրջայց է կատարել Սիսիան համայնքի Աղիտու, Որոտնավան, Դարբաս և Շամբ բնակավայրեր

14.11.2024 21:02

Խնածախ և Քարաշեն բնակավայրերի վարչական ղեկավարները պարգևատրվեցին պատվոգրերով

14.11.2024 20:56

Տեղ գյուղի պատանիները գրավել են առաջին տեղերը

14.11.2024 20:49

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր

14.11.2024 20:26

Նախատեսվում է արձակուրդի իրավունքից չօգտվելու դեպքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տարեվերջին տրամադրել

14.11.2024 18:51

Ալիևի հայտարարությունները խաթարում են COP29-ի նպատակները․ Բորել

14.11.2024 17:32

Փաշինյանն ու ԵՆԲ փոխնախագահը կարևորել են «Հյուսիս-հարավ»-ի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերը

14.11.2024 17:30

Իրանի ԱԳ նախարարը հերքում է միջուկային գործարքի շուրջ ճնշման տակ բանակցելու գաղափարը

14.11.2024 15:24

Կարդացել եմ Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրակացության եկել, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

14.11.2024 14:51

Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ

14.11.2024 12:00